Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ՇԱՀԱԳ ...

 

01.07.2022 -

 

040.0884.280606

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 2006 թվականի N 884-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանն աջակցելու, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ներդրված և ներկայումս շահագործվող` Հայաստանի Հանրապետություն մուտք (ելք) գործող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման տեղեկատվական համակարգի հիման վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործման հետ կապված` Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների գործունեությունը համակարգող մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

բ) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ուսուցումը, օգտվողներին մուտքի իրավունքների տրամադրումը, ինչպես նաև այդ աշխատանքի վերլուծությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը.

գ) Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի շահագործումը և սպասարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի ընդլայնման, շահագործման, սպասարկման և հետագա զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու մասին:

(4-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1286-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում չընդգրկված Հայաստանի Հանրապետության նախարարությունները և պետական կառավարման այլ մարմիններ նշված ցանկում կարող են ընդգրկվել` ելնելով իրենց առջև դրված խնդիրներից և գործառույթներից:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 29.10.2020 թիվ 1745-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2006 թվականի հունիսի 22-ի

N 884-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ` ՍԷԿՏ համակարգ) շահագործման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աղբյուրները, տվյալները, համակարգող մարմնի և ՍԷԿՏ համակարգից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները, համակարգից օգտվելու կարգը:

ՍԷԿՏ համակարգի խնդիրը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից Հայաստանի Հանրապետություն մուտք (ելք) գործող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումն է, տեղեկատվության ստացման, կուտակման և մշակման ապահովումն է, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններին անհրաժեշտ տվյալների տրամադրումն է:

 

II. ՍԷԿՏ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

ՍԷԿՏ համակարգի շահագործման համար անհրաժեշտ տվյալների տրամադրման աղբյուրներն են`

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող միջազգային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններից, ինչպես նաև օդանավակայանային ծառայություններից, ուղևորների և ուղեբեռի սպասարկում իրականացնող ծառայություններից ստացվող տվյալներ` իրենց գործառույթներին համապատասխան` պլանավորման, փոփոխման և իրականացման պահին`

ա) պլանավորվող և իրականացվող ուղերթների մասին տվյալներ`

ուղերթը կատարողի անվանումը,

ուղերթների չվացուցակները,

օդանավի մեկնման վերջին փաստացի վայրը (կայանը) (որտեղից օդանավը պետք է մեկնի վայրէջքի առաջին կայան),

օդանավի ժամանման առաջին փաստացի վայրը (կայանը) (որտեղ օդանավը պետք է ժամանի վերջին կայանից),

ուղերթի ուղևորների ընդհանուր թիվը,

օգտագործվող դարպասները, հաշվառման կետերը, կանգառները, ուղեբեռի ստացման ժապավենները, տելետրապը,

ուղերթի փաստացի կատարման տվյալները (օդանավի մոդելը, գրանցման (բորտային) համարը, սեփականատերը և ավիաուղին).

բ) օդանավի վայրէջքի, թռիչքի և կանգառման տվյալները (այդ թվում` ամսաթիվը, ժամը (րոպեն)`

օդանավի վայրէջքը,

օդանավի տեղաշարժը մի կանգառից մյուսը,

բեռնաթափման սկիզբը (ավարտը),

բեռնավորման սկիզբը (ավարտը),

օդանավի տեղաշարժը դեպի թռիչքուղի,

օդանավի թռիչքը.

գ) ուղևորների մասին տվյալներ`

անձը նույնականացնող տվյալները (անունը, ազգանունը, երկրորդ անունը (հայրանունը), սեռը, քաղաքացիությունը, ծննդյան օրը (ամիսը, տարեթիվը), սահմանակետերի առանձնահատկություններից ելնելով` նաև ներկայացվող փաստաթղթի էլեկտրոնային լուսապատճենը, նստեցման պահին ուղևորի կենսաչափական տվյալների համեմատման արդյունքն անձը հաստատող փաստաթղթերում գրանցված կենսաչափական տվյալների հետ),

ուղերթը,

խումբը,

ուղեբեռը,

հաշվառումը և նստեցումն իրականացնելու մասին տվյալները (այդ թվում` հաշվառման կետը, ժամը (րոպեն), իրականացնող անձը).

դ) բեռների մասին տվյալներ`

բեռի անվանումը,

բեռը ներմուծած (արտահանած) օդանավի գրանցման (բորտային) համարը,

բեռն ուղարկողին (ստացողին) նույնականացնող տվյալները,

բեռի ստացման (ուղարկման) ամսաթիվը, ժամը (րոպեն),

պահեստից օդանավ, օդանավից պահեստ բեռի տեղափոխման ամսաթիվը, ժամը (րոպեն):

3. Աերոնավիգացիոն ծառայություններից ստացվող տվյալներ` կատարման պահին`

ա) աերոնավիգացիոն ծառայությունների պատասխանատվության գոտում օդանավի տեղաշարժի տվյալները,

բ) գոտում գտնվող օդանավի (ուղերթի) տվյալները:

4. Միջազգային փոխադրումներ իրականացնող կազմակերպություններից ստացվող տվյալներ` մինչև մեկնման պահը`

մեկնող (ժամանող) ուղևորների մասին նախնական տեղեկատվություն`

անձը հաստատող փաստաթղթի սերիան (համարը),

անձը հաստատող փաստաթուղթը տված երկիրը կամ կազմակերպությունը,

անձը հաստատող փաստաթղթի տեսակը,

փաստաթղթի վավերականության ժամկետը,

անձը նույնականացնող տվյալները (անունը, ազգանունը, երկրորդ անունը (հայրանունը), քաղաքացիությունը, ծննդյան օրը (ամիսը, տարեթիվը, սեռը),

ճամփորդողի կարգավիճակը (ուղևորը, անձնակազմը, տրանզիտ ուղևորը),

ճամփորդության սկզբնակետը (կայանը, որտեղից ուղևորն սկսել է իր ճամփորդությունը),

ստուգման կետը (կայանը, որտեղ ուղևորը վերջին անգամ ստուգվել է սահմանապահ ծառայությունների կողմից),

մյուս նշանակման կետը (կայանը, որտեղ տրանզիտ ուղևորը տեղափոխվելու է),

ուղևորի յուրահատուկ նույնականացնողը փոխադրող ընկերության տոմսերի ռեզերվացիոն համակարգում:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալներ`

ա) քաղաքացիներին տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (անձնագիրը, կացության վկայականը, փախստականի վկայականը և այլն)` համապատասխան հարցումների հիման վրա.

բ) ավտոմեքենաներին տրամադրվող փաստաթղթերի տվյալները (ազգային կամ միջազգային հաշվառման վկայագիրը, համարանիշերը), տարանցիկ համարանիշերը` ոստիկանության համապատասխան տեղեկատվական համակարգեր մուտքագրելու պահին.

գ) հետախուզման մեջ գտնվող հնաոճ առարկաների, մշակութային արժեքների, համարակալված իրերի, համապետական շրջանառության փաստաթղթերի մասին տվյալները, ինչպես նաև հետախուզումը դադարեցնելու մասին տվյալները` հետախուզում հայտարարելու կամ դադարեցնելու պահին.

դ) կորած փաստաթղթերի նկարագիրը (սերիան, համարը, տեսակը) կորստյան մասին հայտարարությունն ստանալու պահին.

ե) հետախուզման մեջ գտնվող անձանց տվյալները (հետախուզման հիմք հանդիսացող քրեական վարույթի համարը, նախաձեռնողը, նրա հետ կապ հաստատելու պարտադիր տվյալները, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, կիրառվող միջոցը, հետախուզումը դադարեցնելու մասին տվյալները)` հետախուզում հայտարարելու կամ դադարեցնելու պահին.

զ) հետախուզվող մեքենաների տվյալները (հետախուզման հիմք հանդիսացող քրեական վարույթի համարը, նախաձեռնողը, նրա հետ կապ հաստատելու պարտադիր տվյալները, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, կիրառվող միջոցը, հետախուզումը դադարեցնելու մասին տվյալները)` հետախուզում հայտարարելու կամ դադարեցնելու պահին.

է) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրա տրամադրվող վիզաների և դրանք հայցողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անունը, ազգանունը, երկրորդ անունը (հայրանունը), սեռը, քաղաքացիությունը, ծննդյան օրը (ամիսը, տարեթիվը), փաստաթղթի տիպը, սերիան (համարը), փաստաթուղթը տրամադրող մարմինը, վավերականության ժամկետը)` վիզայի տրամադրման պահին.

ը) ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից երկարաձգված վիզաներ` երկարաձգման պահին.

թ) իրավասու մարմնի կողմից բացակայելու արգելք խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները` խափանման միջոց կիրառելուց հետո` անհապաղ.

