Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արդեն պատրաստ է տվյալ ակտի   27.09.2024  -ից ուժի մեջ մտնող խմբագրությունը:
 

06.04.2023 - 27.09.2024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2 դեկտեմբերի 1998 թ.

 

i

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, այդ բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների` անկախ կազմակերպական-իրավական տեսակից (այսուհետ` ձեռնարկություններ, հիմնարկներ, կազմակերպություններ), ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները:

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

արտակարգ իրավիճակ` որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման.

բնակչության պաշտպանություն` արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, վտանգների կանխմանը և նվազեցմանը, բնականոն կենսագործունեության ապահովմանը և վերականգնմանն ուղղված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական փոխկապակցված միջոցառումների համալիր.

արտակարգ իրավիճակների կանխում` արտակարգ իրավիճակներ առաջացնող գործոնների կանխորոշում և վերացում.

արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցում` նախօրոք իրականացվող միջոցառումների համալիր` արտակարգ իրավիճակների ազդեցության հնարավոր մեղմացման համար.

արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում` արտակարգ իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշխատանքների կատարում, ինչպես նաև կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կիրառվող միջոցառումների իրականացում` մարդկանց կյանքի ու գործունեության բնականոն պայմաններ ապահովելու համար.

աղետի գոտի` արտակարգ իրավիճակների հետևանքով տուժած տարածք (բնակավայր, օբյեկտ) կամ տարածքի մի մաս (կարանտին սահմանելու դեպքում` համաճարակի գոտի).

տարահանում` վտանգավոր տարածքից անվտանգ տարածք` մարդկանց, կենդանիների և նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխում և տեղաբաշխում.

պատսպարում` արտակարգ իրավիճակներում զանգվածային ոչնչացման զենքի, ինչպես նաև ոչնչացման հատուկ միջոցների ազդեցությունից մարդկանց կյանքի ու գործունեության ժամանակավոր ապահովում` համապատասխան շինությունների տարածքում.

անհատական պաշտպանություն` մարդկանց` ճառագայթային, թունավոր , մանրէաբանական նյութերից և վարակիչ հիվանդություններից պաշտպանության միջոցներով ապահովում.

փրկարարական աշխատանքներ` մարդկանց, նյութական և մշակութային արժեքների փրկության նպատակով միջոցառումների համալիր.

փրկարար` փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախապատրաստված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորված ֆիզիկական անձ.

փրկարար ուժեր` փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված` համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ, մասնագիտացված փրկարարներից բաղկացած կազմավորումներ.

հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտ` պետական ու ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտ:

(1-ին հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

Հոդված 2. Բնակչության պաշտպանության ապահովման իրավական հիմքերը

 

Բնակչության պաշտպանության ապահովման իրավական հիմքերն են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, ինչպես նաև այլ օրենսդրական ակտեր:

 

Հոդված 3. Բնակչության պաշտպանության համակարգը

 

Բնակչության պաշտպանության համակարգում ընդգրկվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները:

 

ԳԼՈՒԽ 2
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

i
Հոդված 4. Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումները

 

Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն են`

ա) բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում վտանգավոր ձեռնարկությունների ու արտադրությունների նպատակահարմար տեղաբաշխումը` բնակչության պաշտպանության տեսանկյունից.

բ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարությունը` անվտանգության և հուսալիության անհրաժեշտ մակարդակներով.

գ) վտանգավոր օբյեկտների անվթար գործունեության ապահովումը.

դ) շրջակա բնական միջավայրի, տարածքների և օբյեկտների` ճառագայթային, քիմիական և մանրէաբանական վարակվածության դիտարկման և հսկողության կազմակերպումը.

ե) գյուղատնտեսական գործունեության կայունության ապահովումը.

զ) բնակչության ուսուցման կազմակերպումը.

է) օրենքով նախատեսված այլ միջոցառումներ:

Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(4-րդ հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

i
Հոդված 5. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումները

 

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներն են`

i

ա) արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման մասին պետական մարմիններին և բնակչությանն ազդարարումը.

բ) աղետի գոտում բնակչության պատսպարման, տարահանման և անհատական պաշտպանության միջոցներով ապահովման կազմակերպումն ու իրականացումը.

գ) շրջակա բնական միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի և վարակվածության դիտարկումը, զննումն ու հսկողությունը.

դ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական նյութերից բնակչության պաշտպանությունը.

ե) աղետի գոտում փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների կատարումը.

զ) աղետի գոտում հասարակական կարգի, ինչպես նաև պաշտպանական նշանակության, բնակչության կենսագործունեությունն ապահովող և այլ կարևորագույն օբյեկտների պահպանության ուժեղացումը.

է) աղետի գոտում բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացումը.

ը) աղետի գոտում քաղաքացիների, տրանսպորտային միջոցների տեղաշարժման, բեռների ներմուծման և արտահանման կանոնակարգումը.

թ) պետական մարմինների գույքի, նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային հավաքումն ու օգտագործումը.

ժ) անհրաժեշտության դեպքում, աղետի գոտում ոչ պետական սեփականություն համարվող գույքի տիրապետումը և օգտագործումը` հետագա համարժեք փոխհատուցմամբ.

ժա) փրկարարական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական ու տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը.

ժբ) աղետի գոտում կարանտինային և այլ սանիտարահակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

ժգ) գյուղատնտեսական մշակաբույսերի և կենդանիների պաշտպանությունը.

ժդ) բնակչության բժշկական սպասարկման իրականացումը.

ժե) աղետի գոտում արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատումը.

ժզ) բնակչության պաշտպանության ապահովման աշխատանքների կատարման նպատակով աշխատունակ քաղաքացիների (նրանց համաձայնությամբ) ներգրավումն արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման գործընթացին` ըստ մասնագիտական և անհատական հատկանիշների.

ժէ) կարանտին սահմանելու դեպքում օրենքով սահմանված միջոցառումների իրականացումը:

Սույն հոդվածով նախատեսված միջոցառումներ իրականացնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարությունն աղետի գոտում կարող է ստեղծել կառավարման հատուկ մարմիններ:

Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված` բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումները և դրանց իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 4.1-ին գլխով:

(5-րդ հոդ. փոփ. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

Հոդված 6. Բնակչության պաշտպանության սկզբունքները

 

Բնակչության պաշտպանությունն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: Բնակչության պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է տարբերակված` ըստ տարիքային, բնատարածքային, ռազմավարական, տնտեսական առանձնահատկությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բնակչության պաշտպանության սկզբունքներն են`

ա) մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը.

բ) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերի հրապարակայնությունը.

գ) արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցմանը, ինչպես նաև այդ հետևանքներից բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակների բնականոն գործունեության ապահովման միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը.

դ) տեխնածին վթարների, աղետների առաջացումը բացառելու նպատակով միայն ստուգված և տեխնիկական անվտանգությունն ապահովող փորձարկված միջոցառումների իրականացումը:

 

Հոդված 7. Բնակչության պաշտպանության ձևերը

 

Բնակչության պաշտպանության ձևերն են` տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանությունը: Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանությունն իրականացվում է սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված միջոցառումների կիրառմամբ:

(7-րդ հոդ. փոփ. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

i
Հոդված 8. Բնակչության տարահանումը

 

Վտանգավոր տարածքից բնակչության տարահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ելնելով անհրաժեշտությունից` բնակչությունը վտանգավոր տարածքից կարող է տարահանվել հետիոտն` կազմակերպված շարասյուներով:

Տարահանումը և տարահանվող բնակչության ընդունումն ու տեղաբաշխումն իրականացնում են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները:

 

Հոդված 9. Բնակչության պատսպարումը

 

ԻՐՏԵԿ 9-րդ հոդվածը փոփոխվելու ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 16.12.22 ՀՕ-483-Ն օրենք:

Բնակչության պատսպարումն իրականացվում է վերգետնյա, ստորգետնյա հատուկ շինություններում (ապաստարաններ, թաքստոցներ, մետրոպոլիտեն) և բնակելի ֆոնդի տարածքներում:

Բնակչության պատսպարումն իրականացվում է բնակչությանը պաշտպանության մասին տեղեկացման համապատասխան ազդանշաններով:

Պատսպարման ժամանակամիջոցը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

Բնակչության պատսպարումն իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները:

 

Հոդված 10. Բնակչության անհատական պաշտպանությունը

 

1. Բնակչության անհատական պաշտպանությունը մարդկանց շնչառական օրգանները և մաշկը պաշտպանում է թունավոր գոլորշիների կաթիլներից, աերոզոլների ներգործությունից, ճառագայթային փոշիներից, ախտահարույց մանրէներից, թունավոր նյութերի ազդեցությունից, վարակիչ հիվանդություններից և թունավորումներից:

2. Սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված կարանտին սահմանելու դեպքում բնակչության անհատական պաշտպանության միջոցների կիրառման անհրաժեշտությունը սահմանվում է կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերը և կարգը` առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի ղեկավարի կողմից` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով:

(10-րդ հոդ. խմբ. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

i
Հոդված 11. Բնակչության տարահանման, պատսպարման և անհատական պաշտպանության կազմակերպումը

 

Բնակչության տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանությունը կազմակերպում ու իրականացնում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 4
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը
ԻՐՏԵԿ 12-րդ հոդվածը փոփոխվելու ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 16.12.22 ՀՕ-483-Ն օրենք:

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) ղեկավարում է բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

i

բ) հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության ծրագրերը և վերահսկում դրանց կատարումը.

գ) սահմանում է արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների ու գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննություն իրականացնելու կարգը.

i

դ) ապահովում է բնակչությանն ազդարարումը և տեղեկատվությունն արտակարգ իրավիճակներում.

ե) հայտարարում է աղետի գոտի և սահմանում դրա տարածքը, ինչպես նաև կազմակերպում է այդ տարածքին առավելագույն օգնություն և նյութական պաշարներ տրամադրելու աշխատանքները.

i

զ) հաստատում է արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման և փոխհատուցման կարգը.

է) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքներով սահմանված այլ լիազորություններ.

ը) հաստատում է լիազորված մարմնի ներկայացրած արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծման ու դրանց օգտագործման կարգը.

i

թ) արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի դեպքում ընդունում է որոշում կարանտին սահմանելու մասին.

ժ) կարանտին սահմանելու դեպքում իրականացնում է սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված այլ լիազորություններ:

(12-րդ հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 21.01.20 ՀՕ-35-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

i
Հոդված 13. Լիազորված մարմնի իրավասությունը

 

ԻՐՏԵԿ 13-րդ հոդվածը փոփոխվելու ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 16.12.22 ՀՕ-483-Ն օրենք:

Լիազորված մարմինը`

ա) մշակում է արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության պաշտպանության ծրագրեր և ապահովում դրանց կատարումը.

բ) ստեղծում և կուտակում է արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ, ֆոնդեր և ապահովում դրանց նպատակային օգտագործումը.

գ) կազմակերպում է արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննությունը.

դ) կազմակերպում է փրկարարների ատեստավորման աշխատանքները և բնակչության ուսուցումը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

ե) համակարգում և վերահսկում է պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեությունը բնակչության պաշտպանության բնագավառում.

զ) կազմակերպում է արտակարգ իրավիճակներում բնակչությանն ազդարարումը և տեղեկատվությունը.

է) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(13-րդ հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 21.01.20 ՀՕ-35-Ն օրենքներ)

 

i
Հոդված 14. Պետական կառավարման համակարգի մարմինների իրավասությունը

 

Պետական կառավարման համակարգի մարմինները`

ա) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

բ) կազմակերպում են ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունն արտակարգ իրավիճակներում.

գ) իրենց լիազորությունների սահմաններում ապահովում են բնակչության պաշտպանությունը և այդ նպատակով ստեղծում են անհրաժեշտ մասնագիտացված կազմավորումներ.

դ) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ:

ե) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են սույն օրենքի 4.1-ին գլխով սահմանված այլ լիազորություններ:

(14-րդ հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 21.01.20 ՀՕ-35-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

Հոդված 15. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը

 

Պետական կառավարման տարածքային մարմինները`

ա) կազմակերպում են մարզի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

բ) կազմակերպում են մարզի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման ծրագրերի մշակումը և համակարգում այդ ծրագրերում նախատեսված աշխատանքները.

գ) մասնակցում են պետական համապատասխան ծրագրերով նախատեսված` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը.

դ) տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը ներգրավում են արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին.

ե) ոստիկանության և ազգային անվտանգության հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի տարածքային ծառայություններին տալիս են հանձնարարականներ` բնակչության պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.

զ) պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ծառայություններին տալիս են հանձնարարականներ` արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, բնակչության պաշտպանության վերաբերյալ.

է) պատասխանատու են մարզի տարածքում բնակչության պաշտպանությունն ապահովելու համար.

ը) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ:

թ) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(15-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-35-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

Հոդված 16. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

 

Տեղական ինքնակառավարման մարմինները`

ա) կազմակերպում են համայնքի բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

բ) իրականացնում են վթարային և վերականգնողական միջոցառումներ` արտակարգ իրավիճակներում համայնքային ենթակայության կենսաապահովման օբյեկտների անխափան աշխատանքն ապահովելու համար.

