Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

 30.03.2018 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին

 

i

ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության ծրագրային հիմունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, երեխաների առողջ կենսակերպի և անհատի կրթման ու զարգացման հետ կապված հարաբերությունները:

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

մանկապատանեկան սպորտ` մինչև 14 տարեկան մանուկների և 14-ից մինչև 18 տարեկան պատանիների մարզական պարապմունքներ.

մանկապատանեկան մարզական կազմակերպություններ` մանկապատանեկան մարզադպրոցներ, մանկապատանեկան մարզական տեխնիկական դպրոցներ, օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցներ, օլիմպիական հերթափոխի ուսումնարաններ:

(2-րդ հոդ. փոփ. 17.11.05 ՀՕ-232-Ն օրենք)

 

Հոդված 3. Օրենքի նպատակը և խնդիրները

 

1. Սույն օրենքի նպատակն է մանուկների ու պատանիների բազմակողմանի զարգացման, առողջ կենսակերպի, ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու, ինչպես նաև հիվանդությունների ու իրավախախտումների կանխման անհրաժեշտ պայմանների ապահովումը:

2. Սույն օրենքի խնդիրներն են`

1) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների իրավունքների պաշտպանությունը.

2) մանկապատանեկան սպորտի զարգացման համար իրավական երաշխիքների ապահովումը.

3) մանկապատանեկան սպորտի զարգացման բնագավառում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և պարտականությունների սահմանումը.

4) ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար պայմաններ ստեղծող հիմնարկներին ու կազմակերպություններին պետական աջակցության ցուցաբերումը` անկախ դրանց սեփականության ձևից.

5) մանկապատանեկան սպորտի ոլորտում աշխատող մարզիչ-մանկավարժների, բժշկական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը.

6) գիտահետազոտական աշխատանքների համակարգումը, մանուկների ու պատանիների պարբերաբար ներգրավումը մարզական պարապմունքներին, բարձրակարգ մարզիկների պատրաստումը, խթանիչների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը.

7) ուսումնական և մարզական կազմակերպությունների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների կողմից մանուկներին ու պատանիներին մատուցվող մարզական և առողջարարական բնույթի ծառայությունների համապատասխանեցումը նախադպրոցական, հանրակրթական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչներին.

8) մանուկների ու պատանիների շրջանում ուսումնամարզական միջոցառումների պարբերաբար անցկացումը:

(3-րդ հոդ. փոփ. 17.11.05 ՀՕ-232-Ն օրենք)

 

Հոդված 4. Մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրությունը

 

1. Մանկապատանեկան սպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 5. Մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

 

1. Մանկապատանեկան սպորտի բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունն ապահովում է մանուկների ու պատանիների ֆիզիկական զարգացման և մարզական կրթություն ստանալու հնարավորությունների իրականացումը:

2. Պետությունն ապահովում է`

1) հավասար պայմաններ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մանուկների ու պատանիների համար.

2) մարզական վիճակագրության կատարելագործումը.

3) մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի ընդունումը:

 

ԳԼՈՒԽ 2.
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՈՒ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 6. Ֆիզիկական դաստիարակությունն ուսումնական հաստատություններում

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ուսումնական բոլոր հաստատություններում ուսումնառության ամբողջ ընթացքում իրականացվում է «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդումը:

2. Նախադպրոցական տարիքի մանուկների ֆիզիկական դաստիարակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անվճար պարապմունքների միջոցով իրականացվում է մանկապարտեզներում (անկախ սեփականության ձևից)` մանուկների օրգանիզմի գործառական հնարավորությունների ավելացման, հիմնական շարժողական որակների ու հմտությունների զարգացման, ֆիզիկական վարժությունների, հիգիենայի վերաբերյալ գիտելիքների ստացման նպատակով:

3. Հանրակրթական, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում և մարզական կազմակերպություններում (ներառյալ` պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում) սովորող (ընդգրկված) մանուկների ու պատանիների առողջության պահպանումը և ամրապնդումը, նրանց ֆիզիկական կատարելագործումը և առողջ կենսակերպի ձևավորումն այդ ուսումնական հաստատությունների հիմնական խնդիրներից են:

4. Հանրակրթական դպրոցներում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն անցկացվում են ուսումնառության ամբողջ ընթացքում` շաբաթական առնվազն 3 ժամով, նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատություններում` մեկ տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով, իսկ միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում` մինչև 3 տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով:

i

5. Ֆիզիկական արատներ ունեցող կամ հաշմանդամ երեխաների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին ուսումնամարզական պարապմունքներ:

i

6. Ֆիզիկական դաստիարակության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվում են ուսումնամարզական միջոցառումներ, ապահովվում է մանուկների ու պատանիների մասնակցությունը տեղական, հանրապետական և միջազգային մրցաշարերին:

7. Ուսումնական հաստատությունները և մարզական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների մեթոդներն ու եղանակները, մարզաձևերն ու պարապմունքների տևողությունը` հենվելով պետական ուսումնական ծրագրերի ու ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչների վրա, կազմակերպում են մարզական միջոցառումներ, իրականացնում են արտաուսումնական ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքներ:

8. Ուսումնական հաստատություններն անցկացնում են ամենամյա ատեստավորում և պետական չափորոշիչներին համապատասխան` ստուգում են մանուկների ու պատանիների ֆիզիկական պատրաստականությունը: Ուսումնական տարվա արդյունքներին համապատասխան` յուրաքանչյուր սովորող ատեստավորվում է ֆիզիկական պատրաստականության համար` կրթության բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի սահմանած կարգով:

(6-րդ հոդ. փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

 

Հոդված 7. Հաշմանդամ մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակությունը

 

1. Հաշմանդամ մանուկների ու պատանիների ներգրավումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքներին նպատակ ունի բարձրացնել նրանց շարժողունակությունը, վերականգնել օրգանիզմի գործառական հնարավորությունները, նրանց համար ստեղծել բարոյահոգեբանական նպաստավոր պայմաններ:

i

2. Հաշմանդամ մանուկների ու պատանիների անընդմեջ վերականգնման համակարգում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքների կազմակերպումը, մեթոդաբանական ու բժշկական աջակցությունն իրականացնում են ուսումնական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների, սոցիալական ապահովության հիմնարկների և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ուսումնական հաստատությունները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմինները հաշմանդամների և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ապահովում են ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական միջոցառումների անցկացումը, հաշմանդամ մանուկների ու պատանիների նախապատրաստումը և մասնակցությունը հանրապետական, միջազգային մրցումներին (այդ թվում` աշխարհի և Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական խաղերին)` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) սահմանած կարգով:

(7-րդ հոդ. փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

 

Հոդված 8. Ֆիզիկական դաստիարակությունը բնակության վայրում

 

1. Մանուկների ու պատանիների բնակության վայրում, ինչպես նաև հասարակական վայրերում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար համապատասխան պայմաններ են ստեղծում տեղական ինքնակառավարման մարմինները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու մարմիններն աջակցում են տեղական ինքնակառավարման մարմիններին ու հասարակական կազմակերպություններին ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքներ անցկացնելու, առողջ կենսակերպ քարոզելու գործում:

 

i
Հոդված 9. Նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը

 

1. Նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածությունը զինվորական ծառայությանն իրականացվում է հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում` պետական ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմինը կարող է պայմանագրեր կնքել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի, մարզական զինվորական ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ` նախազորակոչային ու զորակոչային տարիքի պատանիների զինվորական ծառայությունը նախապատրաստելու վերաբերյալ:

3. Պատանիների ֆիզիկական նախապատրաստումը զինվորական ծառայությանը իրականացնում է պաշտպանության բնագավառում կառավարության լիազորած պետական մարմինը և դրա նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(9-րդ հոդ. փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

 

Հոդված 10. Մանկապատանեկան մարզական կազմակերպությունները

 

1. Մանկապատանեկան մարզական կազմակերպությունները կազմակերպում են մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքները, մարզաձևերի հավաքական թիմերը համալրում են մարզիկներով, ապահովում են մանուկների ու պատանիների ֆիզիկական կարողությունների ու գիտելիքների տիրապետումը:

2. Մանկապատանեկան մարզական կազմակերպություններն ստեղծում են իրավաբանական և ֆիզիկական անձինք:

(10-րդ հոդ. փոփ. 17.11.05 ՀՕ-232-Ն, 19.05.08 ՀՕ-65-Ն օրենքներ)

 

Հոդված 10.1. Մարզադպրոցների և նմանատիպ կազմակերպությունների գործունեության լիցենզավորումը

(10.1-ին հոդվածն ուժը կորցրել է 28.06.2008 թվականից` 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

(10.1-ին հոդ. լրաց. 17.11.05 ՀՕ-232-Ն օրենք)

 

Հոդված 11. Մանկապատանեկան մարզական հասարակական կազմակերպությունները

 

Մինչև 14 տարեկան անչափահասը մանկապատանեկան մարզական հասարակական կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ` օրինական ներկայացուցչի դիմումի համաձայն` «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 12. Մանուկների ու պատանիների հետ տարվող ուսումնամարզական աշխատանքները

 

Մանուկների ու պատանիների հետ տարվող ուսումնամարզական աշխատանքները կազմակերպում են մարզիչ-մանկավարժները:

(12-րդ հոդ. փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

 

Հոդված 13. Մարզական միջոցառումների մրցավարությունը

 

Մարզական միջոցառումների մրցավարությունը համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների սահմանած կարգով իրականացնում են համապատասխան մասնագիտական որակավորում ու պատրաստվածություն ունեցող մրցավարները:

 

Հոդված 14. Սպորտով զբաղվողների բուժապահովությունը և բժշկական վերահսկողությունը

 

1. Մարզական պարապմունքներին մասնակցելու իրավունք ունեն այն մանուկներն ու պատանիները, ովքեր բժշկական հաստատություններում հետազոտվել են և թույլտվություն են ստացել մասնակցելու ուսումնամարզական պարապմունքներին ու մարզական միջոցառումներին:

2. Բարձրակարգ մարզիկներին սպասարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծվում են մարզական բժշկության կենտրոններ:

3. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքներում և խմբերում ընդգրկված մանուկների ու պատանիների առողջությանը պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների և ուսումնական ու մարզական հաստատությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

(14-րդ հոդ. փոփ. 17.11.05 ՀՕ-232-Ն օրենք)

 

Հոդված 15. Մարզական կարգերը

 

Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին ու պատանիներին մարզական կարգերը շնորհվում են լիազորված մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 16. Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկների և պատանիների ու նրանց մարզիչների պետական աջակցությունը

 

Մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկների և պատանիների ու նրանց մարզիչների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պատվովճարներ, պարգևատրումներ և խրախուսման այլ ձևեր, ինչպես նաև դրանց չափը և տրամադրման կարգը:

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

Հոդված 17. Մանկապատանեկան սպորտի տարեկան ծրագիրը

 

1. Հայաստանի Հանրապետությունում մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքներն իրականացվում են մանկապատանեկան սպորտի զարգացման տարեկան ծրագրերով (այսուհետ` տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:

2. Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում:

3. Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:

 

Հոդված 18. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները

 

1. Տարեկան ծրագիրը ներառում է`

1) ծրագրի հիմնական խնդիրները.

2) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

3) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

4) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

5) մանկապատանեկան սպորտի զարգացման աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (ներառյալ` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

6) մարզադպրոցներից, մարզական ակումբներից, մարզաբազաներից և մարզական գույքից մանուկների ու պատանիների անվճար օգտվելու համար իրականացվող միջոցառումները.

7) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հաշմանդամ մանուկների և պատանիների ընդգրկման համար համապատասխան պայմանների ստեղծման և նրանց հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները և նախատեսվող արտոնությունները.

8) մանուկների և պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին (այդ թվում` միջազգային մրցաշարերին) նրանց մասնակցության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ միջոցառումների անցկացման ժամանակացույցը.

9) մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների (ներառյալ` համապատասխան մարզադպրոցներ, մարզաբազաներ, մարզական գույք, նյութատեխնիկական ապահովվածություն և այլն) ստեղծման ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

10) մանուկներին ու պատանիներին մատուցվող մարզական և առողջապահական բնույթի ծառայություններից անվճար օգտվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

11) ուսումնական և մարզական հաստատություններում, բնակության վայրերում մանուկների և պատանիների ֆիզիկական դաստիարակության ու սպորտով զբաղվելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

12) մինչզորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

13) մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին և պատանիներին ու նրանց մարզիչներին պատվովճարներ, պարգևատրումներ, թոշակներ և խրախուսման այլ ձևեր տրամադրելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները.

14) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին ցույց տրվող պետական աջակցության ծավալները.

15) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

16) մանկապատանեկան սպորտի բնագավառում կադրերի պատրաստման և վերապատրաստման միջոցառումները.

17) այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 28.06.2008 թվականից` 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

(18-րդ հոդ. փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

 

Հոդված 19. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը

 

Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է:

 

ԳԼՈՒԽ 4.
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 20. Մանկապատանեկան սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

Մանկապատանեկան սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ապահովում է մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 28.06.2008 թվականից` 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

i

3) մշակում է մանուկների և պատանիների` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ (ներառյալ` համապատասխան մարզադպրոցներ, մարզաբազաներ, մարզական գույք և այլն) պայմանների նվազագույն չափորոշիչները.

4) սահմանում է ուսումնական հաստատություններում մանուկներին և պատանիներին «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման կարգը.

5) սահմանում է մարզական բարձր ցուցանիշների հասած մանուկներին և պատանիներին ու նրանց մարզիչներին հատկացվող պարգևատրումների, թոշակների և խրախուսման այլ ձևերի չափերն ու տրամադրման կարգը.

6) աջակցում է մանուկների և պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին.

7) (7-րդ կետն ուժը կորցրել է 28.06.2008 թվականից` 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

8) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

(20-րդ հոդ. փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

 

i
Հոդված 21. Մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմնի լիազորությունները

 

Մանկապատանեկան սպորտի ոլորտում լիազորված մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) իրականացնում է մանկապատանեկան սպորտի ոլորտի պետական քաղաքականությունը.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 28.06.2008 թվականից` 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

3) մշակում է տարեկան ծրագիրը և մասնակցում դրա իրականացմանը.

4) մշակում է մանուկների ու պատանիների ֆիզիկական լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղություններն ու հեռանկարները.

5) մշակում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հաշմանդամ մանուկների ու պատանիների ընդգրկման ձևերն ու եղանակները.

6) հաստատում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումների անցկացման օրացուցային պլանը.

7) սահմանում է մանուկների ու պատանիների համար նախատեսվող ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին (այդ թվում` միջազգային մրցաշարերին) նրանց մասնակցության կարգը.

8) մշակում է նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ֆիզիկական պատրաստվածության չափորոշիչները.

9) աջակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների գործունեությանը.

10) աջակցում է մանկապատանեկան սպորտի վերաբերյալ կատարվող գիտական հետազոտությունների իրականացմանը.

11) մշակում է մեթոդական փաստաթղթեր մանկապատանեկան սպորտի հարցերի վերաբերյալ.

12) համագործակցում է մանուկների և պատանիների հիմնահարցերով զբաղվող ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.

13) կազմակերպում է մանկապատանեկան սպորտի բնագավառի մասնագետների (մարզիչների, մանկավարժների և այլն) պատրաստումը և վերապատրաստումը.

14) սահմանում է անհատական մարզաձևերում, ինչպես նաև մարզական թիմերի կազմում բարձր ցուցանիշների հասած մանուկներին ու պատանիներին մարզական կարգեր շնորհելու կարգը.

15) իրականացնում է այլ լիազորություններ:

(21-րդ հոդ. փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

 

Հոդված 22. Մանկապատանեկան սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

 

Մանկապատանեկան սպորտի բնագավառում տարածքային կառավարման մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) մանկապատանեկան սպորտի բնագավառում իրենց լիազորությունների շրջանակում ապահովում են օրենսդրության պահանջների կատարումը.

2) մասնակցում են մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի մշակմանը.

3) աջակցում են պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեությանը.

4) համակարգում և իրականացնում են մարզի մանկապատանեկան սպորտի զարգացման պետական ծրագրերը.

5) աջակցում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին.

6) աջակցում են մարզի և համայնքների տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին.

7) աջակցում են մարզի և համայնքների տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

(22-րդ հոդ. փոփ. 19.05.08 ՀՕ-65-Ն օրենք)

 

Հոդված 23. Մանկապատանեկան սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

 

Մանկապատանեկան սպորտի բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները`

1) իրենց լիազորությունների շրջանակում օրենքով սահմանված կարգով աջակցում են համայնքի տարածքում օրենսդրության պահանջների կատարմանը.

2) աջակցում են համայնքի տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացման ծրագրերի իրականացմանը.

3) աջակցում են համայնքի տարածքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նյութատեխնիկական բազայի ամրապնդման աշխատանքներին.

4) աջակցում են համայնքի տարածքում բնակվող մանուկների ու պատանիների մասնակցությանը ֆիզկուլտուրային-մարզական միջոցառումներին.

5) նպաստում են համայնքի տարածքում մանկապատանեկան սպորտի զարգացմանը:

 

Հոդված 24. Միջազգային համագործակցությունը

 

1. Մանուկների ու պատանիների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում միջազգային համագործակցությունը կառուցվում է միջազգային պայմանագրերի հիման վրա:

2. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավասու պետական մարմինները, ուսումնական և մարզական հաստատություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են անմիջական կապեր հաստատել օտարերկրյա ու միջազգային ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների հետ, իրականացնել միջազգային մարզական և գիտահետազոտական ծրագրեր, անդամակցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպություններին, միավորումներին, ֆեդերացիաներին և այլ կառույցներին:

3. Պետությունը ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում մանուկների ու պատանիների հետ աշխատանքներ տանելիս միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի շրջանակներում իրականացնում է համաձայնեցված քաղաքականություն:

(24-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-219-Ն օրենք)

 

Հոդված 24.1. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(24.1-ին հոդ. լրաց. 17.11.05 ՀՕ-232-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(վերնագիրը փոփ. 09.11.04 ՀՕ-121-Ն օրենք)

 

Հոդված 25. Մարզադպրոցների և նմանատիպ կազմակերպությունների գործունեության լիցենզավորումը

(25-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.01.2006 թվականից` 17.11.05 ՀՕ-232-Ն օրենք)

 

Հոդված 26. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

(26-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.01.2006 թվականից` 17.11.05 ՀՕ-232-Ն օրենք)

 

Հոդված 27. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 6-րդ հոդվածի 4-րդ մասի:

Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը հանրակրթական դպրոցներում, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասերն ամբողջ ուսումնառության ընթացքում անցկացվում են շաբաթական առնվազն 2 ժամով, բարձրագույն ուսումնական հաստատություններում` 2 տարի տևողությամբ` շաբաթական առնվազն 4 ժամով:

(27-րդ հոդ. փոփ. 09.11.04 ՀՕ-121-Ն օրենք)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-109-Ն

 

 

pin
ՀՀ 11.06.2004
N ՀՕ-109-Ն օրենք