11.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալների կարգապահական պատասխանատվության հիմք է նաև նրանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնների խախտումը, որի դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում կիրառելի չեն սույն օրենքով նախատեսված կարգապահական վարույթի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով նախատեսված դեպքերում վարույթը հարուցում և իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալը թույլ է տալիս վարքագծի կանոնների և շահերի բախման այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են նրա` որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին:»:
i
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ մասով.
«24. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը քննարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու (սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերից մեկը կիրառելու) հարցը և կայացնում համապատասխան որոշում:»:
Հոդված 3. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված` վարքագծի կանոնները, ինչպես նաև շահերի բախման վերաբերյալ կարգավորումները կամ սահմանափակումները խախտելու կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի վրա, եթե չեն լրացել պատասխանատվության ենթարկելու` Օրենքով սահմանված ժամկետները:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 7 Երևան ՀՕ-35-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 մարտի 2025 թվական: