Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Արդեն պատրաստ է տվյալ ակտի   01.11.2025  -ից ուժի մեջ մտնող խմբագրությունը:
 
ԻՐՏԵԿ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի, 24-րդ հոդվածի 6-րդ մասի և 28-րդ հոդվածի 4-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  Հոդ. 29 մաս 1

14.11.2024 - 01.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքով սահմանվում են ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, խնդիրները, գործունեության նպատակը և իրավական հիմքը, լիազորությունները, ոստիկանության գվարդիայի ծառայողի կողմից կիրառվող հարկադրանքի միջոցները, հարկադրանքի միջոցներ կիրառելու սկզբունքները, հիմքերը և պայմանները, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի ծառայողի հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման առանձնահատկությունները:

 

Հոդված 2. Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը և գործունեության նպատակը

 

1. Ոստիկանության գվարդիան ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեության նպատակն է պաշտպանել անձի իրավունքները և ազատությունները, ինչպես նաև ապահովել հասարակության և պետության անվտանգությունը:

 

Հոդված 3. Ոստիկանության գվարդիայի խնդիրները

 

1. Ոստիկանության գվարդիայի խնդիրներն են`

1) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը,

2) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը,

3) ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը,

4) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը,

5) քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:

2. Ոստիկանության գվարդիայի խնդիրները կարող են սահմանվել միայն սույն օրենքով:

 

Հոդված 4. Ոստիկանության գվարդիայի գործունեության իրավական հիմքը

 

1. Ոստիկանության գվարդիայի գործունեությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների և նորմերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Ոստիկանության մասին» օրենքի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի, սույն օրենքի, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի վրա:

 

Հոդված 5. Ոստիկանության գվարդիայի կառուցվածքը և թվաքանակը

 

1. Ոստիկանության գվարդիան ունի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներ: Ոստիկանության գվարդիայի կառուցվածքը սահմանվում է ոստիկանության գվարդիայի կանոնադրությամբ, որը հաստատում է ոստիկանության պետը:

2. Ոստիկանության գվարդիայի թվաքանակը սահմանում է վարչապետը` ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարի հիմնավորած առաջարկությամբ:

 

Հոդված 6. Ոստիկանության գվարդիայի ղեկավարումը

 

1. Ոստիկանության գվարդիայի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը` ոստիկանության գվարդիայի հրամանատարը:

2. Ոստիկանության գվարդիայի ղեկավարման մանրամասները սահմանվում են ոստիկանության գվարդիայի կանոնադրությամբ:

 

ԳԼՈՒԽ 2
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 7. Ոստիկանության գվարդիայի լիազորությունների սահմանները

 

1. Ոստիկանության գվարդիան իր լիազորություններն իրականացնում է սույն օրենքով նախատեսված խնդիրները լուծելու համար:

2. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները կարող են սահմանվել միայն օրենքով:

 

Հոդված 8. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս

 

1. Հասարակական կարգը պահպանելիս և հասարակական անվտանգությունն ապահովելիս ոստիկանության գվարդիան լիազորված է`

1) իրականացնելու պարեկապահակետային ծառայություն հասարակական վայրերում (փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում, ընտրական տեղամասերում և այլն),

2) ապահովելու հանրային միջոցառումների (հավաքների, երթերի, մարզական ու մշակութային միջոցառումների, ընտրությունների և այլն) բնականոն ընթացքը, պաշտպանելու դրանց մասնակիցների իրավունքները և իրավաչափ շահերը,

3) իրականացնելու «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսված ոստիկանության պարտականությունները,

4) հանցանք կամ վարչական իրավախախտում կատարելու մեջ կասկածելու բավարար հիմքերի առկայության դեպքում ստուգելու ենթադրյալ իրավախախտի անձը հաստատող փաստաթղթերը,

5) պահանջելու անձից դադարեցնել հանցանքի կամ վարչական իրավախախտման կատարումը,

6) կանխելու և խափանելու հանցանքի, վարչական իրավախախտման կատարումը,

7) քննելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը,

8) հանցանքների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, հայտնաբերման ու բացահայտման նպատակով համագործակցելու ոստիկանության այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ,

9) «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքին համապատասխան` մասնակցելու հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը ոստիկանության գվարդիան իրավասու է իրականացնելու նաև պայմանագրային հիմունքներով, եթե մարզական, մշակութային կամ այլ միջոցառում կազմակերպում են մասնավոր անձինք:

 

Հոդված 9. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելիս, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելիս

 

1. Պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելիս, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելիս ոստիկանության գվարդիան լիազորված է`

1) ապահովելու պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների բնականոն գործունեությունը,

2) ապահովելու անցագրային ռեժիմը պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտներում,

3) ուղեկցելու հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները,

4) իրականացնելու պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների պաշտպանությունը, այդ թվում` դրանց վրա կատարվող հարձակումներին հակազդելով:

2. Սույն հոդվածով նախատեսված լիազորությունները ոստիկանության գվարդիան իրավասու է իրականացնելու նաև պայմանագրային հիմունքներով, եթե համապատասխան շենքը, շինությունը, այլ օբյեկտը, տրանսպորտային միջոցը կամ բեռը պատկանում են մասնավոր անձանց:

3. Ոստիկանության գվարդիայի կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտները պահպանելու, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու կարգը և պայմանները, այդ թվում` պայմանագրային հիմունքներով, սահմանում է Կառավարությունը:

 

i
Հոդված 10. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելիս

 

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելիս ոստիկանության գվարդիան լիազորված է`

1) իրականացնելու «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջոցառումները,

2) իրականացնելու «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խնդիրները,

3) մասնակցելու «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների իրականացմանը,

4) ապահովելու սահմանված պարետային ժամի ռեժիմը,

5) անհրաժեշտության դեպքում կատարելու ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ:

 

Հոդված 11. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելիս

 

1. Իրավասու մարմնի նախաձեռնությամբ իրականացվող համագործակցության շրջանակներում հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելիս ոստիկանության գվարդիան լիազորված է`

1) ուղեկցելու հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց,

2) մասնակցելու հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց տեղաշարժման երթուղիների և նրանց մասնակցությամբ իրականացվող միջոցառումների վայրերի անվտանգության ապահովմանը,

3) կազմակերպելու ավտո կամ հետիոտն պահակետային ծառայություն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի շենքերի, շինությունների, կառույցների կամ դրանց հարող տարածքներում:

 

Հոդված 12. Ոստիկանության գվարդիայի լիազորությունները քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելիս

 

1. Քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելիս ոստիկանության գվարդիան լիազորված է`

1) կատարելու քրեական վարույթին ներգրավված անձի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ այլ մերձավոր անձի (պաշտպանվող անձի) նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումը,

2) աջակցելու դեպքի վայրի պահպանության իրականացմանը, այդ թվում` դեպքի վայրից հեռացնելու անձանց:

 

ԳԼՈՒԽ 3
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼԸ

 

Հոդված 13. Հարկադրանքի միջոցները

 

1. Սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է կիրառելու հետևյալ հարկադրանքի միջոցները.

1) շենքեր, շինություններ, տարածքներ և այլ օբյեկտներ շրջափակելը կամ արգելափակելը,

2) ձերբակալումը,

3) բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելը,

4) ուժային միջոցներ գործադրելը:

 

Հոդված 14. Հարկադրանքի միջոցների կիրառման սկզբունքները

 

1. Հարկադրանքի միջոցների կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել սույն օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումը:

2. Անձի նկատմամբ հարկադրանքի միջոց կարող է կիրառվել միայն նրա իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված կառուցակարգերի ու ընթացակարգերի շրջանակներում:

3. Կիրառման ենթակա հարկադրանքի միջոցը պետք է պիտանի և անհրաժեշտ լինի օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար: Հարկադրանքի միջոցի կիրառումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահի պաշտպանության նպատակին:

4. Հարկադրանքի միջոց ընտրելիս ոստիկանության գվարդիայի ծառայողն առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով: Արգելվում է անձի նկատմամբ կիրառել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով հնարավոր է ապահովել սույն օրենքով նախատեսված լիազորության պատշաճ իրականացումը:

5. Անձի անձնական անձեռնմխելիությանը միջամտող ֆիզիկական հարկադրանքը անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով թույլատրելի է միայն այն դեպքում, երբ նա կամավոր չի կատարում ոստիկանության գվարդիայի ծառայողի կամ այլ իրավասու անձի իրավաչափ պահանջը:

6. Հարկադրանքի միջոցի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի, եթե վերացել են դրա կիրառման` սույն օրենքով նախատեսված հիմքերը:

7. Անձի նկատմամբ հարկադրանքի միջոցի կիրառումը չպետք է պարունակի պատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, ֆիզիկական կամ հոգեկան տանջանքներ պատճառելու տարրեր:

8. Հարկադրանքի միջոցի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության գվարդիայի ծառայողն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին (հրամանատարին), իսկ ոստիկանության գվարդիայի հրամանատարը նույն ժամկետում և նույն կարգով` ոստիկանության պետին:

9. Հարկադրանքի միջոցի ոչ իրավաչափ կիրառումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

 

Հոդված 15. Շենքեր, շինություններ, տարածքներ և այլ օբյեկտներ շրջափակելը կամ արգելափակելը

 

1. Շենքեր, շինություններ, տարածքներ և այլ օբյեկտներ շրջափակելը կամ արգելափակելը ոստիկանության գվարդիայի ծառայողի կողմից ֆիզիկական անձանց կամ տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը սահմանափակելը կամ արգելելն է անձանց անվտանգությունը, հասարակական կարգի պահպանությունը, ինչպես նաև գույքի պաշտպանությունն ապահովելու նպատակով:

2. Շենքերը, շինությունները, տարածքները և այլ օբյեկտներ ոստիկանության գվարդիայի իրավասու ստորաբաժանման հրամանատարի հրամանով կարող են շրջափակվել կամ արգելափակվել, եթե դա անհրաժեշտ է`

1) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումներ իրականացնելու համար,

2) հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար,

3) հանցանքի կատարումը կանխելու կամ խափանելու համար,

4) դեպքի կամ պատահարի վայրում ապացուցողական գործողություններ կամ օրենքով նախատեսված այլ միջոցառումներ իրականացնելու համար,

5) հանրային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, դրանց մասնակիցների իրավունքները և իրավաչափ շահերը պաշտպանելու համար:

3. Մասնավոր անձանց պատկանող շենքերի, շինությունների, տարածքների և այլ օբյեկտների շրջափակումը կամ արգելափակումը կարող է իրականացվել այն դեպքում, երբ անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգն այլ կերպ կանխել հնարավոր չէ:

4. Սույն հոդվածով նախատեսված շենքերի, շինությունների, տարածքների և այլ օբյեկտների շրջափակումը կամ արգելափակումն իրականացնելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը միջոցներ է ձեռնարկում բնակչության կենսագործունեությունն ապահովելու համար, ինչպես նաև անձանց պարզաբանում ստեղծված իրավիճակում տեղաշարժման առավել հարմար ուղիները:

 

Հոդված 16. Ձերբակալումը

 

1. Ձերբակալումն առանց որոշման անձին անձնական ազատությունից ժամանակավորապես զրկելն է:

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է ձերբակալելու անձին, եթե`

1) առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած,

2) սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս պարզել է, որ նա հետախուզման մեջ է,

3) նա խախտել է պարետային ժամի կանոնները,

4) առկա է նրա կողմից հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդություն տարածելու իրական վտանգ,

5) առերևույթ հոգեկան առողջության խնդիր ունենալու կամ առերևույթ ոչ սթափ վիճակում գտնվելու պատճառով նա ակնհայտ վտանգ է ներկայացնում հանրության համար:

3. Ոստիկանության գվարդիայի ծառայողը ձերբակալվածի համար հասկանալի լեզվով անհապաղ հայտնում է նրան ազատությունից զրկելու պատճառը, ինչպես նաև պարզաբանում լռություն պահպանելու և փաստաբան ունենալու իրավունքները:

4. Ձերբակալում իրականացնելուց հետո ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է կատարելու դրան ուղեկցող անձնական խուզարկություն, որից հետո ձերբակալվածին բերելու իրավասու մարմին, ինչպես նաև կազմելու ձերբակալման արձանագրություն:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետով նախատեսված հիմքով անձին ձերբակալելու դեպքում ոստիկանության գվարդիայի ծառայողն անհապաղ միջոցներ է ձեռնարկում նրան համապատասխան բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար:

6. Ձերբակալման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության գվարդիայի` ձերբակալում իրականացրած ծառայողն անհապաղ գրավոր տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին (հրամանատարին), իսկ ոստիկանության գվարդիայի հրամանատարը կամ նրա տեղակալը նույն կարգով` իրավասու դատախազին:

 

Հոդված 17. Բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելը

 

1. Բնակելի կամ այլ տարածքներ, այդ թվում` հողամասեր, շենքեր, շինություններ կամ այլ օբյեկտներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ մուտք գործելն անձի մասնավոր կյանքի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքների կարճաժամկետ սահմանափակումն է:

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է մուտք գործելու բնակելի կամ այլ տարածքներ, այդ թվում` հողամասեր, շենքեր, շինություններ կամ այլ օբյեկտներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ (բացառությամբ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների շենքերի, շինությունների և տրանսպորտային միջոցների), եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է`

1) անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար,

2) անձի կյանքի, առողջության կամ գույքի դեմ ուղղված հանցանքի կատարումը խափանելու համար,

3) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կամ հետախուզման մեջ գտնվող անձին հետապնդելիս նրան ձերբակալելու համար,

4) հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար:

3. Ոստիկանության գվարդիայի ծառայողն անհրաժեշտության դեպքում բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելու համար իրավասու է վերացնելու դրան խոչընդոտող ֆիզիկական արգելքները:

4. Ոստիկանության գվարդիայի ծառայողը բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելուց առաջ դրանց օրինական տիրապետողին կամ այնտեղ գտնվող անձանց պարտավոր է տեղեկացնել իր մտադրության և գործողությունների նպատակի մասին, եթե ստեղծված իրավիճակում դա ողջամտորեն հնարավոր է:

5. Ոստիկանության գվարդիայի ծառայողը բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելիս պարտավոր է ձեռնպահ մնալ անձանց կյանքը և առողջությունը վտանգող, պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող գործողություններ կատարելուց, առանց անհրաժեշտության չվնասել նրանց գույքը, չհրապարակել անձանց մասնավոր կյանքին վերաբերող իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

6. Ոստիկանության գվարդիայի ծառայողը բնակելի կամ այլ տարածքի, տրանսպորտային միջոցի օրինական տիրապետողին հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է այնտեղ մուտք գործելու մասին, եթե դա տեղի է ունեցել նրա բացակայությամբ:

7. Բնակելի կամ այլ տարածք, տրանսպորտային միջոց մուտք գործելուց հետո ոստիկանության գվարդիայի ծառայողը կազմում է արձանագրություն, որում նշում է դրա հակիրճ նկարագիրը, գտնվելու վայրը, օրինական տիրապետողի կամ այնտեղ գտնվող անձանց տվյալները, մուտք գործելու նպատակը, կատարված գործողությունները, իսկ առկայության դեպքում` նաև պատճառված վնասի նկարագրությունը: Արձանագրության պատճենը հանձնվում կամ ուղարկվում է բնակելի կամ այլ տարածքի, տրանսպորտային միջոցի օրինական տիրապետողին:

8. Ոստիկանության գվարդիայի ծառայողը պարտավոր է ձեռնարկել բնակելի կամ այլ տարածքի, տրանսպորտային միջոցի և այնտեղ գտնվող գույքի պահպանության համար անհրաժեշտ միջոցներ մինչև այն օրինական տիրապետողին կամ իրավասու մարմնին հանձնելը:

 

Հոդված 18. ուժային միջոցները

 

1. Ոստիկանության գվարդիայի ծառայողն անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավասու է գործադրելու հետևյալ ուժային միջոցները.

1) ֆիզիկական ուժ,

2) հատուկ միջոցներ,

3) հրազեն,

4) հատուկ տեխնիկա:

 

Հոդված 19. Ուժային միջոցների գործադրման իրավաչափության ընդհանուր պայմանները

 

1. Ուժային միջոցը կարող է գործադրվել միայն այն ժամանակ, երբ առանց դրա սույն օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացումը և հարկադրանքի ավելի մեղմ միջոցների կիրառումն անհնար են:

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է հատուկ միջոց և հրազեն կրելու ու գործադրելու, ինչպես նաև հատուկ տեխնիկա գործադրելու միայն դրանց կիրառման հմտություններին տիրապետելու հատուկ պատրաստություն անցնելուց հետո: Հատուկ պատրաստություն անցած ոստիկանության գվարդիայի ծառայողի` հատուկ միջոց և հրազեն, ինչպես նաև հատուկ տեխնիկա կիրառելու հմտությունները հետագայում ստուգվում են պարբերական վերապատրաստումների արդյունքներով: Հատուկ միջոց և հրազեն կրելու ու գործադրելու, ինչպես նաև հատուկ տեխնիկա գործադրելու իրավասությունը պահպանում է միայն համապատասխան պարբերական վերապատրաստում անցած ծառայողը:

3. Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը գործում է ինքնուրույն` ղեկավարվելով օրենքով, իսկ ստորաբաժանման կազմում` նաև տվյալ ստորաբաժանման հրամանատարի հրամանով: Ուժային միջոցի գործադրման վերաբերյալ ակնհայտ անօրինական կամ ակնհայտ անհիմն հրամանը ենթակա չէ կատարման:

4. Ոստիկանության գվարդիայի ծառայողն ուժային միջոց գործադրելուց առաջ պարտավոր է անձին հայտնել, որ ոստիկանության գվարդիայի ծառայող է, նախազգուշացնել իր մտադրության մասին և նրան բավարար ժամանակ տրամադրել իր իրավաչափ պահանջը կատարելու համար, բացառությամբ երբ դա կարող է վտանգել անձի, այդ թվում` ոստիկանության գվարդիայի ծառայողի կյանքը կամ առողջությունը, կամ ստեղծված իրավիճակում դա ողջամտորեն անհնար է անել: Ստորաբաժանման կազմում ուժային միջոց գործադրելուց առաջ նշված գործողությունները կատարում է ոստիկանության գվարդիայի տվյալ ստորաբաժանման ծառայողներից մեկը:

5. Ոստիկանության գվարդիայի ծառայողն ուժային միջոցի ընտրությունը կատարում է` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավախախտման բնույթը, ինչպես նաև իրավախախտի գործողությունների վտանգավորության աստիճանը, այդ թվում` նրա ցուցաբերած դիմադրության բնույթը և ուժգնությունը:

6. Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը պետք է նպատակ հետապնդի իրավախախտին պատճառվող հնարավոր վնասը հասցնել նվազագույնի:

 

Հոդված 20. Ֆիզիկական ուժ գործադրելը

 

1. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է գործադրելու ֆիզիկական ուժ (այդ թվում` պայքարի մարտական հնարքներ), եթե դա անհրաժեշտ է`

1) հանցանքի կամ վարչական իրավախախտման կատարումը կանխելու կամ խափանելու համար,

2) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով անձին ձերբակալելու և նրան իրավասու մարմին բերելու կամ համապատասխան բժշկական կազմակերպություն տեղափոխելու համար,

3) ոստիկանության գվարդիայի ծառայողի կամ այլ իրավասու անձի իրավաչափ պահանջի կատարումն ապահովելու համար:

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է ֆիզիկական ուժ գործադրելու նաև այն դեպքում, երբ սույն օրենքով հատուկ միջոցի կամ հրազենի գործադրումն իրավաչափ է համարվում:

 

Հոդված 21. Հատուկ միջոցներ գործադրելը

 

1. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է գործադրելու սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատուկ միջոցները, եթե դա անհրաժեշտ է`

1) անձի, այդ թվում` ոստիկանության գվարդիայի ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելու կամ դրա իրական սպառնալիքը չեզոքացնելու համար,

2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության գվարդիայի ծառայողին կամ այլ իրավասու անձի ցույց տրվող դիմադրությունը ճնշելու համար,

3) զանգվածային անկարգությունները, ինչպես նաև հակաիրավական խմբակային այլ գործողություններ խափանելու համար,

4) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու, այդ թվում` պայմանագրային հիմունքներով պահպանվող գույքի վրա կատարվող հարձակումը խափանելու համար,

5) ապօրինի պահվող անձանց, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու համար,

6) տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար, եթե այն վարող անձը դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության գվարդիայի ծառայողի կամ այլ իրավասու անձի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին:

2. Որպես հատուկ միջոցներ կարող են գործադրվել`

1) ձեռնաշղթաներ, կապող ցանցեր` սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

2) մահակներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) ապակողմնորոշող լուսային և ձայնային ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ձեռքի ծխանռնակներ, ծխագլանակներ, ծխային կրակոցներ և արկեր` սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

4) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի սրվակներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) ծառայողական շներ (պահնորդական, հետախուզական, պարեկային)` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

6) արգելքներ քանդող գործիքներ (սարքեր) և տեխնիկա` սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

7) մարդկանց և տրանսպորտային միջոցները հարկադրաբար կանգնեցնելու (արգելափակելու) տեխնիկական պատնեշներ, ճանապարհային ոզնիներ և փշալարեր` սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

8) ջրանետեր, այդ թվում` հատուկ ներկող նյութերի օգտագործմամբ, զրահամեքենաներ` սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված դեպքերում,

9) արցունքաբեր, գրգռիչ գազով ձեռքի նռնակներ, կրակոցներ և արկեր, ռետինե գնդակներով փամփուշտներ` սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

10) նույնականացնող կամ տարբերակող ներկող նյութեր` սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված հատուկ միջոցները գործադրվում են ոստիկանության գվարդիայի իրավասու ստորաբաժանման հրամանատարի հրամանով, իսկ նույն մասի 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հատուկ միջոցները` միայն ոստիկանության գվարդիայի հրամանատարի կամ նրա տեղակալի հրամանով:

4. Հատուկ միջոցի գործադրումն իրավաչափ է, եթե ֆիզիկական ուժի գործադրումն ակնհայտ անբավարար է սույն օրենքով նախատեսված լիազորությունները պատշաճ իրականացնելու կամ հարկադրանքի ավելի մեղմ միջոցների կիրառումն ապահովելու համար:

5. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է հատուկ միջոց գործադրելու նաև այն դեպքում, երբ սույն օրենքով հրազենի գործադրումն իրավաչափ է համարվում:

6. Հատուկ միջոցների տեխնիկական բնութագիրը, կիրառման կանոնները, պահպանման ժամկետները, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

7. Հատուկ միջոցները ոստիկանության գվարդիայի ծառայողին հատկացնելու, պահպանելու և դրանց պիտանիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 22. Հրազեն գործադրելը

 

1. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է գործադրելու հրազեն, եթե դա որպես կյանքի պաշտպանության վերջին միջոց բացարձակապես անհրաժեշտ է`

1) անձի, այդ թվում` ոստիկանության գվարդիայի ծառայողի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ և ակնհայտ ոտնձգությունը, ներառյալ զինված հարձակումը խափանելու համար,

2) իր լիազորություններն իրականացնող ոստիկանության գվարդիայի ծառայողին կամ այլ իրավասու անձին ցույց տրվող զինված դիմադրությունը ճնշելու, ինչպես նաև նրա զենքին տիրելու փորձը խափանելու համար,

3) պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգությունն ապահովելու, այդ թվում` պայմանագրային հիմունքներով պահպանվող գույքի վրա կատարվող զինված հարձակումը խափանելու համար,

4) զինված անձին վնասազերծելու համար, եթե նա հրաժարվում է կատարել հակաիրավական գործողությունները դադարեցնելու և իր մոտ եղած զենքը հանձնելու, ապօրինի պահվող անձանց ազատելու, ապօրինաբար զբաղեցված շենքերը, շինությունները, տարածքներն ու այլ օբյեկտները, տրանսպորտային միջոցները ազատելու կամ կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանության գվարդիայի ծառայողի իրավաչափ պահանջները:

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է մարդուն չխոցելու նպատակով հրազեն գործադրելու հետևյալ դեպքերում.

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե այն վարող անձը ռազմական դրության իրավական ռեժիմի կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում դիտավորյալ չի ենթարկվում ոստիկանության գվարդիայի ծառայողի կամ այլ իրավասու անձի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու իրավաչափ պահանջին,

2) բնակելի կամ այլ տարածքներ, տրանսպորտային միջոցներ մուտք գործելը խոչընդոտող ֆիզիկական արգելքները վերացնելիս,

3) հրազեն գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապի ազդանշան տալիս կամ օգնություն կանչելիս:

3. Ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է մերկացնելու հրազենը և այն բերելու պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող է առաջանալ սույն հոդվածին համապատասխան հրազեն գործադրելու անհրաժեշտություն:

4. Սույն հոդվածի իմաստով` հարձակումը կամ դիմադրությունը համարվում է զինված, եթե այն կատարվել է ցանկացած տեսակի հրազենով կամ զենքով կամ դրանց ակնհայտ նմանվող առարկայով կամ կյանքից զրկելու կամ առողջությանը լուրջ վնաս պատճառելու համար պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի կամ նյութի գործադրմամբ:

 

Հոդված 23. Հատուկ տեխնիկա գործադրելը

 

1. Հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը մասնակցելիս կամ ռազմական դրություն հայտարարված տարածքում իրականացվող պատերազմական գործողությունների շրջանակներում հատուկ առաջադրանքներ կատարելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների պահպանմամբ իրավասու է գործադրելու հատուկ տեխնիկա:

2. Հատուկ տեխնիկան գործադրվում է ոստիկանության պետի հրամանով:

3. Ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ ընդգրկվող հատուկ տեխնիկայի ցանկը սահմանում է Կառավարությունը:

 

Հոդված 24. Ուժային միջոցների գործադրման տիրույթում գտնվող անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները

 

1. Արգելվում է ուժային միջոցներ գործադրել`

1) հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից անձի կյանքի կամ առողջության դեմ ուղղված ուղիղ և ակնհայտ ոտնձգություն կատարելու, զինված հարձակում գործելու, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տալու դեպքերի),

2) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների տարածքներում (բացառությամբ երբ ուժային միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով):

2. Հրազենի գործադրումն արգելվում է մարդկանց զգալի կուտակումների վայրերում, եթե առկա է այլ անձանց վնաս պատճառելու իրական վտանգ:

3. Պայթյունավտանգ հատուկ միջոցները և հրազենը չեն կարող գործադրվել այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:

4. Արգելվում է ջրանետի գործադրումը զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում:

5. Ուղևորների առկայության դեպքում ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցները չեն կարող հարկադրաբար կանգնեցվել (արգելափակվել):

6. Արգելվում է ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ հրազենի կամ դրա ռազմամթերքի այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք պատճառում են առավել ծանր վնասվածքներ կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Արգելվում է ոստիկանության գվարդիայի սպառազինության մեջ այնպիսի հատուկ միջոցներ կամ դրանց տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց տեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը` ոստիկանության ներկայացրած հատուկ միջոցների տեխնիկական բնութագրերի հիման վրա:

7. Ուժային միջոց գործադրելիս ոստիկանության գվարդիայի ծառայողը պարտավոր է մարմնական վնասվածք ստացած անձին ցուցաբերել առաջին օգնություն կամ միջոցներ ձեռնարկել այն ապահովելու համար` բժշկական հաստատությանն անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքի ու մահվան բոլոր դեպքերի մասին:

8. Ուժային միջոց գործադրած ոստիկանության գվարդիայի ծառայողի անմիջական ղեկավարը (հրամանատարը) սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի մասին պարտավոր է անմիջապես, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:

9. Ուժային միջոցի գործադրման հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության գվարդիայի ծառայողն անհապաղ գրավոր տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին (հրամանատարին), իսկ ոստիկանության գվարդիայի հրամանատարը նույն կարգով` ոստիկանության պետին` նշելով գործադրված ուժային միջոցի տեսակը և քանակը, գործադրման նպատակը, ժամանակը, պայմանները, անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձին, որի նկատմամբ այն գործադրվել է, մարմնական վնասվածք ստացած անձին առաջին օգնություն ցուցաբերելուն ուղղված միջոցները, մարմնական վնասվածք ստացած անձին կամ մահացածին տեղափոխելու վայրը, եթե տեղափոխումն իրականացրել են ոստիկանության գվարդիայի ծառայողները:

 

Հոդված 25. Ոստիկանության գվարդիայի ծառայողի անձնական կամ ստորաբաժանման անվտանգության ապահովման և իրավական պաշտպանության երաշխիքները

 

1. Անձնական կամ ստորաբաժանման անվտանգության ապահովման համար ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավունք ունի օգտագործելու անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցներ, այդ թվում` սաղավարտ, վահան, զրահաբաճկոն և հակագազ: Անհատական կամ կոլեկտիվ պաշտպանության միջոցները հատուկ միջոցներ չեն համարվում:

2. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության գվարդիայի ծառայողն իրավասու է գործելու սպառնացող վտանգի բնույթին և աստիճանին համաչափ` անկախ գործադրվող միջոցից:

3. Ոստիկանության գվարդիայի ծառայողը ենթակա չէ պատասխանատվության, այդ թվում` գույքային, եթե գործել է սույն օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառման սկզբունքներին և իրավաչափության պայմաններին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 4
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Հոդված 26. Հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման նպատակը

 

1. Ոստիկանության գվարդիայի ծառայողի հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման նպատակը սույն օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում հարկադրանքի միջոցների կիրառումը, այդ թվում` ուժային միջոցների գործադրումը նվազագույնի հասցնելու հմտությունների ուսուցումը և զարգացումն են:

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողի հատուկ պատրաստությունը և պարբերական վերապատրաստումն իրականացվում են վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա: Հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման արդյունքով ոստիկանության գվարդիայի ծառայողը պետք է ունակ լինի հարկադրանքի միջոցների կիրառման, այդ թվում` ուժային միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրավիճակներում գործելու սույն օրենքով սահմանված սկզբունքներին և իրավաչափության պայմաններին համապատասխան:

 

Հոդված 27. Հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման շրջանակը

 

1. Ոստիկանության գվարդիայի ծառայողի հատուկ պատրաստությունը և պարբերական վերապատրաստումը, ի թիվս այլնի, ներառում են`

1) հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման շրջանակներում, ներառյալ հանրային միջոցառումների անցկացման ժամանակ, մարդկանց հետ հարաբերվելու էթիկական սկզբունքները, հոգեբանական շփում հաստատելու և բանակցություններ վարելու հմտությունները,

2) հանրային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի պատշաճ պահպանություն իրականացնելու և հասարակական անվտանգություն ապահովելու մարտավարական հմտությունները,

3) մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում` կարծիքի արտահայտման, հավաքների ազատության, կյանքի, խոշտանգումից, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքից զերծ մնալու, անձնական ազատության, մասնավոր և ընտանեկան կյանքի ու բնակարանի անձեռնմխելիության, ազատ տեղաշարժվելու և սեփականության իրավունքների բովանդակությունը, ինչպես նաև դրանց իրավաչափ սահմանափակման հիմքերը,

4) հարկադրանքի միջոցների կիրառման, այդ թվում` ուժային միջոցների գործադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկայով սահմանված սկզբունքները և չափանիշները, ներառյալ ուժային միջոցների ընտրության, անհրաժեշտության և համաչափության պայմանները,

5) զանգվածային անկարգությունները, ինչպես նաև հակաիրավական խմբակային այլ գործողությունները խափանելու ժամանակ հարկադրանքի համաչափ և արհեստավարժ կիրառման հմտությունները,

6) հարկադրանքի միջոցների կիրառման, այդ թվում` ուժային միջոցների գործադրման հմտությունները և կարողությունները,

7) անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում իրականացնելու, դրան ուղեկցող անձնական խուզարկություն կատարելու, ինչպես նաև համապատասխան արձանագրություն կազմելու կարողությունները,

8) մարմնական վնասվածք ստացած անձին առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները:

 

Հոդված 28. Հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման տևողությունը

 

1. Ոստիկանության գվարդիայի ծառայողի հատուկ պատրաստությունը և պարբերական վերապատրաստումն անցկացվում է լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում:

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողի հատուկ պատրաստության ծրագրի տևողությունը չի կարող պակաս լինել մեկ ամսից:

3. Ոստիկանության գվարդիայի ծառայողի պարբերական վերապատրաստումն անցկացվում է յուրաքանչյուր տարի: Պարբերական վերապատրաստման ծրագրի տևողությունը չի կարող պակաս լինել տարեկան 80 ժամից:

4. Ոստիկանության գվարդիայի ծառայողի հատուկ պատրաստության և պարբերական վերապատրաստման անցկացման կարգն ու ժամկետները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 29. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 21-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի, 24-րդ հոդվածի 6-րդ մասի և 28-րդ հոդվածի 4-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի համապատասխան դրույթներն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

3. Ոստիկանության զորքերի զինծառայողները ոստիկանության գվարդիայի ծառայողի պաշտոնում նշանակվում են սույն օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն անցնելուց հետո, իսկ ոստիկանության ծառայողները սույն օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն անցնում են ոստիկանության գվարդիայի ծառայողի պաշտոնում նշանակվելուց հետո` մինչև 2026 թվականի մարտի 1-ը:

4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելուց հետո` վեց ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայության այդ պաշտոնները զբաղեցվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու դեպքում թեկնածուի հետհարցազրույցի անցկացման կարգը սահմանելու մասին» N 288-Ա որոշմամբ սահմանված կարգով: Հարցազրույցին կարող են մասնակցել միայն ոստիկանության զորքերի այն զինծառայողները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ոստիկանության զորքերում իրականացրել են աջակցող մասնագիտական գործառույթներ:

5. Ոստիկանության զորքերի այն զինծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որը սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կզբաղեցնի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով: Նախկինում հաշվարկվող հավելումները և լրավճարներն այլևս չեն հաշվարկվում:

6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում և հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, և պահպանվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը:

7. 2025 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության զորքերի մասին» 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. նոյեմբերի 11
Երևան
ՀՕ-430-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 նոյեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ 24.10.2024
N ՀՕ-430-Ն օրենք