Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

06.04.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 17.1
ԱՌԱՆՁԻՆ ԽՈՒՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 288.2. Սույն գլխի գործողության ոլորտը և սահմանափակումները

 

1. Սույն գլխով նախատեսված դրույթները տարածվում են մինչև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ոչ առևտրային կազմակերպության, այդ թվում` դրա իրավահաջորդ կազմակերպության հետևյալ գույքի վրա.

1) հողամասի վրա, որի նկատմամբ իրավունքները «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի կամ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի ուժով փոխանցվել են այդ կազմակերպությանը.

2) շենքի կամ շինության վրա, այդ թվում` անավարտ, որը կառուցվել է մինչև «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ մտնելը պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա:

2. Առանձին խումբ անշարժ գույքի հետ կատարվող գործարքների նկատմամբ կիրառելի չէ սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասը:

3. Սույն գլխի դրույթները տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքի միայն առաջին օտարման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 288.3. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման պայմանները և կարգը

 

1. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:

2. Առանձին խումբ անշարժ գույքի օտարման գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության միջոցով:

3. Սույն հոդվածը տարածվում է նաև առանձին խումբ անշարժ գույքերի` այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում ներդրման դեպքերի վրա:

 

Հոդված 288.4. Առանձին խումբ անշարժ գույքի հատուցելի օտարման կարգը

 

1. Առանձին խումբ անշարժ գույքը հատուցելի եղանակով կարող է օտարվել միայն բաց աճուրդով` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գույքն աճուրդի կարող է դրվել սույն օրենսգրքի 288.3-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայության դեպքում:

2. Բաց աճուրդով օտարվելիս առանձին խումբ անշարժ գույքի վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված գնահատման հաշվետվությամբ սահմանված գնից, որը պետք է տրված լինի հրապարակային սակարկությունների մասին հրապարակային ծանուցում կատարելու օրվան նախորդող առավելագույնը մեկ տարի առաջ:

3. Աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 288.5. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անհատույց փոխանցման առանձնահատկությունները

 

1. Առանձին խումբ անշարժ գույքը սեփականության իրավունքով անհատույց կարող է փոխանցվել միայն ոչ առևտրային կազմակերպություններին և համայնքներին` նվիրաբերության կարգով, իսկ պետությանը` նվիրատվության կարգով:

2. Առանձին խումբ անշարժ գույքը նվիրաբերության կարգով ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցվելուց հետո տվյալ գույքի նկատմամբ շարունակվում են կիրառվել սույն գլխի կանոնները:

 

Հոդված 288.6. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքների անհատույց փոխանցման առանձնահատկությունները

 

1. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներն անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:

2. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքներն անհատույց փոխանցելու վերաբերյալ գործարքի կնքումից առնվազն երեք ամիս առաջ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` գործարքին համաձայնություն տալու մասին ակտի նախագիծը դրվում է հանրային քննարկման արդարադատության նախարարության կողմից վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության միջոցով:

 

Հոդված 288.7. Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման առանձնահատկությունները

 

1. Առանձին խումբ անշարժ գույքի գրավի պայմանագրով գրավառու կարող է հանդես գալ միայն պետությունը, համայնքը կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված իրավաբանական անձը:

2. Առանձին խումբ անշարժ գույքի գրավադրման գործարքը կարող է կնքվել միայն տվյալ ոչ առևտրային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ի համաձայնությամբ, որը հավաստվում է նրանց` նոտարական կարգով վավերացված ստորագրություններով:

 

Հոդված 288.8. Առանձին խումբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելու հետևանքները

 

1. Սույն գլխով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոխանցման կանոնները չպահպանելը հանգեցնում է իրավունքների փոխանցման գործարքի անվավերության: Նման գործարքն առ ոչինչ է:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2025 թ. մարտի 26
Երևան
ՀՕ-53-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2025 թվական:

 

pin
ՀՀ 05.03.2025
N ՀՕ-53-Ն օրենք