040.0669.120603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2003 թվականի N 669-Ն
i
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի հինգերորդ մասի 33-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մայիսի 8-ի N 669-Ն որոշման
ԿԱՐԳ
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված հարաբերությունները և ջրօգտագործման գերակայությունները:
2. Սույն կարգի իմաստով որսորդական տնտեսությամբ զբաղվող է համարվում ջրային ռեսուրսներում կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության, բազմացման, վերարտադրության, կլիմայավարժեցման և որսի զարգացման համար ջրօգտագործող գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերը, ֆիզիկական և իրավաբանական անձը (այսուհետ` անձ):
3. Յուրաքանչյուր անձ որսորդական տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսներն օգտագործում է ջրօգտագործման թույլտվությամբ` բացառությամբ անձնական կարիքների համար օգտագործման դեպքերի` չխախտելով ջրերի ստանդարտները:
4. Սույն կարգով սահմանված թույլտվությունները տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:
5. Անձը որսորդական տնտեսության կարիքների համար ջրային համակարգերն օգտագործելու դեպքում թույլտվություն է ստանում ջրային համակարգեր օգտագործող կազմակերպությունից` տեղյակ պահելով ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության պետական լիազոր մարմնին:
6. Հատուկ պահպանվող ջրային ռեսուրսներից ջրօգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված կարգով` պահպանելով Հայաստանի Հանրապետության «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով սահմանված ռեժիմները:
7. Կենդանական աշխարհի անհետացող կամ անհետացման եզրին գտնվող տեսակների բազմացմամբ զբաղվող անձն ունի ջրի բաշխման գերակայություն որսորդական տնտեսություն վարող ջրօգտագործող այլ անձանց նկատմամբ` համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 31-րդ հոդվածի:
8. Որսորդական տնտեսություն վարող անձը ջրային ռեսուրսներն օգտագործելիս պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրային ռեսուրսների պահպանության ու օգտագործման նորմերը և կանոնները: