ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՄԻԱՎՈՐՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,
գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից` Սան Ֆրանցիսկոյում, և հավաքված 1948թ. հունիսի 17-ին` իր երեսունմեկերորդ նստաշրջանին,
որոշում կայացնելով միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին որոշ առաջարկություններ կոնվենցիայի ձևով ընդունելու վերաբերյալ, որը նստաշրջանի օրակարգի յոթերորդ կետն է,
գտնելով, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության նախաբանը աշխատանքի պայմանները բարելավելու և խաղաղությունը ապահովելու միջոցների թվում հռչակում է «միավորման ազատության սկզբունքի ճանաչումը»,
համարելով, որ Ֆիլադելֆիայի հռչակագիրը վերահաստատել է, որ «արտահայտվելու և միավորման ազատությունը կայուն առաջընթացի անհրաժեշտ պայմաններ են»,
գտնելով, որ Աշխատանքի միջազգային խորհրդաժողովը իր երեսուներորդ նստաշրջանում միաձայն ընդունել է սկզբունքներ, որոնք պետք է դրվեն միջազգային կանոնակարգման հիմքում,
հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան իր երկրորդ նստաշրջանում հավանություն է տվել այդ սկզբունքներին և խնդրել է Աշխատանքի միջազգային կազմակերպությանը շարունակել գործադրել բոլոր ջանքերը` հնարավորության դեպքում մեկ կամ մի քանի միջազգային կոնվենցիաներ ընդունելու նպատակով,
հազար ինը հարյուր քառասունութ թվականի հուլիսի իննին ընդունում է ներքոհիշյալ կոնվենցիան, որը կանվանվի Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին 1948 թվականի Կոնվենցիա:
Բաժին I. Միավորման ազատություն
ՀՈԴՎԱԾ 1
Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որի նկատմամբ սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է գործադրել ներքոհիշյալ դրույթները:
ՀՈԴՎԱԾ 2
Աշխատողները և գործատուները, առանց որևէ տարբերության, իրավունք ունեն իրենց ընտրությամբ ստեղծելու կազմակերպություններ, ինչպես նաև անդամակցելու այդպիսի կազմակերպություններին` վերջիններիս կանոնադրություններին ենթարկվելու միակ պայմանով, առանց նախնական թույլտվության:
ՀՈԴՎԱԾ 3
1. Աշխատողների և գործատուների կազմակերպություններն իրավունք ունեն մշակելու իրենց կանոնադրություններն ու կանոնակարգերը, ազատորեն ընտրելու իրենց ներկայացուցիչներին, կազմակերպելու իրենց վարչակազմն ու գործունեությունը և կազմելու իրենց ծրագրերը:
2. Պետական մարմինները պետք է ձեռնպահ մնան որևէ միջամտությունից, որը սահմանափակում է այդ իրավունքը կամ խոչընդոտում է դրա օրինական իրականացմանը:
ՀՈԴՎԱԾ 4
Աշխատողների և գործատուների կազմակերպությունները ենթակա չեն լուծարման կամ ժամանակավոր արգելման վարչական մարմնի կողմից:
ՀՈԴՎԱԾ 5
Աշխատողների և գործատուների կազմակերպություններն ունեն դաշնություններ և համադաշնություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունք, և յուրաքանչյուր այդպիսի կազմակերպություն, դաշնություն կամ համադաշնություն իրավունք ունի անդամակցելու աշխատողների և գործատուների միջազգային կազմակերպություններին:
ՀՈԴՎԱԾ 6
2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները կիրառվում են աշխատողների և գործատուների կազմակերպությունների դաշնությունների և համադաշնությունների նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 7
Աշխատողների և գործատուների կազմակերպությունների, նրանց դաշնությունների և համադաշնությունների կողմից իրավաբանական անձի կարգավիճակի ձեռքբերումը չի կարող ենթակա լինել այնպիսի պայմանների, որոնք ունեն 2-րդ, 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթների կիրառումը սահմանափակող բնույթ:
ՀՈԴՎԱԾ 8
1. Սույն Կոնվենցիայով ճանաչված իրենց իրավունքների իրականացման ժամանակ աշխատողները, գործատուները և նրանց համապատասխան կազմակերպությունները պահպանում են օրինականությունը այնպես, ինչպես այլ անձինք կամ կազմակերպված կոլեկտիվները:
2. Ազգային օրենսդրությունը չպետք է ազդի կամ կիրառվի այնպես, որ վնաս հասցնի սույն Կոնվենցիայով նախատեսված երաշխիքներին:
ՀՈԴՎԱԾ 9
1. Ազգային օրենսդրությամբ է որոշվում, թե սույն Կոնվենցիայով նախատեսված երաշխիքներն ինչ չափով են կիրառվում զինված ուժերի և ոստիկանության նկատմամբ:
2. Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածի 8-րդ կետում շարադրված սկզբունքին համապատասխան` Կազմակերպության որևէ անդամի կողմից սույն Կոնվենցիայի վավերացումը չպետք է դիտվի որպես ցանկացած գործող օրենքի, դատական որոշման, սովորույթի կամ համաձայնագրի վրա ազդող գործողություն, որոնց համաձայն զինված ուժերի և ոստիկանության անդամներն օգտվում են սույն Կոնվենցիայով երաշխավորված որևէ իրավունքից:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Կոնվենցիայում «կազմակերպություն» տերմինը նշանակում է աշխատողների կամ գործատուների ցանկացած կազմակերպություն, որի նպատակն է ապահովել և պաշտպանել աշխատողների կամ գործատուների շահերը:
Բաժին II. Կազմակերպելու իրավունքի պաշտպանություն
ՀՈԴՎԱԾ 11
Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որի նկատմամբ սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և համապատասխան միջոցները` աշխատողների և գործատուների կազմակերպելու իրավունքի ազատ իրականացումը երաշխավորելու նպատակով:
Բաժին III. Այլ դրույթներ
ՀՈԴՎԱԾ 12
1. Սույն Կոնվենցիան վավերացնող Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ Աշխատանքի միջազգային կազմակերպության 1946 թվականի Փոփոխման ակտով փոփոխված կանոնադրության 35-րդ հոդվածում նշված տարածքներից և սույն հոդվածի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշվածներից այլ տարածքների կապակցությամբ վավերացումից հետո` հնարավորինս սեղմ ժամկետներում, Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկում է հայտարարություն, ուր նշում է.
