Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹ ...

 

30.12.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

 

i

1. Սույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

1.1. Սույն օրենքով են կարգավորվում նաև պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (այսուհետ` Բջջային հավելված) օգտագործմամբ հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցով տեսանկարահանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական վարույթների առանձնահատկությունները:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի կողմից, և տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվել է` անկախ խախտումը տեխնիկական միջոցով ամրագրված լինելու հանգամանքից:

i

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

4. Եթե սույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում սույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

(1-ին հոդ. փոփ. 23.10.19 ՀՕ-205-Ն օրենք)

 

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ճանապարհային երթևեկության կանոնի խախտում` (այսուհետ` իրավախախտում) տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կատարվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով արգելված արարք (գործողություն կամ անգործություն).

2) վարչական ակտի հասցեատեր` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք.

3) վարչական մարմին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի լիազորած իրավասու ստորաբաժանում.

4) անհատական ծածկագիր` թվային և (կամ) տառային պայմանանշանների հաջորդականություն, որոնք մուտքագրելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համացանցային կայքէջում` վարչական ակտի հասցեատերը կարող է դիտել և պատճենահանել իրավախախտումն ամրագրած տեսանյութը:

(2-րդ հոդ. փոփ. 16.12.22 ՀՕ-473-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 2
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

 

i
Հոդված 3. Ապացույցները

 

1. Վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը, որը պարունակում է նաև տեխնիկական միջոցով արձանագրված տվյալները:

i

2. Որպես իրավախախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում կարող են օգտագործվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված ապացույցները:

(3-րդ հոդ. փոփ. 09.12.19 ՀՕ-302-Ն օրենք)

 

i
Հոդված 4. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարելը, ապացույցները պահպանելը, ապացույցները ծանոթացման տրամադրելը

 

1. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարվում են էլեկտրոնային եղանակով` վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանների միջոցով:

2. Ապացույցները վարչական ակտի հետ պահվում են վարչական վարույթի վերաբերյալ էլեկտրոնային գործում:

3. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրան է տրամադրում տեսանյութի պատճենը` դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:

4. Վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է տեսանյութի պատճենը տրամադրելու դիմում ներկայացնել վարչական ակտին իրազեկվելու պահից:

5. Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն, և հանձնման փաստն ամրագրվում է վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից դիմումում կատարված գրառմամբ:

6. Եթե վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գրավոր դիմելուց հետո սահմանված ժամկետում չի ներկայացել վարչական մարմին տեսանյութի պատճենն ստանալու համար, ապա նրա չներկայանալու փաստն ամրագրվում է վարչական մարմնի կողմից դիմումում կատարված գրառմամբ:

7. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալը նրան չի արգելում կրկին դիմել վարչական մարմին` տեսանյութի պատճենը տրամադրելու մասին պահանջով:

8. Վարչական մարմինը պարտավոր է ընդհանուր հիմունքներով տրամադրել տեսանյութի պատճենը, եթե այն սահմանված կարգով չի ոչնչացվել:

9. Վարչական վարույթի վերաբերյալ էլեկտրոնային գործերը շտեմարանի ընթացիկ հատվածում պահպանվում են մինչև դրանց ավարտը, իսկ ավարտից հետո` տեղափոխվում շտեմարանի արխիվ, իսկ օրենսդրությամբ` արխիվում պահպանման համար սահմանված ժամկետի ավարտից հետո ոչնչացվում են (հեռացվում են շտեմարանից):

10. Վարչական ակտի հասցեատիրոջը հանձնվող (իրազեկվող, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում տեղադրվող) վարչական ակտում զետեղված` իրավախախտումն ամրագրած տեսանյութի կադրում կամ լուսանկարում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են:

11. Այն դեպքերում, երբ կատարած իրավախախտման համար անձը համարվել է նախազգուշացված, ապացույցները (նախազգուշացում նշումով) հասանելի են դարձվում էլեկտրոնային ձևով` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կայքում տեղադրելու եղանակով: Դրանց վերաբերյալ անձը տեղեկացվում է այլ իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող վարչական ակտի ծանոթագրությամբ: Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը օրենքով սահմանված կարգով անձին պետք է հանձնվի էլեկտրոնային փոստով, ապա նախազգուշացված համարելու հիմք հանդիսացած ապացույցները (նախազգուշացում նշումով) ևս ուղարկվում են նույն էլեկտրոնային փոստով:

(4-րդ հոդ. փոփ. 21.12.15 ՀՕ-179-Ն օրենք)

 

Հոդված 5. Վարչական վարույթի փուլերը

 

1. Վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

 

i
Հոդված 6. Իրավախախտման հատկանիշների պարզումը

 

i

1. Իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:

i

2. Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 15 աշխատանքային օրում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

i

4. Պետական (պետական մարմին, պետական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնքային կառավարչական հիմնարկ կամ որևէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպությանն ամրացված (պատկանող) տրանսպորտային միջոցներով կատարվող իրավախախտումների դեպքում վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների, համապատասխան կազմակերպության (մարմնի) գլխավոր քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը, նրանց բացակայության դեպքում` կազմակերպության (մարմնի) ղեկավարը պարտավոր են տրանսպորտային միջոցը շահագործման հանձնելիս վարչական մարմնին էլեկտրոնային եղանակով տրամադրել (հասանելի դարձնել) տվյալ տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները: Էլեկտրոնային եղանակով տվյալների տրամադրման կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

ԻՐՏԵԿ 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվող պարտականությունը պետական և համայնքային մարմինների (կազմակերպությունների) կողմից կատարվում է էլեկտրոնային եղանակով տվյալների տրամադրման կարգը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում (09.12.19 ՀՕ-302-Ն օրենք):
i

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով շահագործող անձի տվյալները չներկայացնելու դեպքում վարչական ակտի հասցեատեր է համարվում համապատասխան կազմակերպության (մարմնի) գլխավոր քարտուղարը կամ աշխատակազմի ղեկավարը, նրանց բացակայության դեպքում` կազմակերպության (մարմնի) ղեկավարը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` կապույտ գույնի առկայծող փարոսիկով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի իրականացվում (չի հարուցվում):

7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության` սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ նյութերը մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը վարչական մարմինն ուղարկում է համապատասխան պետական կառավարման մարմին` կարգապահական պատասխանատվության հարցը լուծելու համար:

(6-րդ հոդ. փոփ. 21.12.15 ՀՕ-179-Ն, 09.12.19 ՀՕ-302-Ն, 21.01.20 ՀՕ-42-Ն օրենքներ)

 

i
Հոդված 7. Վարչական ակտն ընդունելու, վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու, վարչական ակտի կատարման ժամկետները

 

1. Վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Վարչական ակտն ընդունելուց հետո` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 11.01.2016 թվականից` 21.12.15 ՀՕ-179-Ն)

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 01.01.2020 թվականից`  09.12.19 ՀՕ-302-Ն օրենք)

i

5. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը կարող է ապացուցվել վերադասության կարգով գանգատ ներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված ժամկետում վարչական մարմին դիմում ներկայացնելու միջոցով, իսկ վարչական մարմնի կողմից դիմումը չբավարարելու դեպքում` նաև դատական կարգով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմումը կարող է ներկայացվել վարչական ակտի հասցեատիրոջ կամ խախտում կատարած անձի կողմից և պետք է պարունակի խախտումը կատարած անձի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան և համարը, բնակության վայրը, ինչպես նաև դրան պետք է կցվեն դիմումը ներկայացնող անձանց անձնագրերի և տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճենները: Եթե տրանսպորտային միջոցն օգտագործվում է գրավոր պայմանագրի հիման վրա, ապա դիմումին պետք է կցվի նաև պայմանագրի պատճենը:

6.1. Եթե վարչական մարմինն ապացուցված է համարում խախտումն այլ անձի կողմից կատարված լինելու փաստը, ապա վարչական ակտն ուժը կորցրած է ճանաչվում, իսկ խախտում կատարած անձի նկատմամբ կայացվում է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտ:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմում ներկայացվելու կամ տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը դատական կարգով հաստատվելու դեպքերում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը հաշվարկվում է համապատասխանաբար տրանսպորտային միջոցն այլ անձի կողմից վարելու փաստը հաստատվելու օրվանից:

(7-րդ հոդ. փոփ. 21.12.15 ՀՕ-179-Ն, 09.12.19 ՀՕ-302-Ն օրենքներ)

 

Հոդված 7.1.  Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված և սույն օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարույթն իրականացվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր հիմունքներով, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծող կամ արտահանող (տրանսպորտային միջոցով որպես վարորդ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող) անձը: Եթե տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել (Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է) այլ տրանսպորտային միջոցով (ավտոտարհանիչ, ավտոփոխադրող, կոնտեյներ)` ոչ տրանսպորտային վիճակում (առանց վարելու), ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է ավտոտարհանիչ, ավտոփոխադրող կամ կոնտեյներ տրանսպորտային միջոցի վարորդը, եթե սույն օրենքի 7-րդ հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված կարգով չի ապացուցում, որ խախտումը կատարել է այլ անձ:

i

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը կատարվել է «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` օտարերկրացի համարվող անձանց կողմից, ապա այդ իրավախախտման գործով կայացված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնվում է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատման (այդ թվում` առանց տրանսպորտային միջոցի) ժամանակ` մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո, ապա այլ երկրից դեպի Հայաստանի Հանրապետություն հաջորդ սահմանահատման ժամանակ` մինչև սահմանահատման թույլտվություն տալը, եթե մինչ այդ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով վարչական ակտը չի հանձնվել: Վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական ակտը (ինչպես նաև վարչական ակտի կատարման կարգի և չկատարման իրավական հետևանքների մասին հուշաթերթիկը) հասցեատիրոջը հանձնելու գործառույթը պետական սահմանի անցման կետերում իրականացնում են ազգային անվտանգության մարմինները:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում վարչական ակտով իր վրա դրված պարտականությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չկատարելու դեպքում օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է` վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից մեկ տարի ժամկետով:

4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պետական սահմանի անցման կետերում մուտքի վիզայի տրամադրման (ժամկետի երկարաձգման) մերժումը կամ Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելումն իրականացնում են ազգային անվտանգության մարմինները` «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական ակտի կատարման` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վաղեմության ժամկետը հաշվարկվում է վարչական ակտը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հանձնելու օրվանից:

(7.1-ին հոդ. լրաց. 21.12.15 ՀՕ-179-Ն, 09.12.19 ՀՕ-302-Ն, 06.07.22 ՀՕ-331-Ն օրենքներ)

 

Հոդված 7.2.  Տրանսպորտային միջոցները վարձույթ տալու գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարձույթով տրված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների հետևանքը

(7.2-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2020 թվականից` 09.12.19 ՀՕ-302-Ն օրենք)

 

Հոդված 7.3.  Հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցներով ամրագրված իրավախախտումներով վարչական վարույթի առանձնահատկությունները

 

1. Հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնում է, եթե`

1) իրավախախտումն ամրագրվել է Բջջային հավելվածի օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս նույնականացնելու իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաև պարզելու իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը.

2) իրավախախտում ամրագրած տեսանյութը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին` որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:

i

2. Բջջային հավելվածի տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև Բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգը խախտելու դեպքում վարչական մարմինը կարող է սահմանափակել Բջջային հավելվածում գրանցված անձանց էլեկտրոնային հաղորդում ուղարկելու իրավունքը մինչև երկու ամսով:

5. Վարչական մարմինը պարտավոր է Բջջային հավելվածը հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված) և հանրային ծառայության համարանիշ ունեցող կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք ունեցող ֆիզիկական անձանց համար:

(7.3-րդ հոդ. լրաց. 23.10.19 ՀՕ-205-Ն օրենք)

 

Հոդված 7.4.  Վարչական վարույթի արդյունքների մասին ֆիզիկական անձին տեղեկացնելը

 

1. Վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին տեղեկացնել իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձին վարչական ակտ ընդունելու համար սույն օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո` մեկօրյա ժամկետում` ֆիզիկական անձին Բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով: Էլեկտրոնային հաղորդագրության բովանդակությունը սահմանվում է վարչական մարմնի ղեկավարի հրամանով:

(7.4-րդ հոդ. լրաց. 23.10.19 ՀՕ-205-Ն օրենք)

 

Հոդված 7.5.  Իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձի անձնական տվյալների փոխանցման անթույլատրելիությունը

 

1. Իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած անձի տվյալները չեն կարող փոխանցվել իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթակա անձին, նրա ներկայացուցչին և երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը գրավոր տվել է իր համաձայնությունը, կամ իրավախախտման մասին հաղորդում ներկայացնելու կապակցությամբ վարչական մարմնին հայտնի դարձած ֆիզիկական անձի անձնական տվյալների փոխանցումը նախատեսված է օրենքով:

(7.5-րդ հոդ. լրաց. 23.10.19 ՀՕ-205-Ն օրենք)

 

Հոդված 7.6.  Վարչական ակտի հասցեատեր սեփականատիրոջ (լիզինգառուի) տրանսպորտային միջոցի հետախուզումը

 

1. Եթե վարչական ակտի հասցեատեր ֆիզիկական անձը չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, և նրան սեփականության (լիզինգի) իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցով մեկ տարվա ընթացքում կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների 3 խախտում, որոնց համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորների ձևով, և սեփականատերը (լիզինգառուն) այդ 3 խախտումները այլ անձի կողմից կատարված լինելու փաստը չի ապացուցել, ապա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված կարգով տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) սեփականություն կամ լիզինգի առարկա, և վարչական ակտի հասցեատեր իրավաբանական անձի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը) չունի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, և սույն մասով նախատեսված 3 խախտումները տվյալ տրանսպորտային միջոցով այլ անձի կողմից կատարված լինելու փաստը նա չի ապացուցել, ապա տվյալ տրանսպորտային միջոցի նկատմամբ հայտարարվում է հետախուզում:

2. Հետախուզումը դադարեցվում է տրանսպորտային միջոցը հայտնաբերելիս, իսկ տրանսպորտային միջոցն անհապաղ վերադարձվում է սեփականատիրոջը (լիզինգառուին), եթե սեփականատերը (լիզինգառուն) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնում է տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները: Հետախուզումը դադարեցվում է նաև այն դեպքում, եթե մինչև տրանսպորտային միջոցը հայտնաբերելը սեփականատերը (լիզինգառուն) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) սահմանված կարգով ներկայացնում է տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները:

(7.6-րդ հոդվածը լրաց. 09.12.19 ՀՕ-302-Ն օրենք)

 

Հոդված 8. Վարչական ակտի առանձնահատկությունները

 

1. Վարչական ակտը ներառում է`

1) կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարը` նշանակված տուգանքը վճարելու համար.

2) անհատական ծածկագիրը.

3) լուսանկարը, եթե իրավախախտման փաստն ամրագրվել է լուսանկարահանմամբ.

3.1) սույն օրենքով նախատեսված դեպքում սույն օրենքի 7.6-րդ հոդվածով նախատեսված` տրանսպորտային միջոցը հետախուզելու` վարչական մարմնի լիազորության մասին ծանուցում.

4) օրենքով սահմանված այլ տվյալներ:

2. Վարչական ակտի ձևը և նմուշը սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի հրամանով:

(8-րդ հոդ. փոփ. 09.12.19 ՀՕ-302-Ն օրենք)

 

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-238-Ն

 

pin
ՀՀ 26.12.2008
N ՀՕ-238-Ն օրենք