11.04.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 169.12 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.12 . |
Ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելը կամ դրանք չհրապարակելը, ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը |
1. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում չհրապարակելը, այդ թվում` ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո` 30 օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը, այդ թվում` ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական տույժը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո` 30 օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենսդրությամբ սահմանված կարգով չհրապարակելը, այդ թվում` ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական http://www.azdarar.am ինտերնետային կայքում չհրապարակելը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա ֆինանսական հաշվետվությունները կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ինտերնետային կայքի հղումը (հասցեն) չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարհինգհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 169.13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 169.13. |
Կազմակերպությունում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը |
1. «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքով սահմանված` հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր, միջին, ինչպես նաև «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքով նախատեսված` Կառավարության սահմանած հանրային հատվածի կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժը նշանակելու մասին որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո` 30 օրվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպություններում օրենսդրությամբ սահմանված պահանջները չբավարարող գլխավոր հաշվապահի աշխատանքի ընդունելը կամ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածով սահմանված խախտումների համար վարչական պատասխանատվությունը կիրառվում է խախտումը կատարած կազմակերպության ղեկավարի նկատմամբ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված վարչական վարույթների վրա:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 7 Երևան ՀՕ-29-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 10 մարտի 2025 թվական: