ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Քաղ. Երևան |
18 մարտի 2025 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
Կառավարության ներկայացուցիչ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ք. Ղալեչյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի հունվարի 9-ի N 6-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության` 2025 թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով Կառավարության ներկայացուցչի բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին` Աշխատանքների (Ծրագրի հետ կապված, Դրամաշնորհից ֆինանսավորվող աշխատանքներն ու նյութական միջոցները` նկարագրված են 1-ին հավելվածում) իրականացման համար դրամաշնորհի օգտագործման հետ կապված Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները սահմանելու նպատակով:
Համաձայնագիրն ունի հավելվածներ` Հավելված 1. «Ծրագրի նկարագրությունը», Հավելված 2. «Ծրագրի գնահատված ծախսերը», Հավելված 3. «Վճարման պահանջագրի օրինակելի ձև», Հավելված 4. «Հաշվետվությունները», Հավելված 5. «Առաջընթացը բնորոշող ցուցանիշներ»:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`
2.1. կատարել Համաձայնագրի 2.2-րդ հոդվածում շարադրված գործողությունները և ապահովել, որ Վերջնական շահառուն կատարի այդ գործողությունները` ըստ կիրառելիության (հոդված 2.2),
2.2. Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվին ներկայացնել, որ Համաձայնագրի 2.3-րդ հոդվածում շարադրված հանգամանքներից որևէ մեկն առկա չէ (հոդված 2.3),
2.3. ընդունել, որ Դրամաշնորհի առավելագույն գումարն այն առավելագույն գումարն է, որը Բանկն իր հայեցողությամբ կարող է նվազեցնել Համաձայնագրով Բանկի համար սահմանված պարտականությունները ֆինանսավորելու կամ կատարելու համար նրա կողմից կատարված կամ կրած լրացուցիչ կամ ավելացված ծախսերը, ի թիվս այլնի, ծածկելու համար անհրաժեշտ չափով, ներառյալ, բայց չսահմանափակվելով, Բանկի կողմից Դրամաշնորհի կառավարումը (ներառյալ, բայց չսահմանափակվելով, մինչև Հայաստանի Հանրապետությանը վճարելը ՖՎՇՀ-ին(1) համապատասխան Բանկի կողմից սահմանված ունիտար ֆոնդերում Դրամաշնորհի պարտադիր ներդրման արդյունքում Բանկի կողմից կատարված ցանկացած ծախս) (հոդված 4.3),
_____________________
1 Սույն ներդրումային դրամաշնորհի համաձայնագիրը կնքվել է 2014 թվականի մայիսի 7-ի և 8-ի Ֆինանսական և վարչական շրջանակային համաձայնագրի (ՖՎՇՀ) հիման վրա, որը կնքվել է Եվրոպական միության` ի դեմս Եվրոպական հանձնաժողովի, և Բանկի միջև և փոփոխվել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին և 9-ին:
2.4. Դրամաշնորհն օգտագործել բացառապես Աշխատանքների առնչությամբ առաջ եկած թույլատրելի ծախսերը ծածկելու համար` Համաձայնագրի 8-րդ հոդվածով (Թույլատրելի ծախսերը) նախատեսված կարգով (հոդված 4.4),
2.5. երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կամ Վերջնական շահառուի համար Դրամաշնորհը չի ունենա շահույթ ստեղծելու նպատակ կամ ազդեցություն (հոդված 4.6),
2.6. ապահովել, որ Վերջնական շահառուն ստանձնի Ծրագրի համար սարքավորումների գնումը, Աշխատանքների մատուցումը և պատվիրումը` գնումների ընդունելի ընթացակարգերի համաձայն` ապահովելով, ի բավարարումն Բանկի, համապատասխանություն վերջինիս` Գնումների ուղեցույցում նկարագրված քաղաքականությանը և Ֆինանսավորման պայմանագրի պայմաններին (հոդված 5.1),
2.7. հանդես գալով Գործադիր մարմնի ղեկավարի միջոցով` մինչև Դրամաշնորհի առաջին հատկացումը Վերջնական շահառուի հետ կնքել Ենթաֆինանսավորման համաձայնագիր` համոզվելով, որ Ենթաֆինանսավորման համաձայնագիրը ներառում է համապատասխան բոլոր ժամկետները, պայմանները և պարտականությունները, որոնք թույլ կտան Հայաստանի Հանրապետությանը` որպես Դրամաշնորհի շահառուի, կատարել Համաձայնագրով նախատեսված բոլոր պարտականությունները և պահանջները (հոդված 7.3),
2.8. Բանկին կամ դրա լիազորված ներկայացուցիչներին տրամադրել կամ ապահովել, որ Վերջնական շահառուն տրամադրի Համաձայնագրի 15.2-րդ հոդվածում (Ստուգումները, հսկողությունն ու աուդիտները) նշված աջակցությունը և հասանելիության իրավունքները` Համաձայնագրի 7.10-րդ հոդվածով (Դրամաշնորհի վճարումը) նախատեսված ստուգումներն ու հսկողության միջոցառումներն իրականացնելու նպատակով (հոդված 7.13),
2.9. ապահովել, որ Դրամաշնորհի շրջանակներում վճարման ենթակա համարվելու նպատակով այն ծախսերը, որոնք ընդգրկվում են Համաձայնագրի 7-րդ հոդվածի (Դրամաշնորհի վճարումը) համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից հատկացման մասով ներկայացված պահանջների մեջ, բավարարեն Համաձայնագրի 8.1-րդ հոդվածում սահմանված պահանջները (հոդված 8.1),
2.10. Բանկին տրամադրել կամ ապահովել, որ Վերջնական շահառուն բանկին տրամադրի բոլոր անհրաժեշտ և արժանահավատ տեղեկություններն ու օժանդակ փաստաթղթերը, այդ թվում` Համաձայնագրի 9.6-րդ հոդվածում (Տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնելը) նշված` աուդիտի ենթարկված ֆինանսական ծախսերի ամփոփագրերը, որպեսզի Բանկը համոզվի, որ Դրամաշնորհով համաֆինանսավորված ցանկացած Աշխատանք կատարվել է, և որ Վերջնական շահառուի կողմից Աշխատանքների մասով հայտարարագրված ծախսերն իրականում վճարվել են և համապատասխանում են Դրամաշնորհի տրամադրման և օգտագործման պայմաններին (հոդված 8.4),
2.11. ապահովել, որ տարեկան կտրվածքով ներկայացվող առաջընթացի վերաբերյալ յուրաքանչյուր հաշվետվություն տրամադրի ամբողջական հաշվետվություն տասներկու (12) ամիսների հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Ծրագրի ձեռքբերումների և այդ ժամանակաշրջանի վերջի կարգավիճակի մասին (հոդված 9.3, պարբերություն 1),
2.12. ապահովել, որ իրականացման վերաբերյալ վերջնական հաշվետվությամբ տրամադրվի իրականացված գործողությունների, Ծրագրի արդյունքների և ազդեցության վերաբերյալ մանրակրկիտ նկարագրություն, որն ընդգրկում է իրականացման ամբողջ ժամանակահատվածը (հոդված 9.4, պարբերություն 1),
2.13. Բանկին անհապաղ տեղեկացնել կամ ապահովել, որ Վերջնական շահառուն Բանկին անհապաղ տեղեկացնի ցանկացած այնպիսի հանգամանքի մասին, որը կարող է խաթարել կամ ձգձգել Աշխատանքների իրականացումը (հոդված 9.9),
2.14. Բանկին տրամադրել կամ ապահովել, որ Վերջնական շահառուն Բանկին տրամադրի ցանկացած այդպիսի տեղեկություն կամ լրացուցիչ փաստաթուղթ, որը վերաբերում է Ծրագրի ֆինանսավորմանը, գնումներին, իրականացմանը, գործարկմանը, ինչպես նաև Շրջակա միջավայրին և սոցիալական հարցերին, ինչպես Բանկը կարող է ողջամտորեն պահանջել ողջամիտ ժամկետում` պայմանով, որ եթե այդ տեղեկությունները կամ փաստաթուղթը ժամանակին չտրամադրվի Բանկին, և եթե Հայաստանի Հանրապետությունը Բանկի կողմից գրավոր սահմանված ողջամիտ ժամկետում չշտկի բացթողումը, ապա Բանկը կարող է հնարավորության սահմաններում վերացնել թերությունը` աշխատանքի ընդունելով իր աշխատակազմին կամ խորհրդատու կամ որևէ այլ երրորդ կողմ Հայաստանի Հանրապետության հաշվին, իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է այդ անձանց տրամադրի այդ նպատակով անհրաժեշտ ամբողջ օգնությունը (հոդված 9.12),
2.15. չհակասելով Համաձայնագրի 10.1-րդ հոդվածին (Արդյունքների նկատմամբ իրավունքները և մտավոր սեփականության իրավունքները) և հաշվի առնելով գաղտնիության վերաբերյալ կիրառելի պահանջները` ապահովել, որ Վերջնական շահառուն շնորհի Բանկին և Եվրոպական հանձնաժողովին մտավոր սեփականության ցանկացած նոր իրավունքի մասով անվերադարձ, ոչ բացառիկ, անհատույց և անժամկետ լիցենզիա` ենթալիցենզավորման իրավունքով, մասնավորապես` Բանկը և Եվրոպական հանձնաժողովը Համաձայնագրից և Պայմանագրերից բխող բոլոր փաստաթղթերը, ներառյալ` Համաձայնագրի 9-րդ հոդվածի (Տեղեկատվություն և հաշվետվություններ ներկայացնելը) համաձայն կազմված հաշվետվությունները ազատորեն օգտագործելու, այդ թվում` պահպանելու, փոփոխելու, թարգմանելու, ցուցադրելու, ցանկացած տեխնիկական եղանակով վերարտադրելու, հրապարակելու կամ ցանկացած կրիչով փոխանցելու իրավունք ունեն` անկախ դրանց տեսակից, և այդ նպատակով ապահովել, որ Վերջնական շահառուն իրավունք ունենա օգտվել նախապես գոյություն ունեցող մտավոր սեփականության համապատասխան իրավունքներից, այդ թվում` Համաձայնագրի 10-րդ հոդվածով (Արդյունքների նկատմամբ իրավունքները և մտավոր սեփականության իրավունքները) նախատեսված` լիցենզիան շնորհելու իրավունքից (հոդված 10.2),
2.16. ապահովել, որ Վերջնական շահառուն յուրաքանչյուր Պայմանագրում ներառի այնպիսի դրույթներ, որոնցով Կապալառուից պահանջվում է անհրաժեշտության դեպքում կատարել Համաձայնագրի 10-րդ հոդվածում (Արդյունքների նկատմամբ իրավունքները և մտավոր սեփականության իրավունքները) նշված պարտավորությունները (հոդված 10.4),
2.17. փաստաթղթավորել, զեկուցել և ապահովել, որ Վերջնական շահառուն փաստաթղթավորի և զեկուցի Աշխատանքների մասով իրականացված հաղորդակցության և տեսանելիության բոլոր գործողությունների մասին (հոդված 11.2),
2.18. ձեռնարկել և ապահովել, որ Վերջնական շահառուն ձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի Եվրոպական միությունից Ծրագրի և Պայմանագրերի մասով ֆինանսավորում ստանալու փաստը հրապարակվի (հոդված 11.3),
2.19. համաձայնել Բանկին, Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության պատվիրակությանը Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում հրավիրել Հայաստանի Հանրապետություն` մասնակցելու Համաձայնագրի, Պայմանագրերի կամ Ծրագրի առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Բանկի կողմից կազմակերպվող միջոցառումներից ցանկացածին և բոլորին (հոդված 11.5),
2.20. հաշվի առնելով գաղտնիության, անձնական տվյալների անվտանգության ու պաշտպանության վերաբերյալ կիրառելի կանոնները` լիազորել և ապահովել, որ Վերջնական շահառուն լիազորի Բանկին և Եվրոպական հանձնաժողովին տարեկան կտրվածքով հրապարակել Համաձայնագրի վերաբերյալ Համաձայնագրի 11.9 հոդվածում շարադրված տեղեկությունները (հոդված 11.9),
2.21. ապահովել, որ Վերջնական շահառուն յուրաքանչյուր Պայմանագրում ներառի դրույթներ, որոնք Կապալառուից պահանջում են համապատասխանել Համաձայնագրի 12-րդ հոդվածում (Շահերի բախումը) շարադրված ցանկացած պարտավորության կամ լրացուցիչ միջոցներին (հոդված 12.4),
2.22. Համաձայնագրի 13.2-րդ հոդվածի (Գաղտնիությունը) համաձայն, բացառությամբ դրա «ե» կետի, Հայաստանի Հանրապետության կողմից որևէ երրորդ կողմի համար Գաղտնի տեղեկատվության բացահայտման դեպքում` ստացող երրորդ կողմին ծանուցել այն մասին, որ տեղեկատվությունը համարվում է Գաղտնի տեղեկատվություն (հոդված 13.3),
2.23. Համաձայնագրի 13.2-րդ հոդվածի (Գաղտնիությունը) «գ» կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից Գաղտնի տեղեկատվությունը որևէ երրորդ կողմի համար բացահայտելու դեպքում` տեղեկատվությունը բացահայտելու որևէ պահանջի մասին տեղեկանալուց անմիջապես հետո դրա մասին գրավոր ծանուցել մյուս Կողմին (հոդված 13.4),
2.24. Համաձայնագրի 15.1-րդ հոդվածի (Ստուգումները, հսկողությունն ու աուդիտները) համաձայն` ԵՄ համապատասխան մարմնին և վերջինիս կողմից լիազորված ցանկացած արտաքին աուդիտորի այդ նպատակով տրամադրել անհրաժեշտ հասանելիություն և աջակցություն և ապահովել Վերջնական շահառուի կողմից դրանց տրամադրումը կամ ապահովել, որ նրանց տրամադրվի անհրաժեշտ հասանելիություն և աջակցություն, ինչպես նաև ապահովել, որ Համաձայնագրի 15-րդ հոդվածին (Ստուգումները, հսկողությունն ու աուդիտները) համապատասխան տրամադրված հասանելիությունը հիմնված լինի երրորդ կողմերից գաղտնիության պահպանման վրա` չհակասելով հանրային կամ ԵՄ իրավունքից բխող` այդ հաստատությունների կամ մարմինների և դրանց աշխատակազմերի, ներկայացուցիչների նկատմամբ կիրառվող պարտավորություններին (հոդված 15.2),
2.25. Համաձայնագրի վերաբերյալ տեղեկությունները (բացի Դրամաշնորհի շահառուի` Համաձայնագրի իրականացման մեջ ընդգրկված անձնակազմին վերաբերող կոնտակտային տեղեկություններից (Կոնտակտային տվյալներ)) Բանկին բացահայտելիս զտել կամ որևէ այլ կերպ փոփոխել այդ տեղեկությունները (ըստ անհրաժեշտության), որպեսզի դրանք չպարունակեն նույնականացված կամ նույնականացման ենթակա անհատների հետ կապված որևէ տեղեկություն (Անձնական տեղեկություններ)` բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական տեղեկությունների տեսքով այդ տեղեկությունների բացահայտումը պահանջվում է Համաձայնագրով, կամ որոնք գրավոր ձևով պահանջում է Բանկը (հոդված 16.2),
2.26. չդրսևորել և ապահովել, որ Վերջնական շահառուն չդրսևորի (և իր անունից գործող որևէ անձի չթույլատրի կամ թույլտվություն չտա) որևէ Արգելված վարքագիծ` կապված Նախագծի, Նախագծի համար իրականացվող մրցութային որևէ ընթացակարգի կամ Համաձայնագրով ենթադրվող որևէ գործարքի հետ (հոդված 17.1, կետ «ա»),
2.27. Ծրագրի առնչությամբ Արգելված վարքագծի ենթադրյալ կամ կասկածելի որևէ դրսևորում քննելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ Բանկի կողմից հիմնավոր պահանջ ներկայացվելու դեպքում` ձեռնարկել և ապահովել, որ Վերջնական շահառուն պարտավորվի ձեռնարկել այդպիսի գործողություններ (հոդված 17.1, կետ «բ»),
2.28. հանձն առնել և ապահովել, որ Վերջնական շահառուն հանձն առնի ողջամիտ ժամկետում պատշաճ միջոցներ ձեռնարկել որևէ Համապատասխան անձի նկատմամբ, որի նկատմամբ իրենց աշխատանքային պարտավորությունների իրականացման ժամանակ Արգելված վարքագիծ դրսևորելու մասով դատարանի կողմից վերջնական կամ անփոփոխ վճիռ է կայացվել, որպեսզի ապահովվի այդպիսի Համապատասխան անձի ներգրավվածության բացառումը Հայաստանի Հանրապետության կամ Վերջնական շահառուի` Դրամաշնորհին, Համաձայնագրին և Ծրագրին առնչվող գործունեությանը (հոդված 17.3),
2.29. հավաստիացնել և երաշխավորել Բանկին, որ Ուժի մեջ մտնելու ամսաթվին Հայաստանի Հանրապետության և (կամ) Վերջնական շահառուի կողմից նախագծում ներդրված որևէ ֆինանսական միջոց ապօրինի ծագում չունի, ինչպես նաև ձեռք չի բերվել Փողերի լվացման հետևանքով կամ կապ չունի Ահաբեկչության ֆինանսավորման հետ (հոդված 17.4, պարբերություն «բ»),
2.30. անհաղթահարելի ուժի ազդեցության ենթարկվելու դեպքում մյուս Կողմին անհապաղ տեղեկացնել այդ մասին` նշելով խնդրի բնույթը, հնարավոր տևողությունը և կանխատեսելի հետևանքները, ինչպես նաև վնասի նվազեցման նպատակով ձեռնարկված կամ ձեռնարկվելիք միջոցները (հոդված 18.1),
2.31. առանց մյուս Կողմերի նախապես տված գրավոր համաձայնության` երրորդ կողմի իրավունք չշնորհել կամ չփոխանցել կամ այլ կերպ չիրացնել Համաձայնագրով նախատեսված` Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու պարտավորությունները (հոդված 22.1),
2.32. կրել բոլոր ծախքերը և ծախսերը, այդ թվում` մասնագիտական, բանկային կամ արտարժույթի փոխանակման հետ կապված ծախսերը, որոնք կարող են առաջանալ` կապված Համաձայնագրի կամ ցանկացած հարակից փաստաթղթի նախապատրաստման, կատարման, իրականացման և գործողության դադարեցման, այդ թվում` դրանցում կատարվող ցանկացած փոփոխության հետ (հոդված 24.2),
2.33. չսահմանափակելով Բանկի` Համաձայնագրով, Ֆինանսավորման պայմանագրով կամ ցանկացած կիրառելի օրենքով նախատեսված այլ իրավունքներ` փոխհատուցել Բանկին և ստանձնել ցանկացած և բոլոր այն բողոքներից, պահանջներից, վնասներից, կորուստներից, ծախքերից և ծախսերից (այդ թվում` փաստաբանի ծառայությունների հետ կապված ողջամիտ վճարներից և ծախսերից) բխող կամ դրանց նկատմամբ, ինչպես նաև Բանկի ցանկացած այնպիսի պարտավորությունների նկատմամբ երաշխավորություն, որոնք կարող են առաջանալ Հայաստանի Հանրապետության կողմից կատարված գործողության կամ անգործության կամ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրով սահմանված պարտավորություններից որոշները չկատարելու հետևանքով (հոդված 25.4),
2.34. Համաձայնագրի առկայության, գործողության, մեկնաբանման, իրականացման կամ դադարեցման առնչությամբ ծագող վեճերը լուծել Համաձայնագրի 27-րդ հոդվածով սահմանված կարգով (հոդված 27.2),
2.35. ապահովել, որ Համաձայնագրի 8.3-րդ հոդվածի (Թույլատրելի ծախսերը) առնչությամբ Հաշվետվությունները համապատասխան դեպքերում ներառեն Համաձայնագրի Հավելված 4-ում շարադրված տեղեկությունները (Հավելված 4):
3. Համաձայն Համաձայնագրի 27.1-րդ հոդվածի` Համաձայնագիրը և դրանից ծագող կամ դրա հետ կապված ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություն կարգավորվում է Լյուքսեմբուրգի օրենսդրությամբ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
18 մարտի 2025 թվականի
ՍԴՈ-1772
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 18 մարտի 2025 թվական: