Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի մարտի 5-ին

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է քաղաքացիական պաշտպանության սկզբունքները, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների (այսուհետ` քաղաքացիներ) իրավունքներն ու պարտականությունները քաղաքացիական պաշտպանության բնագավառում:

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

քաղաքացիական պաշտպանություն` միջոցառումների համակարգ` ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում.

քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածք` բնակավայր, հատուկ, կարևորագույն ու պատմամշակութային նշանակության օբյեկտներ ընդգրկող տարածք.

հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներ` պետական և ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող ու բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտներ.

քաղաքացիական պաշտպանության ծառայություններ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններ.

քաղաքացիական պաշտպանության կազմավորումներ` համայնքներում, կազմակերպություններում ստեղծվող կազմավորումներ, որոնք հանդերձավորված են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների համար նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով, գույքով և նախատեսված են իրականացնելու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ և չեն մտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կազմի մեջ.

անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ` առաջնահերթ աշխատանքներ` ուղղված մարդկանց կյանքին և առողջությանն սպառնացող այնպիսի գործոնների ազդեցության վտանգի վերացմանը, որոնք խոչընդոտում են մարդկանց որոնելուն և փրկելուն, ինչպես նաև շենքերի, շինությունների ամրացմանը կամ փլմանը, հեղուկ վառելիքի, գազի, էլեկտրաէներգիայի և ջրի աղբյուրների վթարային անջատմանը. բնակչության ու փրկարարների կենսաապահովման առաջնահերթ օբյեկտները ժամանակավոր սխեմաներով վերականգնմանը, վերանորոգմանը և տարածքի սանիտարական մաքրմանը:

 

Հոդված 2. Քաղաքացիական պաշտպանության իրավական հիմքը

 

Քաղաքացիական պաշտպանության իրավական ապահովման հիմքն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներն ու իրավական ակտերը:

 

Հոդված 3. Քաղաքացիական պաշտպանության համակարգը

 

Քաղաքացիական պաշտպանության համակարգը ներառում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները:

 

ԳԼՈՒԽ 2.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

 

Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության սկզբունքները

 

Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է:

Պետությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրներին պատրաստվում է նախապես` խաղաղ պայմաններում:

Քաղաքացիական պաշտպանության սկզբունքներն են`

ա) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.

բ) քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված` ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների.

գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով:

 

i
Հոդված 5. Քաղաքացիական պաշտպանության ձևերը

 

Քաղաքացիական պաշտպանության ձևերն են տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, որոնք իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 3.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 6. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները

 

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները բաժանվում են նախապատրաստական և հիմնական միջոցառումների:

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն իրականացվում են նախապես:

Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում:

 

i
Հոդված 7. Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումները

 

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն են`

ա) քաղաքացիական պաշտպանության ուժերի ստեղծումը, պատրաստումը և մշտական պատրաստվածության ապահովումը.

բ) քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից` բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունության ապահովումը և նպատակահարմար տեղաբաշխումը.

գ) շենքերի, շինությունների, ինժեներական ցանցերի, հիդրոտեխնիկական կառույցների, տրանսպորտային հաղորդակցության ուղիների և մայրուղիների շինարարության անվտանգության ու հուսալիության ապահովումը, վտանգավոր օբյեկտների անվտանգ գործունեության ապահովումը.

դ) կառավարման, կապի ու ազդարարման համակարգերի հիմնումը և դրանց բնականոն գործունեության ապահովումը.

ե) պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` կառավարման մարմիններ) ու կազմակերպությունների պատրաստումը և բնակչության ուսուցումը.

զ) ճառագայթային, քիմիական ու մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծումը և գործունեության ապահովումը.

է) կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովման համակարգի հիմնումը.

ը) պաշտպանական կառույցների շինարարությունը և ապահովումը.

թ) անհատական պաշտպանության միջոցների ու քաղաքացիական պաշտպանության նպատակով այլ գույքի անհրաժեշտ պաշարների կուտակումը և պահպանումը.

ժ) սննդամթերքի, բժշկական ու նյութատեխնիկական անհրաժեշտ պաշարների ստեղծումը և պահպանումը.

ժա) քաղաքացիական պաշտպանության պլանների մշակումը:

Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

i
Հոդված 8. Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումները

 

Քաղաքացիական պաշտպանության հիմնական միջոցառումներն են`

ա) կառավարման մարմինների և բնակչության ազդարարումը.

բ) տարահանումը և տեղաբաշխումը.

գ) պատսպարումը.

դ) անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովումը.

ե) քողարկումը.

զ) փրկարարական աշխատանքների իրականացումը.

է) բժշկական ապահովումը.

ը) հակահրդեհային ապահովումը.

թ) վտանգավոր տարածքների բացահայտումը, վնասազերծումն ու վարակազերծումը ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից.

ժ) բնակչության կենսագործունեության ապահովումը.

ժա) զոհվածների հաշվառումը և հուղարկավորումը.

ժբ) շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վիճակի ու վարակվածության դիտարկման և հսկողության մշտական իրականացման ուժեղացումը.

ժգ) կառավարման մարմինների և բնակչության իրազեկման ապահովումը.

ժդ) քիմիական, ճառագայթային և մանրէաբանական ապահովումը.

ժե) անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարումը.

ժզ) հասարակական կարգի ապահովումը, ինչպես նաև հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանման ուժեղացումը.

ժէ) նյութատեխնիկական պաշարների, տրանսպորտային և այլ միջոցների նպատակային օգտագործման ապահովումը.

ժը) փրկարարական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համար կապի հանրապետական, գերատեսչական և տեղական ցանցերի առաջնահերթ օգտագործումը:

Սույն հոդվածում նշված միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

ԳԼՈՒԽ 4.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

i
Հոդված 9. Քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը

 

ԻՐՏԵԿ 9-րդ հոդվածը փոփոխվելու է ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 16.12.22 ՀՕ-481-Ն օրենք:

Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետն է:

Քաղաքացիական պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալն է:

Հայաստանի Հանրապետության նախարարները (գերատեսչությունների ղեկավարները), մարզպետները, համայնքների և կազմակերպությունների ղեկավարները համապատասխանաբար նախարարությունների (գերատեսչությունների), մարզերի, համայնքների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պետերն են:

Լիազորված մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները մարզերի քաղաքացիական պաշտպանության պետերի տեղակալներն են:

Քաղաքացիական պաշտպանության պետերն իրենց իրավասության սահմաններում`

ա) պատասխանատվություն են կրում քաղաքացիական պաշտպանության պատրաստականության համար.

բ) կազմակերպում և ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.

գ) հաստատում և գործողության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության պլանները.

դ) արձակում են քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող որոշումներ, հրամաններ, հրահանգներ.

ե) վերահսկում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարումը.

զ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

(9-րդ հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-23-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 5.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

i
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ղեկավարումը.

բ) ապահովում է քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացումը.

գ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը.

դ) հաստատում է քաղաքացիական պաշտպանության զարգացման ծրագրերը և վերահսկում է դրանց կատարումը.

ե) սահմանում է քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքների ցանկը` ըստ վտանգավորության աստիճանի.

i

զ) սահմանում է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ու կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը.

է) հաստատում է հատուկ, կարևորագույն օբյեկտների, ինչպես նաև առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության իրականացման կարգը.

ը) հաստատում է բնակչության ազդարարման և իրազեկման կարգը.

թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

i
Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունը

 

ԻՐՏԵԿ 11-րդ հոդվածը փոփոխելու է ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 16.12.22 ՀՕ-481-Ն օրենք:

Լիազորված մարմինը`

ա) մշակում է քաղաքացիական պաշտպանության պլաններ և ծրագրեր, ապահովում է դրանք սահմանված կարգով հաստատման ներկայացնելը և կազմակերպում է դրանց կատարումը.

բ) համակարգում և վերահսկում է կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում.

գ) կազմակերպում է կառավարման մարմինների պատրաստումը և բնակչության ուսուցումը.

դ) կազմակերպում է բնակչության ազդարարումն ու իրազեկումը.

ե) կազմակերպում է հատուկ, կարևորագույն օբյեկտների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից վտանգավորություն ներկայացնող առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննությունը.

զ) համակարգում և վերահսկում է տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի կուտակման գործընթացը և դրանց նպատակային օգտագործումը.

է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների իրավասությունը

 

Պետական կառավարման հանրապետական մարմինները`

ա) կազմակերպում են իրենց համակարգի աշխատողների պաշտպանությունը.

բ) ստեղծում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.

գ) կազմակերպում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.

դ) կազմակերպում են համակարգի կազմակերպությունների կայուն գործունեությունը.

ե) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 13. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունը

 

Պետական կառավարման տարածքային մարմինները`

ա) կազմակերպում և ղեկավարում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը մարզի տարածքում.

բ) մասնակցում են պետական հանրապետական պլաններով և ծրագրերով նախատեսված քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին.

գ) տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և բնակչությանը ներգրավում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը.

դ) ստեղծում են մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ և ուժեր.

ե) հանձնարարականներ են տալիս պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին` քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վերաբերյալ.

զ) իրականացնում են մարզի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը.

է) իրականացնում են մարզի բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.

ը) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

i
Հոդված 14. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

 

Տեղական ինքնակառավարման մարմինները`

ա) կազմակերպում և իրականացնում են համայնքում քաղաքացիական պաշտպանությունը.

բ) իրականացնում են միջոցառումներ` համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով.

գ) կազմակերպում են համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը.

դ) իրականացնում են համայնքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը, բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը.

ե) ստեղծում են համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ.

զ) իրականացնում են համայնքի բնակչության ազդարարումը.

է) ստեղծում են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ուժեր և ապահովում են այդ ուժերի պատրաստականությունը.

ը) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 15. Կազմակերպությունների իրավասությունը

 

Կազմակերպությունները`

ա) իրականացնում են իրենց աշխատողների պաշտպանությունը.

բ) ստեղծում են փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ուժեր.

գ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններն ստեղծում են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ: Այդ կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

ԳԼՈՒԽ 6.
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իրավունք ունեն`

ա) ստանալ ճշգրիտ տեղեկություն իրենց պաշտպանվածության աստիճանի մասին.

բ) ստանալ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հետևանքով կրած վնասների փոխհատուցում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը մասնակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են կատարել քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ուղղությամբ քաղաքացիական պաշտպանության կառավարման մարմինների բոլոր ցուցումները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա քաղաքացիները քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 7.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԸ

 

i
Հոդված 18. Քաղաքացիական պաշտպանության ուժերը

 

Քաղաքացիական պաշտպանության ուժերն են`

ա) քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները.

բ) փրկարար ուժերը.

գ) քաղաքացիական պաշտպանության կազմավորումները:

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին կարող են ներգրավվել նաև Հայաստանի Հանրապետության այլ զորքերի ստորաբաժանումներ:

(18-րդ հոդ. փոփ. 26.05.05 ՀՕ-125-Ն օրենք)

 

i
Հոդված 19. Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները

 

ԻՐՏԵԿ 19-րդ հոդվածը փոփոխվելու է ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` 16.12.22 ՀՕ-481-Ն օրենքում:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներն ընդգրկվում են լիազորված մարմնի կազմում, համարվում են մշտական պատրաստության ստորաբաժանումներ և նախատեսված են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման համար:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման, նախապատրաստման, մարտական կիրառման կարգը և իրավասությունը սահմանվում են օրենքով:

(19-րդ հոդ. փոփ. 26.05.05 ՀՕ-125-Ն, 07.04.16 ՀՕ-41-Ն օրենքներ)

 

Հոդված 20. Փրկարար ուժեր

 

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ փրկարարական աշխատանքների կատարման և բնակչությանը մասնագիտացված օգնություն ցույց տալու նպատակով ստեղծվում են փրկարար ուժեր, որոնք մշտական պատրաստության վիճակում են և գործում են կենտրոնացված կառավարման սկզբունքով:

Փրկարար ուժերն ստեղծվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կազմում:

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ներգրավվում են նաև հասարակական փրկարար միավորումները:

 

i
Հոդված 21. Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները

 

Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները նախատեսված են փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար:

Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները բաժանվում են մարզային, համայնքային և կազմակերպությունների կազմավորումների:

Կազմակերպությունների կազմավորումներն ստեղծվում են կազմակերպություններում (անկախ կազմակերպաիրավական ձևից):

Համայնքի քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ կազմակերպությունների կազմավորումները (բացի հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներից) կարող են միավորվել համայնքային կազմավորումներում:

Մարզի քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ քաղաքացիական պաշտպանության համայնքային կազմավորումները կարող են միավորվել մարզային կազմավորումներում:

Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումները նախատեսված են հանրապետական, մարզային, համայնքային և կազմակերպության մակարդակներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներն ապահովելու նպատակով:

(21-րդ հոդ. փոփ. 26.12.08 ՀՕ-23-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 8.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 22. Նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական աղբյուրները

 

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումն իրականացնում են համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին:

Կազմակերպությունները (անկախ կազմակերպաիրավական ձևից) սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում են իրենց միջոցների հաշվին:

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ժամանակ պետական սեփականություն չհամարվող գույքի ու այլ արժեքների տիրապետումը և օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` հետագա համարժեք փոխհատուցմամբ:

 

ԳԼՈՒԽ 9.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 23. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
29 մարտի 2002 թ.
ՀՕ-309

 

pin
ՀՀ 05.03.2002
N ՀՕ-309 օրենք