Սեղմել Esc փակելու համար:
1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԻ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 4 մարտի 2025 թ.

 

1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Դ. Խաչատուրյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Կառավարության ներկայացուցիչ` Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լ. Նանուշյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1997 թվականի ապրիլի 4-ին ստորագրված «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի հոկտեմբերի 10-ի N 1590-Ա որոշմամբ հավանություն է տվել 1997 թվականի ապրիլի 4-ին ստորագրված ««Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2024 թվականի հոկտեմբերի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարանի 2024 թվականի նոյեմբերի 1-ի ՍԴԱՈ-167 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության:

Սահմանադրական դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴԱՈ-190 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցվել է` մինչև կասեցման հիմքերը վերանալը:

Կառավարության ներկայացուցչի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 27-ին և 2025 թվականի հունվարի 31-ին Սահմանադրական դատարան մուտքագրված գրություններով ներկայացվել են գործի վարույթը կասեցնելու հիմքում ընկած հարցադրումների պատասխանները, ինչպես նաև տրամադրվել են Կոնվենցիայի պաշտոնապես հաստատված հայերեն թարգմանության վերջնական տարբերակը և Կոնվենցիայի Բացատրական զեկույցի պաշտոնապես հաստատված հայերեն թարգմանությունը:

Սահմանադրական դատարանի 2025 թվականի փետրվարի 21-ի ՍԴԱՈ-22 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է, և գործի դատաքննությունը նշանակվել` 2025 թվականի մարտի 4-ին:

Ուսումնասիրելով վերոնշյալ կոնվենցիան` Կառավարության ներկայացուցչի կողմից ներկայացված վերջնական տարբերակով, Կառավարության ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 1997 թվականի ապրիլի 4-ին, Օվիեդո քաղաքում:

2. Կոնվենցիայի ընդհանուր նպատակն է, որ Կողմերը պաշտպանեն բոլոր մարդկանց արժանապատվությունը և ինքնությունը, և առանց խտրականության երաշխավորեն յուրաքանչյուրի անձնական անձեռնմխելիության և այլ իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`

3.1. ՀՀ ներպետական իրավունքով նախատեսել Կոնվենցիայի դրույթներն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցներ (հոդված 1, պարբերություն 2),

3.2. հաշվի առնելով առողջապահական կարիքներն ու հասանելի ռեսուրսները` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ՀՀ իրավազորության շրջանակներում պատշաճ որակի առողջապահական ծառայությունների հավասար հասանելիություն ապահովելու նպատակով (հոդված 3),

3.3. ապահովել, որ առողջապահական ոլորտում կատարվող ցանկացած միջամտություն, այդ թվում` հետազոտություն, իրականացվի համապատասխան մասնագիտական պարտավորությունների և չափանիշների համաձայն (հոդված 4),

3.4. ապահովել, որ առողջապահական ոլորտում ցանկացած միջամտություն հնարավոր լինի միայն համապատասխան անձի ազատ և տեղեկացված համաձայնությամբ, ինչպես նաև ապահովել, որ տվյալ անձը նախապես պատշաճ տեղեկություններ ստանա միջամտության նպատակի և բնույթի, ինչպես նաև դրա հետևանքների և ռիսկերի վերաբերյալ (հոդված 5, պարբերություններ 1 և 2),

3.5. այն դեպքում, երբ օրենքի համաձայն անչափահաս անձը միջամտությանը համաձայնություն տալու կարողություն չունի, ապահովել, որ այդ միջամտությունը կատարվի միայն նրա ներկայացուցչի կամ իրավասու մարմնի կամ օրենքով նախատեսված անձի կամ մարմնի թույլտվությամբ, իսկ անչափահասի կարծիքը հաշվի առնվի որպես նրա տարիքին և հասունության աստիճանին համաչափ հետզհետե որոշիչ դարձող գործոն (հոդված 6, մաս 2),

3.6. այն դեպքերում, երբ օրենքի համաձայն չափահաս անձը հոգեկան հիվանդության, հիվանդության կամ համանման այլ պատճառներով չունի միջամտությանը համաձայնություն տալու կարողություն, ապահովել, որ այդ միջամտությունը կատարվի միայն նրա ներկայացուցչի կամ իրավասու մարմնի կամ օրենքով նախատեսված անձի կամ մարմնի թույլտվությամբ (հոդված 6, մաս 3, պարբերություն 1),

3.7. ապահովել, որ բժշկական միջամտության վերաբերյալ բուժառուի նախկինում հայտնած ցանկությունները հաշվի առնվեն, եթե միջամտության պահին նա ի վիճակի չէ հայտնելու իր ցանկությունները (հոդված 9),

3.8. երաշխավորել յուրաքանչյուրի` իր առողջության վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը (հոդված 10, մաս 1),

3.9. երաշխավորել յուրաքանչյուրի` իր առողջության վերաբերյալ հավաքված տվյալների մասին տեղեկանալու իրավունքը` այդուհանդերձ հաշվի առնելով անձանց` դրանց մասին չտեղեկանալու ցանկությունները (հոդված 10, մաս 2),

3.10. արգելել անձի հանդեպ գենետիկական ժառանգության հիմքով խտրականության բոլոր ձևերը (հոդված 11),

3.11. ապահովել, որ գենետիկական հիվանդություններ կամ սուբյեկտին որպես հիվանդություն առաջացնող գենի կրող նույնականացնելու կամ հիվանդության հանդեպ գենետիկական նախատրամադրվածություն կամ ընկալունակություն հայտնաբերելու կանխորոշիչ հետազոտություններն անցկացվեն միայն առողջական նպատակներով կամ առողջական նպատակների հետ կապված գիտական հետազոտությունների համար և գենետիկական պատշաճ խորհրդատվության պայմաններում (հոդված 12),

3.12. ապահովել, որ մարդու գենոմի փոփոխությանն ուղղված միջամտություն իրականացվի միայն կանխարգելիչ, ախտորոշիչ կամ թերապևտիկ նպատակներով և միայն այն դեպքում, երբ դա տվյալ մարդու ժառանգների գենոմը որևէ փոփոխության ենթարկելու նպատակ չի հետապնդում (հոդված 13),

3.13. կենսաբանության և բժշկության ոլորտում գիտական հետազոտություններն իրականացնել ազատ կերպով` պահպանելով Կոնվենցիայով և իրավական այլ ակտերով նախատեսված` մարդու պաշտպանությունն ապահովող դրույթները (հոդված 15),

3.14. ապահովել, որ մարդը հետազոտության ենթարկվի միայն Կոնվենցիայի 16-րդ հոդվածով նախատեսված բոլոր պայմանները բավարարելու դեպքում (հոդված 16),

3.15. ապահովել, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված համաձայնությունը տալու կարողություն չունեցող անձի հետազոտությունն իրականացվի միայն Կոնվենցիայի 17-րդ հոդվածով նախատեսված բոլոր պայմանները բավարարելու դեպքում (հոդված 17),

3.16. օրենքով սաղմերի in vitr (արհեստական պայմաններում) հետազոտություն իրականացնելը թույլատրված լինելու դեպքում` ապահովել սաղմի համարժեք պաշտպանությունը և արգելել հետազոտական նպատակներով մարդու սաղմ ստեղծելը (հոդված 18),

3.17. ապահովել, որ կենդանի անձից փոխպատվաստման նպատակներով օրգաններ կամ հյուսվածք վերցվեն բացառապես ռեցիպիենտի թերապևտիկ օգուտի համար, և եթե պիտանի օրգան կամ հյուսվածք հնարավոր չէ վերցնել մահացած անձից, և չկա համադրելի արդյունավետություն ունեցող այլընտրանքային թերապևտիկ մեթոդ, և այս պարագայում ապահովել, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված անհրաժեշտ համաձայնությունը տրվի հստակ և կոնկրետ` գրավոր կամ որևէ պաշտոնական մարմնի ներկայությամբ (հոդված 19),

