Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

30.05.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 7-ին

 

i

ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է ներման, ներման խնդրագրերը ներկայացնելու և քննարկելու, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

 

Հոդված 2. Ներման մասին օրենսդրությունը

 

1. Ներման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և սույն օրենքով:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) ներում` մարդասիրական դրսևորում, որի միջոցով Հայաստանի Հանրապետության նախագահը սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանցագործության համար դատապարտված անձին կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից կամ պատժի չկրած մասը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով.

2) ներման խնդրագիր` գրավոր դիմում, որը հանցագործության համար դատապարտված անձը ներկայացնում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն` Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ներում շնորհելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 2
ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 4. Ներման խնդրագրերը ներկայացնելու կարգը

 

1. Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

2. Այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ: Ներման միջնորդություններ ներկայացնելու դեպքում դրանք կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի ներկայացրած ներման խնդրագրին: Ներման միջնորդությունները չեն քննարկվում, եթե առկա չէ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի ներման խնդրագիրը: Ներման միջնորդությունները չքննարկելու դեպքում դրանք վերադարձվում են:

3. Ներման խնդրագիրը ներառում է`

1) ներման խնդրագիրը ներկայացնող անձի անունը, ազգանունը.

2) ծանուցման վայրի մասին նշում.

3) գործի հակիրճ նկարագրությունը.

4) ներման խնդրագրով հայցվող խնդրանքի էությունը.

5) դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի նկատմամբ.

6) ներման խնդրագիրը հիմնավորող հանգամանքները.

7) ներման խնդրագիրը ներկայացնող անձի կարծիքով ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

4. Ներման միջնորդությունների առկայության դեպքում ներման խնդրագիր ներկայացնող անձը դրանք կարող է կցել ներման խնդրագրին:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ներման խնդրագրին ներկայացվող պահանջները չպահպանելն արգելք չէ ներման խնդրագրի քննարկման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ներման խնդրագրով հնարավոր չէ նույնականացնել այն ներկայացնող անձին:

6. Ներման խնդրագրերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացվում կամ պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն (այսուհետ` նախարարություն):

7. Ներման խնդրագրերը պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվելու դեպքում պատիժը կատարող մարմնի վարչակազմը ներման խնդրագրերը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է նախարարություն:

8. Ներման միջնորդությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք առձեռն, փոստով կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ ներկայացնում են նախարարություն: Ներման միջնորդությունները Հայաստանի Հանրապետության վարչապետին (այսուհետ` Վարչապետ) կամ Հայաստանի Հանրապետության նախագահին (այսուհետ` Հանրապետության նախագահ) ներկայացնելու դեպքում դրանք ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են նախարարություն, եթե ներման խնդրագիրը համապատասխանաբար Վարչապետի կամ Հանրապետության նախագահի մոտ չէ:

9. Ներման խնդրագիրը չի քննարկվում և վերադարձվում է այն ներկայացնող անձին, եթե նա ներման խնդրագիր ներկայացնելուց հետո պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ, համաներման կամ պատժից ազատելու` օրենքով նախատեսված այլ հիմքերով, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով սահմանված ժամկետը չլրանալու դեպքում:

(4-րդ հոդ․ փոփ․ 11.05.20 ՀՕ-266-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 5. Ներման խնդրագրերը քննարկելու կարգը

 

1. Ներման խնդրագիրը քննարկելու նպատակով նախարարությունը ներման խնդրագիրն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում Վարչապետին:

2. Ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործը (այսուհետ` անձնական գործ) կազմվում է Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության կամ պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն ներկայացրած տվյալների հիման վրա: Սույն մասով նախատեսված մարմինները պարտավոր են նախարարության հարցումն ստանալու պահից տասնօրյա ժամկետում պահանջվող տեղեկատվությունը ներկայացնել նախարարություն:

2.1. Մարդու դեմ ուղղված հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացվելու դեպքում նախարարությունը մինչև անձնական գործը Վարչապետին ներկայացնելը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին: Տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան Վարչապետի կողմից ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը Հանրապետության նախագահին ներկայացնելը, կարող է գրավոր կարծիք ներկայացնել նախարարություն ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելն արգելք չէ ներման խնդրագիրը քննարկելու համար:

3. Անձնական գործը պետք է ներառի հանցագործության համար դատապարտված անձի ներկայացրած ներման խնդրագիրը, ներման միջնորդությունները (առկայության դեպքում), տուժողի կամ նրա իրավահաջորդի` ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը (առկայության դեպքում) նրա վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը, պատիժը կրելու ընթացքում նրա դրսևորած վարքագծի բնութագիրը, սոցիալ-հոգեբանական բնութագիրը, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված` ներման խնդրագրերի քննարկման ժամանակ ուսումնասիրվող հանգամանքների մասին ամփոփ տեղեկանքը:

4. Անձնական գործն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, Վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

5. Հաշվի առնելով ներման խնդրագրի բնույթը և կարևորությունը` բացառիկ դեպքերում Վարչապետը ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու մասին առաջարկությունը Հանրապետության նախագահին կարող է ներկայացնել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:

6. Հանձնաժողովը ներման խնդրագիրն ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում, Վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Հանձնաժողովի` ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի:

7. Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում անձնական գործն ստանալուց հետո` ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում, Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն` կցելով ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, անձնական գործը և Հանձնաժողովի եզրակացությունը (առկայության դեպքում):

7.1. Անձնական գործը, Հանձնաժողովի եզրակացությունը, տուժողի կամ նրա իրավահաջորդի` ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ գրավոր կարծիքը, ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկությունը ենթակա չեն հրապարակման և փոխանցման (տրամադրման) երրորդ անձանց:

8. Հանրապետության նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում, ինչպես նաև Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է նախարարությունը:

i

9. Ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդ. փոփ. 11.05.20 ՀՕ-266-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 6. Ներման խնդրագրերի քննարկման ժամանակ ուսումնասիրվող հանգամանքները

 

1. Ներման խնդրագրերը քննարկելիս ուսումնասիրվում են հետևյալ հանգամանքները`

1) ներման խնդրագրով հայցվող խնդրանքի էությունը.

2) կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը.

3) դատապարտյալի անձը.

4) իր կատարած հանցանքի նկատմամբ դատապարտյալի ունեցած վերաբերմունքը.

5) դատապարտյալի վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.

6) պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը.

7) ռեցիդիվի առկայությունը.

8) տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը.

9) մասնակցությունը վերասոցիալականացման միջոցառումներին և ծրագրերին.

10) առողջական վիճակը.

11) սոցիալական դրությունը.

12) ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.

13) նախկինում ներում շնորհված լինելու կամ համաներում կիրառված լինելու, նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված լինելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինված լինելու հանգամանքը.

14) ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

 

Հոդված 7. Ներում շնորհելու դեպքերը

 

1. Հանցագործության համար դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա ներկայացրել է ներման խնդրագիր:

2. Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի` օրենքով սահմանված մասի կեսը:

3. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է ազատազրկման ոչ պակաս, քան տասնհինգ տարին:

4. Ներում չի շնորհվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության կամ խոշտանգման համար դատապարտված անձին:

(7-րդ հոդ. փոփ. 11.05.20 ՀՕ-266-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 8. Ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերը

 

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահն ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը (սույն հոդվածում այսուհետ` հրամանագրի նախագիծ) կամ իր առարկություններով այն վերադարձնում Վարչապետին:

2. Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է Վարչապետին, և Վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը և հրամանագրի նախագիծը կրկին ներկայացնում Հանրապետության նախագահին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ընդունում է հրամանագիրը կամ դիմում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնում է Վարչապետին, և Վարչապետն ընդունում է Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Վարչապետը Հանրապետության նախագահի առարկության ստացման պահից հնգօրյա ժամկետում, առարկությանը համապատասխան, խմբագրում է հրամանագրի նախագիծը և ներկայացնում Հանրապետության նախագահին:

4. Եթե Հանրապետության նախագահը սույն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված առաջարկությունը եռօրյա ժամկետում չի վերադարձնում իր առարկություններով, կամ Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունվելու դեպքում չի դիմում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, ապա հրամանագրի նախագիծն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում Վարչապետը կազմում է հրամանագրի նախագծի` իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցում և ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում ներման խնդրագիր ներկայացրած անձին, նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն:

6. Հանրապետության նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, հրամանագիրը և դրանից արված քաղվածքն ուղարկում է նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն: Նախարարությունը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` նաև պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունը, հրամանագիրը և քաղվածքն ստանալուց հետո անհապաղ ուղարկում է ներման խնդրագիր ներկայացրած անձին:

7. Ներման ակտով անձը չի կարող ազատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական և ոչ նյութական վնասը հատուցելու պարտականությունից:

8. Նախարարությունը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրից քաղվածքներն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դրանք տեղադրում է նախարարության պաշտոնական կայքէջում:

(8-րդ հոդ. փոփ. 11.05.20 ՀՕ-266-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 9. Ներման խնդրագրերը մերժելու դեպքում ներման նոր խնդրագրեր ներկայացնելը

 

 1. Ներման խնդրագրերը մերժելու դեպքում, եթե առկա չեն բացառիկ հանգամանքներ, ներման նոր խնդրագրերը Հանրապետության նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել ներման նախորդ խնդրագրերի մերժման օրվանից մեկ տարի հետո:

Բացառիկ կարող են ճանաչվել առողջական վիճակով պայմանավորված` դատապարտյալի կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը և համանման այլ հանգամանքներ:

Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է Վարչապետը դատապարտյալի ներման խնդրագրի վերաբերյալ նախարարության առաջարկությունն ստանալու պահից երեք օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հանգամանքը գնահատվում է բացառիկ, ներման խնդրագրի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի ավարտն ստացված ներման նոր խնդրագրերը վերադարձվում են և ենթակա չեն քննարկման:

(9-րդ հոդ. փոփ. 11.05.20 ՀՕ-266-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ` ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

 

Հոդված 10. Ներում շնորհելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերի և ներում շնորհելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերի` իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու մասին ծանուցումները (այսուհետ` ծանուցումներ) կատարելը

 

1. Ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը և ծանուցումները կատարման նպատակով սույն օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված կարգով ուղարկվում են`

1) տուգանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ հանրային աշխատանքների կամ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու կամ գույքի բռնագրավման կամ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ` նախարարություն.

2) զինվորական ծառայության մեջ սահմանափակման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ` պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարություն:

2. Ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերը և ծանուցումներն ի կատար են ածվում անհապաղ` հրամանագրերի քաղվածքները կամ ծանուցումներն ստանալուն պես: Սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմինները հրամանագրերի կամ ծանուցումների կատարման մասին հաղորդագրություններն անհապաղ ուղարկում են ոստիկանություն:

3. Ներում շնորհված դատապարտյալների նկատմամբ կայացված դատավճիռները նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերանայելու դեպքում դատարաններն իրենց կայացրած դատական ակտերի մասին տեղեկացնում են նախարարությանը, Վարչապետի և Հանրապետության նախագահի աշխատակազմին:

4. Դատապարտյալի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերանայելու դեպքում ներման խնդրագրի քննարկումը կասեցվում է մինչև վերանայման վարույթի արդյունքով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

(10-րդ հոդ. փոփ. 11.05.20 ՀՕ-266-Ն (օրենքն ունի անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 11. Ներում շնորհելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերի և ծանուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը

 

1. Ներում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրերի և ծանուցումների կատարումը սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վերահսկում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում` պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

Հոդված 12. Հանձնաժողովի կազմը և աշխատակարգը

 

 1. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

i

 2. Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Վարչապետը:

 

ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

 

Հոդված 14. Օրենքի գործողությունը

 

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված ներման խնդրագրերի և այն խնդրագրերի վրա, որոնք Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն դեռևս չեն քննարկվել:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Հանրապետության նախագահի աշխատակազմը Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացված, սակայն դեռևս չքննարկված ներման խնդրագրերն ուղարկում է նախարարություն:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 60-օրյա ժամկետում, Վարչապետը հաստատում է Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2018 թ. մարտի 21
Երևան
ՀՕ-149-Ն

 

 

pin
ՀՀ 07.03.2018
N ՀՕ-149-Ն օրենք