Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄ ...

 

 23.11.1999 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
20 մարտի 1996 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1996-1997 թվականներին սեփականաշնորհման և ապապետականացման նպատակներն ու հիմնական խնդիրները

 

Ընթացիկ փուլի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական նպատակներն են`

- «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ավարտումը.

- արտադրական ենթակառուցվածքների (կապ, էներգետիկա, տրանսպորտ և այլն) ոլորտի մասնակի սեփականաշնորհումը.

- միջազգային մրցույթների ավելի լայն կիրառումը.

- գյուղատնտեսական հումքի վերամշակման և թեթև արդյունաբերության ճյուղերում սեփականաշնորհման հիմնականում ավարտումը.

- սեփականաշնորհման և ապապետականացման մեթոդների զարգացումը.

- անավարտ շինարարության (այդ թվում` բնակելի) օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի ավարտումը.

- սեփականաշնորհման և ապապետականացման ծավալների ընդլայնման համար նպաստավոր պայմանների և կազմակերպական կառուցվածքների ստեղծումը.

- օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, մրցակցային միջավայրի ստեղծմանը նպաստելը:

Ելնելով նշված նպատակներից, ծրագրում առաջադրված են հետևյալ խնդիրները`

- կարգավորել և կազմակերպել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը.

- մշակել սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ընթացակարգը.

- կիրառել տնտեսության մենաշնորհային ենթակառուցվածքներում սեփականաշնորհման և ապապետականացման ձևերը` որպես տնտեսական քաղաքականության արդյունավետ գործիք.

- ստեղծել հասարակական ծառայությունների ձեռնարկություններ` տնտեսության համար բացառիկ նշանակություն ունեցող ձեռնարկությունների և օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջոցով.

- օտարերկրյա կապիտալի հնարավորին չափ ներգրավումով իրականացնել բնական մենաշնորհների (կապ, էներգետիկա և այլն) ոլորտների սեփականաշնորհումը և ապապետականացումը.

- տնտեսության մենատեր ոլորտներում սեփականաշնորհումն ու ապապետականացումը կիրառել որպես հակամենաշնորհային քաղաքականության վարման միջոց.

- սահմանել`

ա) սեփականաշնորհման և ապապետականացման նպատակային ցուցանիշները.

բ) ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների առանձին խմբերի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղիները, ընտրության սկզբունքները, նախապատվությունները և սահմանափակումները.

գ) սեփականաշնորհման և ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման և օտարերկրացիների մասնակցության պայմանները.

դ) սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղղությունները 1997-1999 թվականներին:

 

i
Հոդված 2. Սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ընտրության սկզբունքները

 

Ընթացիկ փուլում սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ընտրության սկզբունքներն են`

- գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը սպասարկող և հարակից ճյուղերի ձեռնարկությունների և օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման առաջնությունը.

- ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող և դրանցով հանրապետության սպառողական շուկայի վրա առավելագույն ազդեցություն ունեցող ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման առաջնությունը.

- արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը և ապապետականացումը.

- «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ավարտումը:

Անավարտ շինարարության բոլոր օբյեկտներն ընդգրկված են ծրագրի մեջ:

 

Հոդված 3. Ձեռնարկություններ և անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց սեփականաշնորհումը 1996-1997 թվականներին չի նախատեսվում

 

1996-1997 թվականներին սեփականաշնորհման ենթակա չեն`

- քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները.

- հրաձգարանները և ռազմական կառույցները.

- դրամահատող, պետական շքանշաններ, կնիքներ և դրոշմակնիքներ պատրաստող ձեռնարկությունները.

- հիմնարար հետազոտություններով զբաղվող ինստիտուտները.

- երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ձեռնարկությունները.

- պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտներն ու սառնարանները.

- հազվագյուտ էլեմենտների, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արդյունահանման և հարստացման ձեռնարկությունները.

- սանիտարահամաճարակային, անասնաբուժության, բույսերի և անտառատնտեսության պաշտպանության ծառայությունների ձեռնարկությունները.

- ցեղական անասունների բուծման պետական տոհմային ձեռնարկությունները և կենտրոնները, մշակաբույսերի, սորտափորձարկման պետական հենակետերը, պետական սերմատեսչության լաբորատորիաները, մշակաբույսերի էլիտային սերմաբուծական ձեռնարկությունները, պետական տնկարանները.

- ստանդարտացման և չափաբանության ծառայությունների ձեռնարկությունները.

- երկաթուղիները, ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը.

- հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ձեռնարկությունները.

- ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունները.

- ուղղիչ աշխատանքային-վերադաստիարակիչ մարմինների ձեռնարկությունները.

- հանրապետության սահմաններից դուրս գտնվող պետական ձեռնարկությունները և օբյեկտները:

 

Հոդված 4. Ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց սեփականաշնորհումն իրականացվում է ծրագրով

 

Սույն ծրագրի մասն է կազմում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկն ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների` առանձին նշելով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, միջազգային մրցույթով սեփականաշնորհվող ձեռնարկությունների և «փոքր» օբյեկտների ցանկը: Այն «փոքր» օբյեկտները, որոնք ընդգրկված չեն ծրագրի ցանկերում, համարվում են ծրագրի մաս և սեփականաշնորհվում են` հայտ ներկայացնելով սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմին:

i

Ծրագրի ցանկերում ընդգրկված այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհման կոնկրետ ձևը նշված չէ, կսեփականաշնորհվեն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևով, այդ թվում նաև բաց բաժնետիրական ընկերությունների ձևով:

 

i
Հոդված 5. Սեփականաշնորհման սերտիֆիկատները

 

Թողարկվող սեփականաշնորհման սերտիֆիկատների ծավալը կազմում է սույն ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող գույքի հաշվեկշռային արժեքի 48 տոկոսը:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները բաշխվում են դրանք ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներին` առանց դրանց անվանական արժեքի վճարման: Յուրաքանչյուր քաղաքացու տրվում է սեփականաշնորհման մեկ սերտիֆիկատ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

Սերտիֆիկատների տպագրման, բաշխման և շրջանառության ծախսերը փոխհատուցելու համար մեկ սերտիֆիկատ ստանալու վճարի չափը կազմելու է 50 դրամ:

Տարեկան ծրագրի շրջանակներում բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատները գործողության մեջ են մնում ծրագրերով իրականացվող սեփականաշնորհման ամբողջ ընթացքում:

Սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման և բաշխման հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները բաշխելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնությամբ` քաղաքացիներին բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների ընդհանուր քանակի ոչ պակաս, քան 90 տոկոսը մարվելու դեպքում:

Սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեքը սահմանվում է 20 հազար դրամ:

(5-րդ հոդ. փոփ. 19.11.96 ՀՕ-89 օրենք)

 

i
Հոդված 6. Ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների առանձին խմբերի սեփականաշնորհման տարաժամկետ վճարումների ձևերը

 

Տարաժամկետ վճարումների սանդղակի ելակետային թվերը վերցվում են 1995 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և յուրաքանչյուր եռամսյակ, դրամի արժեզրկումը արտահայտելու նպատակով, կարող են ինդեքսավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Սույն ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտը նրա աշխատավորական կոլեկտիվի կողմից ստեղծված տնտեսական ընկերակցությանը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականաշնորհելու մասին որոշումը կայացնելուց հետո ստեղծված տնտեսական ընկերակցությունը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում սեփականաշնորհման հատուկ հաշվին փոխանցել օբյեկտի արժեքի համապատասխան մասը (սանդղակ 1) կամ, ցանկության դեպքում, օբյեկտի ամբողջ արժեքը` հաշվի առնելով կանխավճարը:

Նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից և կանխավճարը չի վերադարձվում:

Տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է նաև վարձակալական գույքի գնման, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման ժամանակ:

(6-րդ հոդ. փոփ. 19.11.96 ՀՕ-89 օրենք)

 

i

Սանդղակ 1

 

«Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման տարաժամկետ

վճարումների չափը

 