գ) կազմակերպում են փրկարարական աշխատանքներ համայնքի տարածքում.

դ) իրականացնում են արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումներ համայնքի տարածքում.

ե) իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումն արտակարգ իրավիճակներում.

զ) իրականացնում են բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքով սահմանված այլ լիազորություններ:

է) կարանտին սահմանվելու դեպքում իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(16-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-35-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

Հոդված 17. Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների իրավասությունը

 

Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպություններն արտակարգ իրավիճակներում`

ա) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.

բ) աջակցում են փրկարարական և անհետաձգելի աշխատանքների իրականացմանը և ստեղծում են անհրաժեշտ ուժեր` համապատասխան աշխատանքներ կատարելու համար.

գ) իրականացնում են կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կիրառվող միջոցառումները, ինչպես նաև աջակցում այդ միջոցառումների կազմակերպմանը և իրականացմանը:

Հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներն ապահովում են հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը և պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(17-րդ հոդ. փոփ. 05.03.02 ՀՕ-310, 08.12.05 ՀՕ-7-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4.1.
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՄԱՃԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(4.1-ին գլուխը լրաց. 04.06.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

Հոդված 17.1. Սույն գլխի կիրառման շրջանակները

 

1. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու պայմաններում բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման առանձնահատկությունները, կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների ցանկը, միջոցառումների կազմակերպման և իրականացման համար իրավասու մարմինները, միջոցառումների կազմակերպման և իրականացման կարգն ու առանձնահատկությունները սահմանվում են սույն գլխով:

(17.1-ին հոդ. լրաց. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

Հոդված 17.2. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում կիրառվող միջոցառումները

 

1. Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին (այսուհետ սույն գլխում` կարանտին) սահմանելու դեպքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները.

i

1) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումներ` սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ.

2) հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ.

3) իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում.

4) ապրանքների փոխադրման սահմանափակումներ.

5) կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ.

6) սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում:

 2. Սույն հոդվածով սահմանված միջոցառումները կիրառվում են բացառապես կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքները, ներառյալ` հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու, դրանց հետևանքները վերացնելու, անձանց և հանրության առողջությունը պահպանելու նպատակով և պետք է համաչափ լինեն այդ նպատակին: Կարանտինի պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն կարանտին սահմանելու հիմք հանդիսացած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին:

 3. Սույն հոդվածով սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչընդոտել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, դատարանների, Մարդու իրավունքների պաշտպանի, զինված ուժերի, ոստիկանության զորքերի և սահմանապահ զորքերի բնականոն գործունեությունը:

(17.2-րդ հոդ. լրաց. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

Հոդված 17.3. Կարանտինային և այլ սանիտարահամաճարակային միջոցառումների կիրառման առանձնահատկությունները արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակի դեպքում

 

1. Կարանտին սահմանելու դեպքում, հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները, կարող են կիրառվել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարանտինային և սանիտարահամաճարակային հետևյալ միջոցառումները.

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

i

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված` պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) օբսերվացիա.

5) ինքնամեկուսացում.

6) մեկուսացում:

2. Կարանտին սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (այսուհետ սույն գլխում` կարանտին սահմանելու մասին որոշում) կարող է սահմանվել մուտքի և ելքի հատուկ ռեժիմ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում: Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է արգելվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից, ինչպես նաև սահմանվել Հայաստանի Հանրապետություն մուտքի հատուկ կանոններ:

3. Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց անմիջապես հետո կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգով առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կարող է կիրառել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարանտինային և սանիտարահամաճարակային միջոցառումները:

(17.3-րդ հոդ. լրաց. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

Հոդված 17.4. Հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները

 

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ, ինչպես նաև հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու արգելքներ կամ սահմանափակումներ:

2. Սույն հոդվածի իմաստով հանրային են համարվում անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումները, այդ թվում`

ա) համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ.

