ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 2025 թվականի N 341-Ն
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի «դ.1» և «դ.12» ենթակետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` մինչև 2025 թվականի մայիսի 31-ը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջոցառման իրականացման կարգը` այնտեղ ամրագրելով նաև գործընթացի հրապարակային և թափանցիկ իրականացման մեխանիզմներ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մարտի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի մարտի 27-ի
N 341-Ն որոշման
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՁԵՎԵՐԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման (այսուհետ` միջոցառում) նպատակն է բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար ստեղծել ֆինանսական միջոցների հասանելիություն` ձեռք բերելու հեծանիվներ, որոնք կծառայեն որպես տրանսպորտային միջոց վերջիններիս համար և այդպիսով կխրախուսեն սովորողների և աշխատակիցների ֆիզիկական առողջ ակտիվությունը` խթանելով երթևեկության այլընտրանքային ձևերի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում, որը կփոխի երթևեկության հանրային մշակույթը` նպաստելով խցանումների նվազմանը քաղաքային բնակավայրերում և ներդնելով երթևեկության կանաչ տեխնոլոգիաներ:
2. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
2. Սույն միջոցառման իմաստով շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, արհեստագործական, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթական ծրագիր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների սովորողները և աշխատողները (այսուհետ` շահառուներ): Որպես վարկառու կարող է հանդիսանալ կամ շահառուն (եթե աշխատող է) կամ վերջինիս ընտանիքի աշխատող անդամը:
3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
3. Օժանդակությունը տրամադրվում է շահառուներին` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ` ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:
4. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ
4. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի համար, որոնք տրամադրվում են շահառուներին (վարկառուներին) ապառիկ վարկավորման պրոդուկտների շրջանակում ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցող կազմակերպություններից (որոնց կողմից վաճառվող ապրանքների ցանկում պարտադիր առկա է հեծանիվ ապրանքատեսակը) նոր (չօգտագործված) հեծանիվների գնման նպատակով:
5. Միևնույն շահառուն (վարկառուն) միջոցառման շրջանակներում կարող է օգտվել օժանդակության ներքո կիրառելի վարկից մեկ անգամ:
5. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) արժույթը` դրամով.
2) ժամկետը`
._____________________________________________________________________.
|Տեսակը |Տրամադրվող |Սուբսիդավորման |Վարկի ժամկետը |
| |վարկի գումարը|ժամանակահատվածը| |
|________________________|_____________|_______________|______________|
|Հեծանիվ, ներառյալ |մինչև 300 |մինչև 36 ամիս |մինչև 36 ամիս|
|հեծանվի հետ միաժամանակ |հազ. դրամ | | |
|գնվող` սաղավարտ, ծնկների| | | |
|բարձիկներ և ձեռնոցներ | | | |
._____________________________________________________________________.
3) վարկային միջոցների օգտագործման կարգը` միայն անկանխիկ.
4) վարկի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում.
5) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումն սկսվում է պայմանագրի կնքման օրվանից.
6) վարկի մարման եղանակը` անուիտետային:
7. Վարկի տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով` ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
6. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
8. Շահառուն հնարավորություն ունի սույն միջոցառման 6-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված առավելագույն գումարի սահմաններում սույն միջոցառմամբ սահմանված նպատակներով ստանալ վարկ:
9. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած շահառու (կամ վերջինիս աշխատող ընտանիքի անդամը), որը համապատասխանում է սույն միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն սուբսիդավորվում է տվյալ վարկի տոկոսադրույքի տարեկան 16 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը)` վարկի մարման ժամկետի` սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամանակահատվածի համար:
7. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
10. Վարկի գործողության ընթացքում սուբսիդավորման գումարի տրամադրումը դադարեցվում է հետևյալ դեպքերում`
1) վարկի ամբողջական մարման դեպքում.
2) վարկի գործողության ընթացքում վարկառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում:
8. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
11. Սույն միջոցառմանը մասնակցելու համար դիմումների ներկայացման ժամկետը` սկսած 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
12. Սույն միջոցառմանը կարող են մասնակցել հավելվածում նշված պայմանները բավարարող բոլոր շահառուները` անկախ նախկինում պետական աջակցության միջոցառումներին մասնակցած լինելու փաստից:
Պաշտոնական հրապարակման օրը` 27 մարտի 2025 թվական: