(ուժը կորցրել է 26.10.17 թիվ 1353-Ն որոշում)
i
040.0363.090402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2002 թվականի N 363
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աճուրդի անցկացման կանոնակարգը (կցվում է):
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
ապրիլի 9-ի N 363 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
i
1. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք (այսուհետև` հայտատու) աճուրդի անցկացման մասին պաշտոնական հաղորդակցությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79-րդ հոդվածով սահմանված կարգով մամուլում հրապարակվելու պահից մինչև աճուրդի անցկացման նախորդ օրը ժամը 16.00-ն հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետև` ԴԱՀԿ ծառայություն) ստորաբաժանում: Հայտին կից ներկայացվում է համապատասխան փաստաթուղթ հայտով նախատեսված գույքի գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարման մասին: Եթե աճուրդը համարվել է չկայացած` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 3-րդ կետում նշված պատճառներով, ապա կրկնաճուրդի մասնակիցը պետք է հայտին կից ներկայացնի համապատասխան փաստաթուղթ հայտով նախատեսված գույքի գնի 20 տոկոսի չափով նախավճարի վճարման մասին:
Նախավճարը մուծվում է ԴԱՀԿ ծառայության մարզային ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին:
Մինչև սակարկությունների սկսվելը գույքն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:
(1-ին կետը փոփ. 31.07.03 թիվ 908-Ն որոշում)
2. Աճուրդն անցկացվում է բաց` հրապարակային սակարկությունների միջոցով:
3. Աճուրդի մասնակցության համար հայտ ներկայացրած անձանց մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
4. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի կանխիկ մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո, իսկ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը` 3 բանկային օրվա ընթացքում: Նախավճարը ենթակա է վերադարձման նաև այն դեպքում, եթե աճուրդը գույքի մեկնարկային գնի հավելում չլինելու պատճառով չի կայացել:
5. Աճուրդն անցկացվում է դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ: Աճուրդի մասնակիցների համար, ելնելով գույքի մեկնարկային գնից, սահմանվում են գնի հավելման հետևյալ նվազագույն քայլերը`
ա) գույքի մեկնարկային գնի մինչև 50000 դրամի դեպքում նվազագույն քայլ չի սահմանվում.
բ) գույքի մեկնարկային գնի 50001-100000 դրամի դեպքում` 500 դրամ.
գ) գույքի մեկնարկային գնի 100001-500000 դրամի դեպքում` 1000 դրամ.
դ) գույքի մեկնարկային գնի 500001-1000000 դրամի դեպքում` 10000 դրամ.
ե) գույքի մեկնարկային գնի 1000001-10000000 դրամի դեպքում`50000 դրամ.
զ) գույքի մեկնարկային գնի 10000000-ից ավելիի դեպքում` 100000 դրամ:
6. Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, որն առաջարկել է ամենաբարձր գինը:
7. Աճուրդում հաղթող ճանաչված անձն ու հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների մասին արձանագրությունը:
Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:
Եթե հարկադիր կատարողը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարի կրկնապատիկը, ինչպես նաև հատուցել աճուրդին մասնակցելու հետևանքով նրա կրած վնասները:
8. Աճուրդում հաղթող ճանաչված անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում ԴԱՀԿ ծառայության մարզային ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)` հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Այդ գումարը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվում:
9. Աճուրդում հաղթող ճանաչված անձի կողմից գնման գինը ԴԱՀԿ ծառայության կամ համապատասխան մարզային ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր: Գույքի վաճառքից ստացված գումարը եռօրյա ժամկետում փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը:
10. Եթե աճուրդում վաճառվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրն ու աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը հիմք են հանդիսանում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:
11. Աճուրդը հայտարարվում է չկայացած, եթե`
ա) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.
բ) աճուրդի ընթացքում վաճառվող գույքի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.
գ) աճուրդում հաղթող ճանաչված անձը չի մուծել գնման գինը:
Աճուրդը պետք է հայտարարվի չկայացած, ոչ ուշ, քան նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:
12. Չկայացած աճուրդից ոչ ուշ, քան 1 ամսվա ընթացքում անցկացվում է կրկնակի աճուրդ: «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված պատճառներով յուրաքանչյուր կրկնակի աճուրդ անցկացնելու դեպքում վաճառվող գույքի նախնական գինն իջեցվում է 10 տոկոսով:
i
13. Երկրորդ և հետագա յուրաքանչյուր աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում գույքը տվյալ աճուրդի մեկնարկային գնով առաջարկվում է պահանջատիրոջը, բացի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեից և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից:
Աճուրդը համարվում է երկրորդ և հետագա, եթե աճուրդը չկայացած է համարվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված պատճառներով:
Եթե միևնույն պարտապանի գույքի նկատմամբ կան դատարանի` բռնագանձման մասին երկու կամ ավելի վճիռներ, ապա գույքը պահանջատերերին առաջարկվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 70.1-ին հոդվածներով սահմանված կարգով:
Պահանջատերը գույքն իրեն հանձնելու վերաբերյալ իր համաձայնությունը կարող է հայտնել ԴԱՀԿ ծառայությանը` մինչև աճուրդի անցկացման նախորդ օրվա ժամը 16.00-ն:
Եթե պահանջատերը հրաժարվում է գույքն ստանալուց, ապա աճուրդային գործընթացը շարունակվում է:
(13-րդ կետը փոփ. 31.07.03 թիվ 908-Ն որոշում)
14. Գրավ դրված գույքի` օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի հավելում չկատարվելու պատճառով, գրավառուն 7 օրվա ընթացքում իրավունք ունի պահանջելու գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն` վճարելով գրավադրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը: Եթե գրավ դրված գույքի տվյալ պահին ձևավորված գինը պակաս է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալու պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
15. Եթե պահանջատերը համաձայնում է ստանալ գույքը, ապա նրա և հարկադիր կատարողի միջև կնքվում է համապատասխան պայմանագիր: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից աճուրդային վաճառքի հետ կապված կատարողական ծախսերը ԴԱՀԿ ծառայությանը վճարելուց հետո:
16. Եթե գույքի գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչև պայմանագրի կնքումը և գույքի հանձնումը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող գույքի գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջև եղած տարբերությունը:
17. Գույքի հայտնաբերման, զննման, պահատվության, գնահատման, փորձագետի վճարման, պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզման փոստային, հեռախոսային, գրասենյակային, սակարկությունների կազմակերպման ու անցկացման, հարկադիր կատարման ծառայության շինությունների պահպանման, տարածքների վարձակալության, շենքերի և տրանսպորտային միջոցների ձեռքբերման ու շահագործման և մյուս ծախսերն իրականացնել աճուրդների կազմակերպման ու անցկացման ընթացքում գույքի իրացման գնի 5 տոկոսի, իսկ 10 միլիոն դրամից ավելի գույքի իրացման գնի դեպքում` 3 տոկոսի չափով պարտապանից գանձվող գումարների հաշվին: