Սեղմել Esc փակելու համար:
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2015  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(Սույն օրենքն ուժը կորցրել է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը` 21.03.18 ՀՕ-194-Ն օրենք)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի նոյեմբերի 27-ին

 

i

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերք` բուսաբուծական և անասնաբուծական արտադրանք, արտադրողների համատարած հաշվառման (այսուհետ` գյուղատնտեսական հաշվառում) նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, ստացված արդյունքների մշակման, ամփոփման, հրապարակման, պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը

 

1. Գյուղատնտեսական հաշվառման բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Գյուղատնտեսական հաշվառման նպատակները

 

1. Գյուղատնտեսական հաշվառման նպատակներն են`

1) գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական և դրա օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը` հանրապետության, մարզային և համայնքային կտրվածքով.

2) գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման ամբողջական համակարգի ձևավորումը.

3) գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստրի ձևավորումը.

4) միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիության ապահովումը:

 

i
Հոդված 4. Գյուղատնտեսական հաշվառմանը ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացվում է տասը տարին մեկ:

2. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում է գյուղատնտեսական հաշվառման անցկացման ժամկետը, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան գյուղատնտեսական հաշվառումն սկսելուց 1 տարի առաջ:

3. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են գյուղատնտեսական հաշվառման հանրապետական և մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

i

4. Գյուղատնտեսական հաշվառման ծրագիրը և հարցաշարը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը չի կարող ընդգրկել վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր:

i

5. Գյուղատնտեսական հաշվառման փաստաթղթերը (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական և այլ փաստաթղթեր) հաստատում է վիճակագրության պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

6. Գյուղատնտեսական հաշվառման տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար:

7. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստումը և անցկացումը պատշաճ կարգով կազմակերպելու համար:

 

Հոդված 5. Գյուղատնտեսական հաշվառման ենթակա սուբյեկտները և նրանց պարտականությունները

 

1. Գյուղատնտեսական հաշվառումը կրում է պարտադիր բնույթ գյուղատնտեսական մթերք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ամբողջական և սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հաշվառման հարցաշարի բոլոր հարցերին:

 

i
Հոդված 6. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնող մարմինները և նրանց պարտականությունները

 

1. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրապարակման պատասխանատուն լիազորված մարմինն է, որը պարտավոր է ապահովել`

1) գյուղատնտեսական հաշվառման ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին և ստանդարտներին.

2) գյուղատնտեսական հաշվառման նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունն ու մատչելիությունը.

3) սկզբնական (անձնական) տվյալների գաղտնիությունը:

(6-րդ հոդ. փոփ. 18.05.15 ՀՕ-60-Ն օրենք)

 

Հոդված 7. Գյուղատնտեսական հաշվառման ֆինանսավորումը

 

1. Գյուղատնտեսական հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման և ստացված արդյունքների հրապարակման բոլոր միջոցառումների ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8. Պատասխանատվությունը գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը խախտելու համար

 

1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անձնական տվյալներին տիրապետող լիազոր մարմնի աշխատակիցներին (այսուհետ` աշխատակիցներ) արգելվում է այլ անձի (անձանց) հաղորդել գյուղատնտեսական հաշվառման լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անձնական) տվյալների օգտագործման կարգի խախտման, հարցաթերթը ոչ ամբողջական, սխալ տվյալներով լրացնելու դեպքում գյուղատնտեսական հաշվառման աշխատակիցները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

2. Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անհատական) նյութերը (այդ թվում` տվյալները) դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:

3. Գյուղատնտեսական հաշվառման հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելը, ոչ ամբողջական, սխալ տվյալներ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

(8-րդ. հոդ. փոփ. 18.05.15 ՀՕ-60-Ն օրենք)

 

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. դեկտեմբերի 23
Երևան
ՀՕ-208-Ն


 

pin
ՀՀ 27.11.2008
N ՀՕ-208-Ն օրենք