ժ) Ճանապարհային ոստիկանության կողմից «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննության ենթակա իրավախախտումների գործերով վարչական պատասխանատվության ենթարկված` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով օտարերկրացի համարվող անձանց տվյալները (վարչական պատասխանատվություն նախատեսող վարչական ակտի համարը, դրա կայացման օրը, ամիսը, տարեթիվը, վարչական ակտով նշանակված տուգանքի չափը, վարչական ակտի կարգավիճակը, իրավախախտման կատարման վայրը, վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, քաղաքացիությունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, սահմանահատման ժամանակ ներկայացված անձը հաստատող փաստաթղթի տվյալները, տրանսպորտային միջոցի համարանիշը)` վարչական ակտը կայացնելու կամ վարչական ակտի կարգավիճակը փոխվելու պահին.

ժա) շարժական գույքի գրավի պայմանագրով գրավադրված տրանսպորտային միջոցի տվյալները` տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետությունից ելքի սահմանափակման կամ սահմանափակումը վերացնելու մասին տեղեկատվությունն ստանալու պահին.

ժբ) իրավասու մարմնի կողմից օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարել պատժատեսակի կատարման վերաբերյալ տվյալները:

(5-րդ կետը փոփ. 14.12.17 թիվ 1644-Ն, 29.10.2020 թիվ 1745-Ն, 10.02.2022 թիվ 140-Ն, 30.06.2022 թիվ 996-Ն որոշումներ)

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալներ`

ա) վիզա հայցողների անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անունը, ազգանունը, երկրորդ անունը (հայրանունը), սեռը, քաղաքացիությունը, ծննդյան օրը (ամիսը, տարեթիվը), փաստաթղթի տիպը, սերիան (համարը), փաստաթուղթը տրամադրող մարմինը, վավերականության ժամկետը), տրամադրված վիզայի տվյալները` դիմումների ստացման և վիզաներ տալու պահին.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված դիվանագիտական անձնագրերի տվյալները` տրամադրման պահին.

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից այլ երկրների դիվանագիտական առաքելություններին և միջազգային կառույցներին տրամադրվող հավատարմագրման քարտերը, տրանսպորտային միջոցների տվյալները (մոդելը, համարանիշը և այլն)` տրամադրման պահին.

դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված անձը հաստատող կորած փաստաթղթերի մասին տվյալները (սերիան, համարը` պարտադիր)` հայտարարությունն ստանալու պահին.

ե) օտարերկրյա առաքելություններից ստացված անձը հաստատող կորած փաստաթղթերի մասին տվյալները (սերիան, համարը` պարտադիր)` անվավեր ճանաչելու հայտարարությունն ստանալու պահին.

զ) տրամադրված հրավերքների և թույլտվությունների տվյալները` տրամադրման պահին:

7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից (այսուհետ` մաքսային պետական կոմիտե)` մաքսակետերի բաժանորդային կետերից համակարգչային կապով ստացվող տվյալներ` Հայաստանի Հանրապետություն մուտք (ելք) գործած տրանսպորտային միջոցների, այդ թվում` «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով տեղափոխվող տրանսպորտային միջոցների նույնականացնող տվյալները` մաքսային պետական կոմիտեի համապատասխան տեղեկատվական համակարգեր մուտքագրելու պահին:

(7-րդ կետը փոփ. 08.09.11 թիվ 1286-Ն որոշում)

8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության բաժանորդային կետից համակարգչային կապով ստացվող տվյալներ`

ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրվող Հայաստանի Հանրապետության ժամանակավոր ապաստանի վկայականների մասին տվյալները` տրամադրման պահին:

9. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացվող տվյալներ`

ա) այլ պետությունների հետ պայմանագրերով նախատեսված վերահսկման ենթակա տվյալները` ստացման պահին.

բ) սահմանահատման գործընթացում մարդկանց անձը հաստատող փաստաթուղթ ճանաչվող և տրանսպորտային միջոցների գրանցման վկայականների տեսակները նկարագրող տվյալները, այդ թվում` փաստաթղթերի պաշտպանությունը նկարագրող տվյալները` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից նմուշներն ստանալուց հետո եռօրյա ժամկետում.

գ) Հայաստանի Հանրապետություն մուտք (ելք) գործող անձանց, տրանսպորտային միջոցների, այդ թվում` վարորդների և այդ տրանսպորտային միջոցով սահմանահատող անձանց տվյալները` սահմանահատման պահին, սահմանակետերի առանձնահատկություններից ելնելով` նաև ներկայացվող փաստաթղթի էլեկտրոնային լուսապատճենը, ինչպես նաև ուղևորի կենսաչափական տվյալների համեմատման արդյունքն անձը հաստատող փաստաթղթերում գրանցված կենսաչափական տվյալների հետ,

դ) վտարված ուղևորների մասին հավելյալ տվյալները` վտարումն իրականացնելու կամ վտարվածին ընդունելու պահին`