3.18. արգելել օրգան կամ հյուսվածք վերցնելն այն անձից, որը չունի Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված համաձայնությունը տալու կարողություն. բացառիկ դեպքերում և օրենքով սահմանված պաշտպանության պայմանների համաձայն` համաձայնություն տալու կարողություն չունեցող անձից թույլատրել վերցնել վերականգնողական հյուսվածք` պայմանով, որ բավարարված են Կոնվենցիայի 20-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պայմանները (հոդված 20),

3.19. միջամտության ընթացքում մարդու մարմնի որևէ մաս վերցնելու դեպքում` դրա պահելը և նախատեսված նպատակից տարբերվող այլ նպատակով օգտագործելը թույլատրել միայն այն դեպքում, երբ դա արվում է տեղեկություններ տրամադրելու և համաձայնություն տալու պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ (հոդված 22),

3.20. Կոնվենցիայով սահմանված իրավունքների և սկզբունքների որևէ անօրինական խախտում կանխելու կամ դադարեցնելու համար ապահովել պատշաճ դատական պաշտպանություն հնարավորինս սեղմ ժամկետում (հոդված 23),

3.21. երաշխավորել միջամտության հետևանքով չարդարացված վնաս կրած անձի` օրենքով սահմանված պայմաններով և կարգով արդարացի փոխհատուցում ստանալու իրավունքը (հոդված 24),

3.22. նախատեսել Կոնվենցիայով սահմանված դրույթները խախտելու դեպքում կիրառման ենթակա համարժեք պատժամիջոցներ (հոդված 25),

3.23. Կոնվենցիայով նախատեսված իրավունքների և պաշտպանության վերաբերյալ դրույթների իրականացման նկատմամբ կիրառել միայն այն սահմանափակումները, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ելնելով հանրային անվտանգության շահերից` հանցագործությունները կանխելու, հանրային առողջությունը պաշտպանելու կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար, ինչպես նաև չկիրառել վերոհիշյալ սահմանափակումները Կոնվենցիայի 11-րդ, 13-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածների նկատմամբ (հոդված 26),

3.24. հետևել, որ կենսաբանության և բժշկության ոլորտում նվաճումների հետ կապված հիմնարար հարցերը լինեն հանրային լայն քննարկման առարկա` հաշվի առնելով, մասնավորապես` համապատասխան բժշկական, սոցիալական, տնտեսական, էթիկական և իրավական հետևանքները, ինչպես նաև դրանց հնարավոր կիրառումը դառնա համապատասխան խորհրդակցությունների առարկա (հոդված 28):

4. Հայաստանի Հանրապետությունը վերապահում է արել Կոնվենցիայից` նշելով, մասնավորապես, որ` «Կոնվենցիայի 36-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածով սեռի հատկանիշով երեխայի խտրական ընտրության բացառումը սահմանվում է հետևյալ կերպ. «Ապագա երեխայի սեռն ընտրելու նպատակով օժանդակ վերարտադրողական բժշկական տեխնոլոգիաների օգտագործումն արգելվում է` բացառությամբ սեռով պայմանավորված ժառանգական ծանր հիվանդությունից խուսափելու դեպքերի»: Սույն դրույթը հակասում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման դեպքում ապագա երեխայի սեռը պլանավորել չի թույլատրվում` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականություն, կամ ընտանիքն ունի նույն սեռի 3 երեխա:

Հետևաբար կոնվենցիայի 14-րդ հոդվածը չի կիրառվի Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և ծառայությունների նկատմամբ»:

5. Ըստ դիմումին կից ներկայացված` Առողջապահության նախարարի գրության` Կոնվենցիայի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Առողջապահության նախարարությունը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1997 թվականի ապրիլի 4-ին ստորագրված «Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

4 մարտի 2025 թվականի

ՍԴՈ-1770

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 4 մարտի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.03.2025
N ՍԴՈ-1770
Որոշում