Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

7 մարտի 2025 թվականի N 31-Ն

 

ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՎԱՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման և տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

3/7/2025

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2025 թվականի մարտի 7-ի

N 31-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՎԱՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում (այսուհետ` առարկայացուցակ) ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման և տրամադրման հետ կապված գործընթացները:

2. Առարկայացուցակի թվայնացված տեղեկույթը պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված` հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանների թանգարանային առարկաների և հավաքածուների վերաբերյալ տեղեկույթն է, որը ներառված է մեկ միասնական էլեկտրոնային շտեմարանում (այսուհետ` շտեմարան):

3. Առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների վերաբերյալ տեղեկույթը շտեմարանում ներկայացվելու է առարկայի և հավաքածուի նկարագրության հիմնական բնութագրիչների սահմաններում:

 

2. ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

4. Շտեմարանը կազմված է կենտրոնական սպասարկող հանգույցից (սերվեր), դրա ծրագրային ապահովումից և սուբյեկտների համակարգչային տեղեկատվական ցանցերին միացնող կապուղիներից (այսուհետ` կապուղի):

5. Շտեմարանի կենտրոնական սպասարկող հանգույցն ունենալու է թանգարանային առարկաների և հավաքածուների վերաբերյալ ստացված տեղեկույթը միասնական ձևաչափին համապատասխանեցնող և սպասարկող ծրագրեր ու համապատասխան գործիքներ:

6. Պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանները և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված` հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանները յուրաքանչյուրն իր մասով ստեղծում է առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների մասին թվայնացված տեղեկույթ և ներմուծում շտեմարան:

7. Շտեմարանում թվայնացված տեղեկույթը ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) վարձակալած կապուղով:

8. Թվայնացված տեղեկույթը ստեղծվում է հետևյալ բնութագրիչներով`

1) թեմատիկ պատկանելությունը և դասակարգումը (թեման, ենթաթեման, տեսակը` ըստ շտեմարանի ծրագրի ընտրանու).

2) անվանումը (անունը, վերնագիրը, խորագիրը).

3) ստեղծողի (ստեղծողների` հեղինակի, վարպետի, կազմողի, գրչի, ծաղկողի, պատվիրողի կամ ստացողի, կատարողի, թարգմանչի, սցենարի հեղինակի, բեմադրող ռեժիսորի, օպերատորի, նկարչի, հնչյունային օպերատորի, պրոդյուսերի, բանասացի, գրառողի և ուրիշների) անունը, ազգանունը, ծածկանունը (եթե այդպիսիք կան) կամ արտադրողի անվանումը.

4) ստեղծման կամ արտադրման վայրը.

5) ստեղծման կամ արտադրման ժամանակը (թվագրումը).

6) նյութը.

7) չափսը (քաշ, ծավալ, էջ, սյունակ, տող, լայնություն, երկարություն (մետրաժ) և այլն` ըստ արժեքի առանձնահատկությունների).

8) քանակը (բաղադրիչները` լրակազմ, ներդիրներ, պատկերներ, ձևավորման և զարդարման տարրեր, մասեր և այլն` ըստ արժեքի առանձնահատկությունների).

9) նկարագրությունը (բնութագրում, բովանդակություն, լեզու, գրային կամ թվային կամ պատկերային նշումներ ու նշաններ, ձևավորումը` նկարներ, պատկերներ, խորաններ, կիսախորաններ, ճակատազարդեր, զարդագրեր, լուսանցազարդեր, գույներ, գունային լուծումներ և այլն` ըստ արժեքի առանձնահատկությունների).

10) պատրաստման (ստեղծման) տեխնիկան (տեխնոլոգիա, գրատեսակ, ժապավենի տեսակ և այլն` ըստ արժեքի առանձնահատկությունների).

11) վիճակը.

12) պատկերը կամ լուսանկարը (տպագրման համար ոչ պիտանի խտությամբ, ձեռագրերի և ձայնագրությունների դեպքում` ընտրովի հատված կամ կադր, իսկ գրքերի դեպքում` տիտղոսաթերթ).

13) պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանի և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված` հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանների տառային պայմանանիշը (շիֆր) և հաշվառանիշը (գույքահամար):

 

3. ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՎԱՐՈՒՄԸ

 

9. Շտեմարանը վարում է նախարարությունը: Շտեմարանի վարումն իրականացվում է անվճար սկզբունքով:

10. Շտեմարանը գործում է շուրջօրյա` ապահովելով պահպանվող տեղեկույթի անվտանգությունն ու պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարանների հետ անխափան կապը:

11. Պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարաններից և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված` հավաքածու ունեցող ոչ պետական թանգարաններից վերցված տեղեկույթը շտեմարանում մշակվելուց և համակարգվելուց հետո անվտանգության նպատակով վերարտադրվում ու պահպանվում է համապատասխան կրիչների վրա անժամկետ:

12. Շտեմարանի թվայնացված տեղեկույթն այցելուների համար պետք է դիտելի լինի համապատասխան կայքէջի միջոցով:

13. Նախարարությունը պետական, համայնքային, հավատարմագրված ոչ պետական թանգարաններում և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված` հավաքածու ունեցող ոչ պետական թանգարաններում իրականացնում է մոնիթորինգ:

14. Շտեմարանում ընդգրկված հավատարմագրված ոչ պետական թանգարանի կամ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում հաշվառված հավաքածու ունեցող ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաների և հավաքածուների (ամբողջական կամ առանձին) թվայնացված տեղեկույթը կարող է հանվել շտեմարանից սեփականատիրոջ կամ հիմնադրի որոշմամբ` այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով նախարարությանը:

 

4. ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Շտեմարանի թվայնացված տեղեկույթը կարող է օգտագործվել միայն որպես տեղեկույթի և ճանաչողության աղբյուր:

16. Բացառությամբ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված դեպքերի, արգելվում է շտեմարանի տեղեկույթի օգտագործումը գովազդային նպատակով և որպես խորհրդանիշ` հուշանվերների կամ այլ ապրանքների արտադրության համար:

17. Շտեմարանի թվայնացված տեղեկույթն այլ նպատակներով (գիտահետազոտական, հրատարակչական) օգտագործումը կարգավորվում է դրանք պահպանող կազմակերպությունների հետ` վերջիններիս կողմից ներկայացվող պայմաններով և փոխադարձ համաձայնությամբ:

18. Շտեմարանի թվայնացված տեղեկույթը վարողը կարող է տրամադրել միայն առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաներն ու հավաքածուները պահպանող կազմակերպությունների հետ համաձայնեցման դեպքում:

19. Բացառիկ դեպքերում շտեմարանի թվայնացված տեղեկույթը կարող է տրամադրվել դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 մարտի 2025 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
07.03.2025
N 31-Ն
Հրաման