ա) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները առանց փոփոխությունների,
բ) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները փոփոխություններով, և` այդ փոփոխությունների մանրամասները,
գ) այն տարածքները, որոնց նկատմամբ Կոնվենցիան չի կիրառվի և, նման դեպքերում, չկիրառվելու պատճառները,
դ) այն տարածքները, որոնց նկատմամբ ինքը վերապահում է անում:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում հիշատակված պարտավորությունները համարվում են վավերագրի անբաժանելի մասը և ունեն վավերացմանը հավասար ուժ:
3. Ցանկացած անդամ կարող է նոր հայտարարության միջոցով վերացնել սույն հոդվածի առաջին կետի «բ», «գ» կամ «դ» ենթակետերի հիման վրա իր նախորդ հայտարարություններում պարունակվող բոլոր վերապահումները կամ դրանց մի մասը:
4. Ցանկացած անդամ այն ժամկետներում, որոնց ընթացքում սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել` 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող է Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով կփոփոխի ցանկացած նախորդ հայտարարության պայմանները, և հայտնել իր սահմանած տարածքների ներկա դրության մասին:
ՀՈԴՎԱԾ 13
1. Եթե սույն Կոնվենցիայում շոշափվող հարցերը մտնում են մետրոպոլիայից դուրս գտնվող տարածքի իշխանությունների իրավասության մեջ, կազմակերպության այն անդամը, որը պատասխանատու է այդ տարածքի միջազգային հարաբերությունների համար, կարող է, այդ տարածքի կառավարության հետ համաձայնեցնելով, Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ներկայացնել տվյալ տարածքի անունից հայտարարություն սույն Կոնվենցիայից բխող պարտավորությունների ընդունման մասին:
2. Սույն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին հայտարարություն կարող է ներկայացվել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին`
ա) կազմակերպության երկու կամ ավելի անդամների կողմից` նրանց համատեղ կառավարման տակ գտնվող տարածքի վերաբերյալ, կամ
բ) ցանկացած միջազգային մարմնի կողմից, որը պատասխանատու է որևէ տարածքի կառավարման համար Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա կամ այլ կերպ:
3. Այն հայտարարություններում, որոնք ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին սույն հոդվածի նախորդ կետերին համապատասխան, նշվում են` սույն Կոնվենցիայի դրույթները նման տարածքում կիրառվելու են փոփոխություններո՞վ, թե առանց փոփոխությունների: Եթե հայտարարությունում նշվում է, որ Կոնվենցիայի դրույթները կիրառվելու են փոփոխություններով, նրանում ճշտվում է նշված փոփոխությունների բովանդակությունը:
4. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ շահագրգիռ միջազգային մարմինը կարող են հետագայում հայտարարության միջոցով լիովին կամ մասնակիորեն հրաժարվել նախորդ որևէ հայտարարությունում նշված որևէ փոփոխությունից օգտվելու իրավունքից:
5. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ միջազգային մարմինը այն ժամկետներում, երբ սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել` 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով կփոփոխի ցանկացած նախորդ հայտարարության պայմանները, և հայտնել Կոնվենցիայի կիրառման գոյություն ունեցող վիճակի մասին:
Բաժին IV. Եզրափակիչ դրույթներ
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:
ՀՈԴՎԱԾ 15
1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:
2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:
3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:
ՀՈԴՎԱԾ 16
1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:
2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:
ՀՈԴՎԱԾ 17
1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի, հայտարարությունների և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:
2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին` Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:
ՀՈԴՎԱԾ 18
Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի, հայտարարությունների և չեղյալ հայտարարման վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 19
Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:
ՀՈԴՎԱԾ 20
1. Այն դեպքում, երբ խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե այդ կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա`
ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 16-րդ հոդվածի դրույթներից, առաջ կբերի սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում` այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,
բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած` սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:
2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:
ՀՈԴՎԱԾ 21
Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006թ. հունվարի 2-ից: