ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,
գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1925 թ. մայիսի 19-ին` իր յոթերորդ նստաշրջանին,
որոշում կայացնելով արտադրական պատահարների դեպքում աշխատողներին փոխհատուցելու մասին որոշ առաջարկություններ ընդունելու վերաբերյալ, որը հանդիսանում է նստաշրջանի օրակարգի առաջին կետը,
որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,
հազար ինը հարյուր քսանհինգ թվականի հունիսի տասին ընդունում է սույն Կոնվենցիան, որը կարող է անվանվել Աշխատողներին փոխհատուցելու մասին (Արտադրական պատահարների դեպքում) 1925 թ. Կոնվենցիա, և որը ենթակա է վավերացման Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամների կողմից` Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ պարտավորվում է արտադրական պատահարի հետևանքով վնասվածք ստացած աշխատողներին կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց փոխհատուցել այն պայմաններով, որոնք պետք է առնվազն հավասար լինեն սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններին:
ՀՈԴՎԱԾ 2
1. Արտադրական պատահարների դեպքում փոխհատուցման վերաբերյալ օրենսդրությունը կիրառվում է բանվորների, ծառայողների և աշակերտների նկատմամբ` ձեռնարկություններում կամ հիմնարկներում` անկախ դրանց բնույթից` պետակա՞ն, թե մասնավոր:
2. Այնուամենայնիվ, Կազմակերպության յուրաքանչյուր անդամ անհրաժեշտության դեպքում իր ազգային օրենսդրությամբ կարող է նախատեսել բացառություններ.
ա) այն անձանց առումով, որոնք կատարում են տվյալ գործատուի գործունեության նպատակներից տարբեր` ժամանակավոր բնույթի աշխատանքներ,
բ) տնային աշխատողների առումով,
գ) գործատուի ընտանիքի անդամների առումով, որոնք բացառապես աշխատում են ի շահ նրա և ապրում են նրա տանը,
դ) ոչ ձեռքի աշխատանք կատարող աշխատողների նկատմամբ, որոնց վարձատրությունը գերազանցում է ազգային օրենսդրությամբ սահմանվելիք չափը:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Կոնվենցիան չի կիրառվում.
1. նավաստիների և ձկնորսների նկատմամբ, որոնց վերաբերյալ դրույթներ կսահմանվեն հետագայում ընդունվելիք կոնվենցիայով,
2. այն անձանց նկատմամբ, որոնց վրա տարածվում է հատուկ ռեժիմ, որի պայմանները սույն նվազ նպաստավոր չեն, քան սույն Կոնվենցիայով նախատեսված պայմաններն են:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Կոնվենցիան չի կիրառվում գյուղատնտեսության նկատմամբ, որի կապակցությամբ ուժի մեջ է մնում Աշխատանքի միջազգային խորհրդաժողովի երրորդ նստաշրջանում ընդունված` Գյուղատնտեսությունում աշխատողներին փոխհատուցելու մասին կոնվենցիան:
ՀՈԴՎԱԾ 5
Մշտական անաշխատունակության կամ մահվան հանգեցնող պատահարների դեպքում փոխհատուցումը վճարվում է տուժած անձանց կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց` պարբերական վճարումների ձևով. այնուամենայնիվ այն կարող է միանվագ վճարվել ամբողջությամբ կամ մասամբ, եթե իրավասու մարմինը ստանում է դրա պատշաճ օգտագործման երաշխիքներ:
ՀՈԴՎԱԾ 6
Անաշխատունակության դեպքում փոխհատուցումը վճարվում է ոչ ուշ, քան պատահարից հինգ օր հետո` անկախ նրանից` այն վճարվում է համապատասխան գործատուի՞, թե դժբախտ պատահարների ապահովագրական կազմակերպության կամ հիվանդության ապահովագրական կազմակերպության կողմից:
ՀՈԴՎԱԾ 7
Այն դեպքերում, երբ վնասվածքի հետևանքով անաշխատունակությունը կրում է այնպիսի բնույթ, որ տուժած անձը այլ անձի մշտական օգնության կարիք ունի, կատարվում է լրացուցիչ փոխհատուցում:
ՀՈԴՎԱԾ 8
Ազգային օրենսդրությունը անհրաժեշտության դեպքում նախատեսում է վերահսկողության միջոցներ, ինչպես նաև վերանայման մեթոդներ:
ՀՈԴՎԱԾ 9
Արտադրական պատահարից տուժածները ունեն բժշկական օգնության իրավունք և այնպիսի վիրաբուժական օգնության ու բուժամիջոցներով օգնության իրավունք, որն անհրաժեշտ է ճանաչվել պատահարի հետևանքով: Այդ բժշկական օգնության ծախսերը հոգում է կամ գործատուն, կամ դժբախտ պատահարների ապահովագրական կազմակերպությունը, կամ հիվանդության կամ հաշմանդամության ապահովագրական կազմակերպությունը:
ՀՈԴՎԱԾ 10
1. Արտադրական պատահարների հետևանքով տուժածներն ունեն գործատուի կամ ապահովագրողի կողմից անհրաժեշտ պրոթեզավորման, օրթոպեդիկ միջոցների ստացման և կանոնավոր նորացման իրավունք. այնուամենայնիվ, բացառիկ դեպքերում օրենսդրությամբ կարող է թույլատրվել այդ պրոթեզավորման և օրթոպեդիկ միջոցների հատկացման կամ նորացման փոխարեն տուժածին հատկացնել լրացուցիչ փոխհատուցում, որի գումարը պետք է համապատասխանի այդ միջոցների նորացման կամ ձեռք բերման հավանական արժեքին և պետք է որոշվի լրացուցիչ փոխհատուցումը հատկացնելիս կամ վերանայելիս:
2. Ազգային օրենսդրությունը նախատեսում է վերահսկողության անհրաժեշտ միջոցներ ինչպես վերոնշյալ միջոցների նորացման կապակցությամբ չարաշահումները կանխելու, այնպես էլ լրացուցիչ փոխհատուցման գումարի նպատակային օգտագործումը երաշխավորելու համար:
ՀՈԴՎԱԾ 11
Ազգային օրենսդրությունը, հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, նախատեսում է այնպիսի դրույթներ, որոնք գործատուի կամ ապահովագրողի անվճարունակության դեպքում բոլոր հանգամանքներում առավել համարժեք կերպով կապահովեն փոխհատուցման վճարումը պատահարից տուժածներին կամ, մահվան դեպքում, նրանց խնամքի տակ գտնվող անձանց:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով, Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության դրույթներին համապատասխան, ներկայացվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:
ՀՈԴՎԱԾ 13
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից:
2. Այն պարտադիր է Կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Աշխատանքի միջազգային բյուրոյում:
3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային բյուրոյում վավերագիրը գրանցելու օրվանից:
ՀՈԴՎԱԾ 14
Երբ Աշխատանքի միջազգային կազմակերպության երկու անդամների վավերագրերը Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից գրանցվում են Աշխատանքի միջազգային բյուրոյում, Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է այդ մասին: Նա նաև ծանուցում է նրանց Կազմակերպության մյուս անդամներից հետագայում ստացված վավերագրերի գրանցման մասին:
ՀՈԴՎԱԾ 15
13-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ համաձայնում է կիրառել 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների դրույթները ոչ ուշ, քան մինչև 1927 թ. հունվարի 1-ը, և դրանց արդյունավետ իրականացման համար ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ:
ՀՈԴՎԱԾ 16
Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, պարտավորվում է այն կիրառել իր գաղութներում, տիրույթներում և հովանավորյալ տարածքներում` Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 35-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 17
Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է, Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած, հնգամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով այդ մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Աշխատանքի միջազգային բյուրոյի կողմից չեղյալ հայտարարելու մասին ակտի գրանցումից մեկ տարի հետո:
ՀՈԴՎԱԾ 18
Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը, երբ անհրաժեշտ է, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:
ՀՈԴՎԱԾ 19
Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:
ՈՒժի մեջ է մտել 2004 թ. դեկտեմբերի 17-ին