վիզայի համարը, տրամադրման ամսաթիվը, տրամադրման վայրը,

ճամփորդության համար օգտագործվող այլ փաստաթղթի համարը, տեսակը (երբ պաշտոնական ճամփորդական փաստաթուղթ չի պահանջվում),

ծննդավայրը,

հիմնական բնակության վայրի մասին հայտնի տվյալները, այդ թվում` հիմնական բնակության երկիրը (երկիր, որտեղ ուղևորը բնակվում է մեկ տարվանից ավելի), հասցեն (բնակության վայրի նույնականացման համարը, օրինակ` փողոցի անվանումը, շենքի համարը կամ անունը), քաղաքը, նահանգը (շրջանը, մարզը), փոստային ինդեքսը,

նշանակման հասցեն, այդ թվում` հասցեն (բնակության վայրի նույնականացման համարը, օրինակ` փողոցի անվանումը, շենքի համարը կամ անունը), քաղաքը, նահանգը (շրջանը, մարզը), փոստային ինդեքսը,

վտարող երկիր անձին փոխադրողի և ճամփորդությունը կազմակերպողի մասին հայտնի տվյալները,

վտարվածի հետ նույն խմբում ճամփորդող ուղևորների մասին հայտնի տվյալները,

ե) ՍԷԿՏ համակարգում տվյալներ մուտքագրող կամ տվյալներ ստացած օգտվողի անունը, ազգանունը, համակարգ մուտք գործելու աշխատատեղը, ամսաթիվը (ժամը, րոպեն), նպատակը և հարցման հիմք հանդիսացող փաստաթղթի տվյալները` մուտքի իրավունք տրամադրելու և հարցում կատարելու պահին:

Աշխատատեղն իրենից ներկայացնում է ՍԷԿՏ համակարգին համակցված տեխնիկական միջոցների ամբողջություն, որը նախատեսված է օգտվողների կողմից տվյալների մուտքագրման և (կամ) դիտման համար:

10. ՍԷԿՏ համակարգում կուտակվող տվյալների պահպանման ժամկետը 7 տարի է` տվյալի գրանցման (մուտքագրման) պահից:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված ժամկետի ավարտից հետո տվյալները համարվում են իրենց հրատապությունը կորցրած և դրանց հետագա պահպանման կամ ոչնչացման հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՍԷԿՏ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Համակարգող մարմինն իրավունք ունի`

ա) վերահսկելու ՍԷԿՏ համակարգին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման գործառույթի համապատասխանությունը նախօրոք մշակված տեխնոլոգիական մեթոդներին.

բ) վերահսկելու ՍԷԿՏ համակարգից օգտվողների աշխատանքի համապատասխանությունը աշխատատեղերի շահագործման կանոններին.

գ) ՍԷԿՏ համակարգից օգտվողներին տրամադրված տեղեկատվության ծավալից դուրս, անհրաժեշտության դեպքում, պատասխանելու օգտվողների գրավոր հարցումներին:

12. Համակարգող մարմինը պարտավոր է`

ա) ապահովել ՍԷԿՏ համակարգի արդյունավետ շահագործումը, ընդլայնումը և սպասարկումը.

բ) ՍԷԿՏ համակարգից օգտվող յուրաքանչյուր մարմնի հետ համատեղ մշակել և հաստատել համակարգին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման տեխնոլոգիական մեթոդները,

գ) ՍԷԿՏ համակարգից օգտվող յուրաքանչյուր մարմնի հետ համատեղ մշակել և հաստատել համակարգից օգտվելու աշխատատեղերի շահագործման կանոնները,

դ) ՍԷԿՏ համակարգի տեխնիկական փոփոխությունների, պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով, ինչպես նաև վթարների դեպքերում աշխատանքային ընդհատումների ժամանակ հնարավորինս սեղմ ժամկետում վերացնել խոչընդոտները և տեղեկացնել օգտվողներին,

ե) ելնելով ֆինանսական հնարավորություններից` ավելացնել համակարգի տեխնիկական պաշարները (ռեսուրսները) և համակարգից օգտվող մարմնի հայտի հիման վրա, նրա գործառույթներին համապատասխան, ապահովել տրամադրվող տեղեկատվության աշխատատեղերի ավելացումը,

զ) ՍԷԿՏ համակարգից օգտվող մարմնի ղեկավարության պահանջով ներկայացնել հաշվետվություն տվյալ օգտվողի աշխատատեղերից համակարգում կատարված աշխատանքների վերաբերյալ,

է) կազմակերպել ՍԷԿՏ համակարգից օգտվողների ուսուցումը, օգտվողների մուտքի իրավունքների տրամադրումը, ինչպես նաև այդ աշխատանքի վերլուծության իրականացումը,

ը) ՍԷԿՏ համակարգի տեխնոլոգիական հնարավորությունների, աշխատատեղերի շահագործման կանոնների փոփոխությունների դեպքերում, ելնելով անհրաժեշտությունից, կազմակերպել օգտվողների վերապատրաստումը:

13. ՍԷԿՏ համակարգից օգտվողն իրավունք ունի`

ա) իրեն տրամադրված աշխատատեղը և տեղեկատվության ծավալն օգտագործելու իր գործառնական խնդիրները լուծելու համար` ցանկացած պահին (շուրջօրյա) աշխատելով համակարգի հետ,

բ) համակարգող մարմնից պահանջելու հաշվետվություն իրեն տրամադրված աշխատատեղերից համակարգում կատարված աշխատանքների վերաբերյալ,

գ) գրավոր հարցումներով դիմելու համակարգող մարմին` անհրաժեշտության դեպքում, իրեն տրամադրված տեղեկատվության ծավալից դուրս տեղեկատվություն ստանալու նպատակով:

14. ՍԷԿՏ համակարգից օգտվողը պարտավոր է`

ա) համակարգող մարմնի հետ համատեղ մշակել և հաստատել համակարգին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման տեխնոլոգիական մեթոդները,

բ) համակարգող մարմնի հետ համատեղ մշակել, հաստատել և պահպանել համակարգից օգտվելու աշխատատեղերի շահագործման կանոնները,

գ) ապահովել սույն կարգով սահմանված անհրաժեշտ տեղեկատվության ծավալի մշտապես և ամբողջական տրամադրումը ՍԷԿՏ համակարգին:

 

IV. ՍԷԿՏ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

15. ՍԷԿՏ համակարգից օգտվում են ՍԷԿՏ համակարգից օգտվողների ցանկում նշված պետական մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում դրանցում նշված մարմինները:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված մարմիններն իրենց մոտ ներդրված ՍԷԿՏ համակարգի բաժանորդային կետերի միջոցով, անհրաժեշտ ծավալով, համակարգչային կապով իրական ժամանակում ստանում են տեղեկատվություն:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների` ՍԷԿՏ համակարգից օգտվելու կարգը սահմանվում է այդ մարմինների իրավական ակտերով:

15.1. ՍԷԿՏ համակարգից օգտվողների ցանկում նշված պետական մարմիններին ՍԷԿՏ համակարգի տվյալները կարող են տրամադրվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(15.1-ին կետը լրաց. 23.02.2022 թիվ 205-Ն որոշում)

15.2. Ֆիզիկական անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված կարգով համակարգից կարող են ստանալ իրենց սահմանահատումների վերաբերյալ պահվող տվյալները` համացանցում հասանելի www.e-citizen.am տիրույթի միջոցով:

(15.2-րդ կետը լրաց. 23.02.2022 թիվ 205-Ն որոշում)

16. ՍԷԿՏ համակարգից օգտվելու անհրաժեշտ ծավալը` յուրաքանչյուր օգտվողի համար, հաշվի առնելով իրականացվող գործառույթները և առկա տեխնիկական պայմանները, սահմանվում է համակարգող մարմնի և տվյալ օգտվողի փոխադարձ համաձայնությամբ:

Քրեական վարույթի շրջանակներում դատախազության, նախաքննության և հետաքննության մարմինների համար ՍԷԿՏ համակարգից օգտվելու անհրաժեշտ ծավալները սահմանվում են սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով` քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված իրենց լիազորություններին համապատասխան:

(16-րդ կետը փոփ. 30.06.2022 թիվ 996-Ն որոշում)

17. Միջազգային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքում, իրենց գործառույթների իրականացման համար, անձը նույնականացնող փաստաթղթի էլեկտրոնային լուսապատճենի և (կամ) կենսաչափական տվյալների կուտակումը և օգտագործումը կարող են իրականացնել միայն ՍԷԿՏ համակարգի միջոցով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2006 թվականի հունիսի 22-ի

N 884-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տեղեկատվությունից իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ծավալով օգտվում են`

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը

Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերահսկիչ և վճռաբեկ դատարանները

(2-րդ հավելվածը փոփ. 31.08.06 թիվ 1235-Ն, 26.05.11 թիվ 710-Ն, 08.09.11 թիվ 1286-Ն, 03.09.2020 թիվ 1462-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.06.2006
N 884-Ն
Որոշում