Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-1008 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2025 թվականի N 268-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Խ-1008-13.02.2025-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

(Խ-1008-13.02.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. մարտի

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

(Խ-1008-13.02.2025-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է հետևյալը.

Նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված` ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ֆիզիկական անձանց կողմից ներկայացված եկամտային տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) չեն կարող օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն` ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, դրված նպատակի տեսանկյունից` ոչ լիարժեք և ոչ համարժեք, իսկ քաղաքացիների համար դառնալու է նոր և ավելորդ վարչարարություն, անիմաստ պարտավորություն և տուգանքի հիմք, իսկ պետության տեսանկյունից դառնում է արդեն իսկ առկա տեղեկատվության կրկնակի կամ եռակի հավաքագրման անիմաստ և անարդյունավետ գործընթաց: Նշվում է նաև, որ առկա են ոչ պակաս կարևոր տեխնիկական ու բովանդակային չլուծված այլ խնդիրներ, որոնք փաստում են, որ հարկային մարմինները ևս պատրաստ չեն ընդունելու այդ հայտարարագրերը:

Վերոգրյալի կապակցությամբ, հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հիմնական նպատակներն են`

. ստեղծել և կայացնել ֆիզիկական անձանց եկամուտների անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի առավել հեշտությամբ և ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին` դրանով իսկ բարձրացնելով Կառավարության կողմից իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական և այլ ոլորտային քաղաքականությունների հասցեականությունն ու արդյունավետությունը,

. հայտարարագիր ներկայացնելու համար ստեղծել տնտեսական շարժառիթներ, ի դեմս «սոցիալական ծախսերի» համակարգի ներդրման: Այս համակարգի կայացումը կարևոր ներդրում կլինի մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ, քանի որ համակարգն ինքնին խրախուսելու է կրթական և առողջապահական ծառայությունների ձեռքբերումը,

. փորձ կատարել անհատի, քաղաքացու հարկման համակարգից աստիճանաբար անցում կատարել ընտանիքի հարկման համակարգի,

. ամրապնդել հասարակության շրջանում հարկեր վճարելու մշակույթը,

. ձևավորել հարմարավետ հարկային միջավայր և գործիքակազմ ֆիզիկական անձանց եկամուտների և դրանց մասով վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմնի կողմից հաշվառելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից եկամտային հարկի գծով պարտավորություններն ինքնուրույնաբար կատարելու համար:

Բացի այդ, հարկ է նկատել, որ հայտարարագրման համակարգի ներդրման շրջանակում հարկային քաղաքականության փոփոխություններ չեն կատարվել` որևէ չհարկվող եկամուտ չի դարձել հարկվող եկամուտ, հարկվող եկամտի հարկման որևէ դրույքաչափ չի բարձրացվել: Հետևաբար, հայտարարագրման համակարգի ներդրմամբ պետական բյուջեի եկամուտների ավելացման (լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրելու կամ տուգանքներ կիրառելու) նպատակ չի դրվել:

Հատկանշական է այն, որ ֆիզիկական անձանց ստացված ոչ բոլոր եկամուտների վերաբերյալ է հարկային գործակալի կողմից հարկային մարմին անձնավորված տեղեկատվություն ներկայացվում: Օրինակ, հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դեպքում վերջինիս վճարված եկամուտների վերաբերյալ անձնավորված տեղեկատվություն հարկային գործակալի կողմից հարկային մարմին չի ներկայացվում: Բացի այդ, եթե ֆիզիկական անձը եկամուտներ է ստանում այլ ֆիզիկական անձանցից կամ հարկային գործակալ չհանդիսացող կազմակերպություններից, ապա այդ եկամուտները հայտարարագրելու պարտավորությունը կրում է եկամուտ ստացող ֆիզիկական անձը:

Մյուս կողմից, հարկ է նկատել, որ ֆիզիկական անձանց ստացված եկամուտների, դրանց մասով հաշվարկված եկամտային հարկի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում առկա անձնավորված տեղեկատվությունն ինքնաշխատ եղանակով լրացվում է հայտարարագրում: Հետևաբար, ֆիզիկական անձանց եկամուտների անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ հնարավոր կլինի ունենալ, եթե ֆիզիկական անձինք նույնպես ներկայացնեն իրենց ստացված եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն:

Այս առումով, հայտնում ենք, որ նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված` կրկնակի, եռակի տեղեկատվություն հավաքագրելու հետ կապված դիտարկումը հիմնավոր չէ:

Բացի այդ, հարկ է նկատել, որ սոցիալական ծախսի գումարները վերադարձվում են եկամտային հարկի գումարներից, իսկ եկամտային հարկի գումարները ոչ բոլոր դեպքերում են հաշվարկվում և վճարվում հարկային գործակալների կողմից: Օրինակ, այն դեպքերում, երբ ֆիզիկական անձը հարկվող եկամուտներ է ստանում այլ ֆիզիկական անձից, ապա այդ եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը կրում է եկամուտ ստացող ֆիզիկական անձը: Հետևաբար, «սոցիալական ծախսերի» համակարգի կիրառությունն ուղղակիորեն պետք է կապված լինի եկամուտների հայտարարագրման համակարգի հետ: Ընդ որում, «սոցիալական ծախսերի» համակարգի կիրառությամբ աստիճանաբար մոտենում ենք զարգացած աշխարհում հաջողությամբ կիրառվող` ընտանիքի հարկման մոդելին (նաև այն պատճառով, որ հայտարարատու ֆիզիկական անձինք կարող են հետ ստանալ նաև իրենց ընտանիքի անդամների համար կատարած ծախսերը), որն ավելի առաջադեմ ու արդար հարկման մոդել է:

Կարևոր է նշել նաև, որ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է հասարակության շրջանում հարկեր վճարելու մշակույթի զարգացմանը` մասնավորապես, հաշվի առնելով այն, որ հայտարարագիր ներկայացնելով ֆիզիկական անձինք տեղեկանալու են իրենց անվանական եկամուտների, դրանցից պահված հարկերի վերաբերյալ:

Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված` ստվերային (չգրանցված) եկամուտներ առկա լինելու դեպքում քաղաքացիների կողմից դրանք հայտարարագրման համակարգի ներդրումից հետո կրկին չհայտարարագրելու հետ կապված դիտարկման վերաբերյալ հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է նաև այդ եկամուտներն աստիճանաբար հայտարարագրելուն` մասնավորապես, հաշվի առնելով այն, որ այդ եկամուտներից հաշվարկված հարկերը հետ ստանալու հնարավորություն է ստեղծված` ի դեմս «սոցիալական ծախսերի» համակարգի:

Ինչ վերաբերում է, նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված` հայտարարագրի էլեկտրոնային եղանակով ներկայացումը քաղաքացիների որոշ շրջանակի (տարեցներ և այլն) համար դժվարություններ առաջացնելու, ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրեր չներկայացվելու, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հայտարարագրման համակարգի` հայտարարագրերի ընդունմանը պատրաստ չլինելու հետ կապված դիտարկումներին, ապա հայտնում ենք հետևյալը.

Եկամտային հարկի հաշվարկների (հայտարարագրերի) ներկայացման ընթացակարգը հնարավորինս պարզ և դյուրին դարձնելու նպատակով աշխատանքներ են իրականացվում «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ը շարունակաբար պարզեցնելու ու բարելավելու ուղղությամբ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում տեղադրված են բազմաթիվ հրապարակումներ, ուղեցույցներ այն մասին, թե ինչպես օգտվել «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ից, ինչպես լրացնել եկամտային հարկի հաշվարկը (հայտարարագիրը), ընդ որում` ուղեցույց և լրացման կարգ տեղադրված է նաև համակարգում: Համակարգում առկա է նաև առցանց օգնական (ChatBot), որի միջոցով ֆիզիկական անձը կարող է կապ հաստատել և ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները: Այստեղ տեղադրված են նաև հաճախ տրվող հարցեր` իրենց պատասխաններով:

Միաժամանակ, հայտնում ենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներդրված` «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»-ը բնականոն գործում է, և ֆիզիկական անձանց կողմից ներկայացվում են հայտարարագրեր: Ընդ որում, 2025 թվականի փետրվարի 19-ի դրությամբ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) է ներկայացրել թվով 7975 ֆիզիկական անձ, իսկ 2023 թվականի հաշվետու տարվա համար` թվով 59120 ֆիզիկական անձ:

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ-1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(...) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության` մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ: (...) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենսդրական նախաձեռնության կարգով օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում:»:

Այս առումով, հայտնում ենք, որ նախագծի ընդունման հիմնավորմամբ առկա իրավիճակի խորքային վերլուծություն, խնդիրների վերհանում չի իրականացվել և ներկայացվել է ապագայում ենթադրյալ առաջացող խնդիրների վերլուծություն: Մինչդեռ, անհրաժեշտ էր բացահայտել ոլորտի ընթացիկ իրավիճակը, խնդիրները, առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը, վերլուծել նախատեսվող կարգավորումների ռիսկային գործոնները:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է:

Հայտնում ենք նաև, որ նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը:

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2025
N 268-Լ
Որոշում