ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2004 թվականի մարտի 16-ին
i
ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի հաշվարկման ու հաստատման իրավական հիմքերը, ինչպես նաև կարգավորում է պետական սոցիալական քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. |
Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենսդրությունը |
Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:
Հոդված 3. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) կենսաապահովման նվազագույն զամբյուղ` մարդու առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ` միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի և հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների և ծառայությունների կազմն ու կառուցվածքը սահմանող նվազագույն քանակ.
2) կենսաապահովման նվազագույն բյուջե` միջազգայնորեն ընդունված կենսաապահովման նվազագույն զամբյուղի դրամական արժեք.
3) սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբեր` աշխատունակ բնակչություն, թոշակառուներ, երեխաներ:
Հոդված 4. |
Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանման նպատակը |
Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի սահմանումը նպատակ ունի`
1) գնահատել Հայաստանի Հանրապետության բնակչության կենսամակարդակը.
2) կենսամակարդակի գնահատված ցուցանիշն օգտագործել պետական սոցիալական քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս.
3) հիմնավորել սահմանվող նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը.
4) որոշել չհարկվող եկամտի չափը:
Հոդված 5. |
Կենսաապահովման նվազագույն զամբյուղի հաշվարկման և սահմանման կարգը |
1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը, սկսած 2004 թվականից, հաշվարկվում են ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մշակվող և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մեթոդական հանձնարարականների հիման վրա:
2. Նշված մեթոդական հանձնարարականների մշակման աշխատանքներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է մասնակցել Արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միությունը:
3. Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը սահմանվում են օրենքով: Մինչև սույն կետով նախատեսված օրենքի ընդունումը առաջին երեք տարվա համար կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. |
Կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը, դրա հաշվարկման պարբերականությունը և հաստատման կարգը |
1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաշվարկվում է առնվազն տարին մեկ անգամ` մինչև հունիսի 30-ը` կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ներառված պարենային, ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սպառողական գների վերաբերյալ պաշտոնական վիճակագրության տվյալների հիման վրա, և հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», ինչպես նաև առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական հիմնական խմբերի և բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն բյուջեի չափը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. |
Կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության հաշվառումը Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերը սահմանելիս |
1. Հայաստանի Հանրապետությունում կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար:
2. Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների, սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում:
Հոդված 8. |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2004 թ. ապրիլի 6 Երևան ՀՕ-53-Ն
|