040.0885.280703
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» հուլիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2003 թվականի N 885-Ն
i
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ կետի 31-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել արդյունաբերության կարիքների համար շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 885-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ՆԵՐԴՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում է արդյունաբերության կարիքների համար, անկախ տեխնոլոգիայով պահանջվող ջրի որակից, շրջանառու ջրամատակարարման համակարգեր ներդնելու կարգը:
2. Արդյունաբերության կարիքների համար ներդրված ջրամատակարարման համակարգերը կարող են լինել շրջանառու, ինչպես արդյունաբերական կազմակերպության ամբողջական ջրամատակարարման, այնպես էլ դրա առանձին արտադրամասերի համար: Շրջանառու ջրամատակարարման համակարգերը ենթակա են ներդրման բոլոր այն արդյունաբերական կազմակերպություններում, որտեղ`
ա) ջուրը ծառայում է որպես ջերմակրիչ (հովացման միջոց)` ագրեգատների հովացման և շոգու խտացման համար.
բ) ջուրը ծառայում է որպես մեխանիկական խառնուրդների փոխադրման միջոց.
գ) արդյունաբերության կարիքների համար օգտագործվում է խմելու որակի ջուր.
դ) ջրամատակարարման աղբյուրները սահմանափակ են:
3. Շրջանառության ընթացքում տեղի ունեցող ջրի կորուստները վերականգնվում են, որոնք կարող են կազմել շրջանառության մեջ գտնվող ջրի ելքի մինչև 6 տոկոսը:
4. Սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանների առկայության դեպքում շրջանառու ջրամատակարարման համակարգերի բացակայությունը դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջների խախտում և հիմք է հանդիսանում ջրօգտագործման թույլտվության կասեցման համար:
5. Արդյունաբերական օբյեկտներում շրջանառու ջրամատակարարման համակարգերը ներդրվում են արդյունաբերական կազմակերպության միջոցների հաշվին: