ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
1 ապրիլի 2025 թվականի N 09-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 78-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի «ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 78-Ն հրամանի հավելվածի`
1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Այն շենքերի համար, որոնց վերաբերյալ բացակայում են հակահրդեհային նորմեր, ինչպես նաև 60 մ-ից ավելի բարձրությամբ սույն նորմերի 39-րդ կետի 1-ին ենթակետում նշված Գ1.3 գործառական հրդեհային վտանգավորության դասի շենքերի, 50 մ-ից ավելի բարձրությամբ գործառական հրդեհային վտանգավորության այլ դասերի շենքերի և մեկից ավելի թվով ստորգետնյա հարկերով շենքերի, ինչպես նաև առանձնահատուկ բարդության և յուրահատուկ կառուցվածքով շենքերի հակահրդեհային պաշտպանությունը անհրաժեշտ է իրականացնել միջազգային փորձի կիրառմամբ` համապատասխան գիտական, մասնագիտական ներուժ և գործունեության իրավունք ունեցող նախագծային կազմակերպության կողմից մշակված «Հատուկ տեխնիկական պայմանների» համաձայն, որը տվյալ շենքի, շինության, կառույցի հակահրդեհային պաշտպանության, անվտանգության նախագծային լուծումների և դրանց իրականացման առանձնահատկությունները սահմանող և սույն նորմերը լրացնող փաստաթուղթ է: Շենքի բարձրությունը, բացի հատուկ վերապահված դեպքերից, որոշվում է վերին հարկի դիրքի բարձրությամբ, հաշվի չառնելով վերին տեխնիկական հարկը, իսկ հարկի դիրքի բարձրությունը որոշվում է հրշեջ ավտոմեքենաների անցման մակերևույթի և արտաքին պատի լուսամուտի բացվող որմնանցքի ներքևի սահմանի նիշերի տարբերությամբ:»,
2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. «Հատուկ տեխնիկական պայմանները» համաձայնեցվում են պատվիրատուի, ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ հրդեհային անվտանգության հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի հետ և հաստատվում են քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:»,
3) 9-րդ կետը լրացնել` նոր 11-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«11) առանձնահատուկ բարդության և յուրահատուկ կառուցվածքով շենքեր` շենքեր, որոնք ուրույն ճարտարապետական և կոնստրուկտիվ առանձնահատկություններով պայմանավորված ունեն ոչ ստանդարտ նախագծային լուծումներ ու հարաչափեր (բարձրություն, ծավալահատակագծային և կոնստրուկտիվ սխեմաներ և այլն),»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
01.04.2025 Ե. Վարդանյան
Պաշտոնական հրապարակման օրը` 9 ապրիլի 2025 թվական: