Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2025 թվականի N 270-Լ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Խ-1009-13.02.2025-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մարտի

Երևան

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Խ-1009-13.02.2025-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից սահմանել ստորին շեմեր` նվազագույն կենսաթոշակի և միջին աշխատանքային կենսաթոշակի չափի համար, այն է` պարենային զամբյուղի և սպառողական զամբյուղի ամսական արժեքները:

Նախագծով Կառավարությանը լիազորություն է տրվում սահմանել միջին աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի նպատակը կենսաթոշակային ապահովության բնագավառում վարվող քաղաքականությունն ավելի կանխատեսելի դարձնելու միջոցով տարեց, հաշմանդամություն ունեցող և կերակրողին կորցրած անձանց համեմատաբար բարեկեցիկ կյանք ապահովելն է:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ անձի սոցիալական ապահովության իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածում, համաձայն որի` յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:

Հարկ ենք համարում նշել, որ կենսաթոշակի չափի և սպառողական ու պարենային զամբյուղների արժեքների միջև փոխկապվածության և համաչափության ապահովումը ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է, որը բխում է ՀՀ Սահմանադրությամբ վերջինիս տրված լիազորությունների շրջանակից:

Այսպես, ՀՀ ԱԺ որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրով աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում (4.6 բաժին) կառավարությունը սահմանել է ռազմավարական նպատակ` մինչև 2026 թվականը քայլեր ձեռնարկել նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնելու, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:

Քննարկվող հարցի համատեքստում հատկանշական է նաև, որ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքը փոխկապակցված է Սահմանադրության 3-րդ գլխում սահմանված օրենսդրական երաշխիքների և պետության քաղաքականության հիմնական նպատակների հետ: Պետությունն ունի սկզբունքորեն լայն հայեցողություն քաղաքականություն մշակելու և այն իրականացնելու հարցերում, ի թիվս այլնի` հիմնվելով տնտեսական և ֆինանսական ընթացիկ հնարավորությունների վրա` միևնույն ժամանակ այդ սահմաններում գործադրելով Սահմանադրությամբ կանխորոշված հնարավոր ջանքերը` սոցիալական ապահովության մակարդակը հետևողականորեն բարելավելու ուղղությամբ:

Այս ոլորտում հանրային իշխանության մարմինների գործունեության սահմանադրականության գնահատումը ենթադրում է պետության նման հայեցողության և նրա սոցիալ-տնտեսական հնարավորությունների հաշվառման անհրաժեշտություն:

Այս առումով հարկ է նկատի ունենալ նաև Սահմանադրական դատարանի 02.04.2014թ. թիվ ՍԴՈ-1142 որոշմամբ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ «կենսաթոշակ» հասկացությունը որևէ ձևով ամրագրված չէ: Սակայն «սոցիալական» եզրույթը դիտարկվում է որպես պետության սոցիալական բնույթի բնութագրիչ, սոցիալական ապահովության իրավունքի բնութագրիչ, պետության հիմնական խնդիրների սահմանները բնորոշող ոլորտ, կառավարության կողմից իրականացվող քաղաքականության բնագավառ: Բոլոր դեպքերում էականն այն է, որ իրեն նաև սոցիալական հռչակած պետությունը սահմանադրորեն որդեգրում է մարդկանց սոցիալական կյանքին առնչվող խնդիրների նկատմամբ հստակ դիրքորոշումներ: Դրանց թվում` սոցիալական ապահովության իրավունքը ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնական իրավունքներից մեկը և Սահմանադրության 3-րդ հոդվածի ուժով պետությունը սահմանափակված է նաև այս իրավունքով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

Վկայակոչված որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման, ապահովման ու պաշտպանության հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ սոցիալական քաղաքականության ոլորտում, համաչափության և համամասնականության հիմնարար սկզբունքների պահանջներից ելնելով` հայեցողության սահմանները պայմանավորվում են, մի կողմից, պետության սոցիալ-տնտեսական հնարավորություններով, մյուս կողմից` սոցիալական պետության սահմանադրական բնույթի պահանջներով:

Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ պետությունն ունի սկզբունքորեն լայն հայեցողություն` քաղաքականություն մշակելու և այն իրականացնելու հարցերում, ի թիվս այլնի` հիմնվելով տնտեսական և ֆինանսական ընթացիկ հնարավորությունների վրա: Այսինքն, պետության հայեցողության սահմանները պետք է դիտարկել նրա սոցիալ-տնտեսական հնարավորությունների տեսանկյունից:

Այս առումով օրենքում վերոնշյալ ամրագրումը կատարելու առաջարկը քննարկելիս հարկ է նկատի ունենալ, որ զամբյուղները ձևավորվում են բազմաթիվ գործոնների ազդեցությամբ, այդ թվում` կախված նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակից: Հետևաբար` օրենքում նման դրույթի ամրագրումը բյուջեների կատարման տեսանկյունից ռիսկային է: Այդուհանդերձ, Կառավարությունը յուրաքանչյուր տարի դիտարկում է կենսաթոշակների բարձրացման հարցը` հարկաբյուջետային հնարավորություններից ելնելով:

Բացի դրանից, Կառավարության հնգամյա ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է և իր մեջ ներառում է գործադիր մարմնի ստանձնած ոլորտային հանձնառություններ, որոնք իրականացնելու է իր կառավարման շրջանում: Այդ հանձնառությունները մասնակի և ընտրողական մոտեցմամբ օրենքում ամրագրելն առնվազն պիտի հիմնավորված լինի: Տվյալ դեպքում քննարկվող հանձնառության հիմքում պետության սոցիալ-տնտեսական իրավիճակն է և նպատակահարմար չէ օրենքով սահմանել: Այն օրենքով սահմանելը նպատակահարմար չէ նաև այն պատճառով, որ հնգամյա ծրագրով սոցիալական ոլորտին առնչվող հանձնառություններն իրականացվում են` ըստ պլանավորածի:

Հարկ ենք համարում նշել նաև, որ նախագծով առաջարկվող երկու կետերն արդեն իսկ ամրագրված են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի 19-րդ կետով` համաձայն որի նախատեսվում է մինչև 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանաբար հավասարեցնել պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:

Հավելենք, որ նվազագույն կենսաթոշակի չափը դեռևս 2023 թվականի հուլիսի 1-ից արդեն իսկ անցել է Համաշխարհային բանկի կողմից ընդունված մեթոդաբանությամբ հաշվարկված պարենային զամբյուղի արժեքից:

Միջին աշխատանքային կենսաթոշակի չափի բարձրացման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվել, սակայն շարունակվելու է 2022 թվականից մեկնարկած անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրումը, որի առավելագույն չափն ամսական 10%-ի և 5,000 դրամի փոխարեն 2024 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանվել է, համապատասխանաբար, 12% և 6,000 դրամ: Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունվարին իրականացված անկանխիկ գործարքների գծով հետվճարի միջին չափը կազմել է 3,853 դրամ:

Ինչ վերաբերում է մինչև 2026 թվականի նվազագույն կենսաթոշակի և միջին աշխատանքային կենսաթոշակի չափերը համապատասխանաբար պարենային և սպառողական զամբյուղի արժեքներին հավասարեցնելու վերաբերյալ օրենքում ամրագրում կատարելու առաջարկին` հայտնում ենք, որ նշված զամբյուղների ձևավորման վրա առկա են բազմաթիվ և փոփոխական ազդեցություն ունեցող գործոններ` կախված նաև երկրի սոցիալ տնտեսական վիճակից: Հետևաբար` օրենքում նման դրույթի ամրագրումը բյուջեների կատարման տեսանկյունից արդեն իսկ ներկայացված հիմնավորումներով ընդունելի չէ: Այդուհանդերձ, Կառավարությունը յուրաքանչյուր տարի դիտարկում է կենսաթոշակների բարձրացման հարցը` հարկաբյուջետային հնարավորություններից ելնելով:

Առանձին քննարկման է արժանի միջին ամսական կենսաթոշակի չափի համար օրենքով շեմ սահմանելու նպատակահարմարության հարցը: Այս դեպքում հարկ է նկատի ունենալ, որ այս ցուցանիշը վիճակագրական է, որի ձևավորման վրա որոշիչ են ոչ միայն Կառավարության սահմանած` հիմնական կենսաթոշակի չափը և աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը, այլ նաև աշխատանքային ստաժի միջին տևողությունը: Կառավարությունը կարող է մեծացնել իր կողմից սահմանվող ցուցանիշների արժեքները, բայց միջին աշխատանքային ստաժի տևողության կրճատման դեպքում միջին ամսական կենսաթոշակի չափի նվազումն անխուսափելի է: Հնարավոր է նաև հակառակը` Կառավարությունը կարող է նվազեցնել իր կողմից սահմանվող ցուցանիշների արժեքները, բայց միջին աշխատանքային ստաժի տևողության ավելացման հաշվին կմեծանա միջին ամսական կենսաթոշակի չափը: Այս տեսանկյունից միջին ամսական կենսաթոշակի չափը կարող է հանդիսանալ որոշակի իրավիճակի ցուցիչ, գործողությունների թիրախ, բայց ոչ օրենքով տրվող երաշխիք:

Բացի վերը նշվածից, տեղեկացնում ենք նաև, որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված պարենային և սպառողական զամբյուղի հաշվարկման հիմքում ընկած Առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմի, կառուցվածքի և էներգետիկայի վերաբերյալ նորմատիվները բավականին հնացած են և ըստ այդմ կարիք ունեն արդիականացման, որի պարագայում, ակնհայտ է, փոփոխությունների կենթարկվեն նաև դրանց արժեքային մեծությունների վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի կողմից հաշվարկվող և հրապարակվող համապատասխան տվյալները:

Միաժամանակ առկա չեն գնահատականներ արդյոք սննդամթերքի ներկայացվող կազմը հնարավոր է լիարժեքորեն ապահովել ներքին շուկայում` դրանց ներմուծման կամ ներքին արտադրության ներկայիս ծավալների և գների պայմաններում, և դրանց անհրաժեշտ ծավալներն ապահովելն ինչ ազդեցություն կունենա սննդամթերքի շուկայի և այս կամ այն ապրանքի գնի վրա:

Ելնելով վերոգրյալից` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթի ընդունումը նպատակահարմար չէ և առաջարկվում է այն հանել շրջանառությունից:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2025
N 270-Լ
Որոշում