18.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի մարտի 27-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 23.1-ին հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նրա հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) ստացվել է (են) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում, ու հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ նա ունի Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) առաջին օրվա վերաբերյալ տեղեկատվությունը սույն հոդվածի 4-րդ մասում նշված կարգով ստանալուց հետո` մինչև մայրության նպաստ նշանակելը կամ վճարելը, անձի մահվան դեպքում նպաստը նշանակվում և վճարվում է, կամ նպաստը նշանակելուց հետո մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացողի ընտանիքի անդամին (ամուսնուն, ծնողին, չափահաս զավակին, 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներով անձի մահվան օրվա դրությամբ նրա հետ բնակության նույն վայրում (հասցեում) համատեղ հաշվառված անձին)` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվան օրվանից հետո` վեցամսյա ժամկետում, լիազոր մարմին ներկայացնելու դեպքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում անձի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման:»:
i
Հոդված 2. Օրենքի 23.2-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Չաշխատող անձին (այդ թվում` սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձին), իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում` նրա ընտանիքի անդամին մայրության նպաստ նշանակվում է (անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք) մայրության նպաստի իրավունք ունեցող անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստանալուց, իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքում` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Անձի հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացվում է (են) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:».
3) 2-րդ մասի «Չաշխատող անձին» բառերը փոխարինել «Սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում» բառերով, իսկ նույն մասից հանել «չաշխատող անձին» բառերը.
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Չաշխատող անձին, իսկ սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքում` նրա ընտանիքի անդամին մայրության նպաստ նշանակելու և վճարելու համար հիմք են`
1) էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները` հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ.
2) «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ չաշխատող անձ հանդիսանալու վերաբերյալ.
3) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները` հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում ունենալու վերաբերյալ.
4) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալները.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում` սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված` մահացողի ընտանիքի անդամի ներկայացրած դիմումը և կից փաստաթղթերը:».
5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Տարածքային կենտրոնը սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված դեպքում մերժում է մայրության նպաստ նշանակելու դիմումը, եթե`
1) դիմողը սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4.1-ին մասում նշված` մահացողի ընտանիքի անդամ չէ, կամ
2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ
3) մահացած անձը, սույն օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն, չի ունեցել մայրության նպաստի իրավունք, կամ
4) մահացած անձի տվյալները չեն ստացվել սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում, կամ
5) չաշխատող անձը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ չի ունեցել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում, իսկ օտարերկրյա քաղաքացի` չաշխատող անձը հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ չի ունեցել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառում:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով.
«4.1. Սույն հոդվածով սահմանված կարգով մայրության նպաստը նշանակելու և վճարելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ ծանուցում է այն անձին, որի անվամբ մայրության նպաստի գումարը փոխանցվել է բանկ:
4.2. Սույն հոդվածով սահմանված կարգով մայրության նպաստ նշանակելը կամ վճարելը մերժելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին պատշաճ ծանուցում է դիմումը ներկայացնող անձին` նշելով մերժման հիմքը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո:
Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. ապրիլի 16 Երևան ՀՕ-74-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 17 ապրիլի 2025 թվական: