ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
20 մարտի 2025 թվականի N 327-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1815-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակում կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N 1815-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման 2-րդ կետում «պետական եկամուտների կոմիտեին» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարությանը» բառերով.
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մարտի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի մարտի 20-ի
N 327-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի նոյեմբերի 21-ի
N 1815-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԸՆՏԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԽՈԶԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակների կենդանի խոզերի (այսուհետ` ապրանք) ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք (այսուհետ` դիմումատու) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) են ներկայացնում դիմում` համաձայն սույն ընթացակարգի ձևի` կցելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի գլխաքանակի առնվազն 70%-ի պահպանման չափով անասնաշենքի առկայությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (համապատասխան սեփականության իրավունքի վկայական կամ վարձակալության պայմանագիր) և լուսանկարներ:
3. Դիմումատուն դիմումը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմին` էլեկտրոնային եղանակով ([email protected]), փոստային առաքմամբ կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
4. Դիմումատուի կողմից ներկայացված դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիազոր մարմինը դիմումի մուտքագրման օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցներով առաջարկում է դիմումատուին 2 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: 2 աշխատանքային օրվա ընթացքում պահանջվող թերի փաստաթղթերը չներկայացնելու կամ թերությունները չվերացնելու դեպքում դիմումը մերժվում է:
5. Լիազոր մարմինը սույն ընթացակարգի 2-րդ և 4-րդ կետերով սահմանված ժամկետների ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե է ներկայացնում տեղեկություն դիմումատուների միջև ապրանքի բաշխման վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը նախարարություն է ներկայացնում հետևյալ տեղեկությունները`
1) 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքի ծավալների վերաբերյալ` ըստ ներմուծողների և վերջիններիս կողմից ներմուծված ծավալների.
2) 2025 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքի վերաբերյալ` ըստ ներմուծողների և վերջիններիս կողմից ներմուծված ծավալների:
7. Լիազոր մարմինը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվա դրությամբ ապրանքի մնացորդը դիմումատուների միջև բաշխում է համամասնորեն ամսական կտրվածքով` հաշվի առնելով նախորդ տարվա ընթացքում դիմումատուների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքի բնաիրային ծավալները:
8. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն` սույն որոշման գործողության ընթացքում մինչև հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամսական պարբերականությամբ յուրաքանչյուր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքի ներմուծված ծավալների մասին` ըստ դիմումատուների, ինչպես նաև պաշտոնական կայքում տեղադրում է տեղեկատվություն` յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներմուծված ապրանքի քանակի վերաբերյալ:
Ձև
ԴԻՄՈՒՄ
1. Դիմումատու` ___________________________________________________
2. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն, ֆիզիկական
անձի ՀԾՀ-ն կամ անձնագրային տվյալները`______________________________
___________________________________________________________________
3. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության
իրականացման վայրը, ֆիզիկական անձի բնակության կամ հաշվառման
հասցեն`___________________________________________________________
4. Դիմումատուի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն,
ինտերնետային պաշտոնական կայքը (առկայության դեպքում)`_____________
__________________________________________________________________
5. Տեղեկատվություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0103 92 ծածկագրին դասվող ընտանի
տեսակի կենդանի խոզերի կանխատեսվող ներմուծվող գլխաքանակի վերաբերյալ`
____________________________________________________________________
6. Լրացուցիչ տեղեկատվություն (անհրաժեշտության դեպքում) _____________
_____________________________________________________________________
7. Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ:
_____________________________________________________________________
(իրավաբանական անձի իրավասու ներկայացուցչի կամ անհատ ձեռնարկատիրոջ,
ֆիզիկական անձի ստորագրությունը, անունը, ազգանունը)»:
Պաշտոնական հրապարակման օրը` 20 մարտի 2025 թվական: