Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

 

27.11.2023 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին

 

i

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

(օրենքը խմբագրվել է 21.06.14 ՀՕ-113-Ն օրենք)

 

1. Սույն օրենքի նպատակն է փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու իրավական կառուցակարգերի սահմանման միջոցով Հայաստանի Հանրապետության հասարակական անվտանգության, տնտեսական և ֆինանսական համակարգերի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերից պաշտպանությունը:

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները, սահմանում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ընդգրկված իրավասու մարմինների, հաստատությունների և անձանց շրջանակը, այդ մարմինների համագործակցության կարգն ու պայմանները, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերահսկողության և պատասխանատվության միջոցների կիրառման հարցերը: Սույն օրենքը կարգավորում է նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցմանն առնչվող հարաբերությունները:

(1-ին հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն օրենք)

 

Հոդված 2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրավական կարգավորումը

 

1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքում` նաև իրավական այլ ակտերով:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

ԻՐՏԵԿ 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժթ» ենթակետը շարադրվելու է նոր խմբագրությամբ` «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից` համաձայն 12.06.24 ՀՕ-264-Ն օրենք:

1. Սույն օրենքի իմաստով`

i

1) գույքը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված գույքն է.

i

2) փողերի լվացումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված արարքն է.

2.1) նախորդող հանցագործությունը հանցագործություն է, որի կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի ստացվել կամ առաջացել է գույքը.

i

3) ահաբեկչության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված արարքն է.

3.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորումը գույքի տրամադրումը կամ հավաքումն է կամ ֆինանսական ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման նպատակով.

4) հաշվետվություն տրամադրող անձինք են`

ա. բանկերը,

բ. վարկային կազմակերպությունները,

գ. արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձինք,

դ. դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձինք,

i

ե. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, բացառությամբ կորպորատիվ ներդրումային ֆոնդերի կառավարիչների` ներդրումային ֆոնդերի կառավարման գործունեության մասով,

i

զ. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Կենտրոնական դեպոզիտարիան,

է. ապահովագրական (ներառյալ` վերաապահովագրական) ընկերությունները և ապահովագրական (ներառյալ` վերաապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձինք,

ը. կորպորատիվ ներդրումային ֆոնդերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված կառավարիչ չունեցող ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերը,

թ. գրավատները,

ժ. ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք,

ժա. նոտարները,

ժբ. փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք,

ժգ. անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք,

ժդ. աուդիտորական կազմակերպությունները և աուդիտորները,

ժե. թանկարժեք մետաղների դիլերները,

ժզ. թանկարժեք քարերի դիլերները,

ժէ. արվեստի գործերի դիլերները,

ժը. սակարկությունների կազմակերպիչները,

ժթ. խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները,

ի. հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձինք,

իա. վարկային բյուրոները, որոնց նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ներկայացման պարտականության, 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պատասխանատվության մասերով,

իբ. անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմինը, որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության, 9-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաշվառման պարտականության և 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով,

իգ. իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը (պետական ռեգիստրը), որի նկատմամբ սույն օրենքը տարածվում է միայն 6-8-րդ հոդվածներով սահմանված հաշվետվությունների տրամադրման պարտականության մասով` 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում, ինչպես նաև 9-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով սահմանված պարտականությունների և 30-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պատասխանատվության մասերով.

5) ֆինանսական հաստատությունները սույն մասի 4-րդ կետի «ա»-«թ» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են.

6) ոչ ֆինանսական հաստատությունները կամ անձինք սույն մասի 4-րդ կետի «ժ»-«ի» ենթակետերով սահմանված հաշվետվություն տրամադրող անձինք են:

Սույն օրենքի 4-րդ, 23-րդ և 25-րդ հոդվածները ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում են միայն դրանց` 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում.

7) լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է.

8) վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձին լիցենզավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող) և վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինն է.

9) գործարքը հաշվետվություն տրամադրող անձի և հաճախորդի կամ լիազորված անձի միջև, ինչպես նաև հաճախորդի կամ լիազորված անձի և այլ անձի միջև գործարքն է, որը կատարվում է հաշվետվություն տրամադրող անձի միջոցով կամ հանդիսանում է հաշվետվություն տրամադրող անձի ուսումնասիրության (դիտարկման) առարկա: Գործարք կարող է համարվել նաև որոշակի գործարքի հիման վրա կամ դրա արդյունքում իրավունքներ և պարտականություններ առաջացնող, փոփոխող կամ դադարեցնող յուրաքանչյուր գործողություն.

9.1) դրամական փոխանցումը գործարք է, որը ֆինանսական հաստատության միջոցով կատարվում է փոխանցումը կատարողի անունից` նպատակ ունենալով այդ կամ այլ ֆինանսական հաստատությունում որոշակի գումար հասանելի դարձնել փոխանցումն ստացողի համար` անկախ փոխանցումը կատարողի և փոխանցումն ստացողի` նույն անձը լինելու հանգամանքից.

10) միանգամյա գործարքը գործարք է, որի արդյունքում պարբերական ծառայությունների տրամադրման պարտավորություններ չեն առաջանում, և (կամ) որը գործարար հարաբերության հաստատում չի ենթադրում.

11) փոխկապակցված միանգամյա գործարքները միևնույն կողմի մասնակցությամբ միատեսակ բնույթի միանգամյա գործարքներն են, որոնք կատարվում են 24 ժամվա ընթացքում.

12) գործարար հարաբերությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդին մատուցվող պարբերական ծառայություններն են, որոնք չեն սահմանափակվում մեկ կամ մի քանի միանգամյա գործարքներով: Գործարար հարաբերությունը չի ներառում հաշվետվություն տրամադրող անձի այն գործունեությունը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը սեփական կարիքների համար իրականացնում է տվյալ տեսակի հաշվետվություն տրամադրող անձանց համար օրենքով սահմանված գործունեությունից տարբեր այլ գործունեություն.

13) հաճախորդը հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարար հարաբերություն հաստատող կամ այդպիսի հարաբերությունների մեջ գտնվող անձն է, ինչպես նաև այն անձը, որը հաշվետվություն տրամադրող անձին առաջարկում է կատարել կամ կատարում է միանգամյա գործարք.

i

14) իրական շահառուն ֆիզիկական անձ է, որի անունից կամ օգտին հաճախորդն իրականում գործում է, և (կամ) որն իրականում (փաստացի) վերահսկում է հաճախորդին կամ այն անձին, որի անունից կամ օգտին գործարքը կատարվում է, կամ գործարար հարաբերությունը հաստատվում է: Իրավաբանական անձի (բացառությամբ տրաստի կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորման) իրական շահառու է համարվում այն ֆիզիկական անձը, որը`

ա. ուղղակի կամ անուղղակի տիրապետում է տվյալ իրավաբանական անձի` ձայնի իրավունք տվող բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) 20 և ավելի տոկոսին կամ ուղղակի կամ անուղղակի կերպով ունի 20 և ավելի տոկոս մասնակցություն իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում,

բ. տվյալ իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն այլ միջոցներով,

գ. հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ այն դեպքում, երբ առկա չէ սույն կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջներին համապատասխանող ֆիզիկական անձ.

15) լիազորված անձը հաճախորդի հանձնարարությամբ և հաճախորդի անունից գործարքի կատարման կամ գործարար հարաբերությունում որոշակի իրավաբանական կամ փաստացի գործողությունների իրականացման լիազորություն ունեցող, այդ թվում` լիազորագրով կամ օրենքով սահմանված այլ հիմքով հաճախորդի կողմից տրված լիազորությունների հիման վրա ներկայացուցչություն իրականացնող անձն է.

16) իրավաբանական անձը Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունը կամ հիմնարկն է, ինչպես նաև տրաստը կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող իրավաբանական կազմավորումը.

16.1) տրաստը օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում է, որտեղ տրաստի կառավարիչը ֆիդուցիար պարտավորությունների հիման վրա կատարում է տրաստի հիմնադրի կողմից սեփականության իրավունքով իրեն փոխանցված գույքի հետ կապված գործարքներ` ի շահ տրաստի շահառուի.

17) հաճախորդի գործարար բնութագիրը հաճախորդի գործունեության բնույթի, ազդեցության ու նշանակության, գործարար հարաբերությունների և միանգամյա գործարքների առկա ու ակնկալվող շարժի, ծավալների և ոլորտների, լիազորված անձանց և իրական շահառուների առկայության, ինքնության ու փոխկապակցվածության բնույթի, ինչպես նաև հաճախորդի գործունեությանը վերաբերող այլ փաստերի և հանգամանքների վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի տեղեկությունների (պատկերացումների) ամբողջությունն է.

18) գործարքի մյուս կողմը հաճախորդի կողմից իրականացվող գործարքի այլ մասնակից է, որը տրամադրում (փոխանցում) կամ որին հասցեագրվում է գործարքից բխող գույքը.

19) հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի վերաբերյալ պատշաճ պատկերացում կազմելու նպատակով նրա ինքնության և գործարար բնութագրի վերաբերյալ ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառմամբ տեղեկություններ (ներառյալ` փաստաթղթեր) ձեռք բերելու ու վերլուծության գործընթաց է, որը ներառում է`

ա. հաճախորդի (այդ թվում` լիազորված անձի և իրական շահառուի) նույնականացումը և ինքնության ստուգումը,

բ. գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի պարզումը,

գ. գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը.

20) ռիսկը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վտանգավորության և դրա հավանականության մասին վկայող հանգամանք է, որը կարող է բնութագրվել ըստ երկրների կամ աշխարհագրական տեղակայման, հաճախորդների տեսակի, գործարքների կամ գործարար հարաբերությունների տեսակի, ծառայությունների տեսակի կամ այլ չափանիշների.

21) բարձր ռիսկի չափանիշը սույն օրենքով, լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր հավանականության մասին, այդ թվում` քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսացող հնարավոր կամ առկա հաճախորդները կամ իրական շահառուները, կյանքի ապահովագրության վկայագրերի շահառուները, անձինք (ներառյալ` ֆինանսական հաստատությունները), որոնք գտնվում կամ բնակվում են չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում կամ այդպիսի երկրներից կամ տարածքներից են, բոլոր բարդ կամ անսովոր մեծ գումարով գործարքները, ինչպես նաև անսովոր պայմաններով գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնց տնտեսական կամ այլ իրավաչափ նպատակներն ակնհայտ չեն: Ընդ որում, գործարքում կամ գործարար հարաբերությունում բարձր ռիսկի չափանիշի առկայությունը լիազոր մարմնի նախատեսած դեպքերում կարող է բնորոշվել սահմանված չափանիշների համակցությամբ.

22) հաճախորդի հավելյալ ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացի ընդլայնված կիրառումն է, որի դեպքում, ի լրումն հաճախորդի պատշաճ ուսումնասիրությամբ սահմանված գործողությունների, անհրաժեշտ է նաև առնվազն`

ա. ստանալ ավագ ղեկավարության հավանությունը` հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելուց առաջ, գործարար հարաբերությունը շարունակելու համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ հետագայում պարզվում է, որ հաճախորդը կամ իրական շահառուն բնութագրվում է բարձր ռիսկի չափանիշով, կամ գործարքը կամ գործարար հարաբերությունը ներառում են այդպիսի չափանիշ,

բ. ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` հաճախորդի , ինչպես նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձ հանդիսացող իրական շահառուի եկամուտների և ունեցվածքի աղբյուրը պարզելու համար,

գ. հնարավորին չափ մանրամասն ուսումնասիրել գործարքի կամ գործարար հարաբերության նախապայմանները և նպատակը,

դ. քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում իրականացնել ընթացիկ հավելյալ դիտարկում.

23) ցածր ռիսկի չափանիշը սույն օրենքով կամ լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշ է, որը վկայում է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին, այդ թվում` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները, պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային կառավարչական հիմնարկները, բացառությամբ չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում գտնվող մարմինների կամ կազմակերպությունների: Ընդ որում, գործարքում կամ գործարար հարաբերությունում ցածր ռիսկի չափանիշի առկայությունը լիազոր մարմնի նախատեսած դեպքերում կարող է բնորոշվել սահմանված չափանիշների համակցությամբ.

24) հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացի սահմանափակ կիրառումն է, որի դեպքում նույնականացում և ինքնության ստուգում իրականացնելիս հավաքվում են հետևյալ տեղեկությունները`

ա. ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

բ. իրավաբանական անձի համար` անվանումը և անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն),

գ. պետական մարմնի և տեղական ինքնակառավարման մարմնի համար` լրիվ պաշտոնական անվանումը.

25) քաղաքական ազդեցություն ունեցող անձը պետական, քաղաքական կամ հանրային բնույթի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձն է (այդ թվում` նրա ընտանիքի անդամը կամ նրա հետ սերտորեն փոխկապակցված անձը): Ընդ որում, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը չի ընդգրկում միջին և ցածր դասի գործառույթներ իրականացնող անձանց: Քաղաքական ազդեցություն ունեցող անձինք են մասնավորապես`

ա. պետության ղեկավարները, կառավարության ղեկավարները, նախարարները և նախարարի տեղակալները,

բ. խորհրդարանի անդամները,

գ. բարձրագույն ատյանի դատարանի, սահմանադրական դատարանի կամ այլ բարձր դատական ատյանների դատավորները, անդամները, որոնց որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ առանձնահատուկ հանգամանքներով պայմանավորված բողոքարկման դեպքերի,

դ. կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալները և խորհրդի անդամները,

ե. դեսպանները, գործերի հավատարմատարները և զինված ուժերի բարձրաստիճան սպաները,

զ. քաղաքական կուսակցության պաշտոնատար անձինք,

է. պետական սեփականություն հանդիսացող կազմակերպության վարչական, կառավարման կամ վերահսկողական մարմինների անդամները,

ը. տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները,

թ. միջազգային կազմակերպության ղեկավարները, ղեկավարի տեղակալները, խորհրդի անդամները կամ կառավարչական կամ վերահսկողական այլ համանման գործառույթներ իրականացնող մարմինների անդամները.

25.1) միջազգային կազմակերպությունը անդամ երկրների միջև միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեցող պաշտոնական քաղաքական համաձայնության հիման վրա ստեղծված կազմակերպություն է, որն իր գտնվելու վայրի երկրում ռեզիդենտ կառուցվածքային միավոր չի համարվում.

25.2) ընտանիքի անդամը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված անձն է.

26) չհամապատասխանող երկիրը կամ տարածքը լիազոր մարմնի հրապարակած ցանկերին համապատասխան` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային պահանջները չկիրառող կամ ոչ պատշաճ կիրառող արտասահմանյան երկիրը կամ տարածքն է.

27) կենսական շահերի կենտրոնը այն վայրն է, որտեղ կենտրոնացած են անձի ընտանեկան կամ տնտեսական շահերը: Ընտանեկան կամ տնտեսական շահը կարող է դրսևորվել այն վայրում, որտեղ գտնվում է անձի բնակելի տունը (բնակարանը), որտեղ բնակվում է անձը և (կամ) նրա ընտանիքը, որտեղ գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը կամ հիմնական տնտեսական (մասնագիտական) գործունեության իրականացման վայրը.

28) ավագ ղեկավարությունը հաշվետվություն տրամադրող անձի այն մարմինը կամ աշխատակիցն է, որն իրավասու է հաշվետվություն տրամադրող անձի անունից փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելման հարցերով որոշումներ կայացնելու և գործողություններ կատարելու.

29) ներքին դիտարկումների մարմինը սույն օրենքով և լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված` փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ իրականացնող հաշվետվություն տրամադրող անձի ստորաբաժանումը կամ աշխատակիցն է, բացառությամբ լիազոր մարմնի սահմանած ստորաբաժանումների կամ աշխատակիցների, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այն անձը, որն իր գործառույթներն իրականացնում է միանձնյա: Լիազոր մարմնի սահմանած դեպքերում և կարգով հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի գործառույթները կարող են վերապահվել մասնագիտացված գործունեություն իրականացնող անձի.

30) կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը այն գործարքը կամ գործարար հարաբերությունն է, այդ թվում` գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը, որի դեպքում կասկածվում է կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ կապված է ահաբեկչության, ահաբեկչական գործողությունների, ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների հետ կամ օգտագործվել է կամ առկա է մտադրություն այն օգտագործելու ահաբեկչության նպատակով կամ ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների կողմից.

31) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված` փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հնարավորության մասին վկայող իրավիճակը կամ ազդակն է.

32) տիպաբանությունը լիազոր մարմնի իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված` փողերի լվացմանը կամ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գործողությունների և (կամ) քայլերի տրամաբանությունն ու հաջորդականությունը նկարագրող հնարավոր սխեմա է.

33) ահաբեկչության հետ կապված անձը ցանկացած անհատ ահաբեկիչ, ներառյալ` ահաբեկչության կամ ահաբեկչության փորձի մեջ կասկածվող, մեղադրվող կամ դրանց համար դատապարտված անձ կամ ահաբեկչական կազմակերպություն է, նրանց հետ փոխկապակցված անձ, նրանց կողմից կամ նրանց անունից կամ նրանց ցուցումների ներքո գործող կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նրանց պատկանող կամ նրանց կողմից կառավարվող այլ անձը, որը ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն կամ լիազոր մարմնի հրապարակած ցանկերում.

33.1) զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձը ցանկացած անձ է, որը ներառվել է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի` զանգվածային ոչնչացման զենքի տարածման և (կամ) դրա ֆինանսավորման համար թիրախային ֆինանսական պատժամիջոցներ սահմանող բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում.

34) գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը կասկածելի գործարքի և (կամ) գործարար հարաբերության առարկա գույքի փաստացի և իրավաբանական շարժի ժամկետային արգելքն է.

35) գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժումը գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման համար նախատեսված գործողություններ չիրականացնելն է.

36) գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցումը գործարքի կատարման կամ գործարար հարաբերության իրականացման ընդհատումն է.

37) գույքի սառեցումը ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքի փաստացի և (կամ) իրավաբանական շարժի անորոշ ժամկետով արգելքն է, այդ թվում` այդ գույքի ուղղակի կամ անուղղակի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման արգելքը, ինչպես նաև որևէ գործարար հարաբերության (ներառյալ` ֆինանսական ծառայությունների) կամ միանգամյա գործարքների հաստատման կամ իրականացման արգելքը.

i

38) արժեթուղթը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված արժեթղթերը, այդ թվում` պարտատոմսը, չեկը (չեկային գրքույկը), մուրհակը (վճարագիրը), բաժնետոմսը, կոնոսամենտը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկը, բանկային սերտիֆիկատը), պահեստային վկայագիրն է և այլ օրենքներով սահմանված արժեթղթերը.

39) կեղծ («շել») բանկը բանկն է, որը հիմնադրված, գրանցված, լիցենզավորված կամ այլ կերպ ինկորպորացված լինելով որևէ երկրում, իրականում դրա տարածքում չի կառավարվում կամ չունի փաստացի գտնվելու կամ գործունեության վայր, և որը փոխկապակցված չէ արդյունավետ համախմբված վերահսկողության ենթակա, կարգավորվող գործունեություն իրականացնող ֆինանսական հաստատությունների որևէ խմբի հետ.

40) տարանցիկ հաշիվը ֆինանսական հաստատությունում բացված այն թղթակցային հաշիվն է, որն ուղղակիորեն օգտագործում է թղթակից ֆինանսական հաստատության հաճախորդը` իր անունից գործարքներ կատարելու համար.

41) ֆինանսական խումբը խումբ է, որի կազմում առկա է այնպիսի իրավաբանական անձ, որը ղեկավարում և համակարգում է խմբի անդամ` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա», «ե», «զ» կամ «է» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (այդ թվում` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի` ամբողջ խմբի համար կիրառելի քաղաքականություն և ընթացակարգեր իրականացնող մասնաճյուղերի և (կամ) ներկայացուցչությունների) գործառույթները` խմբի մակարդակով արդյունավետ, համախմբված վերահսկողություն իրականացնելու նպատակով:

42) Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերը Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված` ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերն են:

(3-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն, 17.01.18 ՀՕ-55-Ն, 21.01.20 ՀՕ-51-Ն, 25.03.20 ՀՕ-187-Ն, 30.06.21 ՀՕ-296-Ն, 09.06.22 ՀՕ-179-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 2
ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն օրենք)

 

Հոդված 4. Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ռիսկերի վրա հիմնված մոտեցման կիրառումը

 

1. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է բացահայտեն և գնահատեն իրենց` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման , ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերը և ունենան բացահայտված ռիսկերի արդյունավետ կառավարման և զսպման քաղաքականություն, վերահսկման մեխանիզմներ և ընթացակարգեր:

2. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման , ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման ռիսկերը գնահատելիս, մինչև ռիսկի ընդհանուր մակարդակը բնորոշելը և ռիսկերի զսպման համապատասխան մակարդակ սահմանելը, ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է հաշվի առնեն ռիսկի բոլոր գործոնները և կարող են իրականացնել տարբերակված միջոցառումներ` ռիսկի տեսակին և մակարդակին համապատասխան:

3. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է պարբերաբար, բայց ոչ ուշ, քան տարին մեկ անգամ վերանայեն իրենց` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման , ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերը:

4. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք, ի թիվս փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման այլ ռիսկերի, պետք է բացահայտեն և գնահատեն ծառայությունների նոր տեսակների մատուցման կամ դրանց մատուցման եղանակների գործարկման, ինչպես նաև նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառման հետ կապված հնարավոր և առկա ռիսկերը:

5. Ֆինանսական հաստատությունները և ոչ ֆինանսական հաստատություններն ու անձինք պետք է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի բացահայտումը և գնահատումն իրականացնեն համապատասխանաբար մինչև ծառայությունների նոր տեսակների մատուցումը կամ դրանց մատուցման եղանակների գործարկումը կամ նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառումը:

(4-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն, 30.06.21 ՀՕ-296-Ն օրենքներ)

 

Հոդված 5. Գաղտնիք պարունակող տեղեկությունների ներկայացումը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը, սույն օրենքին և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերին համապատասխան, պարտավոր է լիազոր մարմին ներկայացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ սահմանված տեղեկությունները, այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկությունները:

2. Նոտարները, փաստաբանները, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատեր հաշվապահները և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք, աուդիտորական կազմակերպությունները և աուդիտորները լիազոր մարմին ներկայացնում են սույն օրենքով սահմանված տեղեկությունները միայն այն դեպքերում, որոնք չեն հակասում նրանց գործունեությունը կարգավորող օրենքներով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջին: Ոչ ֆինանսական այդ հաստատությունների կամ անձանց նկատմամբ օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջը կարող է կիրառվել միայն այնպիսի տեղեկությունների դեպքում, որոնք ստացվել են հաճախորդից կամ այլ աղբյուրներից` դատական, վարչական, արբիտրաժային կամ միջնորդային վարույթում հաճախորդին պաշտպանելու կամ նրա շահերը ներկայացնելու հետ կապված` օրենքով իրենց վերապահված գործունեությունն իրականացնելիս, ինչպես նաև իրավական խորհրդատվություն տրամադրելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդը խորհրդատվություն է ստանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:

 

Հոդված 6. Տեղեկացման ենթակա գործարքը կամ գործարար հարաբերությունը

 

ԻՐՏԵԿ 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, 4-րդ մասի 2-րդ կետը և  4-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը փոփոխվելու է` «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից` համաձայն 12.06.24 ՀՕ-264-Ն օրենք:

1. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմին հաշվետվություն է ներկայացնում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության և (կամ) պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ:

2. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է հաշվետվություն տրամադրող բոլոր անձանց կողմից, ըստ հաշվետվություն տրամադրող յուրաքանչյուր անձի համար սահմանված գործարքների կամ գործարար հարաբերությունների տեսակների, անկախ դրանցում ներգրավված գումարի չափից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքի:

3. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է հաշվետվություն տրամադրող հետևյալ անձանց կողմից` ըստ գործարքների որոշակի տեսակների և սահմանաչափերի, որոնք են`

1) ֆինանսական հաստատությունների դեպքում` անկանխիկ գործարքներ, որոնց գումարը հավասար է կամ գերազանցում է 20 միլիոն դրամը, ինչպես նաև կանխիկի հետ կապված գործարքներ, որոնց գումարը հավասար է կամ գերազանցում է 5 միլիոն դրամը.

2) նոտարների, խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների, իրավաբանական անձանց գրանցող պետական մարմնի (պետական ռեգիստրի), ինչպես նաև անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի դեպքում` գործարքներ, որոնց գումարը հավասար է կամ գերազանցում է 20 միլիոն դրամը, բացառությամբ անշարժ գույքի առուվաճառքի գործարքների, որոնց դեպքում հաշվետվություն տրամադրվում է, եթե դրանց գումարը հավասար է կամ գերազանցում է 50 միլիոն դրամը:

4. Սույն հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով սահմանված հաշվետվություն տրամադրելու պարտականությունը սույն մասի 1-5-րդ կետերով հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ տարածվում է հետևյալ դեպքերում`

1) նոտարների, փաստաբանների, ինչպես նաև իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների նկատմամբ` միայն հետևյալ տեսակի գործարքների կամ գործարար հարաբերությունների նախապատրաստման կամ իրականացման մասով`

ա. անշարժ գույքի առուվաճառք,

բ. հաճախորդի գույքի կառավարում,

գ. բանկային և արժեթղթային հաշիվների կառավարում,

դ. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման համար գույքի տրամադրում,

ե. իրավաբանական անձանց հիմնադրման, գործունեության կամ կառավարման գործառույթների իրականացում, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում բաժնեմասի (մասնակցության, փայի և այլն) օտարում (ձեռք բերում), կամ իրավաբանական անձանց անվանական կամ շուկայական արժեքով բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի և այլն) օտարում (ձեռք բերում).

1.1) նոտարների և անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի նկատմամբ` նաև նվիրատվության գործարքների մասով` անկախ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված չափերից.

2) խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ` միայն հետևյալ դեպքերում.

ա. խաղանիշերի (վիճակախաղի տոմսերի) գնում,

բ. խաղադրույքների կատարում,

գ. շահումների վճարում կամ տրամադրում,

դ. սույն կետի «ա» - «գ» ենթակետերի հետ կապված ֆինանսական գործարքների կատարում.

3) հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ` միայն հետևյալ դեպքերում`

ա. իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցելիս որպես հիմնադրող գործակալ (ներկայացուցիչ) հանդես գալը,

բ. որպես ընկերության տնօրեն (գործադիր մարմին), ընկերակցության մասնակից հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ իրավաբանական անձի կառավարման համանման գործառույթներ իրականացնելը,

գ. իրավաբանական անձին գտնվելու (գործունեության, թղթակցության կամ վարչական) վայր տրամադրելը,

դ. կողմերի համաձայնությամբ ձևավորված ֆինանսական միջոցների հավատարմագրային կառավարիչ հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը) կամ այլ իրավաբանական կազմավորման համար համարժեք գործառույթ իրականացնելը,

ե. որպես այլ իրավաբանական անձի բաժնետեր հանդես գալը (հանդես գալու իրավասությունն այլ անձի վերապահելը).

4) իրավաբանական անձանց գրանցող մարմնի (պետական ռեգիստրի) նկատմամբ` միայն իրավաբանական անձանց կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալում բաժնեմասի (մասնակցության, փայի և այլն) օտարման (ձեռք բերման) կամ կանոնադրական (բաժնեհավաք և այլն) կապիտալի ձևավորման կամ փոփոխության հետ կապված պետական գրանցումների մասով.

5) թանկարժեք մետաղների դիլերների և թանկարժեք քարերի դիլերների նկատմամբ` միայն 5 միլիոն դրամին հավասար կամ դրան գերազանցող կանխիկ գործարքների մասով:

5. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին (ղեկավարներին) արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաև այլ անձանց, բացառությամբ ֆինանսական խմբի դեպքում` ֆինանսական խմբի անդամին, հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման, այդ թվում` սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հանձնարարականների ստացման կամ չստացման փաստի մասին:

6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված գործարքների վերաբերյալ հաշվետվության տրամադրման պարտականությունից ազատելու դեպքերը, ըստ գործարքների տեսակների, դեպքերի և (կամ) սահմանաչափերի, սահմանում է լիազոր մարմինը:

(6-րդ հոդ. փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն,  25.10.23 ՀՕ-333-Ն  օրենքներ)

 

Հոդված 7. Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը գործարքը կամ գործարար հարաբերությունը, այդ թվում` գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձը, պետք է որակի որպես կասկածելի և սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրի լիազոր մարմնին, եթե կասկածում է կամ բավարար հիմքեր ունի կասկածելու, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում ներգրավված գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ կապված է ահաբեկչության, ահաբեկչական գործողությունների, ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների հետ, կամ օգտագործվել է, կամ առկա է մտադրություն այն օգտագործելու ահաբեկչության նպատակով կամ ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կամ ահաբեկչությունը ֆինանսավորողների կողմից:

2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է դիտարկի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու և սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու հարցն այն դեպքում, երբ դիտարկվող իրավիճակը ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշներին կամ տիպաբանություններին, կամ հաշվետվություն տրամադրող անձի համար ակնհայտ է դառնում, որ թեև կնքված կամ առաջարկվող գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիությունը չի բխում կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշներից կամ տիպաբանություններից, դրա կատարման տրամաբանությունը, շարժը (դինամիկան) կամ այլ հանգամանքներ հիմք են տալիս ենթադրելու, որ այն կարող է իրականացվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, եթե դիտարկման արդյունքում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չի որակվում, և սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն չի տրամադրվում լիազոր մարմնին, ապա գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելու հիմնավորումները, կատարված եզրահանգումները, վերլուծության ընթացքը և արդյունքները փաստաթղթավորվում ու պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

 

Հոդված 8. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության բովանդակությունը և տրամադրման կարգը

 

1. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության մեջ նշվում են`

1) հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի, կասկածելի գործարքի դեպքում` նաև իրական շահառուի տվյալները, ներառյալ`

ա. ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում) և բնակության վայրը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը և տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` նաև հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. իրավաբանական անձի համար` անվանումը, գտնվելու վայրը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համար կամ այլ) և, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը,

գ. ֆինանսական հաստատությունների կողմից հաշվետվության ներկայացման դեպքում` նաև հաճախորդի բանկային հաշվի համարը.

2) գործարքի առարկայի կամ գործարար հարաբերության նկարագրությունը.

3) գործարքի գումարը.

4) գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման ամսաթիվը:

2. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության մեջ նշվում են կասկածի նկարագրությունը և, առկայության դեպքում, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը և (կամ) տիպաբանությունը, ինչպես նաև գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցված, մերժված կամ դադարեցված լինելու կամ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցված լինելու հանգամանքը:

3. Հաշվետվությունը պետք է ներկայացվի հերթական համարով, ֆինանսական հաստատությունների և ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց ներքին դիտարկումների մարմնի, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «իա»-«իգ» ենթակետերով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց դեպքում` պատասխանատու աշխատակցի ստորագրությամբ: Հաշվետվության մեջ նշվում է հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման համարը լիազոր մարմնում:

4. Գործարքում կամ գործարար հարաբերությունում հաճախորդի, լիազորված անձի, գործարքի մյուս կողմի կարգավիճակում պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին հանդես գալու դեպքում հաշվետվության մեջ նշվում են միայն այդ մարմնի լրիվ պաշտոնական անվանումը և երկիրը:

i

5. Լիազոր մարմինը, ըստ հաշվետվություն տրամադրող անձանց տեսակի, սահմանում է հաշվետվության ձևերը, տրամադրման կարգը և ժամկետները, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված տվյալները հաշվետվության մեջ ներառելուց բացառությունները:

(8-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն, 24.10.18 ՀՕ-401-Ն օրենքներ)

 

i
Հոդված 9. Ֆինանսական հաստատության լիցենզավորման ժամանակ իրականացվող ընթացակարգերը և հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման պարտականությունը

 

1. (1-ին մասն ուժը կորցրել է 01.01.2023 թվականից` 03.06.21 ՀՕ-253-Ն օրենք)

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 01.01.2023 թվականից` 03.06.21 ՀՕ-253-Ն օրենք)

3. Ֆինանսական հաստատության լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելու) ընթացքում վերահսկող մարմինը պարտավոր է պահանջել լիազոր մարմնի սահմանած տեղեկություններ (ներառյալ` փաստաթղթեր) և ստուգել այդ տեղեկությունների իսկությունը:

4. Վերահսկող մարմինը պարտավոր է հաշվետվություն տրամադրող անձի լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) և լիցենզիայի (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) դադարմանը հաջորդող 15 օրվա ընթացքում այդ մասին հայտնել լիազոր մարմնին:

i

5. Հաշվետվություն տրամադրող անձը (բացառությամբ ֆինանսական հաստատության) պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, որակավորմանը կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելուն) հաջորդող 1-ամսյա ժամկետում հաշվառվել լիազոր մարմնում` լիազոր մարմնի սահմանած կարգով:

6. Ֆինանսական հաստատությունները պարտավոր են լիազոր մարմնում հաշվառվել` լիազոր մարմնի սահմանած կարգով:

(9-րդ հոդ. փոփ. 03.06.21 ՀՕ-253-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 10. Լիազոր մարմինը

 

1. Լիազոր մարմնի իրավասություններն են`

1) հաշվետվություն տրամադրող անձանցից հաշվետվությունների և այլ տեղեկությունների (ներառյալ` փաստաթղթերի), պետական մարմիններից տեղեկությունների (ներառյալ` փաստաթղթերի) ստացումը.

2) ստացված հաշվետվությունների և տեղեկությունների (ներառյալ` փաստաթղթերի) վերլուծությունը.

3) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին ծանուցման տրամադրումը` սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված դեպքերում.

4) հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքի նպատակներից բխող այլ տեղեկություններ (ներառյալ` փաստաթղթեր), այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը և ստանալը, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի.

5) պետական, այդ թվում` վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներից սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ (ներառյալ` փաստաթղթեր), այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելը.

6) հաշվետվություն տրամադրող անձանց կողմից սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարմանն ուղղված հանձնարարականներ տալը (ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց վերահսկող մարմինների առկայության դեպքում` այդ մարմինների միջոցով), այդ թվում` իր տրամադրած նույնականացման տվյալների, կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշների կամ տիպաբանությունների հիման վրա գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կասեցնելու, գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը մերժելու, դադարեցնելու կամ հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարականներ տալը.

7) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում սույն օրենքով սահմանված իրավական ակտերի ընդունումը, այդ թվում` իրավական ակտերի կիրառության ընթացակարգերը պարզաբանող ուղեցույցների հաստատումը, ներառյալ` կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշների կամ տիպաբանությունների վերաբերյալ.

8) սույն օրենքով սահմանված կարգով և դեպքերում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, այլ վերահսկող մարմինների կողմից իրականացվող վերահսկողությանն օժանդակելը, այդ թվում` պատասխանատվություն կիրառելու միջնորդություն ներկայացնելը.

9) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից ներքին աուդիտի իրականացման դեպքերն ու հաճախականությունը սահմանելը, արտաքին աուդիտի իրականացում պահանջելը.

10) փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար իրավաբանական անձանց, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այն անձանց նկատմամբ, որոնք չունեն օրենքով սահմանված վերահսկող մարմիններ, կամ որոնց մասով բացակայում է վերահսկող մարմնին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորումը, սույն օրենքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելը.

11) կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելը, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելը.

12) սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր կազմելը, վերանայելը և հրապարակելը.

13) հաշվետվություն տրամադրող անձանց տրամադրած հաշվետվությունների վերաբերյալ լիազոր մարմնի սահմանված կարգով հաշվետվություն տրամադրող անձանց պարբերաբար տեղեկություններ տրամադրելը (հետադարձ կապ ապահովելը).

14) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով ուսուցում իրականացնելը, ինչպես նաև սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ֆինանսական հաստատությունների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցներին որակավորում տալը.

15) իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություններ հրապարակելը.

16) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին հանրային իրազեկում իրականացնելը.

17) սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով միջազգային կառույցների և ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ համագործակցության համաձայնագրեր կնքելը, սույն օրենքի նպատակներից բխող տեղեկություններ (ներառյալ` փաստաթղթեր), այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ փոխանակելը.

18) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող միջազգային կառույցների և (կամ) արտասահմանյան երկրների հրապարակած տվյալների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով` չհամապատասխանող երկրների կամ տարածքների ցանկերը հրապարակելը.

19) հաշվետվություն տրամադրող անձանց հանձնարարական տալը` ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ այն անձանց (ներառյալ` ֆինանսական հաստատությունների) նկատմամբ, որոնք գտնվում կամ բնակվում են չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում կամ չհամապատասխանող երկրներից կամ տարածքներից են.

20) սույն օրենքով սահմանված այլ իրավասություններ:

2. Սույն օրենքի նպատակներից ելնելով` լիազոր մարմնում գործում է պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում` Ֆինանսական դիտարկումների կենտրոն, որը լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի հաստատած կանոնադրության և այլ իրավական ակտերի հիման վրա իրականացնում է լիազոր մարմնի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունները, բացառությամբ լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնին և բարձրագույն պաշտոնատար անձին վերապահված իրավասությունների:

3. Լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը հաստատում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կանոնադրությունը, գործունեության ծրագիրը, բյուջեն, իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանված իրավասությունը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված իրավասությունն իրականացվում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի և բարձրագույն պաշտոնատար անձի կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ 10-րդ կետով սահմանված իրավասությունը, ինչպես նաև 11-րդ կետով սահմանված` ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու իրավասությունը` կառավարման բարձրագույն մարմնի կողմից:

5. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին և աշխատակիցներին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմինը:

6. Ֆինանսական դիտարկումների կենտրոնը լիազոր մարմնի կառավարման բարձրագույն մարմնի սահմանած պարբերականությամբ և կարգով այդ մարմին ներկայացնում է հաշվետվություններ իր գործունեության վերաբերյալ:

7. Ֆինանսական դիտարկումների կենտրոնը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված` ստացվող, վերլուծվող և տրամադրվող տեղեկությունների համար անվտանգ պահպանության անհրաժեշտ պայմաններ: Այդ տեղեկությունները կարող են հասանելի լինել միայն օրենքով սահմանված կարգով իրավասու մարմինների կամ անձանց համար:

8. Ֆինանսական դիտարկումների կենտրոնի այն աշխատակիցները, որոնց հասանելի են ստացվող, վերլուծվող և տրամադրվող տեղեկությունները, օրենքով և լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված կարգով պահպանում են գաղտնիք հանդիսացող տեղեկություններն իրենց պարտականությունների կատարման ընթացքում և դրանց դադարումից հետո, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա անօրինական հրապարակման համար: Այդպիսի տեղեկությունները կարող են օգտագործվել միայն սույն օրենքի նպատակներով:

(10-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն, 30.06.21 ՀՕ-296-Ն, 09.06.22 ՀՕ-179-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)

 

i
Հոդված 11. Լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերը

 

1. Սույն օրենքի նպատակներից ելնելով` լիազոր մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում կարող են սահմանվել`

1) հաշվետվություն տրամադրող անձի կառավարման մարմինների, այդ թվում` ներքին դիտարկումների մարմնի գործառույթների իրականացման կարգին ներկայացվող նվազագույն պահանջները.

2) հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ կամ պարզեցված) ուսումնասիրությանը, տեղեկությունների (ներառյալ` փաստաթղթերի) հավաքմանը, հաշվառմանը, պահպանմանն ու թարմացմանը ներկայացվող նվազագույն պահանջները.

3) հաշվետվություն տրամադրող անձի կողմից առկա հաճախորդների նկատմամբ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելու պարբերականությանը և դեպքերին ներկայացվող նվազագույն պահանջները.

4) հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերի հաստատման ու փոփոխման կարգը, ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պահանջները.

5) հաշվետվություն տրամադրող անձի ներքին աուդիտի իրականացման դեպքերը և հաճախականությունը, ինչպես նաև արտաքին աուդիտի հրավիրման կարգը.

6) հաշվետվություն տրամադրող անձի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու դեպքերը, ըստ հաշվետվություն տրամադրող անձանց տեսակի` հաշվետվության ձևերը, տրամադրման կարգը և ժամկետները, ինչպես նաև սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված տվյալները հաշվետվության մեջ ներառելուց բացառություններ սահմանելու դեպքերը.

7) հաշվետվություն տրամադրող անձի` լիազոր մարմնում հաշվառման կարգը.

8) ֆինանսական հաստատության լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելու) ընթացքում վերահսկող մարմնի կողմից պահանջվող տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը).

9) ( 9-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2023 թվականից` 03.06.21 ՀՕ-253-Ն օրենք)

10) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր և ցածր ռիսկի չափանիշներն ու դրանց որոշման կարգը.

11) արժույթի և վճարային գործիքների ներմուծման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման դեպքերում մաքսային մարմինների կողմից լիազոր մարմին ներկայացվող տեղեկությունների բովանդակությունը, ներկայացման ձևերը, կարգը և ժամկետները.

12) հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հետ կապված դիտարկման ընթացքին (վերլուծության կատարմանը) ներկայացվող նվազագույն պահանջները.

13) հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները, ներքին դիտարկումների մարմնի գործառույթները հաշվետվություն տրամադրող անձի այլ ստորաբաժանումներին կամ աշխատակիցներին վերապահելու բացառությունները, ինչպես նաև ներքին դիտարկումների մարմնի գործառույթները մասնագիտացված գործունեություն իրականացնող անձին վերապահելու դեպքերը և կարգը.

14) պետական մարմիններից հավաքագրվող վիճակագրության տրամադրման կարգը, ձևերը և հավաքագրման ժամկետները.

15) սույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ցանկերում ընդգրկված անձանց` իրենց այդպիսի ցանկերից հանելու խնդրանքի քննարկման կարգը, ահաբեկչության հետ կապված անձանց գույքի սառեցումը վերացնելու կարգը.

16) հաշվետվություն տրամադրող անձի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ընտրության, ուսուցման և որակավորման նվազագույն պահանջները.

17) մաքսային սահմանով ըստ ներկայացնողի արժեթղթերի փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման հայտարարագրման կարգն ու պայմանները.

18) սույն օրենքով սահմանված պարտականությունների կատարմանը ներկայացվող նվազագույն պահանջները:

2. Ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը համաձայնեցվում են համապատասխան վերահսկող մարմինների հետ:

(11-րդ հոդ. փոփ. 03.06.21 ՀՕ-253-Ն, 30.06.21 ՀՕ-296-Ն օրենքներ)

 

Հոդված 12. Տեղեկությունների պաշտպանությունը

 

1. Լիազոր մարմնին արգելվում է իր կողմից ստացվող, վերլուծվող և տրամադրվող ցանկացած տեղեկության, այդ թվում` լիազոր մարմնին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տվյալներ տրամադրած և (կամ) դրանց տրամադրմանը մասնակցած կամ լիազոր մարմնի կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին ծանուցման տրամադրման մեջ ներգրավված անձի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը` դրանք բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ այլ անձանց հայտնի դարձնելը, այլ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Սույն օրենքի նպատակներից բխող` լիազոր մարմնի կողմից ստացվող և պահպանվող տեղեկատվությունը, ինչպես նաև լիազոր մարմնին հասանելի այլ տեղեկությունները չեն կարող տրամադրվել կամ օգտագործվել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ չառնչվող որևէ նպատակի համար: Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի կողմից օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տրամադրված ծանուցումները և այլ տեղեկությունները հանդիսանում են օպերատիվ տեղեկություններ որոնք կարող են օգտագործվել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով և չեն կարող տրամադրվել երրորդ անձի, բացառությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների:

(12-րդ հոդ. փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն, 09.06.22 ՀՕ-179-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4
ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13. Լիազոր մարմնի և այլ մարմինների փոխհարաբերությունները

 

1. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ իրականացման նպատակով լիազոր մարմինը սույն օրենքով նախատեսված կարգով և սահմաններում համագործակցում է այլ մարմինների, ներառյալ` վերահսկող ու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների հետ` կնքելով երկկողմ համաձայնագրեր կամ առանց դրանց:

2. Լիազոր մարմինը, սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով, համագործակցում է վերահսկող մարմինների հետ` սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջներին հաշվետվություն տրամադրող անձանց համապատասխանության ապահովման նպատակով:

3. Լիազոր մարմինը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տրամադրում է ծանուցում, եթե հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքով սահմանված կարգով ստացված հաշվետվության կամ այլ տեղեկությունների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հիմնավոր կասկածներ կամ նախորդող հանցագործության այնպիսի հիմնավոր կասկածներ, որոնք կարող են հանգեցնել փողերի լվացման: Ծանուցման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն ծանուցման, լիազոր մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբօպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին ներկայացնել նաև ծանուցման մեջ նշված հանգամանքներին առնչվող այլ տեղեկություններ: Ծանուցումը կամ ի լրումն ծանուցման տրամադրված տեղեկությունները կարող են պարունակել օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների հարցման հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է իր տրամադրության տակ առկա, այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, եթե հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ կամ նախորդող հանցագործության կասկածի կամ դեպքի վերաբերյալ, որը լիազոր մարմնի կարծիքով կարող է հանգեցնել փողերի լվացման: Այդպիսի տեղեկությունները տրամադրվում են 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ լիազոր մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար:

5. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղեկությունները պահանջելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձինք, պետական, այդ թվում` վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները պետք է այդ տեղեկությունները լիազոր մարմնին տրամադրեն 10-օրյա ժամկետում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ պետական մարմնի հիմնավորված կարծիքով անհրաժեշտ չէ ավելի երկար ժամկետ հարցմանը պատասխանելու համար: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները նախաքննության` հրապարակումն արգելված տվյալները տրամադրում են, եթե լիազոր մարմնի հարցումը պարունակում է բավարար հիմնավորում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի կամ դեպքի վերաբերյալ:

6. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցումների և սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկությունների քննարկման, իսկ քրեական վարույթ նախաձեռնելու դեպքում` նաև կատարված նախաքննության արդյունքում ընդունված որոշումների մասին տեղեկացնում են լիազոր մարմնին` որոշումն ընդունելուց հետո` 10-օրյա ժամկետում:

7. Մաքսային մարմնի կողմից արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի` մաքսային սահմանով տեղափոխման կասեցման մասին տեղեկանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը պարտավոր է մաքսային մարմնին տեղեկացնել կասեցման վերացման մասին կամ ծանուցում տրամադրել իրավապահ մարմնին: Ծանուցում տրամադրելու դեպքում լիազոր մարմինը տեղեկություններ է ներկայացնում կասեցված արժութային արժեքների և (կամ) ըստ ներկայացնողի արժեթղթերի` փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ հնարավոր կապը հիմնավորելու վերաբերյալ: Ծանուցում տրամադրելու մասին լիազոր մարմինը անհապաղ տեղեկացնում է մաքսային մարմնին:

8. Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում պետական մարմինները պետք է ամփոփեն և լիազոր մարմնի սահմանած կարգով, ձևով և ժամկետներում լիազոր մարմնին տրամադրեն պարբերական վիճակագրություն, որը պետք է ներառի`

1) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև փողերի լվացմանը նախորդող` լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության դատախազության հետ համաձայնեցմամբ սահմանված ցանկում ընդգրկված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների թիվը և նկարագրությունը.

2) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների ընթացքում առգրավված կամ արգելադրված գույքի արժեքը` ըստ առանձին գործերի.

3) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով նախաձեռնված այն քրեական վարույթների թիվը, որոնցով քրեական հետապնդումը դադարեցվել է, ինչպես նաև դադարեցման պատճառները.

4) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով նախաձեռնված և դատաքննության փուլում գտնվող քրեական վարույթների թիվն ու նկարագրությունը.

5) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթների, դրանց հետ կապված այլ հանցագործությունների կապակցությամբ կայացված դատավճիռների (մեղադրական և արդարացման) թիվը, նշանակված պատիժները, ինչպես նաև բռնագրավված գույքի արժեքը.

6) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման քրեական վարույթներով միջազգային իրավական օգնության շրջանակներում ստացված և ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկություններ.

7) լիազոր մարմնի կողմից չվերահսկվող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի` օրենսդրությանը համապատասխանության հետ կապված ստուգումների, ինչպես նաև օրենսդրության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկություններ:

(13-րդ հոդ. փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն, 09.06.22 ՀՕ-179-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 14. Միջազգային համագործակցությունը

 

1. Լիազոր մարմինը և պետական իրավասու մարմինները համագործակցում են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում գործող միջազգային կառույցների և արտասահմանյան երկրների համապատասխան մարմինների (այդ թվում` ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների) հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային պրակտիկայում ընդունված կարգով:

2. Լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման դեպքում փոխանակում է տեղեկություններ (ներառյալ` փաստաթղթեր), այդ թվում` օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ, որոնք երկկողմ համաձայնագրերի կամ միջազգային կառույցներում անդամակցությունից բխող պարտականությունների հիման վրա ապահովում են տեղեկությունների համարժեք գաղտնիություն և այդ տեղեկություններն օգտագործում են բացառապես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով:

3. Լիազոր մարմինն իրավասու չէ որևէ երրորդ անձի բացահայտելու, ինչպես նաև քրեական հետապնդման, վարչական կամ դատական նպատակներով օգտագործելու կամ օգտագործման տրամադրելու միջազգային համագործակցության շրջանակներում ստացված տեղեկությունները` առանց այդ տեղեկությունները տրամադրած օտարերկրյա կառույցի կամ մարմնի նախնական համաձայնության:

4. Սույն հոդվածի նպատակներից ելնելով` լիազոր մարմինն իրավասու է համագործակցության համաձայնագրեր կնքելու ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ:

 

ԳԼՈՒԽ 5
ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Հոդված 15. Գործարքների և գործառնությունների որոշ տեսակների սահմանափակումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է բացել, թողարկել, տրամադրել կամ սպասարկել`

1) անանուն կամ մտացածին անուններով հաշիվներ.

2) միայն թվային, տառային կամ պայմանական այլ նշաններով արտահայտված հաշիվներ.

3) ըստ ներկայացնողի արժեթղթեր:

2. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է կեղծ բանկի ստեղծումը կամ գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի` 50 միլիոն դրամը գերազանցող առուվաճառքի գործարքների դեպքում արգելվում է գերազանցող գումարի մասով կանխիկ վճարում իրականացնելը, եթե 50 միլիոն դրամից փոքր գումարային սահմանաչափ սահմանված չէ օրենքով:

(15-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն օրենք)

 

i
Հոդված 16. Հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատել կամ միանգամյա գործարք կատարել միայն հաճախորդի նույնականացման համար սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը) ստանալուց և հաճախորդի ինքնությունը ստուգելուց հետո: Հաշվետվություն տրամադրող անձը կարող է սույն օրենքով նույնականացման համար պահանջվող տեղեկությունների հիման վրա հաճախորդի ինքնությունը ստուգել նաև գործարար հարաբերություն հաստատելու ընթացքում կամ դրանից հետո ողջամիտ, բայց ոչ ավելի, քան յոթնօրյա ժամկետում, եթե ռիսկն արդյունավետորեն կառավարվում է, և դա անհրաժեշտ է հաճախորդի հետ բնականոն գործարար հարաբերությունները չխափանելու նպատակով:

2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնի, երբ`

1) հաստատվում է գործարար հարաբերություն.

2) կատարվում է միանգամյա գործարք (փոխկապակցված միանգամյա գործարքներ), այդ թվում` ներպետական կամ միջազգային դրամական փոխանցում, որի գումարը հավասար է կամ գերազանցում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը, եթե խստացնող այլ դրույթ սահմանված չէ օրենսդրությամբ.

3) կասկածներ են առաջանում հաճախորդի նույնականացմանը վերաբերող` նախկինում ձեռք բերված տեղեկությունների (ներառյալ` փաստաթղթերի) հավաստիության կամ ամբողջականության վերաբերյալ.

4) կասկածներ են առաջանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ:

i

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձինք սույն հոդվածով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնում են 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում, ընդ որում` խաղատների, շահումով խաղերի, ներառյալ` ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները` նույն մասով նախատեսված և 1 միլիոն դրամին հավասար կամ դրան գերազանցող որևէ գործարքի (փոխկապակցված միանգամյա գործարքների) մասով (բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից), ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, իսկ ռիելթորական գործունեություն իրականացնող անձինք` անշարժ գույքի առուվաճառքի գործարքների կամ գործարար հարաբերությունների մասով, եթե խստացնող այլ դրույթ սահմանված չէ օրենսդրությամբ:

ԻՐՏԵԿ 16-րդ հոդվածի 3-րդ մասը փոփոխվելու է` «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից` համաձայն 12.06.24 ՀՕ-264-Ն օրենք:

4. Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդին նույնականացնում և նրա ինքնությունը ստուգում է պետական իրավասու մարմնի տված արժանահավատ ու վավեր փաստաթղթերի և այլ տեղեկությունների հիման վրա: Ընդ որում`

1) ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար անձը հաստատող փաստաթղթի կամ բացառապես լուսանկարով` պաշտոնական այլ փաստաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում), ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` նաև հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ: Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պարզի նաև հաճախորդի բնակության վայրը.

2) իրավաբանական անձի համար պետական գրանցման փաստաթղթի կամ պաշտոնական այլ փաստաթղթերի հիման վրա ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը (եթե տարբերվում է իրավաբանական անձի գտնվելու վայրից), կանոնադրությունը կամ համանման այլ փաստաթուղթը, անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն),գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձի (մարմնի անդամի) անունը, ազգանունը և, առկայության դեպքում, հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղեկություններ.

3) պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի համար ձեռք բերվող տեղեկությունները պետք է առնվազն ներառեն պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի լրիվ պաշտոնական անվանումը և երկիրը:

5. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պարզի, թե արդյոք հաճախորդը հանդես է գալիս իր կամ այլ անձի անունից և (կամ) օգտին: Հաշվետվություն տրամադրող անձը պետք է`

1) սույն հոդվածի 1-4-րդ և 8-րդ մասերին համապատասխան, նույնականացնի լիազորված անձին (առկայության դեպքում) , ստուգի նրա ինքնությունը և հաճախորդի անունից հանդես գալու նրա լիազորությունը.

2) նույնականացնի իրական շահառուին և ողջամիտ քայլեր ձեռնարկի նրա ինքնությունն ստուգելու նպատակով` արժանահավատ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա, ընդ որում Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ հիմնարկի դեպքում` սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված կարգով:

5.1. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն` հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և ինքնությունն ստուգելու նպատակով հաշվետվություն տրամադրող անձի ձեռնարկած քայլերը, եզրահանգումները և դրանց հիմնավորումները փաստաթղթավորվում ու պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

6. Իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է լիարժեք տեղեկատվություն ունենա այդ իրավաբանական անձի մասնակիցների և կառավարման մարմինների լիազորությունների վերաբերյալ:

6.1. Տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում հանդիսացող հաճախորդների դեպքում հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և ողջամիտ քայլերի ձեռնարկմամբ նրա ինքնությունն ստուգելու նպատակով պետք է լիարժեք տեղեկություններ ունենա դրա հիմնադիրների, կառավարիչների, շահառուների (այդ թվում` շահառուների դասի), շահերի պաշտպանի (առկայության դեպքում) և իրական (փաստացի) հսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձի կամ համանման գործառույթներ իրականացնող անձի և նրանց լիազորությունների վերաբերյալ:

7. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է հասկանա հաճախորդի գործարար բնութագիրը, գործարքի կամ գործարար հարաբերության նպատակը և նախատեսվող բնույթը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ձեռք բերի տեղեկություններ գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի մասին:

7.1. Տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդը (այդ թվում` ոչ ֆինանսական հաստատությունը) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս պարտավոր է բացահայտել իր կարգավիճակը:

8. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գործողություններն իրականացնելիս հաշվետվություն տրամադրող անձի համար կարող են հիմք ծառայել այլ ֆինանսական հաստատության կամ ոչ ֆինանսական հաստատության կամ անձի կողմից հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալները հետևյալ պայմանների բավարարման դեպքում`

1) հաշվետվություն տրամադրող անձը պետք է վերջնական պատասխանատվություն կրի հաճախորդի պատշաճ ուսումնասիրության համար.

2) հաշվետվություն տրամադրող անձը պետք է այլ ֆինանսական հաստատությունից կամ ոչ ֆինանսական հաստատությունից կամ անձից անմիջապես ստանա սույն հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված տեղեկությունները.

3) հաշվետվություն տրամադրող անձը պետք է բավարար միջոցներ ձեռնարկի հավաստիանալու, որ այլ ֆինանսական հաստատությունը կամ ոչ ֆինանսական հաստատությունը կամ անձը`

ա. իրավասու է և կարող է ըստ պահանջի անմիջապես տրամադրել հաճախորդի պատշաճ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, ներառյալ` փաստաթղթերի պատճենները,

բ. փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից ենթակա է պատշաճ կարգավորման ու վերահսկողության, ինչպես նաև ունի սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված` հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և տեղեկությունների պահպանման արդյունավետ ընթացակարգեր,

գ. չի գտնվում կամ բնակվում չհամապատասխանող երկրում կամ տարածքում կամ չհամապատասխանող երկրներից կամ տարածքներից չէ:

9. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է չիրականացնել հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն, բացառությամբ նույնականացման և ինքնության ստուգման, եթե առկա են կասկածներ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ, և հաշվետվություն տրամադրող անձը ողջամտորեն կարծում է, որ հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելը կհանգեցնի հաճախորդին իր կասկածների բացահայտմանը: Այս դեպքում հաշվետվություն տրամադրող անձը սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն է տրամադրում լիազոր մարմնին:

(16-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն, 30.06.21 ՀՕ-296-Ն օրենքներ)

 

Հոդված 17. Գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է գործարար հարաբերության ամբողջ ընթացքում իրականացնի դրա պատշաճ ուսումնասիրություն: Գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը ներառում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից հաճախորդի հետ գործարքների դիտանցումը` հաճախորդի, նրա գործարար բնութագրի և ռիսկայնության վերաբերյալ առկա տեղեկությունների հավաստիության, այդ տեղեկությունների հետ հաճախորդի գործունեության համադրելիության, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հաճախորդի եկամուտների և ունեցվածքի աղբյուրի իսկության հարցում հավաստիանալու նպատակով:

2. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է իր սահմանած հաճախականությամբ թարմացնի հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ կամ պարզեցված) ուսումնասիրության շրջանակում հավաքագրված տեղեկությունները` դրա արդիականության ու վերաբերելիության հարցում հավաստիանալու նպատակով: Հաճախորդի նույնականացման և ինքնության ստուգման արդյունքում ձեռք բերված տեղեկությունների թարմացման համար սահմանված հաճախականությունը պետք է լինի ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:

 

Հոդված 18. Հաճախորդի` ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրության առանձնահատկություններով պայմանավորված միջոցառումները

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս պետք է ներդնի ռիսկի կառավարման այնպիսի ընթացակարգեր, որոնք կբացահայտեն և կգնահատեն հնարավոր կամ առկա ռիսկերը և կապահովեն ռիսկերին համարժեք միջոցների ձեռնարկումը:

2. Բարձր ռիսկի չափանիշի առկայության կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հաճախորդի հավելյալ ուսումնասիրության իրականացման հանձնարարականի ստացման դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է իրականացնի հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն: Հավելյալ ուսումնասիրություն իրականացվում է նաև այն դեպքերում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության ընթացքում բացահայտվում կամ ի հայտ է գալիս բարձր ռիսկի չափանիշ:

3. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է սահմանի և կիրառի առանց առերես շփման գործարքներին կամ գործարար հարաբերություններին առնչվող ռիսկերի կառավարման քաղաքականություն և ընթացակարգեր, ներառյալ` նույնականացման և ինքնության ստուգման համար, որոնք պետք է կիրառվեն հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելիս և գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս:

4. Եթե հաճախորդն օտարերկրյա իրավաբանական անձ է կամ օտարերկրյա ֆիզիկական անձ կամ տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում, ապա հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է պարզել և գրառել նաև այդ անձի կենսական շահերի կենտրոնը:

4.1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է նույնականացնել կյանքի ապահովագրության կամ ներդրումային բնույթի այլ ապահովագրական վկայագրի պայմանագրի շահառուին վերջինիս ինքնությունը կամ բնորոշ հատկանիշները պարզելուց անմիջապես հետո, իսկ ինքնության ստուգումն իրականացնել ապահովագրական հատուցումը վճարելու պահին: Ընդ որում`

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձ շահառուների համար` առնվազն ձեռք բերելով տվյալ անձի անունը, ազգանունը կամ անվանումը.

2) որոշակի հատկանիշների կամ որոշակի խմբի դասվելու կամ որևէ այլ հիմքով շահառուների համար` առնվազն ձեռք բերելով ապահովագրական հատուցումը վճարելու պահին շահառուներին նույնականացնելու համար բավարար տեղեկություններ:

5. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է ցածր ռիսկի չափանիշների առկայության դեպքում իրականացնել հաճախորդի պարզեցված ուսումնասիրություն: Պարզեցված ուսումնասիրություն չի կարող իրականացվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի չափանիշի կամ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության դեպքում:

6. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է անհրաժեշտ պարբերականությամբ և դեպքերում հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնել նաև առկա հաճախորդների նկատմամբ` այդ հաճախորդների հետ կապված ռիսկերի և դրանց էականության հիման վրա:

(18-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն, 30.06.21 ՀՕ-296-Ն օրենքներ)

 

Հոդված 19. Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները

 

1. Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունների ընթացքում ֆինանսական հաստատությունը, ի լրումն հաճախորդի պատշաճ ուսումնասիրության համար սույն օրենքով սահմանված պահանջների, պետք է`

1) հավաքի բավարար տեղեկություններ, որպեսզի ամբողջությամբ պարզի թղթակից հաստատության գործունեության բնույթը և, հիմք ընդունելով հրապարակային ու այլ արժանահավատ տեղեկությունները, գնահատի թղթակից հաստատության գործարար համբավն ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության որակը, ներառյալ այն, թե արդյոք այդ ֆինանսական հաստատությունը ներգրավված է եղել կամ տվյալ պահին ներգրավված է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված քրեական հետապնդման կամ որևէ այլ վարույթի մեջ.

2) գնահատի թղթակից հաստատության կողմից իրականացվող` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընթացակարգերը, հավաստիանալու համար, որ դրանք բավարար են և արդյունավետ.

3) թղթակցային և համանման այլ հարաբերություն հաստատելուց առաջ ստանա ավագ ղեկավարության հավանությունը.

4) հասկանա, ինչպես նաև փաստաթղթավորի թղթակից հաստատություններից յուրաքանչյուրի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համապատասխան պարտականությունները, եթե դրանք հստակորեն հայտնի չեն.

5) հավաստիանա, որ թղթակից հաստատությունը`

ա. տարանցիկ հաշիվների դեպքում իրականացրել է ֆինանսական հաստատության հաշիվներին ուղղակի հասանելիություն ունեցող հաճախորդների պատշաճ ուսումնասիրություն և հարցման դեպքում կարող է տրամադրել այդ հաճախորդների պատշաճ ուսումնասիրության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները,

բ. թույլ չի տալիս կեղծ բանկերի կողմից իր հաշիվների օգտագործումը:

2. Ֆինանսական հաստատությանն արգելվում է թղթակցային կամ համանման այլ հարաբերություններ հաստատել կամ շարունակել կեղծ բանկերի հետ:

(19-րդ հոդ. փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն օրենք)

 

Հոդված 20. Դրամական փոխանցումների հետ կապված պարտականությունները

 

1. Դրամական փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է ձեռք բերի և պահպանի հետևյալ տեղեկությունները`

1) փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի անունը, ազգանունը կամ անվանումը.

2) փոխանցում կատարողի և փոխանցումն ստացողի հաշիվների համարները (բացակայության դեպքում` փոխանցումն ուղեկցող եզակի հղման համարը).

3) փոխանցում կատարողի կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, կամ հասցեն, կամ ծննդյան ամսաթիվը և վայրը` ֆիզիկական անձի համար, կամ անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն) կամ գտնվելու վայրի հասցեն` իրավաբանական անձի համար:

2. Դրամական փոխանցումների դեպքում դրամական փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատությունը պետք է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները ներառի փոխանցմանն ուղեկցող վճարման հանձնարարականում: Մեկից ավելի դրամական փոխանցումների խմբավորման դեպքում դրամական փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատությունը կարող է յուրաքանչյուր առանձին փոխանցման մեջ նշել միայն փոխանցում կատարողի վերաբերյալ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները, եթե խմբավորված փոխանցումը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր տեղեկությունները:

3. Դրամական փոխանցման մեջ ներգրավված բոլոր միջնորդ ֆինանսական հաստատությունները պետք է ապահովեն, որ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների հաղորդումն իրականացվի փոխանցման հետ միասին: Այն դեպքում, երբ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ միջնորդ ֆինանսական հաստատության կողմից անդրսահմանային դրամական փոխանցմանն ուղեկցող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների հաղորդումը հարակից ներպետական դրամական փոխանցման հետ միասին, միջնորդ ֆինանսական հաստատությունը պետք է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում պահպանի այդ տեղեկությունները:

4. Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն կիրառվում`

1) ֆինանսական հաստատությունների միջև իրենց անունից կատարվող փոխանցումների և փոխհաշվարկների նկատմամբ.

2) կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերով իրականացվող գործարքների նկատմամբ, եթե գործարքի կատարման և ձևակերպման (հաշվառման) համար հիմք հանդիսացող բոլոր հաղորդագրություններում (ուղեկցող գրագրությունում) առկա է այդ քարտերի համարների վերաբերյալ տեղեկատվությունը: Սույն կետով սահմանված բացառությունը վերաբերում է այն դեպքերին, երբ գործարքը կապված է ավտոմատ գանձման սարքերի միջոցով գումարների կանխիկացման, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման հետ, և չի վերաբերում այն դեպքերին, երբ կրեդիտային, դեբետային կամ կանխավճարային քարտերն օգտագործվում են վճարումների որևէ համակարգում դրամական փոխանցումներ կատարելու համար:

5. Դրամական փոխանցման մեջ ներգրավված միջնորդ ֆինանսական հաստատությունը և դրամական փոխանցումը ստացող ֆինանսական հաստատությունը պետք է սահմանեն ռիսկերի վրա հիմնված արդյունավետ քաղաքականություն և ընթացակարգեր` բացահայտելու և համարժեք միջոցներ (այդ թվում` գործարքի մերժում կամ կասեցում) ձեռնարկելու այն դրամական փոխանցումների նկատմամբ, որոնք չեն ներառում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսվող տեղեկությունները չներառող դրամական փոխանցման դեպքում ֆինանսական հաստատությունը պետք է դիտարկի դրամական փոխանցման մեջ ներգրավված ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները դադարեցնելու հարցը:

(20-րդ հոդ. փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն օրենք)

 

Հոդված 21. Հաշվետվություն տրամադրող անձի` արտասահմանյան երկրներում և տարածքներում գործող մասնաճյուղերին և ներկայացուցչություններին ներկայացվող պահանջները

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է ապահովել արտասահմանյան երկրներում կամ տարածքներում, ներառյալ` չհամապատասխանող երկրներում կամ տարածքներում գտնվող իր դուստր կազմակերպությունների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կողմից սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կիրառությունը, եթե սույն օրենքը և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերը սահմանում են ավելի խիստ նորմեր, քան դուստր կազմակերպության, մասնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու երկրի կամ տարածքի օրենքներն ու իրավական այլ ակտերը: Եթե դուստր կազմակերպության, մասնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու երկրի կամ տարածքի օրենքներն ու իրավական այլ ակտերն արգելում են կամ հնարավորություն չեն տալիս կիրառելու սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները, ապա դուստր կազմակերպությունը, մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը պետք է ձեռնարկի համարժեք միջոցառումներ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը զսպելու ուղղությամբ, ինչպես նաև այդ մասին տեղեկացնի հաշվետվություն տրամադրող անձին, իսկ հաշվետվություն տրամադրող անձը` լիազոր մարմնին:

(21-րդ հոդ. փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն օրենք)

 

Հոդված 22. Տեղեկությունների պահպանումը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է պահպանի սույն օրենքով պահանջվող, ներառյալ` հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը)` անկախ նրանից, թե գործարքը կամ գործարար հարաբերությունը շարունակվում է, թե դադարեցվել է, այդ թվում`

1) հաճախորդի նույնականացման տվյալները, այդ թվում` հաշվեհամարի և հաշվի շարժի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև գործարար թղթակցության տվյալները.

2) ներպետական և միջազգային գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները (ներառյալ` հաճախորդի (և գործարքի մյուս կողմի) անունը, հաշվառման հասցեն (առկայության դեպքում) և բնակության (գտնվելու) վայրը, գործարքի բնույթը, կատարման ժամկետը, գումարը և արժույթը, առկայության դեպքում նաև` հաշվի տեսակը և հաշվեհամարը), որոնք բավարար կլինեն տվյալ գործարքի կամ գործարար հարաբերության ամբողջական պատկերը վերականգնելու համար.

3) սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև կասկածելի չորակված գործարքների կամ գործարար հարաբերությունների դիտարկման ընթացքի (կատարված վերլուծության) և արդյունքների վերաբերյալ տեղեկությունները.

4) սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերի գնահատման արդյունքները.

5) սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները.

6) սույն օրենքով սահմանված այլ տեղեկություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը) պետք է պահպանվեն գործարար հարաբերության ավարտից կամ գործարքի կատարումից հետո` առնվազն 5 տարվա ընթացքում, իսկ օրենքով նախատեսված լինելու դեպքում` ավելի երկար ժամկետով:

3. Սույն օրենքով պահանջվող և հաշվետվություն տրամադրող անձի կողմից պահպանվող տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը) պետք է բավարար լինեն լիազոր մարմնի կամ, օրենքով սահմանված դեպքերում, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների կողմից հարցվող հաճախորդների, գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ յուրաքանչյուր դեպքում ամբողջական ու լիարժեք տեղեկությունների տրամադրման համար:

4. Սույն հոդվածով սահմանված տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը) պետք է ժամանակին և օրենքով սահմանված կարգով հասանելի լինեն իրավասու վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, վարույթի հանրային մասնակիցների, ինչպես նաև աուդիտորների համար:

(22-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-179-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄԻՆԸ, ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

Հոդված 23. Հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ունենա և կիրառի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտեր (քաղաքականություն, հայեցակարգ, կարգ, կանոն, կանոնակարգ, ընթացակարգ, հրահանգ կամ այլ), որոնք հաշվի կառնեն հաշվետվություն տրամադրող տվյալ անձի գործունեության ծավալներն ու բնույթը, ինչպես նաև դրանց բնորոշ ռիսկերը: Ֆինանսական խումբը պետք է ունենա և կիրառի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված, ամբողջ խմբի համար կիրառելի ներքին իրավական ակտեր: Սույն մասով նախատեսված ներքին իրավական ակտերը պետք է սահմանեն առնվազն`

1) այն ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ և պարզեցված) ուսումնասիրության և տեղեկությունների պահպանման նպատակով.

2) հաճախորդի պատշաճ (այդ թվում` հավելյալ և պարզեցված) ուսումնասիրության նպատակով պահանջվող փաստաթղթերի և այլ տեղեկությունների ցանկը.

3) սույն օրենքով, դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով և հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով նախատեսված ընթացակարգերի և պահանջների պահպանման նկատմամբ ներքին աուդիտի իրականացման կարգն ու պայմանները` ներքին աուդիտի անցկացման` օրենքով սահմանված պահանջի դեպքում.

4) ներքին դիտարկումների մարմնի գործունեության ընթացակարգը.

5) գործարքների կամ գործարար հարաբերությունների մասին տեղեկությունների հավաքագրման, գրանցման և պահպանման ընթացակարգերը.

6) գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու ընթացակարգը.

7) կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների կասեցման, գործարքների կամ գործարար հարաբերությունների իրականացման մերժման կամ դադարեցման, ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցման ընթացակարգերը.

8) լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու ընթացակարգը.

9) ներքին դիտարկումների մարմնի և այլ աշխատակիցների աշխատանքի ընդունման, ուսուցման և վերապատրաստման պահանջները` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունների (այդ թվում` հաճախորդի պատշաճ ուսումնասիրության և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրելու մասով), ինչպես նաև հնարավոր և առկա ռիսկերի և տիպաբանությունների վերաբերյալ.

10) ծառայությունների նոր տեսակների մատուցմամբ կամ դրանց մատուցման նոր եղանակների գործարկմամբ, նոր կամ զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև առանց առերես շփման գործարքներով կամ գործարար հարաբերություններով պայմանավորված հնարավոր և առկա ռիսկերի հակազդման (կառավարման) համապատասխան ընթացակարգերը.

11) ռիսկերի արդյունավետ կառավարման ընթացակարգերը` բարձր ռիսկի չափանիշների առկայությունը, այդ թվում` այն հանգամանքը պարզելու համար, թե արդյոք հաճախորդը կամ իրական շահառուն հանդիսանում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ կամ նրա ընտանիքի անդամ կամ նրա հետ փոխկապակցված այլ անձ.

12) առանց նախապես ինքնության ստուգում իրականացնելու գործարար հարաբերություն հաստատելու կամ միանգամյա գործարք կատարելու դեպքում ռիսկերի արդյունավետ կառավարման ընթացակարգերը.

13) ներքին դիտարկումների մարմնի և հաճախորդներին սպասարկող ստորաբաժանումների կամ աշխատակիցների միջև համագործակցության ընթացակարգերը.

14) օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունների ընթացքում սույն օրենքով սահմանված պարտականությունների կատարման կարգը.

15) ֆինանսական խմբի դեպքում` ֆինանսական խմբի անդամների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով տեղեկատվության, այդ թվում` կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ընթացակարգերը.

16) սույն օրենքով, լիազոր մարմնի իրավական ակտերով սահմանված այլ պահանջների կիրառությունն ապահովող ընթացակարգերը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտերից մեկական օրինակ հաշվետվություն տրամադրող անձինք դրանց հաստատման, ինչպես նաև դրանցում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու դեպքում մեկշաբաթյա ժամկետում տրամադրում են լիազոր մարմնին:

Լիազոր մարմնի պահանջով հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել ներքին իրավական ակտերում և սույն մասի 1-ին պարբերությամբ սահմանված ժամկետում տրամադրել լիազոր մարմնին:

(23-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն, 30.06.21 ՀՕ-296-Ն օրենքներ)

 

Հոդված 24. Հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմինը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է ունենալ ներքին դիտարկումների մարմին:

2. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցները պետք է լիազոր մարմնի սահմանած կարգով և մասնագիտական համապատասխանության չափանիշների հիման վրա ունենան որակավորում:

3. Ներքին դիտարկումների մարմինը վերջնական որոշում է կայացնում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կասեցնելու, իրականացումը մերժելու կամ դադարեցնելու, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու վերաբերյալ, ինչպես նաև ապահովում է լիազոր մարմնին սույն օրենքով սահմանված հաշվետվությունների տրամադրումը, հաշվետվություն տրամադրող անձի կողմից սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված այլ գործառույթների կատարումը:

4. Ներքին դիտարկումների մարմնին պետք է ուղղակիորեն և անմիջապես հասանելի լինեն հաշվետվություն տրամադրող անձի կողմից ձեռք բերվող ու պահպանվող` սույն օրենքով սահմանված տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը):

5. Ներքին դիտարկումների մարմինը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան կիսամյակը մեկ անգամ ուսումնասիրում է հաշվետվություն տրամադրող անձի կատարած գործարքների և հաստատած գործարար հարաբերությունների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ու աշխատակիցների գործողությունների համապատասխանությունը սույն օրենքին և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերին: Ուսումնասիրության արդյունքների, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված այլ հարցերի վերաբերյալ ներքին դիտարկումների մարմինը հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմնի սահմանած` հաշվետվություն տրամադրող անձի իրավասու մարմնին (բանկերում` խորհրդին):

6. Ներքին դիտարկումների մարմինը սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված գործառույթներն իրականացնելիս անկախ է և պետք է ունենա հաշվետվություն տրամադրող անձի ավագ ղեկավարության կարգավիճակ:

7. Ներքին դիտարկումների մարմինը պետք է իրավունք ունենա լիազոր մարմնի սահմանած` հաշվետվություն տրամադրող անձի իրավասու մարմնին (բանկերի դեպքում` խորհրդին) անմիջականորեն ներկայացնելու հաշվետվություն տրամադրող անձի` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ծագած խնդիրները, ինչպես նաև մասնակցելու այդ մարմնի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն առնչվող հարցերի քննարկմանը:

(24-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն օրենք)

 

Հոդված 25. Հաշվետվություն տրամադրող անձի կողմից աուդիտի իրականացումը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնի սահմանած դեպքերում և հաճախականությամբ պետք է իրականացնի ներքին աուդիտ` սույն օրենքով նախատեսված պարտականությունների և գործառույթների պատշաճ իրականացումը վերստուգելու համար:

2. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնի սահմանած կարգով, լիազոր մարմնի պահանջով կամ իր նախաձեռնությամբ հրավիրում է արտաքին աուդիտ` վերստուգելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման և արդյունավետության մակարդակը:

 

ԳԼՈՒԽ 7
ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԶԵՆՔԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ

(7-րդ գլխի վերնագիրը փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն օրենք)

 

i
Հոդված 26. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը

 

1. Ֆինանսական հաստատությունը փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի առկայության դեպքում իրավունք ունի մինչև 5 օրով, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հանձնարարականի ստացման դեպքերում պարտավոր է 5 օրով կասեցնել գործարքը կամ գործարար հարաբերությունը և այդ մասին անմիջապես սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն տրամադրել լիազոր մարմնին:

2. Լիազոր մարմինն իրավասու է գործարքը կամ գործարար հարաբերությունը մինչև 15 օրով կասեցնելու` տրամադրված հաշվետվությունների, ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հարցումների, վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցների ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա: Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին լիազոր մարմնի որոշումը պետք է կատարվի անմիջապես` այն ֆինանսական հաստատության կողմից ստանալու պահից:

3. Այն դեպքում, երբ լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կասեցված գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ ծանուցում է տրամադրումօպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին, կասեցման ժամկետը համարվում է երկարաձգված ծանուցման տրամադրման պահից 15 օրով, որի մասին լիազոր մարմինը տեղեկացնում է ֆինանսական հաստատությանը: Կասեցման ժամկետը երկարաձգելու հիմնավոր անհրաժեշտության դեպքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները 15 օրվա ընթացքում տեղեկացնում են լիազոր մարմնին: Կասեցման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին լիազոր մարմնին չտեղեկացնելու դեպքում կասեցումը վերանում է:

3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կասեցման ժամկետը լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով երկարաձգելու անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում կասեցման ժամկետը մինչև 30 օրով երկարաձգելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրվելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Ֆինանսական հաստատության կամ լիազոր մարմնի` գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու մասին որոշումը, մինչև կասեցման ժամկետի ավարտը կարող է ուժը կորցրած ճանաչել միայն լիազոր մարմինը` իր նախաձեռնությամբ կամ ֆինանսական հաստատության միջնորդությամբ, եթե առկա չէ գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման հետագա անհրաժեշտությունը:

(26-րդ հոդ. փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն, 09.06.22 ՀՕ-179-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)

 

Հոդված 27. Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժումը կամ դադարեցումը

 

1. Այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-7-րդ մասերով նախատեսված պարտականությունները, կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման մերժման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է մերժի գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը և դիտարկի դրա` սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

2. Այն դեպքում, երբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա գործարար հարաբերություն հաստատելուց հետո հնարավոր չէ իրականացնել այդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտականությունները, ինչպես նաև այն դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները կամ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն գործարար հարաբերության դադարեցման հանձնարարականի ստացման դեպքերում հաշվետվություն տրամադրող անձը պետք է դադարեցնի գործարար հարաբերությունը և դիտարկի դրա` սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

3. Դրամական փոխանցում իրականացնող ֆինանսական հաստատությունը պետք է մերժի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկին հավասար կամ դրան գերազանցող դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը չգերազանցող դրամական փոխանցման ցանկացած պահանջ, եթե բացակայում են սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկությունները և դիտարկի դրանք սույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կասկածելի որակելու հարցը:

(27-րդ հոդ. փոփ. 30.06.21 ՀՕ-296-Ն օրենք)

 

Հոդված 28. Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքի սառեցումը

 

1. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկերում, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկերում ներառված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքը անմիջապես և առանց նշված անձանց նախապես տեղեկացնելու ենթակա է սառեցման, այդ թվում` մաքսային մարմինների և հաշվետվություն տրամադրող անձանց կողմից: Այն պետական մարմինները կամ անձինք, որոնք ունեն սույն մասով, ինչպես նաև սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված գույքի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակման (կալանքի, արգելանքի, սառեցման, կասեցման)` օրենքով սահմանված իրավասություն, այդ գույքի հայտնաբերման դեպքում կիրառում են իրենց այդ իրավասությունը` օրենքով սահմանված կարգով:

1.1. Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ ի շահ նրանց ուղղակի կամ անուղղակի կերպով, ամբողջությամբ կամ համատեղ կարգով գույք, տնտեսական ռեսուրսներ կամ ֆինանսական կամ այլ հարակից ծառայություններ հասանելի դարձնելն արգելվում է:

2. Լիազոր մարմինն իր նախաձեռնությամբ կամ օտարերկրյա իրավասու մարմինների խնդրանքի հիման վրա կազմում, վերանայում և հրապարակում է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր: Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի հրապարակում է համարվում լիազոր մարմնի ինտերնետային կայքում դրանց տեղադրումը: Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված` ահաբեկչության հետ կապված անձանց հասկացությանը համապատասխանող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում պետական, այդ թվում` վերահսկող և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, վարույթի հանրային մասնակիցները, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնին հայտնում են այդ մասին` սույն մասով սահմանված ցանկերում ներառելու համար:

3. Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված ցանկերում ներառված ցանկացած անձ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպությանը` իրեն ցանկերից հանելու խնդրանքով: Լիազոր մարմնի հրապարակած` ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերում ներառված ցանկացած անձ կարող է դիմել լիազոր մարմնին` իրեն ցանկից հանելու խնդրանքով, որը քննարկվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:

4. Սառեցումը վերացվում է միայն լիազոր մարմինը` գույքը սխալմամբ սառեցվելու, ինչպես նաև քննիչի կողմից սառեցված գույքի արգելադրման դեպքում: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց գույքի սառեցումը նաև վերացվում է, եթե բացահայտվում է, որ այն անձը, որի միջոցները սառեցվել են, հանվել է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկից:

5. Անձն իրավունք ունի լիազոր մարմնից պահանջելու սառեցված գույքի հաշվին իր ընտանեկան, բժշկական, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով սահմանված այլ նպատակներով վճարումների կատարումը: Այդպիսի վճարումների վերաբերյալ որոշում կայացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան, եթե տվյալ անձի անունն ընդգրկված է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված անձանց ցանկերում:

6. Հաշվետվություն տրամադրող անձն ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու դեպքում գործարքը կամ գործարար հարաբերությունը անմիջապես որակում է կասկածելի և տրամադրում է սույն օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական մարմինները և անձինք ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու (դրանց վրա կալանք կամ արգելանք դնելու կամ կասեցնելու) դեպքում դրա մասին անմիջապես տեղեկացնում են լիազոր մարմնին:

7. Ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմիններից կամ օտարերկրյա այլ մարմիններից գույքի սառեցման խնդրանք ստանալու դեպքում լիազոր մարմինը նույն օրվա ընթացքում քննարկում է սառեցման հիմնավորվածությունը: Սառեցման հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում լիազոր մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով որոշում է կայացնում գույքի սառեցման մասին:

8. Սառեցման մասին լիազոր մարմնի տեղեկանալու պահից 5 օրվա ընթացքում լիազոր մարմինը այդ մասին սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցներին տրամադրում է ծանուցում, բացառությամբ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով սառեցումը վերացնելու մասին որոշում կայացնելու դեպքերի:

9. Սույն հոդվածի իմաստով սառեցման առարկա չի կարող լինել այն գույքը, որը պատկանում է բարեխիղճ երրորդ անձին, այսինքն` այն անձին, որը գույքը այլ անձի հանձնելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ դրանք օգտագործվելու են կամ նախատեսվում են օգտագործել հանցավոր, ներառյալ` ահաբեկչության կամ ահաբեկչության ֆինանսավորման կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման կամ դրա ֆինանսավորման նպատակներով, ինչպես նաև այն անձին, որը գույքը ձեռք բերելիս չգիտեր կամ չէր կարող իմանալ, որ դրանք ստացվել են հանցավոր ճանապարհով:

(28-րդ հոդ. փոփ. 01.03.18 ՀՕ-139-Ն, 30.06.21 ՀՕ-296-Ն, 09.06.22 ՀՕ-179-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 8
ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 29. Հաշվետվություն տրամադրող անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը

 

i

1. Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխան վերահսկող մարմինները: Հաշվետվություն տրամադրող որևէ տեսակի անձի նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում այդ հաշվետվություն տրամադրող անձի նկատմամբ վերահսկողություն կարող է իրականացնել լիազոր մարմինը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին գլխով սահմանված կարգով:

2. Օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև լիազոր մարմնի առաջարկի հիման վրա վերահսկող մարմիններն իրականացնում են հաշվետվություն տրամադրող անձանց մոտ ստուգումներ` փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման պահանջների կատարումն ուսումնասիրելու և ռիսկերը գնահատելու նպատակով:

3. Ոչ առևտրային կազմակերպություններին վերահսկելու իրավասություն ունեցող մարմինները պետք է լիազոր մարմնի դիմումով միջոցներ ձեռնարկեն ոչ առևտրային կազմակերպություններին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավելը կամ օգտագործելը կանխարգելելու համար: Ոչ առևտրային կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում պահպանել`

1) ներպետական և միջազգային գործարքների վերաբերյալ տեղեկությունները (ներառյալ` փաստաթղթերը) այնպիսի մանրամասնությամբ, որը հնարավորություն կտա հավաստիանալու, թե արդյոք դրանց առարկա գույքը ծախսվել է կազմակերպության նպատակներին համապատասխան.

2) կառավարման մարմինների անդամների նույնականացման տվյալները` սույն օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան.

3) հիմնադիր փաստաթղթերը և կառավարման մարմինների որոշումները.

4) ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը:

4. Լիազոր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչպես նաև վարույթի հանրային մասնակիցները կարող են ոչ առևտրային կազմակերպություններից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկություններ (ներառյալ` փաստաթղթեր):

(29-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-179-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)

 

Հոդված 30. Օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը

 

1. Հաշվետվություն տրամադրող անձը կամ նրա աշխատակիցները (ղեկավարները) չեն կարող ենթարկվել գույքային պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար, ինչպես նաև քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար: Լիազոր մարմինը կամ նրա աշխատակիցները չեն կարող ենթարկվել քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության սույն օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:

2. Ֆինանսական հաստատությունների կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ` այդ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Այն ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնց գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվության միջոցներ սահմանված չեն, կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասով իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցները:

4. Իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն առաջացնում է հետևյալ պատասխանատվության միջոցների կիրառումը`

1) սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

2) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը (ներառյալ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելը) կամ ժամկետանց տրամադրելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

3) սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվետվությունները չտրամադրելը կամ ժամկետանց տրամադրելը, ինչպես նաև սահմանված հաշվետվությունների մեջ տվյալները սխալ (այդ թվում` կեղծ կամ ոչ արժանահավատ) կամ թերի լրացնելը, հաստատված հաշվետվական ձևը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելն առաջացնում են նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

4) սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

5) սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով.

6) սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

7) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված տեղեկությունների տրամադրման կամ հանձնարարականների կատարման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

8) սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

9) սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

10) սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

11) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

12) սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

13) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

14) սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

15) սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

16) սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

17) սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով.

18) սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում կամ տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

i

5. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

6. Վերահսկող մարմնի կողմից լիցենզավորվող (նշանակվող, որակավորվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն ստացող) ոչ ֆինանսական հաստատության կամ անձի նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է համապատասխան վերահսկող մարմինը` օրենքով սահմանված կարգով:

7. Հաշվետվություն տրամադրող որևէ տեսակի անձի նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում հաշվետվություն տրամադրող այդ անձի, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձ չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձի նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է լիազոր մարմինը` օրենքով սահմանված կարգով:

8. Լիազոր մարմնի աշխատակիցների կողմից սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի համաձայն` լիազոր մարմնի մոտ առկա և օրենքով սահմանված գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումը, ինչպես նաև առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի հրապարակումն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

i

9. Պետական մարմինների պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի կամ լիազոր մարմնի իրավական ակտերի պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 31. Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը

 

(31-րդ հոդվածն ուժը կորցրել է 01.01.2023 թվականից` 09.06.22 ՀՕ-179-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)

(31-րդ հոդ. փոփ. 09.06.22 ՀՕ-179-Ն (օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) օրենք)

 

ԳԼՈՒԽ 9
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 32. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

2. Իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, թանկարժեք մետաղների դիլերների, թանկարժեք քարերի դիլերների, արվեստի գործերի դիլերների, սակարկությունների կազմակերպիչների, հավատարմագրային կառավարման և իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հաշվառման պարտականությունն առաջանում է միայն օրենքով սահմանված կարգով լիցենզավորման (նշանակման, որակավորման կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրելու) ու դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պահանջների ամրագրումից հետո:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-80-Ն

 

pin
ՀՀ 26.05.2008
N ՀՕ-80-Ն օրենք