ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2025 թվականի N 418-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 4-րդ կետի 19-րդ ենթակետը «հարցման հիման վրա» բառերից հետո լրացնել «, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեռքբերումը մինչև նախագծային աշխատանքների մեկնարկը (այդ թվում` կնքված նախագծման պայմանագրի առկայությամբ) իրականացվում է բացառապես ծրագրերի պատվիրատու հանդիսացող պետական մարմինների և համայնքների կողմից» բառերով.
2) N 4 հավելվածի`
ա. N 1 ցանկի 7-րդ կետի 12-րդ ենթակետի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) էլեկտրամատակարարման (էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ) վերգետնյա համակարգեր`»,
բ. N 1 ցանկի 7-րդ կետի 12-րդ ենթակետը «է» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ» պարբերություններով.
«ը. վնասված պաշտպանիչ խողովակաշարերի վերականգնում մինչև 10.0 գծմ երկարությամբ,
թ. փտած, վնասված հենասյուների փոխարինում,
ժ. բաշխիչ պահարանների և արկղերի փոխարինում,
ժա. վնասված մալուխների, տեխնիկական սարքերի փոխարինում,
ժբ. վնասված մալուխային ելքերի վերանորոգում:»,
գ. N 1 ցանկի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ ենթակետով.
«13) կապի (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ) վերգետնյա համակարգեր`
ա. դիտահորերի վերանորոգում, դիտահորերի վնասված ծածկերի և մտոցների փոխարինում,
բ. վնասված պաշտպանիչ խողովակաշարերի վերականգնում մինչև 10.0 գծմ երկարությամբ,
գ. փտած, վնասված հենասյուների փոխարինում, թեքված հենասյուների ուղղում, կախված մալուխների վերաձգում,
դ. բաշխիչ պահարանների և արկղերի փոխարինում,
ե. վնասված մալուխների, տեխնիկական սարքերի փոխարինում,
զ. վնասված մալուխային ելքերի վերանորոգում:»,
դ. N 2 ցանկի 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները (այդ թվում` էլեկտրամոբիլների լիցքավորման վերգետնյա կայանները` երեքը չգերազանցող տերմինալների քանակով)` բացառությամբ բենզալցակայանների և գազալցակայանների»,
ե. N 2 ցանկի 3-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
«1.1) բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացությամբ երաշխավորված բջջային կապի դաշտային (բազային) կայանքները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 638-Ն որոշմամբ նախատեսված դեպքերի)»,
զ. N 2 ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 2.1 ցանկով.
«ՑԱՆԿ N 2.1 ՄԻՋԻՆԻՑ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ (III ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
1. Միջինից բարձր ռիսկայնության աստիճան ունեցող (II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների դասին չպատկանող, սակայն այդ միջակայքում բնութագրային ցուցանիշներ ունեցող բնակելի և հասարակական նշանակության) օբյեկտների նախագծային փաստաթղթերը ենթակա են քաղաքաշինական պարզ փորձաքննության:
2. Միջինից բարձր ռիսկայնության (lII կատեգորիայի) օբյեկտներն են`
1) հաստատված նախագծերով նախատեսված, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացությամբ երաշխավորված բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների, հասարակական և արտադրական օբյեկտների տանիքներում տեղակայվող բջջային կապի բազային կայանքները (ալեհավաքները) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 638-Ն որոշմամբ նախատեսված դեպքերի).
2) էլեկտրամոբիլների լիցքավորման վերգետնյա կայանները (երեքը գերազանցող տերմինալների քանակով).
3) հեռահաղորդակցության բաշխիչ (երկրորդային) ցանցերը.
4) 400 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող 3 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող` ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տները.
5) 400 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող 3 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող` բլոկավորված կառուցապատման բնակելի տները (երբ յուրաքանչյուր բլոկն առանձնացված ելք ունի դեպի դուրս, իսկ բլոկների միջև ընդհանուր պատը բացվածքներ չունի հարևան բլոկի (բլոկների) հետ)` բացառությամբ թաղամասերի կառուցապատման նախագծերով իրականացվողների.
6) 500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող 3 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող` առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները (բացառությամբ բենզա- և գազալիցքավորման կայանների), հյուրանոցները, հյուրանոցատիպ հանգրվանները, մոթելները, զբոսաշրջային և ճամբարային բնակատեղիները, քեմփինգները, տարբեր տիպի գրասենյակները, կապի բաժանմունքները, արվեստանոցները, բաղնիքները, սաունաները.
7) 3 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող` սակավահարկ բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքերը` բացառությամբ թաղամասերի կառուցապատման նախագծերով իրականացվողների.
8) II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների դասին չպատկանող, սակայն այդ միջակայքում բնութագրային ցուցանիշներ ունեցող այլ հասարակական (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) նշանակության շենքերը.
9) սույն ցանկում ներառված օբյեկտների վերակառուցման, հիմնանորոգման և արդիականացման աշխատանքները, եթե դրանց արդյունքում չեն գերազանցվում միջինից բարձր ռիսկայնության (lII կատեգորիայի) օբյեկտների սույն կետի 1-8-րդ ենթակետերով սահմանված հարաչափերն ու բնութագրերը:»,
է. N 3 ցանկի 4-րդ կետի 1-ին ենթակետը «իգ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իդ» պարբերությամբ.
«իդ. էլեկտրամոբիլների լիցքավորման ստորգետնյա կայաններ:»,
ը. N 3 ցանկի 4-րդ կետի 3-րդ ենթակետը «զ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «է» պարբերությամբ.
«է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 638-Ն որոշման հավելվածով սահմանված օբյեկտները:».
3) N 5 հավելվածի`
ա. N 2-5 ձևի 1-ին կետի 1-ին ենթակետը «պայմանագրի համաձայն» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. «(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը և պայմանագրի տվյալները կարող են չլրացվել)»,
բ. N 2-5 ձևի 1-ին կետի 1-ին ենթակետի «շինարարական աշխատանքների կապալառուի» բառերը փոխարինել «գլխավոր կապալառուի» բառերով,
գ. N 2-5 ձևի 1-ին կետի 2-րդ ենթակետի «կամ` (լրացվում է ռիսկայնության II կատեգորիայի օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով փոխարինվելու դեպքում)» բառերը փոխարինել «կամ` (լրացվում է միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը` շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորագրով փոխարինվելու դեպքում կամ չի լրացվում` ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ գլխով սահմանված դեպքերում)»,
դ. N 2-5 ձևի 1-ին կետի 2-րդ ենթակետի «նշել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրի համարը» բառերը փոխարինել «նշել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորագրի ամսաթիվը, համարը» բառերով,
ե. N 3-1 ձևի 3-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. «(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի անվանումը կարող է չլրացվել)»,
զ. N 3-2 ձևի 3-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. «(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի անվանումը կարող է չլրացվել) «,
է. N 3-3 ձևի 4-րդ կետը «կողմից» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. «(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի անվանումը կարող է չլրացվել) «,
ը. N 3-2-1 ձևը «Ենթակապալառու կազմակերպություն» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. «(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի և ենթակապալառուի անվանումները կարող են չլրացվել)»,
թ. N 3-2-1 ձևի «Այլ շահագրգիռ կազմակերպություններ» պարբերության 3-րդ կետի «Տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքների կապալառուի ____________ N ____________ երաշխավորագրով (կցվում է)» բառերը փոխարինել «Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտների տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքների կապալառուի ____________ N ____________ երաշխավորագրով (կցվում է) կամ չի լրացվում` ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ գլխով սահմանված դեպքերում)» բառերով,
ժ. N 3-2-1 ձևի «Հանձնաժողովն արձանագրեց, որ`» պարբերության 1-ին կետը «շինարարական աշխատանքներն ավարտված» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. «(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար` ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում, գլխավոր կապալառուի անվանումը, շինարարական կապալի պայմանագրի N-ը կարող են չլրացվել)»:
2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. ապրիլի 14
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 14 ապրիլի 2025 թվական: