Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի մայիսի 7-ին

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման ոլորտի հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է այդ ոլորտի կարգավորման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:

 

Հոդված 2. Պարենային անվտանգության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղությունները

 

Պարենային անվտանգության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

ա) կենսապես կարևորագույն պարենային հումքի և սննդամթերքի (այսուհետ` սննդամթերք) տեղական արտադրության խթանումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան սննդամթերքի որակական հատկանիշների ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության մակրոտնտեսական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը և դրա հիման վրա բնակչության գնողունակության մակարդակի բարձրացումը.

դ) Հայաստանի Հանրապետության պետական պահուստում պարենային պաշարների կուտակումը և դրանց արդյունավետ օգտագործումը.

ե) պարենային շուկայի կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

զ) նվազագույն պարենային զամբյուղի կառուցվածքում ընդգրկված սննդամթերքի տեղական արտադրության և ներմուծման հաշվեկշռի կազմումը և դրա վերաբերյալ տեղեկատվության հավաքման և վերլուծության ապահովումը:

 

Հոդված 3. Պարենային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը նախատեսում են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

պետության պարենային անվտանգության ապահովում` պետության տնտեսության այնպիսի վիճակ, որն ապահովում է երկրի պարենային անկախությունը և երաշխավորում բնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը.

պարենային անվտանգության ապահովման երաշխիքներ` տնտեսական, կազմակերպական և այլ բնույթի միջոցառումների մշակում և իրականացում, որոնք ուղղված են պարենային ճգնաժամերի կանխատեսմանը և կանխարգելմանը, իսկ դրանց առաջացման դեպքում` հետևանքների վերացմանը.

պարենային ճգնաժամ` իրավիճակ, երբ պետության ամբողջ տարածքում կամ դրա գերակշռող մասում բնակչության ապահովումը սննդամթերքով գտնվում է վտանգի տակ, և որի կանխման համար օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման լիազոր մարմինները կիրառում են հատուկ միջոցառումներ.

սնվելու ֆիզիոլոգիական նորմեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմում ընդգրկված սննդամթերքի սպառման միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական չափանիշներ.

կենսապես կարևորագույն սննդամթերք` սնվելու ֆիզոլոգիական նորմերին համապատասխան և կենսագործունեության նվազագույն մակարդակի ապահովման համար պարտադիր սպառվող սննդամթերք.

պետության պարենային անկախություն` կենսապես կարևորագույն սննդամթերքների ներմուծման անհնարինության կամ անբավարարության դեպքում և պարենային ճգնաժամի կանխարգելման նպատակով սննդամթերքի տեղական արտադրության անհրաժեշտ մակարդակի ապահովման հնարավորություն.

սննդամթերքի արտադրության անհրաժեշտ մակարդակ` կենսապես կարևորագույն սննդամթերքի գծով տեղական արտադրության մակարդակ.

սննդամթերքի ֆիզիկական մատչելիություն` բնակչության գնողունակ պահանջարկը բավարարող ծավալներով սննդամթերքի առաջարկի ապահովում.

սննդամթերքի տնտեսական մատչելիություն` բնակչության գնողունակ պահանջարկի մակարդակ, որն ապահովում է բնակչության կողմից սննդամթերքի ձեռքբերման հնարավորություն` ֆիզիոլոգիական նորմերին համապատասխան.

պետական պարենային պահուստ` Հայաստանի Հանրապետության պետական պահուստի բաղկացուցիչ, որը նախատեսված է օգտագործել պարենային ճգնաժամի կանխարգելման կամ դրա հետևանքների վերացման նպատակով:

 

Հոդված 5. Պարենային անվտանգության ապահովումը

 

Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հիմքն է հանդիսանում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` քաղաքացիների լիարժեք սնվելու և սովից զերծ լինելու իրավունքի ապահովումը:

Պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) քաղաքականության հիմնական խնդիրներն են`

ա) սննդամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովումը.

բ) բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովումը.

գ) պետական պարենային պահուստի ստեղծումը, պահպանումն ու համալրումը:

Սննդամթերքի որակը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին և այլ պահանջներին:

Պարենային ճգնաժամի կամ դրա վտանգի դեպքում կառավարությունը սահմանում է պարենային անվտանգության ապահովման հատուկ ռեժիմներ, ընդհուպ` սննդամթերքի նորմավորված բաշխում:

 

Հոդված 6. Պետության պարենային անկախության ապահովումը

 

Պետության պարենային անկախությունը համարվում է ապահովված, եթե կենսապես կարևորագույն սննդամթերքների տեղական արտադրության և պետական պարենային պահուստի ծավալներն ապահովում են պարենային ճգնաժամի կանխարգելումը: Պարենային անկախության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման համար պատասխանատվությունը կրում է կառավարությունը:

 

Հոդված 7. Կառավարության լիազորությունները պարենային անվտանգության ապահովման ոլորտում

 

Կառավարությունը պարենային անվտանգության ապահովման նպատակով իրականացնում է հետևյալ լիազորությունները`

ա) ապահովում է պարենային անվտանգության ապահովման ոլորտում միասնական պետական քաղաքականության իրագործումը.

բ) ապահովում է սննդամթերքի արտադրության խթանման և կարգավորման ոլորտում տարվող աշխատանքների համակարգումը.

գ) իր լիազորած մարմնի միջոցով մշակում և իրագործում է պարենային անվտանգության ապահովման պետական նպատակային ծրագրեր.

դ) սահմանում է պետական պարենային պահուստի անվանացանկը, կուտակման ծավալներն ու ժամկետները.

ե) իրականացնում է պետական պարենային պահուստի կառավարումը, պատասխանատվություն է կրում դրա ստեղծման, պահպանման, նպատակային օգտագործման և համալրման համար.

զ) սահմանում է իր լիազորած պետական մարմինների նպատակները, խնդիրները և գործառույթները պարենային անվտանգության ապահովման ոլորտում.

է) իրականացնում է բնակչությանը կենսապես կարևորագույն սննդամթերքի մատակարարման վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն, ինչպես նաև պարենային անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակի կանխատեսում և պարենային ճգնաժամի կանխարգելման միջոցառումների իրականացում, իսկ վերջինիս առաջացման դեպքում` նաև հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ.

ը) իրականացնում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններ:

 

Հոդված 8. Պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը

 

Պարենային անվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է`

ա) պարենային անվտանգությունը բնութագրող սննդամթերքի տեսակների արտադրության ներմուծման, արտահանման և սպառման ցուցանիշները.

բ) սննդամթերքի արտադրության անհրաժեշտ և փաստացի մակարդակների պետական հաշվեկշիռը.

գ) սննդամթերքի շուկայի վիճակն ու զարգացման միտումները.

դ) պետական նպատակային ծրագրերով նախատեսված պարենային անվտանգության միջոցառումները.

ե) պարենային անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ստանդարտների նորմերի ու նորմատիվների կատարման մակարդակը:

 

Հոդված 9. Սննդամթերքի արտադրության անհրաժեշտ և փաստացի մակարդակների հաշվեկշիռը

 

Սննդամթերքի արտադրության անհրաժեշտ և փաստացի մակարդակների հաշվեկշիռը պետության պարենային անվտանգության և պարենային անկախության ապահովման մակարդակի կանխատեսման հաշվարկների համակարգի հիմքն է, ինչպես նաև կենսապես կարևորագույն սննդամթերքի տեղական արտադրության ծավալների գնահատման բազան:

Սննդամթերքի անհրաժեշտ և փաստացի մակարդակների յուրաքանչյուր տարվա հաշվեկշիռը կառավարությունը հաստատում է մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը:

 

Հոդված 10. Պարենային շուկայի պետական հսկողությունը

 

Պարենային շուկայի պետական հսկողությունն իրականացնում է կառավարությունը` սննդամթերքի արտադրության անհրաժեշտ և փաստացի մակարդակների հաշվեկշռի հիման վրա:

Պարենային շուկայի պետական հսկողությունը ներառում է`

ա) սննդամթերքի արտադրության, մատակարարման և ապրանքային պաշարների գնահատումը.

բ) պարենային անվտանգության ապահովման հատուկ ռեժիմների պայմաններում սննդամթերքի խոշոր խմբաքանակների շարժի հսկողությունը` արտադրությունից կամ ներմուծումից մինչև դրանց իրացումը.

գ) սննդամթերքի (այդ թվում` ներմուծված) որակի գնահատումը` էկոլոգիական և սանիտարահամաճարակաբանական պահանջներին համապատասխան.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ միջոցառումների իրականացումը:

 

Հոդված 11. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 12. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հունիսի 5
Երևան
ՀՕ-339

 

 

pin
ՀՀ 07.05.2002
N ՀՕ-339 օրենք