ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին
i
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքով կարգավորվում են հողերի բերրիության պահպանության և բարձրացման, հողատարումից և աղակալումից պաշտպանման, գյուղատնտեսական շրջանառության մեջ սակավ բերրի հողերի ընդգրկման նպատակով գյուղատնտեսական հողերի մելիորացիայի հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
գյուղատնտեսական հողերի մելիորացիա (այսուհետ` մելիորացիա)` ջրային, օդային ու ջերմային անբարենպաստ ռեժիմներ, անբավարար քիմիական և ֆիզիկական հատկանիշներ ունեցող հողերի բարելավում` հիդրոտեխնիկական, կուլտուրտեխնիկական, քիմիական, ագրոտեխնիկական և այլ մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու միջոցով այդ հողերը գյուղատնտեսական շրջանառության մեջ ներառելու նպատակով.
մելիորացվող հողեր` հողեր, որոնց սակավ բերրիությունը բարելավվում է մելիորատիվ միջոցառումների իրականացման շնորհիվ.
մելիորացված հողեր` հողեր, որոնց վրա իրականացվել է մելիորացիա.
մելիորատիվ հողեր` մելիորացվող, ինչպես նաև մելիորացիայի ենթակա հողեր.
հիդրոտեխնիկական մելիորատիվ համակարգեր (այսուհետ` մելիորատիվ համակարգեր)` հիդրոտեխնիկական կառուցվածքների համակարգ, որն ապահովում է հողի ջրային, աղային, օդային, ջերմային և սնուցման օպտիմալ ռեժիմները.
մելիորատիվ միջոցառումներ` մելիորատիվ համակարգերի շինարարություն, վերանորոգում, վերականգնում և շահագործում, ջրարբիացման իրականացում, հակահողատարային և դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնում, հողի ֆիզիկական և ագրոքիմիական հատկանիշների բարելավմանն ուղղված աշխատանքներ, այդ աշխատանքների գիտական և արտադրատեխնիկական ապահովում:
Հոդված 3. |
Մելիորացիայի մասին օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետությունում մելիորացիայի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, օրենքներով և իրավական այլ ակտերով:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. |
Մելիորացիայի տեսակները |
Մելիորատիվ միջոցառումների բնույթից ելնելով` տարանջատվում են մելիորացիայի հետևյալ տեսակները`
հիդրոտեխնիկական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է բարելավելու չորային, ճահճակալված, գերխոնավ, աղակալված, հողատարված, լվացված և այլ կարգի հողերի ջրային, աղային, օդային, ջերմային և սնուցման ռեժիմները` ոռոգում, ցամաքեցում, աղուտների աղազերծում և լվացում, հակասողանքային, հակահեղեղային, հակահողատարային և այլ մելիորատիվ միջոցառումներ իրականացնելու միջոցով.
ագրոտեխնիկական մելիորացիա` հողապաշտպան, ջրակարգավորիչ և այլ բնույթի մելիորատիվ միջոցառումների համակարգ, որն իրականացվում է հակահողատարային և դաշտապաշտպան անտառաշերտեր հիմնելու միջոցով.
կուլտուրտեխնիկական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որի նպատակն է հողերի մաքրումը քարերից, կոճղերից, բուսական ծածկույթից և այլ առարկաներից, հողերի ռեկուլտիվացիան և այլն.
քիմիական մելիորացիա` մելիորատիվ միջոցառումների համակարգ, որը նպատակաուղղված է հատուկ քիմիական նյութեր կիրառելու միջոցով բարելավելու հողերի քիմիական և ֆիզիկական հատկանիշները:
ԳԼՈՒԽ 2
ՄԵԼԻՈՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 5. |
Հայաստանի հանրապետության կառավարության իրավասությունները |
Մելիորացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) իրավասություններն են`
1) պետական քաղաքականության որոշումը.
2) ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.
3) պետական սեփականության մելիորատիվ համակարգերի տիրապետումը, տնօրինումը և օգտագործումը.
4) մելիորատիվ միջոցառումների պետական ծրագրերի ընդունումը և դրանց իրականացման ապահովումը:
Հոդված 6. |
Լիազորված պետական մարմինների իրավասությունները |
Մելիորացիայի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմինների իրավասություններն են`
1) ծրագրերի մշակումը և իրականացումը.
2) հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի վարումը.
3) գրունտային ջրերի մակարդակների մոնիտորինգի վարումը.
4) կոլեկտորադրենաժային ցանցերի շահագործման կազմակերպումը.
5) մելիորատիվ միջոցառումների ծրագրավորումը.
6) մելիորատիվ համակարգերի անձնագրավորումը.
7) մելիորատիվ հողերի հաշվառման և մոնիտորինգի կազմակերպումը.
8) մելիորացիայի բնագավառի ստանդարտներ և նորմեր սահմանող իրավական ակտերի նախագծերը կառավարության քննարկմանը ներկայացնելը.
9) հողերի մելիորատիվ վիճակի գնահատումը մելիորատիվ միջոցառումների իրականացումից առաջ և հետո:
ԳԼՈՒԽ 3
ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 7. |
Մելիորատիվ միջոցառումների իրականացումը |
Մելիորատիվ միջոցառումները կարող են իրականացվել միայն հողամասի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի համաձայնությամբ:
Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից կամ նրանց պատվերով մելիորատիվ միջոցառումների ծրագրավորման դեպքում մելիորացիայի տեսակները և իրականացման ծավալները որոշվում են կառավարության սահմանած նորմերին և ստանդարտներին համապատասխան:
Մելիորացիայի տեսակը որոշվում է` հաշվի առնելով մելիորացվող տարածքի բնակլիմայական առանձնահատկությունները և գյուղատնտեսության կարիքները:
Հոդված 8. |
Մելիորատիվ միջոցառումների իրականացման նպատակով հողերի օգտագործումը |
Մելիորացիայի ենթակա հողերը մելիորատիվ միջոցառումների անցկացման ամբողջ ժամանակահատվածում, հողամասի սեփականատիրոջ կամ նրա լիազորած անձի և մելիորացիա իրականացնողի միջև կնքված պայմանագրի համաձայն, օգտագործվում են մելիորացիա իրականացնողի կողմից:
Հոդված 9. |
Մելիորացված հողերի տնօրինումը |
Իրավասու մարմնի հետ կնքված պայմանագրի համաձայն պետական սեփականության հողամասերի վրա սեփական միջոցներով աղազերծման մելիորատիվ աշխատանքներ իրականացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կառավարության կողմից հաստատված կարգով տրամադրվում է այդ հողամասի ուղղակի գնման (կամ առանց մրցույթի վարձակալման) իրավունք:
Համայնքային սեփականության հողամասերի վրա սեփական միջոցներով աղազերծման մելիորատիվ աշխատանքներ իրականացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց այդ հողամասի ուղղակի վաճառքի (կամ առանց մրցույթի վարձակալման) պայմանները սահմանվում են համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով:
Հոդված 10. |
Մելիորատիվ համակարգերի շահագործումը և պահպանումը |
Մելիորատիվ համակարգերի շահագործումը և պահպանումն իրականացնում է սեփականատերը և (կամ) օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման, տիրապետման իրավունք ստացած անձը:
Հոդված 11. |
Մելիորատիվ միջոցառումների իրականացման բնապահպանական և էներգետիկ անվտանգության պահանջները |
Մելիորատիվ միջոցառումների իրականացումը չպետք է խախտի էներգետիկական տեղակայանքների բնականոն աշխատանքը կամ հանգեցնի դրանց վնասմանը:
Մելիորատիվ միջոցառումներն իրականացվում են` պահպանելով Հայաստանի Հանրապետության ջրային, հողային, էներգետիկայի, անտառային և բնապահպանական ոլորտների օրենսդրության պահանջները:
ԳԼՈՒԽ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 12. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունիսի 18 Երևան ՀՕ-121-Ն
|