բ) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները:

3. Հավաքներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ոստիկանությունը:

4. Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Ոստիկանությունը և կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված տեսչական մարմինները: Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառվում են պատասխանատվության միջոցներ:

5. Հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Ոստիկանությունը հանրային միջոցառում կազմակերպելու, անցկացնելու կամ հանրային միջոցառումը` դրան մասնակցելու սահմանափակումների կամ արգելքների պահանջներին համապատասխանեցնելու կամ դադարեցնելու պահանջով դիմում է հանրային միջոցառման կազմակերպչին, որը պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել հանրային միջոցառման մասնակիցներին: Հանրային միջոցառման կազմակերպչի բացակայության կամ միջոցառման մասնակիցների կողմից Ոստիկանության պահանջը չկատարվելու դեպքում Ոստիկանության ներկայացուցիչը մասնակիցներից պահանջում է դադարեցնել հանրային միջոցառումը` սահմանելով ողջամիտ ժամկետ: Միաժամանակ Ոստիկանության կամ համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը հանրային միջոցառման մասնակիցներին նախազգուշացնում է սահմանված ժամկետում հանրային միջոցառումը կամովին չդադարեցնելու դեպքում հանրային միջոցառումը ցրելու, «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված հատուկ միջոցներ, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու` Ոստիկանության լիազորության մասին:

(17.4-րդ հոդ. լրաց. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

Հոդված 17.5. Տնտեսական գործունեության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանումը

 

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ:

2. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է նախատեսվել կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված` տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող կամ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների և տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների (այսուհետ սույն հոդվածում` կազմակերպություններ) կողմից սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների կիրառման նկատմամբ վերահսկողության իրականացում:

3. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, բացառությամբ սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտների, սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների կամ հանրային սննդի օբյեկտների, որոնց դեպքում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով` տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Այլ տեսչական մարմինները կարող են փոխօգնության շրջանակներում ներգրավվել ոլորտային ստուգայցերի իրականացմանը` վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով:

5. Ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:

6. Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ներկայացուցիչը նախազգուշացնում է կազմակերպությանը (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում վաճառք իրականացնող ֆիզիկական անձանց) միջոցառումների և սահմանափակումների խախտման մասին, տալիս հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

7. Ստուգայցի արդյունքներով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմինը կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ:

7.1. Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն չներկայացվելու պարագայում վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի ստուգայց իրականացնող պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ` օրենքով սահմանված կարգով: Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրության առթիվ խախտում թույլ տված անձանց կողմից դիտողություն ներկայացվելու պարագայում վարույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Կարանտին սահմանելու դեպքում կազմակերպությունների նկատմամբ հսկողության իրականացմանը կարող են մասնակցել Ոստիկանությունը և կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված այլ տեսչական մարմիններ, որոնք կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր են արձանագրել համապատասխան խախտումները և անմիջապես այդ մասին տեղեկացնել վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնին` սույն հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու համար:

9. Սույն հոդվածով նախատեսված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

(17.5-րդ հոդ. լրաց. 04.09.20 ՀՕ-403-Ն, 09.02.22 ՀՕ-29-Ն օրենքներ)

 

Հոդված 17.6. Ապրանքների փոխադրման սահմանափակումները

 

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են սահմանվել որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանման կամ ներմուծման սահմանափակումներ:

(17.6-րդ հոդ. լրաց. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

Հոդված 17.7. Կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումները

 

1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող է սահմանվել, որ պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում` նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում (այսուհետ` կրթական հաստատություն) ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Սույն կետով սահմանված սահմանափակումը չի տարածվում հեռավար (դիստանցիոն) իրականացվող կրթական ծրագրի, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատությունների վրա:

2. Կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վերահսկողությունը տեսչական մարմինն իրականացնում է կրթական հաստատություններ ստուգայցերի միջոցով` տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ սույն գլխով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:

4. Ստուգայցի ընթացքում կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ներկայացուցիչը նախազգուշացնում է կրթական հաստատությանը միջոցառումների և սահմանափակումների խախտման մասին, տալիս հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:

5. Ստուգայցի արդյունքներով կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրառում են վարչական պատասխանատվության միջոցներ:

6. Կարանտին սահմանելու դեպքում կրթական հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմանը կարող է մասնակցել նաև կրթության ոլորտի տեսչական մարմինը, որը կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների և սահմանափակումների խախտումներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է արձանագրել համապատասխան խախտումները և անմիջապես այդ մասին տեղեկացնել առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

(17.7-րդ հոդ. լրաց. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

Հոդված 17.8. Սահմանափակումները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում

 

1. Կարանտինի պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում որպես սահմանափակում կարող է կիրառվել համապատասխան մարմնի աշխատանքների կազմակերպման, գործառույթների իրականացման ձևերի և եղանակների ժամանակավոր փոփոխություն` կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված կարգին համապատասխան: Սույն մասով սահմանված սահմանափակումները կիրառվում են`

ա) պետական կառավարման համակարգի մարմիններում` կարանտին սահմանելու մասին որոշմամբ.

բ) տեղական ինքնակառավարման մարմիններում` համայնքի ավագանու որոշմամբ.

գ) այլ մարմիններում` համապատասխան մարմնի ղեկավարի որոշմամբ:

2. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված լինելու դեպքում կարող են կիրառվել այլ հաստատությունների գործունեության սահմանափակումներ` համապատասխան հաստատության ղեկավարի որոշմամբ: Այդ հաստատությունների և կիրառվող սահմանափակումների ցանկը սահմանվում է կարանտին սահմանելու մասին որոշմամբ:

(17.8-րդ հոդ. լրաց. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

Հոդված 17.9. Սույն գլխով նախատեսված ակտերի և գործողությունների (անգործության) բողոքարկումը

 

1. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների կայացրած ակտերը ենթակա են անհապաղ կատարման, բացառությամբ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտման դեպքում կայացված ակտերի:

2. Կարանտինի պայմաններում սույն գլխով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում սույն գլխով նախատեսված մարմինների կայացրած ակտերը, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կարգով կամ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում: Սույն մասով նախատեսված բողոքարկումը չի կասեցնում համապատասխան ակտի կատարումը, բացառությամբ կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների խախտման դեպքում կայացված ակտերի:

(17.9-րդ հոդ. լրաց. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտականությունները

 

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել արտակարգ իրավիճակների հետևանքներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 19. Անձանց իրավունքների երաշխիքները արտակարգ իրավիճակներում

 

1. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի ստանալու ճշգրիտ տեղեկություն արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման վտանգի և իր պաշտպանվածության աստիճանի մասին, եթե այդպիսի տեղեկության տրամադրումը արգելված չէ օրենքով:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց գույքը կամ այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով:

(19-րդ հոդ. խմբ. 04.09.20 ՀՕ-403-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 6
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

i
Հոդված 20. Բնակչության ուսուցման կազմակերպումը

 

Արտակարգ իրավիճակների հիմնահարցերի վերաբերյալ բնակչության ուսուցումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 7
ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐ

 

i
Հոդված 21. Փրկարար ուժերի գործունեությունը

 

Արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների իրականացման և առօրյա պայմաններում բնակչությանը մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով ստեղծվում են փրկարար ուժեր, որոնք մշտական պատրաստվածության վիճակում են, ընդգրկում են պետական, հասարակական ու գերատեսչական փրկարարական մասնագիտացված կազմավորումները և արտակարգ իրավիճակներում գործում են կենտրոնացված կառավարման սկզբունքով, արդարացված ռիսկի շրջանակներում:

Արտակարգ իրավիճակներում փրկարարական և անհետաձգելի վերականգնողական աշխատանքներ կատարելիս փրկարարները կարող են`

ա) անարգել մուտք գործել ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տարածքները, իսկ բացառիկ դեպքերում` նաև քաղաքացիների բնակարանները.

բ) բացել փակ դռները, պատուհանները, քանդել ցանկապատերը, շինությունները, եթե դրանց առկայությունը խոչընդոտում է փրկարարական աշխատանքների կատարմանը կամ կարող է առաջացնել ծանր հետևանքներ:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաջացած արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներում փրկարար ուժերն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Փրկարար ուժերի կարգավիճակը, փրկարարների, նրանց ընտանիքների, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ընդգրկված ոչ փրկարար քաղաքացիների սոցիալական ապահովության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Փրկարարական աշխատանքների հետևանքով պատճառված վնասների փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Փրկարարների կատարած ապօրինի գործողությունների, ինչպես նաև պետական կամ առևտրային գաղտնիքի հրապարակման համար նրանց պատասխանատվությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(21-րդ հոդ. փոփ. 01.03.23 ՀՕ-55-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 22. Նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական աղբյուրները

 

Պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ու համայնքների բյուջեների միջոցների հաշվին: Կարանտին սահմանելու դեպքում սույն հոդվածով նախատեսված նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(22-րդ հոդ. փոփ. 21.01.20 ՀՕ-35-Ն, 04.09.20 ՀՕ-403-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 23. Պատասխանատվությունը արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար

 

Պաշտոնատար անձինք և քաղաքացիները սույն օրենքի պահանջները խախտելու, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջացման պայմաններ և նախադրյալներ ստեղծելու համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանությունը (քաղաքացիական պաշտպանությունը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
29 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕ-265

 

 

pin
ՀՀ 02.12.1998
N ՀՕ-265 օրենք