__________________________________________________________________
Վճարման գումարը
(դրամ)
Առաջին վճարը
(դրամ) 
Վճարման ժամկետը
(տարի)
Վճարումների
քանակը
__________________________________________________________________
Մինչև 600.000  100 %
- -
600.001 - 1400.000 ոչ պակաս 600.000 + 40 %
այն մասից, որը գերազանցում է
600.000-ից

1

2
1.400.001 - 2.400.000 ոչ պակաս 920.000 + 30 %
այն մասից, որը գերազանցում է
1.400.000-ից

2

3
 2.400.001 և բարձր ոչ պակաս 1.220.000 + 20 %
այն մասից, որը գերազանցում է
2.400.000-ից
3 4

(1-ին սանդղակը փոփ. 19.11.96 ՀՕ-89 օրենք)

 

Տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի է առնվում սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսը:

Վճարման ձևը և լրացուցիչ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

i
Հոդված 7. Սեփականաշնորհման և ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման և օտարերկրացիների մասնակցության պայմանները

 

Սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացին օտարերկրյա ներդրողները մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար իրավունքներով: Սեփականաշնորհման ժամանակ օտարերկրյա ներդրողների վճարումներն ուղղվում են հանրապետական բյուջե:

 

i
Հոդված 8. Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների (այլ ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման դեպքում), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, բարեգործական և այլ հասարակական հիմնադրամների, բարեգործական և այլ հասարակական հիմնադրամների, ինչպես նաև առևտրային բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների սեփականաշնորհմանը և ապապետականացմանը մասնակցելու պայմանները

 

Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները (այլ ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման դեպքում), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական և այլ հասարակական հիմնադրամները, ինչպես նաև առևտրային բանկերը, բացառությամբ ինվեստիցիոն հիմնադրամների և ինվեստիցիոն ընկերությունների, կարող են մասնակցել միայն լուծարված ձեռնարկությունների գույքի սեփականաշնորհմանը:

 

i
Հոդված 9. Սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները` ըստ տնտեսության ոլորտների և առանձին ձեռնարկությունների

 

Սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ներգրավված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները նախապատրաստելու նպատակով սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինը սահմանում է կազմակերպական-տեխնիկական համալիր այն միջոցառումների պլանը, որն իրականացնում են նրա կողմից նշանակված հանձնաժողովները կամ նրա հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները, ընդ որում`

- վերստուգվում են սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունները հիմնական և շրջանառու ֆոնդերի նախնական գույքագրման արդյունքները.

- սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող և սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ներգրավված ձեռնարկությունների ֆինանսական վիճակի մասին տալիս են տեղեկություններ, ինչպես նաև այն կարգավորելու կամ ձեռնարկությունը լուծարելու մասին առաջարկություններ.

- կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակն է լուծարման ենթակա ձեռնարկությունների վնասաբերության պատճառների բացահայտումը.

- անհրաժեշտության դեպքում ձևավորվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, և նրանց միջոցով հանձնարարականներ են մշակվում տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, ձեռնարկությունները վերակազմավորելու (բաժանելու, այլ ձեռնարկությունների հետ միացնելու, գործող ձեռնարկության կազմից առանձնացնելու), ինչպես նաև ձեռնարկություններում զբաղվածության կառուցվածքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ.

- սահմանված կարգով վերագնահատվում են սեփականաշնորհվող և ապապետականացվող պետական ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները, որոշվում է դրանց վաճառքի գինը, ընդ որում` «փոքր» օբյեկտների գույքի վերագնահատման և տարածքի արժեքների հաշվարկման աշխատանքները` սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից մշակված գրաֆիկի (ժամանակացույցի) համաձայն.

- նախապես հաստատված ուղղիչ գործակիցների միջոցով հաշվարկվում են «փոքր» օբյեկտների վերագնահատման ու տարածքի արժեքի չափերը.

- հաստատվում են սեփականաշնորհվող պետական ձեռնարկության անավարտ շինարարության օբյեկտների, ինչպես նաև «փոքր» օբյեկտների ձեռքբերման արժեքի տարաժամկետ վճարումների ձևերն ու պայմանները:

 

i
Հոդված 10. Սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման հանրապետական և պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինների իրավասությունների սահմանափակումները

 

Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները, պետական կառավարման տեղական մարմինները սույն ծրագիրը ընդունելուց հետո նրանում ընդգրկված ձեռնարկությունների և օբյեկտների նկատմամբ իրավունք չունեն կատարել կազմակերպական-կառուցվածքային, կադրային և գույքային փոփոխություններ, այդ թվում` ձեռնարկության գույքի գրավադրում, բացի օրենսդրությամբ սահմանված դեպքերից, եթե դրանք նախատեսված չեն ձեռնարկության սեփականաշնորհմանը նախապատրաստելու միջոցառումների պլանով, որը հաստատվում է սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից:

Ծրագրում այլ սահմանափակումները կարող են սահմանվել լրացումների և փոփոխությունների միջոցով:

(10-րդ հոդ. փոփ. 09.09.96 ՀՕ-77 օրենք)

 

Հոդված 11. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման առաջադրանքները 1996-1997 թվականներին

 

Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման 1996-1997 թվականների առաջադրանքները ներկայացված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1

 

Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների

և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման

առաջադրանքները 1996-1997 թվականներին

 

100903_1

 

________________________________________

* առանց տարածքների արժեքի,

** շինմոնտաժային աշխատանքների արժեքը:

 

Հոդված 12. Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղղությունները 1997-1999 թվականներին

 

Հայաստանի Հանրապետությունում պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղղությունները 1997-1999 թվականներին ներկայացված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ 2

 

Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների
սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղղությունները
1997-1999 թվականներին

 

100903_2

100903_3   

 

Հոդված 13. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական, իրավական, տեխնիկական և ֆինանսական միջոցառումները

 

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են`

- սեփականաշնորհման և ապապետականացման մասին օրենքի, նորմատիվային այլ ակտերի հետ հասարակության լայն խավերի ծանոթացման գործընթացների կազմակերպումը.

- սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ընդգրկված կադրերի մեթոդական և գործնական ուսուցման կազմակերպումը.

- աճուրդային կենտրոնների և ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության տարածքային ստորաբաժանումների ստեղծումը բաժնետոմսերի բաժանորդագրությունը և «փոքր» օբյեկտների վաճառքը կազմակերպելու համար.

- խորհրդատվական ընկերությունների, հրավիրվող մասնագետների ներգրավումը:

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական միջոցառումներն են`

- ձեռնարկության գույքի գնահատման, բաժնետիրացման, բաժնետոմսերի բաժանորդագրության, այդ թվում` բաժնետոմսերի փակ տեղաբաշխման, աճուրդների և մրցույթների անցկացման կարգերի և մեթոդների կատարելագործումը, համապատասխան օրենքների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի և առաջարկությունների մշակումը:

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումներն են`

- արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների հնարավորությունների ներգրավումը` սեփականաշնորհումը և ապապետականացումն իրականացնող մարմիններին տեխնիկական աջակցության համար:

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցառումներն են`

- Հայաստանի Հանրապետության բյուջեից սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացն իրականացնող մարմինների ֆինանսավորումը.

- սեփականաշնորհման սերտիֆիկատների սպասարկման ծախսերի սահմանումը` 193.0 միլիոն դրամ.

- պետական ձեռնարկությունների վերակառուցման և վերազինման համար հատկացումների սահմանումը` 500.0 միլիոն դրամ.

- Համաշխարհային Բանկի ինվեստիցիոն բարեփոխումների վարկից 500 հազար ԱՄՆ-ի դոլարի նախատեսումը` սեփականաշնորհման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման համար:

 

Հոդված 14. Ծրագրի գործողության ժամկետը

 

Ծրագիրը գործում է 1996 թվականի հուլիսի 1-ից մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը:

 

Հոդված 15. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի կատարման վերլուծությունը

 

1995 թվականի ծրագրի կատարողականը տրված է աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3

 

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների
սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի
առաջադրանքները և դրանց կատարողականը 1996թվականի մարտի 9-ի
դրությամբ

 

100903_4

 

__________________________________________________

* ընդգրկված են նաև տնտեսության այլ ճյուղերի 73 «փոքր» օբյեկտներ:

 

Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումը: 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ սեփականաշնորհվել են 365 ձեռնարկություններ, ընդ որում, 228-ը` բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ, 49-ը` լոտային աճուրդներով, 45-ը` փակ բաժնետիրական ընկերությունների, 41-ը` վարձակալների կողմից գույքի գնման, 1-ը` աճուրդով և 1-ը` մրցույթով: Այս խմբի ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձևը (75.9%-ը) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծումն է:

Չի կայացել 19 ձեռնարկությունների սեփականաշնորհումը` հիմնականում դրանց բարձր արժեքի և խոշոր պարտքերի պատճառով: Այդ ձեռնարկություններից 17-ի սեփականաշնորհման ձևը եղել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը, մեկինը` փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը, իսկ մյուսինը` աճուրդը: Սեփականաշնորհման ընթացքում են գտնվում 20 ձեռնարկություն, որից 19-ը սեփականաշնորհվելու է բաց, իսկ 1-ը` փակ բաժնետիրական ընկերությունների ձևով:

Սեփականաշնորհված ձեռնարկությունների մեծ մասը արդյունաբերության (146) և գյուղատնտեսության ու պարենի (116) նախարարությունների ձեռնարկություններ են:

«Փոքր» օբյեկտների սեփականաշնորհումը: 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ սեփականաշնորհվել է 2187 «փոքր» օբյեկտ: Աճուրդով վաճառքի ենթակա 243 օբյեկտներից վաճառվել են 96-ը: 1994 թ. ընթացքում սեփականաշնորհվել է 257, 1995 թվականին` 1319, իսկ 1996 թվականին (մինչև 09.03.96 թ.)` 611 «փոքր» օբյեկտ:

Սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների մեջ զգալի բաժին են կազմում վարձակալական ձեռնարկությունները (944), որոնք գործող օրենքի համաձայն ծրագրի մեջ չեն մտնում: Ծրագրով սեփականաշնորհվել է 1243 «փոքր» օբյեկտ, որից 591-ը` (47.6%-ը) կենցաղսպասարկման, 421-ը` (33.9%-ը) առևտրի, 158-ը` (12.7%-ը) հասարակական սննդի օբյեկտներ են, իսկ 73-ը` այլ ճյուղերի: Ընդհանուր առմամբ ծրագրով սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների մեջ նշված երեք ոլորտների բաժինը կազմել է 94.2 %:

Սեփականաշնորհումից ստացված միջոցները: Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից առ 1996 թ. մարտի 9-ի դրությամբ ստացվել է 22.890.990,9 հազար դրամ, որից 16.602.383,6 հազար դրամը (72%-ը) ձեռնարկությունների, 6.156.000,0 հազար դրամը (28%-ը)` «փոքր» օբյեկտների սեփականաշնորհումից: Ընդ որում, սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվել է 22.646.460,0 հազար դրամ (98.9%), իսկ դրամով` 244.530,9 հազար դրամ (1.1%): Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարումների մեջ ձեռնարկությունների բաժինը կազմել է 16.490.460,0 հազար դրամ (73%), իսկ «փոքր» օբյեկտներինը` 6.156.000,0 հազար դրամ (27%): Դրամով վճարումների մեջ համապատասխանաբար` 111.883,1 հազար դրամ (46.1%) և 131.060,1 հազար դրամ (53.9%):

Վճարված սերտիֆիկատների ընդհանուր քանակը 1996 թ. մարտի 9-ի դրությամբ կազմել է 1169802 հատ, որից 824523 հատը (70.5%) վճարվել է ձեռնարկությունների, իսկ 345279 հատը (29.5%)` «փոքր» օբյեկտների համար:

 

ԻՐՏԵԿ    Ցանկերը չեն բերվում

(ցանկերը փոփ. 30.04.97 ՀՕ-110, 09.06.97 ՀՕ-124, 23.06.97 ՀՕ-128, 19.11.97 ՀՕ-160, 13.10.99 ՀՕ-7 օրենքներ)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


25 ապրիլի 1996 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-47

 

pin
ՀՀ 20.03.1996
N ՀՕ-47 օրենք