ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2025 թվականի N 267-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽԹԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. մարտի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի մարտի 6-ի
N 267-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽԹԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` հաստատություններ) ընդգրկված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին տրամադրվող կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է և հատկացվում է հաստատություններում լրիվ բեռնվածությամբ առկա եղանակով ուսումնառելու համար:
2. Սույն կարգի իմաստով հաստատություններ են համարվում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին վաթսունհինգ բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները` բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կամ առաջին յոթանասունհինգ բուհերի ցանկում ընդգրկված հաստատությունները մագիստրատուրայի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում:
3. Կրթաթոշակ կարող է տրամադրվել սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանները բավարարող հաստատությունում լրիվ բեռնվածությամբ և առկա ուսուցմամբ սովորող և ներկայիս գործատուի (այսուհետ` գործատու) մոտ առնվազն երկու տարի աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, եթե սովորողի (այսուհետ` սովորող) ներկայիս գործատուի կողմից իրականացվում է ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցումը:
4. Հայաստանի Հանրապետության կողմից տրվող կրթաթոշակը տրամադրվում է գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո, առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով` յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավելի, քան 10 մլն դրամը, որի նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ` ԲԿԳԿ), գործատուի և սովորողի միջև կնքվում է եռակողմ պայմանագիր, որը պարտադիր պետք է ներառի դրույթներ սույն կարգի 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում նշված պայմանների վերաբերյալ:
5. Սույն կարգի իմաստով գործատու կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն առևտրային կազմակերպությունը, որը վերջին հինգ տարվա ընթացքում մշտապես ունեցել է առնվազն 100 վարձու աշխատող:
6. Գործատուն սովորողի հետ պետք է ունենա ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո իր մոտ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր, որը փոխադարձ համաձայնությամբ կարող է ներառել նաև այլ պայմաններ: Աշխատանքային պայմանագրի ժամկետը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով` ուսման ակնկալվող ավարտից հետո:
7. Եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին մասնագիտությանը համապատասխան աշխատանքի չի անցնում գործատուի մոտ կամ ուսումնառությունը կիսատ է թողնում կամ տեղափոխվում է սույն կարգի երկրորդ կետին չհամապատասխանող հաստատություն, գործատուն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի եռապատիկը (այսուհետ` հրաժարագին):
8. Եթե գործատուի մոտ առնվազն 3 տարի փաստացի աշխատելու կանոնը կողմերից որևէ մեկի մեղքով չի պահպանվում, ապա գործատուն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փոխանցում է պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի կրկնապատիկը:
9. 8-րդ կետով սահմանված եռամյա ժամկետի պայմանը կարող է երկարաձգվել, եթե ուսման ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո քաղաքացին անցնում է պարտադիր զինվորական ծառայության կամ գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդում: Այս պարագայում, համապատասխան հավաստող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում (զինկոմիսարիատից տրված տեղեկանք, երեխայի ծննդյան վկայական), երեք տարվա աշխատելու պայմանը երկարաձգվում է ոչ ավելի, քան երկու տարով:
10. Պայմանագրում նախատեսված ժամկետում գործատուի կողմից հրաժարագինը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով: Սույն կետով սահմանված գործընթացի նկատմամբ հսկողությունն իրականացվում է ԲԿԳԿ-ի կողմից: Սույն կետով սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը չի կարող ծագել քաղաքացու` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու կամ աշխատանքի հետ անհամատեղելի առողջական հանգամանքներ առաջանալու հիմքերով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում:
11. Գործատուն պարտավոր է առնվազն եռամյա պայմանագրային պարտավորության կատարման ընթացքում յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին, իսկ աշխատանքային հարաբերությունների ժամկետի ավարտման տարում` աշխատանքային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում սահմանված կարգով ԲԿԳԿ ներկայացնել տվյալ քաղաքացու աշխատելու վերաբերյալ տեղեկատվություն:
12. Ուսումնառության ընթացքում մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը գործատուն սահմանված կարգով ԲԿԳԿ է ներկայացնում հաստատության կողմից տրված տեղեկանքը` տվյալ քաղաքացու` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:
13. Սույն կարգի հիմքով կրթաթոշակ ստացած սովորողների ուսումնառությունը դադարելու կամ սույն կարգի պահանջներին չհամապատասխանող այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում գործատուն պարտավոր է 5-օրյա ժամկետում դրա մասին հայտնել ԲԿԳԿ, որից հետո կրթաթոշակի հետագա տրամադրումը դադարեցվում է:
14. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության) ուսումնառությունը ընդհատած սույն կարգի շահառու հանդիսացող սովորողը վերականգնվելիս պահպանում է կրթաթոշակ ստանալու իրավունքը` սույն կարգի պայմաններին համապատասխանելու դեպքում:
15. Սույն կարգի համաձայն սովորողին յուրաքանչյուր կրթական աստիճանով ուսումնառության համար կրթաթոշակ կարող է տրվել մեկ անգամ:
16. ԲԿԳԿ-ն իրավասու է ստուգելու սույն որոշմամբ սահմանված տեղեկությունների ճշգրտությունը կամ սույն կարգի 11-րդ և 13-րդ կետերով սահմանված ժամկետներում չներկայացնելու պարագայում, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն ստանալու` պաշտոնական գրությամբ հարցում ներկայացնելով համապատասխան պետական մարմինների, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են պահանջվող տեղեկությունը:
17. Յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 1-ը ԲԿԳԿ-ն հայտարարում է սույն կարգով նախատեսված պետական կրթաթոշակներին տրվող ընդհանուր չափը և կրթաթոշակների առավելագույն թիվը` Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում` հիմնվելով վերջին հինգ տարում սույն կարգի երկրորդ կետով սահմանված պայմաններին համապատասխանող հաստատություններում ուսումնառություն ստացող և Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողների ցուցանիշների վրա:
18. ԲԿԳԿ-ի պաշտոնական կայքում հրապարակվող` սույն կարգի 17-րդ կետով նախատեսված հայտարարության մեջ ներառվում են պահանջվող փաստաթղթերի փաթեթների նկարագրությունը, դրանց ներկայացման ժամկետները, այդ թվում` նաև առցանց եղանակով, կցվում է դիմումի ձևանմուշը:
19. Սույն կարգի համաձայն պետական կրթաթոշակ ստանալու համար հայտարարությունը հրապարակվելուց հետո սովորողը մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը ԲԿԳԿ է ներկայացնում`
1) դիմում-հայտ, որում պարտադիր նշվում է դիմողի անունը, ազգանունը, էլ. հասցեն, հեռախոսահամարը` անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայության համարանիշի պատճենը.
2) սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանները բավարարող հաստատություններից որևէ մեկում սովորելու փաստը հիմնավորող փաստաթուղթ (նոտարական վավերացմամբ).
3) սույն կարգի 5-րդ կետում նշված պայմանները բավարարող գործատուի անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն և բանկային տվյալները.
4) սույն կարգի 5-րդ կետում նշված պայմանները բավարարող գործատուի կողմից սույն կարգի 4-րդ կետում նշված փոխհատուցումը հավաստող փաստաթուղթը և գործատուի հիմնավորումը.
5) սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հանձնառության պայմանագրի պատճենը.
6) սովորողի համաձայնությունը սույն կարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սույն որոշմամբ նախատեսված տեղեկությունների և անձնական տվյալների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ:
20. Սույն կարգով նախատեսված դիմում-հայտերի քննարկման ընթացքում, երբ դիմում-հայտերի քանակը գերազանցում է հայտարարված կրթաթոշակների թիվը, առաջնահերթությունը տրվում է հետևյալ պայմաններին` ըստ հաջորդականության`
1) պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող կրթական ծրագրերով սովորելու հանգամանքը.
2) հաստատության` վարկանիշային ցանկում առավել բարձր դիրքը.
3) նախորդ կրթական մակարդակում սովորողի միջին որակական գնահատականը.
4) հաստատություն ընդունելության համար պահանջվող քննությունների առավել բարձր արդյունքները.
5) գործատուի տնտեսական գործունեության արդյունքները:
21. Սույն կարգի պահանջներին համապատասխանող դիմում-հայտերի բավարարման դեպքում, իսկ ակադեմիական հաջորդ տարվա համար` կարգի 12-րդ կետով նշված տեղեկատվությունը ստանալուց հետո, կրթաթոշակները փոխանցվում են գործատուին` դիմում-հայտում նշված բանկային հաշիվներին` 15 օրվա ընթացքում:
22. Սույն կարգով նախատեսված գործընթացի մոնիթորինգն իրականացվում է ԲԿԳԿ-ի կողմից` տարեկան առնվազն 1 անգամ:
Պաշտոնական հրապարակման օրը` 11 մարտի 2025 թվական: