11.03.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 1.2-րդ հոդվածում`
i
1) 7-րդ մասից հանել «(հիմնական ֆոնդերը)» բառերը.
i
2) 17-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Բյուջետային ծրագիրը միևնույն նպատակին ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ` ծրագրի միջոցառումներ) տրամաբանական խմբավորումն է: Բյուջետային ծրագրերը հաստատվում են պետական բյուջեի մասին օրենքով:».
i
3) 17.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
i
4) 17.2-րդ մասը «Յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «բյուջետային» բառով.
i
5) 17.3-րդ մասի «Ծրագրի» բառը փոխարինել «Բյուջետային ծրագրի» բառերով.
i
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.4-րդ և 17.5-րդ մասերով.
«17.4. Հանրային ներդրումը պետական և համայնքային բյուջեների (այդ թվում` կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին ոչ ֆինանսական ակտիվի ձեռքբերումն է (այդ թվում` ոչ ֆինանսական ակտիվի ստեղծումը, փոխարինումը) կամ էական բարելավումը, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է ծախս կամ պայմանական պարտավորություն: Սույն օրենքի իմաստով էական բարելավում են համարվում ակտիվի արտադրողականության բարձրացմանը կամ շահագործման ժամկետի ավելացմանն ուղղված ակտիվի վերականգնումը, վերակառուցումը կամ ընդլայնումը: Սույն օրենքի իմաստով հանրային ներդրում չեն համարվում այն ծախսերը, որոնք ունեն պարբերական բնույթ և ուղղված են ոչ ֆինանսական ակտիվի ներկա վիճակի պահպանմանը:
17.5. Հանրային ներդրումային ծրագիրը պետական և համայնքային բյուջեների (այդ թվում` կառավարության կողմից կնքվելիք միջազգային վարկային կամ դրամաշնորհային պայմանագրով նախատեսվող ֆինանսական միջոցների) հաշվին սահմանված ժամանակահատվածում և որոշակի կազմակերպական կառուցվածքով հստակ սահմանված նպատակներին և արդյունքներին միտված գործողությունների միջոցով իրականացվող հանրային ներդրում է: Հանրային ներդրումային ծրագիրը կարող է ներառվել պետական բյուջեում որպես առանձին բյուջետային ծրագիր կամ բյուջետային ծրագրի միջոցառում: Հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը սահմանում է կառավարությունը:»:
i
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բյուջեների միջոցների հաշվին կապիտալ ծախսերն իրականացվում են հետևյալ պայմաններով.
ա) առկա են ծախսերի կատարման իրավական հիմքերը` հանրային ներդրումային կամ այլ նպատակային ծրագրերը, պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները.
բ) առկա են ծախսերի կատարման հիմնավորման տեխնիկական չափանիշները, փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերը` անհրաժեշտության դեպքում.
գ) հստակեցված են ծախսերի կատարման փուլերը և ժամկետները.
դ) հաստատված է օբյեկտների ցանկը` անհրաժեշտության դեպքում:
Կառավարությունը կարող է սահմանել կապիտալ ծախսերի առանձին տեսակների նկատմամբ կիրառելի լրացուցիչ պահանջներ և դրանց իրականացման կարգը:»:
i
Հոդված 3. Օրենքի 17.1-ին հոդվածի «ա» կետից հանել «(հիմնական ֆոնդերի)» բառերը:
i
Հոդված 4. Օրենքի 28.2-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետից հանել «(հիմնական ֆոնդերի)» բառերը:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 6-րդ կետի դրույթներն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում են 2027 թվականի բյուջետային գործընթացի վրա:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, Կառավարությունը հաստատում է հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների որոշման կարգը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 7 Երևան ՀՕ-30-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 մարտի 2025 թվական: