ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնեցին ներքոհիշյալին.
I
1. Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ պարտավորվում է կանխել այն մշակութային արժեքների դուրս բերումը զինված ընդհարման ժամանակ իր կողմից գրավված տարածքից, որոնք սահմանված են 1954 թ. մայիսի 14-ին Հաագայում ստորագրված Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի 1-ին հոդվածում:
2. Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ պարտավորվում է իր պահպանության ներքո վերցնել այն մշակութային արժեքները, որոնք իր տարածք են ներկրվել ուղղակի կամ անուղղակի ճանապարհով, ցանկացած գրավյալ տարածքից: Դա կատարվում է կամ ինքնաբերաբար, ներկրման պահին, կամ, եթե այդ չի արվել, գրավյալ տարածքի իշխանությունների խնդրանքով:
3. Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ պարտավորվում է ռազմական գործողությունների դադարեցումից հետո նախկինում գրավված տարածքի իրավասու իշխանություններին վերադարձնել իր տարածքում գտնվող մշակութային արժեքները, եթե դրանք ներկրվել են ի խախտումն 1-ին կետում սահմանված սկզբունքի: Այդ արժեքները երբեք չեն կարող պահվել իբրև ռազմական տուգանք:
4. Այն Բարձր պայմանավորվող կողմը, որը պարտավոր էր կանխել մշակութային արժեքների դուրս բերումն իր գրաված տարածքից, վճարում է փոխհատուցում նախորդ կետին համապատասխան վերադարձման ենթակա մշակութային արժեքները բարեխղճորեն պահպանողներին:
II
5. Յուրաքանչյուր Բարձր պայմանավորվող կողմ պարտավորվում է ռազմական գործողությունների ավարտից հետո մյուս Բարձր պայմանավորվող կողմի իրավասու իշխանություններին վերադարձնել այն մշակութային արժեքները, որոնք, զինված ընդհարման վտանգից պաշտպանելու նպատակով, վերջինիս տարածքից ի պահ են տրվել Բարձր պայմանավորվող կողմի տարածք:
III
6. Սույն Արձանագրությունը թվագրվելու է 1954 թ. մայիսի 14-ի ամսաթվով և մինչև 1954 թ. դեկտեմբերի 31-ը բաց կլինի ստորագրության բոլոր այն պետությունների կողմից, որոնք հրավիրվել են 1954 թ. ապրիլի 21-ից մինչև մայիսի 14-ը Հաագայում անցկացված խորհրդաժողովին:
7. (ա) սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման այն ստորագրած պետությունների կողմից` նրանց սահմանադրական ընթացակարգին համապատասխան,
(բ) վավերագրերն ի պահ են տրվում Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին:
8. ՈՒժի մեջ մտնելու օրից սույն Արձանագրությունը միանալու համար բաց կլինի 6-րդ կետում նշված բոլոր այն պետությունների համար, որոնք այն չեն ստորագրել, ինչպես նաև ցանկացած այլ պետության համար, որը կհրավիրվի միանալու Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության գործադիր խորհրդի կողմից: Միանալն իրականացվում է միանալու մասին փաստաթուղթը հիշյալ Կազմակերպության Գլխավոր տնօրենին ի պահ տալու միջոցով:
9. 6-րդ և 8-րդ կետերում նշված պետություններն ստորագրելու, վավերացնելու և միանալու պահին կարող են հայտարարել, որ իրենք կապված չեն լինի սույն Արձանագրության առաջին և երկրորդ բաժինների դրույթներով:
10. (ա) Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում հինգերորդ վավերագիրն ի պահ հանձնվելուց երեք ամիս անց,
(բ) հետագայում Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար այն ուժի մեջ է մտնում երեք ամիս անց այն օրից, երբ այդ կողմն ի պահ է տալիս իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը,
(գ) 1954 թ. մայիսի 14-ին Հաագայում ստորագրված` Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի 18 և 19-րդ հոդվածներում նախատեսված դեպքերում. ընդհարման մեջ գտնվող կողմերի` ռազմական գործողություններից կամ գրավումից առաջ կամ հետո ի պահ հանձնված վավերագրերը կամ միանալն ուժի մեջ են մտնում անմիջապես: Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը նման վավերացումների կամ միանալու մասին տեղեկացնում է հնարավորինս սեղմ ժամկետում, 14-րդ կետին համապատասխան:
11. (ա) Արձանագրության` ուժի մեջ մտնելու օրը յուրաքանչյուր մասնակից պետություն նրա` ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ձեռնարկում է Արձանագրությունը գործողության մեջ դնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները,
(բ) բոլոր այն պետությունների համար, որոնք վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնում Արձանագրության` ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո, այդ ժամկետը կհաշվի վավերագրի կամ միանալու մասին փաստաթղթի ի պահ տալու օրվանից:
12. Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է վավերացման կամ միանալու պահին, կամ դրանից հետո ցանկացած ժամանակ, Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցման միջոցով հայտարարել, որ սույն Արձանագրությունը տարածվելու է միջազգային հարաբերություններում իր կողմից ներկայացվող բոլոր տարածքների կամ դրանցից որևէ մեկի վրա: Նշված ծանուցումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց երեք ամիս անց:
13. (ա) Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է իր անունից կամ միջազգային հարաբերություններում իր կողմից ներկայացվող ցանկացած տարածքի անունից չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը,
(բ) հրաժարվելու մասին պետք է հայտարարվի գրավոր` Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին,
(գ) հրաժարումն ուժի մեջ է մտնում հրաժարվելու մասին փաստաթղթի ստացվելուց մեկ տարի հետո: Սակայն, եթե այդ ժամկետի ավարտի պահին հրաժարվող կողմը ներքաշված է զինված ընդհարման մեջ, չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում մինչև ռազմական գործողությունների ավարտը և կամ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ավարտվել մշակութային արժեքներն այն երկիրը վերադարձնելու գործողությունները, որտեղից դուրս են բերվել:
14. Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը 6-րդ և 8-րդ կետերում նշված պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը տեղեկացնում է Արձանագրությունը վավերացնելու, նրան միանալու կամ լրացումներն ընդունելու մասին 7, 8 և 15-րդ կետերում հիշատակված բոլոր փաստաթղթերի հանձնման, ինչպես նաև, համապատասխանաբար, 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված ծանուցումների ու հրաժարումների մասին:
15. (ա) Սույն Արձանագրությունը կարող է վերանայվել, եթե այդ պահանջում է Բարձր պայմանավորվող կողմերի ավելի քան մեկ երրորդը,
(բ) Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենն այդ նպատակով հրավիրում է խորհրդաժողով,
(գ) սույն Արձանագրության փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում միայն այն բանից հետո, երբ խորհրդաժողովին ներկայացած Բարձր պայմանավորվող կողմերը միաձայն ընդունում են և Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է դրանք,
(դ) Բարձր պայմանավորվող կողմերն Արձանագրության` (բ) և (գ) ենթակետերում հիշատակված խորհրդաժողովի հավանությանն արժանացած փոփոխություններն ու լրացումներն ընդունում են Միավորված ազգերի կազմակերպության` Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենին պաշտոնական փաստաթուղթ ներկայացնելու միջոցով,
(ե) սույն Արձանագրության փոփոխությունների ու լրացումների` ուժի մեջ մտնելուց հետո Արձանագրության` այդ կերպ ուղղված տեքստն է միայն, որ բաց է մնում վավերացման կամ միանալու համար:
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, սույն Արձանագրությունը գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում` Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենի խնդրանքով:
Ի հավաստիացումն որի` պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալներն ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է 1954 թվականի մայիսի 14-ին, Հաագայում, մեկ օրինակով, անգլերեն, իսպաներեն, ռուսերեն ու ֆրանսերեն, ընդ որում բոլոր չորս տեքստերն հավասարազոր են: Այդ օրինակը պահպանվելու է Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության արխիվում, և նրա հաստատված պատճեններն ուղարկվելու են 6-րդ և 8-րդ կետերում նշված բոլոր պետություններին, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությանը:
ԶԻՆՎԱԾ ԸՆԴՀԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1954 ԹՎԱԿԱՆԻ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱՁԵՎԵՐԸ
ԲԱՆԱՁԵՎ 1
Խորհրդաժողովը ցանկություն է հայտնում, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպության իրավասու մարմինները որոշում ընդունեն, որ Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ձեռնարկված ռազմական գործողությունների դեպքում Միավորված ազգերն այնպես անեն, որպեսզի այդ գործողություններին մասնակից զինված ուժերը կիրառեն սույն Կոնվենցիայի դրույթները:
ԲԱՆԱՁԵՎ 2
Խորհրդաժողովը ցանկություն է հայտնում, որպեսզի Կոնվենցիային միանալու պահից Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իր սահմանադրական և վարչական համակարգերի շրջանակներում ստեղծի խորհրդատվական, ազգային կոմիտե` կազմված սահմանափակ թվով անձանցից, որոնք են հուշարձանների, հնագիտական տեղավայրերի, թանգարանների և այլնի պահպանության ծառայության պատասխանատու աշխատակիցները, Գլխավոր շտաբի ներկայացուցիչը, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, միջազգային իրավունքի մասնագետը և Կոնվենցիայի ընդգրկած բնագավառներում աշխատող կամ իրավասու երկու-երեք այլ անդամներ:
Այդ Կոմիտեն, որը պետք է աշխատի այն նախարարության կամ պատասխանատու աշխատողի ղեկավարությամբ, որի տնօրինությանն են ենթակա մշակութային արժեքների մասին հոգացող ազգային հիմնարկությունները, կարող է ունենալ, մասնավորապես, հետևյալ գործառույթները.
(ա) խորհրդատվություն կառավարությանն օրենսդրական, տեխնիկական կամ ռազմական բնույթի այն միջոցների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել խաղաղ կամ զինված ընդհարման ժամանակ Կոնվենցիան կիրառելու համար,
(բ) նման ընդհարման ծագման կամ անխուսափելիության դեպքում դիմել սեփական կառավարությանը, որպեսզի ազգային և այլ երկրների տարածքներում գտնվող մշակութային արժեքները երկրի զինված ուժերի կողմից արժանանան հարգանքի ու պաշտպանության, Կոնվենցիայի դրույթներին համապատասխան,
(գ) սեփական կառավարության համաձայնությամբ կապ ու համագործակցություն ապահովել նման կարգի ազգային այլ կոմիտեների և միջազգային ցանկացած այլ մարմնի հետ:
ԲԱՆԱՁԵՎ 3
Խորհրդաժողովը ցանկություն է հայտնում, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության Գլխավոր տնօրենը Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի` ուժի մեջ մտնելուց հետո հնարավորինս շուտ հրավիրի Բարձր պայմանավորվող կողմերի խորհրդակցություն:
* Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 5-ից: