ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
27 փետրվարի 2025 թվականի N 676-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 873-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
2514.3. արդյունաբերական շարժական սարքերի ծրագրակազմի մշակող
1. Արդյունաբերական շարժական սարքերի ծրագրակազմի մշակողները իրականացնում են կիրառական ծրագրակազմ կոնկրետ, մասնագիտական արդյունաբերական շարժական (ձեռքի) սարքերի համար` ելնելով արդյունաբերության կարիքներից, օգտագործելով ընդհանուր կամ կոնկրետ մշակման գործիքներ սարքի օպերացիոն համակարգերի համար:
2514.4. թվային գործիքների և գործընթացների վերահսկման ծրագրավորող
1. Թվային գործիքների և գործընթացների վերահսկման ծրագրավորողները մշակում են համակարգչային ծրագրեր` արտադրական գործընթացներում ներգրավված ավտոմատ մեքենաներն ու սարքավորումները վերահսկելու համար: Նրանք վերլուծում են լուսապատճենները և աշխատանքային հրամանները, անցկացնում համակարգչային մոդելավորումներ և փորձնական գործարկումներ:
2514.5. Մենեջեր` նույնականացման, ամպային տեխնոլոգիաներում
1. Նույնականացման պատասխանատուներն ամպային տեխնոլոգիաներում (Cloud) աշխատում են նույնականացման մուտքի կառավարման հավելվածների հետ: Համագործակցում են վերադասների հետ նույնականացման կառավարման հիմնական ռիսկերը հաղթահարելու համար: Պլանավորում են ռազմավարություններ մասնագիտական չափանիշներին համապատասխան:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2519. ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ և ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՄՇԱԿՈՂՆԵՐ
ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆՆԵՐ` ԱՅԼՈՒՐ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ
1. Այս ստորին խմբում ներառվում են ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներն ու վերլուծաբանները, որոնք չեն դասակարգվել այլուր` 251. Ծրագրային ապահովման և հավելվածների մշակողներ և վերլուծաբաններ փոքր խմբում: Օրինակ` այս խմբում ներառվում են որակի ապահովման, ներառյալ ծրագրային ապահովման փորձարկումներում մասնագիտացած անձինք:
2. Նման դեպքերում նրանց պարտականությունները ներառում են.
ա) ծրագրային ապահովման փորձարկումների պլանների մշակումն ու փաստաթղթավորումը.
բ) փորձարկումների նախապատրաստման ժամանակ ծրագրային ապահովման և սարքավորումների տեղադրումը, ինչպես նաև օպերացիոն համակարգի ծրագրային ապահովման փոխդասավորումը.
գ) հաստատումը, որ ծրագիրը գործում է օգտվողի պահանջներին և սահմանված ուղեցույցներին համապատասխան.
դ) ծրագրային հավելվածների, ինչպես նաև տեղեկատվական և տեղեկատվահաղորդակցման համակարգերի փորձարկումների արդյունքների ձևակերպումը, վերլուծումն ու փաստաթղթավորումը.
ե) ծրագրային ապահովման և տեղեկատվական համակարգերի փորձարկումների քաղաքականության, ընթացակարգերի և սցենարների մշակումն ու կենսագործումը:
3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.
1) որակի ապահովման վերլուծաբան (համակարգիչներ),
2) ծրագրային ապահովման փորձարկող,
3) համակարգերի փորձարկող:
2519.1. տվյալների որակի մասնագետ
1. Տվյալների որակի մասնագետները ստուգում են կազմակերպության տվյալների ճշգրտությունը, առաջարկում են բարեփոխումներ տվյալների գրանցման համակարգերում ու տվյալների ձեռքբերման գործընթացներում և գնահատում են տվյալների հղումները և պատմական ամբողջականությունը: Նրանք նաև մշակում են փաստաթղթեր և պահպանում տվյալների որակի նպատակները և չափանիշները, վերահսկում են կազմակերպության տվյալների գաղտնիության քաղաքականությունը և հետևում են տվյալների հոսքերի ու տվյալների որակի չափանիշների միջև համապատասխանությանը:
2519.2. աուդիտոր-ղեկավար` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների
1. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) աուդիտոր-ղեկավարները վերահսկում են ՏՀՏ աուդիտորներին, ովքեր պատասխանատու են տեղեկատվական համակարգերի, հարթակների և գործառնական ընթացակարգերի աուդիտի համար` համաձայն հաստատված կորպորատիվ չափանիշների` արդյունավետության, ճշգրտության և անվտանգության համար: Նրանք գնահատում են ՏՀՏ ենթակառուցվածքը` կազմակերպության համար ռիսկայնության տեսակետից և իրականացնում են վերահսկողություն` կորուստների նվազեցման համար: Նրանք որոշում և առաջարկում են բարելավումներ ընթացիկ ռիսկերի կառավարման վերահսկողությունում և համակարգի փոփոխությունների կամ արդիականացման իրականացման մեջ:
2519.3. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների փոփոխությունների և կազմաձևի ղեկավար
1. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) փոփոխությունների և կազմաձևի ղեկավարները կազմակերպում և իրականացնում են ՏՀՏ ակտիվների կենսացիկլի ընթացքում փոփոխությունները կառավարելու գործընթաց, ինչպիսիք են ծրագրաշարը, հավելվածները, ՏՀՏ համակարգերը և այլն: ՏՀՏ փոփոխությունների և կազմաձևի ղեկավարները ունեն համակարգային ճարտարագիտության և ՏՀՏ համակարգերի և ենթահամակարգերի կենսացիկլի կառավարման հիմնական տեխնոլոգիաների և գործընթացների վերաբերյալ խորը գիտելիքներ:
2519.4. Վերլուծաբան` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների վերականգնող
1. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) վերականգնող վերլուծաբանները մշակում, սպասարկում և իրականացնում են ՏՀՏ վերականգնման շարունակական ռազմավարություններ և լուծումներ: Նրանք աջակցում են տեխնիկական թիմերին, գնահատում են ռիսկերը, նախագծում և մշակում ընթացակարգեր, փաստաթղթեր և ռազմավարություններ վերականգնման համար, որպեսզի բիզնեսի գործառույթները շարունակվեն և վերականգնվեն տվյալների նվազագույն կորստով: Նրանք նաև համակարգում են տվյալների պահուստային համակարգի փորձարկումներն ու դրանց հաստատումը:
2519.5. Ղեկավար` տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների որակի ապահովման
1. Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) որակի ապահովման ղեկավարները ստեղծում են ՏՀՏ որակի մոտեցում և առաջնորդվում են այդ մոտեցմամբ` որակի կառավարման համակարգերի միջոցով` համապատասխանելով ներքին և արտաքին չափորոշիչներին և կազմակերպության մշակույթին: Նրանք երաշխավորում են, որ կառավարման հսկողությունները ճիշտ են իրականացվում` պաշտպանելու ակտիվները, տվյալների ամբողջականությունը և գործառնությունները: Նրանք կենտրոնանում են որակի նպատակներին հասնելու վրա, ներառյալ արտաքին հավաստագրման պահպանումը որակի չափորոշիչներին համապատասխան և վերահսկում են վիճակագրությունը` որակի արդյունքները կանխատեսելու համար:
2519.6. ՏՀՏ թեստերի վերլուծաբան
1. ՏՀՏ թեստերի վերլուծաբաններն աշխատում են թեստավորման վայրում, գնահատում են արտադրանքը, ստուգում որակը և ճշգրտությունը կամ ստեղծում թեստեր: Նրանք նախագծում են թեստեր, որոնք այնուհետև իրականացվում են թեստավորողների կողմից:
2519.7. ծրագրակազմ փորձարկող
1. Ծրագրակազմ փորձարկողները կատարում են ծրագրակազմի փորձարկումներ: Նրանք կարող են նաև պլանավորել և նախագծել դրանք, վերացնել սխալները և վերացնել խնդիրները, թեև սա հիմնականում նախագծողների և ծրագրավորողների աշխատանքն է: Նրանք հետևում են, որ ծրագրերը ճիշտ գործեն նախքան դրանց` ներքին և արտաքին հաճախորդներին հանձնելը:
2519.7.1. թվային խաղերի փորձարկող
1. Թվային խաղերի փորձարկողները վերանայում և փորձարկում են տարբեր ժանրերի թվային խաղերը` խաղալով դրանք, որպեսզի գտնեն սխալներ և թերություններ խաղի ֆունկցիոնալության կամ գրաֆիկայի մեջ: Նրանք կարող են գնահատել խաղերի գրավչությունը և խաղարկելիությունը: Նրանք կարող են նաև անձամբ վերացնել խաղերում հայտնաբերված սխալները:
2519.7.2. ՏՀՏ հասանելիության փորձարկող
1. ՏՀՏ հասանելիության փորձարկողները գնահատում են կայքերի, ծրագրային հավելվածների, համակարգերի կամ օգտատիրոջ ինտերֆեյսի բաղադրիչների հարմարավետությունը, հեշտ կիրառելիությունը և տեսանելիությունը բոլոր տեսակի օգտատերերի, հատկապես հատուկ կարիքներ կամ հաշմանդամություն ունեցող օգտատերերի համար:
2519.7.3. ՏՀՏ ներդրման փորձարկող
1. ՏՀՏ ներդրման փորձարկողները կատարում են փորձարկումներ համակարգի բաղադրիչների, միավորների կամ նույնիսկ հավելվածների խմբերում: Խմբավորելով դրանք ավելի մեծ խմբերի` նրանք կիրառում են ներդրման փորձարկման նախագծեր: Նրանք վերահսկում են տարբեր բաղադրիչների միջև հարաբերությունների բարդությունը:
2519.7.4. ՏՀՏ համակարգի փորձարկող
1. ՏՀՏ համակարգի փորձարկողները կատարում են թեստավորման և որոշակի թեստային պլանավորման աշխատանքներ: Նրանք կարող են նաև վրիպազերծել (debug) և վերանորոգել ՏՀՏ համակարգերն ու բաղադրիչները, թեև դա հիմնականում դիզայներների և ծրագրավորողների աշխատանքն է: Նրանք ապահովում են, որ բոլոր համակարգերը և բաղադրիչները պատշաճ կերպով գործեն նախքան դրանք ներքին և արտաքին հաճախորդներին տրամադրելը:
2519.7.5. ՏՀՏ օգտագործելիության փորձարկող
1. ՏՀՏ օգտագործելիության փորձարկողներն ապահովում են պահանջների համապատասխանությունը և ձգտում են հասնել օպտիմալ օգտագործելիության ծրագրային ապահովման ինժեներական ցիկլի փուլերում (վերլուծություն, նախագծում, իրականացում և տեղակայում): Նրանք նաև սերտորեն համագործակցում են օգտատերերի (վերլուծաբանների) հետ` ուսումնասիրելու և փաստաթղթավորելու օգտատերերի պրոֆիլները, վերլուծելու առաջադրանքները, աշխատանքային հոսքերը և օգտատերերի սցենարները:
ՓՈՔՐ ԽՈՒՄԲ 252. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՑԱՆՑԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
1. Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետները նախագծում, մշակում, վարում, սպասարկում և պահպանում են համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների, ներառյալ տվյալների շտեմարանների ծրագրային ապահովման և սարքավորումների, ցանցերի և օպերացիոն համակարգերի օպտիմալ արտադրողականությունն ու անվտանգությունը:
2. Իրականացվող պարտականությունները սովորաբար ներառում են. տեղեկատվական համակարգերի նախագծերի համար տվյալների շտեմարանների ճարտարապետության, տվյալների կառուցվածքի, բառարանների ու տերմինների նախագծումն ու մշակումը. տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի նախագծումը, ստեղծումը, ձևափոխումը, ինտեգրումը, իրականացումը և փորձարկումը. տվյալների անվտանգության, կառավարման քաղաքականության, փաստաթղթերի և չափորոշիչների պլանների մշակումն ու իրականացումը. համակարգչային ցանցերի և դրանց հետ կապված հաշվողական միջավայրերի պահպանումն ու կառավարումը. բարդ համակարգերի և նախագծման փուլում գտնվող դրանց ճարտարապետության մասնագրերի, տվյալների մոդելների և ուրվագծերի վերլուծումը, մշակումը, մեկնաբանումը և գնահատումը, ինչպես նաև համակարգչային համակարգերի փոխդասավորումն ու ինտեգրումը:
3. Այս փոքր խմբի զբաղմունքները ներառվում են հետևյալ ստորին խմբերում.
1) 2521. Տվյալների շտեմարանների դիզայներներ և ադմինիստրատորներ.
2) 2522. Համակարգային ադմինիստրատորներ.
3) 2523. համակարգչային ցանցերի մասնագետներ.
4) 2529. Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետներ` այլուր չդասակարգված:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2521. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ԴԻԶԱՅՆԵՐՆԵՐ և
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐՆԵՐ
1. Տվյալների շտեմարանների դիզայներները և ադմինիստրատորները նախագծում, մշակում, վերահսկում, վարում և պահպանում են տվյալների շտեմարանների օպտիմալ արտադրողականությունը և անվտանգությունը:
2. Նրանց պարտականությունները ներառում են.
ա) տեղեկատվական համակարգերի նախագծերի համար տվյալների շտեմարանների ճարտարապետության, տվյալների կառուցվածքի, աղյուսակների, բառարանների ու տերմինների նախագծումը և մշակումը.
բ) տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի նախագծումը, ստեղծումը, ձևափոխումը, ինտեգրումը, իրականացումը և փորձարկումը.
գ) տվյալների շտեմարանների կառավարման միջոցների ընտրության, կիրառման և իրականացման ուղղությամբ հետազոտությունների կատարումը և առաջարկությունների ներկայացումը.
դ) տվյալների, փաստաթղթերի, մոդելների և չափորոշիչների կառավարման քաղաքականության մշակումն ու իրականացումը.
ե) տվյալների բազաների մուտքի, դրանց օգտագործման, պահուստավորման և տվյալների վերականգնման քաղաքականության և ընթացակարգերի մշակումը.
զ) պահուստավորման, վերականգնման ընթացակարգերի հետ կապված աշխատանքային և կանխարգելիչ միջոցառումների անցկացումը և անվտանգության ու ամբողջականության վերահսկողության միջոցների կիրառման ապահովումը:
3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.
1) տվյալների ադմինիստրատոր,
2) տվյալների շտեմարանների ադմինիստրատոր,
3) տվյալների շտեմարանների վերլուծաբան,
4) տվյալների շտեմարանների ճարտարապետության մասնագետ:
4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.
1) ցանցային ադմինիստրատոր - 2522,
2) համակարգային ադմինիստրատոր (համակարգիչների) - 2522,
3) Վեբ-վարպետ - 3514,
4) Վեբ-կայքերի ադմինիստրատոր - 3514:
2521.1. տվյալների բազայի ադմինիստրատոր
1. Տվյալների բազայի ադմինիստրատորները թեստավորում, կիրառում և կառավարում են համակարգչային տվյալների բազաները: Նրանք օգտագործում են իրենց փորձառությունը տվյալների բազայի կառավարման համակարգերում` պլանավորելու, համակարգելու և անվտանգության միջոցառումներ իրականացնելու և համակարգչային տվյալների բազաները պաշտպանելու համար: Նրանք նաև օգտագործում են սցենարներ և կարգավորման ֆայլեր` տվյալների բազան օգտատերերի պահանջներին համապատասխանեցնելու համար:
2521.2. տվյալների բազայի նախագծող
1. Տվյալների բազայի նախագծողները որոշում են տվյալների բազայի տրամաբանական կառուցվածքը, գործընթացները և տեղեկատվական հոսքերը: Նրանք նախագծում են տվյալների մոդելներ և տվյալների բազաներ` տվյալների ձեռքբերմանը ծառայելու համար:
2521.3. տվյալների բազայի մշակող
1. Տվյալների բազայի մշակողները ծրագրավորում, իրականացնում և համակարգում են համակարգչային տվյալների բազաների փոփոխությունները` հիմնվելով տվյալների բազայի կառավարման համակարգերի իրենց փորձի վրա:
2521.4. տվյալների բազայի ինտեգրատոր
1. Տվյալների բազայի ինտեգրատորները իրականացնում են ինտեգրում տարբեր տվյալների բազաների միջև: Նրանք պահպանվում են ինտեգրումը և ապահովում են համատեղելիությունը:
2521.5. Նախագծող` տվյալների շտեմարանի
1. Տվյալների շտեմարանի նախագծողները պատասխանատու են տվյալների պահեստի համակարգերի պլանավորման, միացման, նախագծման, ժամանակացույցի կազմման և տեղակայման համար: Նրանք մշակում, վերահսկում և պահպանում են ETL-ի (դուրսբերում, փոխակերպում, վերբեռնում) գործընթացները, հաշվետվությունները և տվյալների պահեստի դիզայնը:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2522. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐՆԵՐ
1. Համակարգային ադմինիստրատորները մշակում, վերահսկում, վարում և պահպանում են տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի լավագույն արտադրողականությունն ու անվտանգությունը:
2. Նրանց պարտականությունները ներառում են.
ա) համակարգչային ցանցերի և դրանց հետ կապված հաշվողական միջավայրերի, այդ թվում` համակարգչային ապարատային ապահովման, ծրագրային ապահովման համակարգերի, կիրառական ծրագրային ապահովման և դրանց փոխդասավորման աջակցումն ու կառավարումը.
բ) համակարգերի և ցանցերի փոխդասավորման բարելավման համար փոփոխությունների առաջարկումը, ինչպես նաև այդպիսի փոփոխությունների հետ կապված ապարատային և ծրագրային ապահովմանը ներկայացվող պահանջների որոշումը.
գ) ապարատային և ծրագրային ապահովման հետ կապված խնդիրների կանխատեսումը.
դ) տվյալների պահուստավորումը և վթարների դեպքում վերականգնումը.
ե) համակարգչային համակարգերի և ցանցերի բնութագրերին հետևման, ինչպես նաև համակարգչային ցանցերի մուտքի և դրա օգտագործման համակարգման համար հիմնական բարձակների օգտագործումը:
3. Այս ստորին խմբին դասվող զբաղմունքների օրինակներ.
1) ադմինիստրատոր` ցանցային,
2) ադմինիստրատոր` համակարգային (համակարգիչների):
4. Այլ ստորին խմբերին դասվող որոշ հարակից զբաղմունքներ.
1) ադմինիստրատոր` տվյալների շտեմարանների - 2521,
2) վերլուծաբան` ցանցային - 2523,
3) ադմինիստրատոր` Վեբ-կայքերի - 3514,
4) Վեբ-վարպետ - 3514,
5) մասնագետ-տեխնիկ` Վեբ-կայքի - 3514:
2522.1. ՏՀՏ համակարգի ադմինիստրատոր
1. ՏՀՏ համակարգի ադմինիստրատորները պատասխանատու են համակարգչային և ցանցային համակարգերի, սերվերների, աշխատանքային կայանների և օժանդակ սարքերի պահպանման, կազմաձևման և հուսալի շահագործման համար: Նրանք կարող են ձեռք բերել, տեղադրել կամ արդիականացնել համակարգչային բաղադրիչները և ծրագրակազմը, ավտոմատացնել սովորական առաջադրանքները, գրել համակարգչային ծրագրեր, անսարքություններ վերացնել, վերապատրաստել և վերահսկել անձնակազմին, ինչպես նաև տրամադրել տեխնիկական աջակցություն: Նրանք ապահովում են համակարգի օպտիմալ ամբողջականություն, անվտանգություն, կրկնօրինակում և կատարում:
2522.1.1. ՏՀՏ ցանցի ադմինիստրատոր
1. ՏՀՏ ցանցի ադմինիստրատորները ապահովում են հուսալի, անվտանգ և արդյունավետ տվյալների հաղորդակցության ցանցի աշխատանքը` ներառյալ լոկալ ցանցը (LAN), տարածաշրջանային ցանցը (WAN), ինտրանետը և ինտերնետը: Նրանք կատարում են ցանցային հասցեների նշանակում, միջանկյալ համակարգից միջանկյալ համակարգի հաղորդակարգ (Intermediate System to Intermediate System protocol - ISIS), «Ամենակարճ ճանապարհն առաջինը բացելու» հաղորդակարգ (Open Shortest Path First - OSPF), «Սահմանային դարպասի» հաղորդակարգ (Border Gateway Protocol - BGP) և այլ երթուղիչման հաղորդակարգերի կառավարում և կիրարկում, երթուղիչման աղյուսակի փոխդասավորումներ և որոշակի վավերացման կիրառումներ: Նրանք կատարում են սերվերների (ֆայլային սերվերներ, վիրտուալ մասնավոր ցանց (VPN), ուղեմուտներ, ներխուժման հայտնաբերման համակարգեր), սեղանի համակարգիչների, տպիչների, երթուղիչների, անջատիչների, հրապատերի, հեռախոսների, համացանցային հաղորդակցությունների հաղորդակարգ (Internet Protocol` IP), անհատական թվային օգնականների, սմարթֆոնների, ծրագրակազմերի տեղադրման, անվտանգության թարմացումների և ծածկագրերի սպասարկում և կառավարում, ինչպես նաև մեծ քանակությամբ լրացուցիչ տեխնոլոգիաների` թե՛ սարքավորումների, թե՛ ծրագրակազմերի ներառում:
2522.1.2. համակարգի կարգաբերող
1. Համակարգի կարգաբերողները հարմարեցնում են համակարգչային համակարգը կազմակերպության և օգտատերերի կարիքներին: Նրանք կատարում են կարգաբերման գործողություններ և սկրիպտավորում և ապահովում են հաղորդակցությունը օգտատերերի հետ:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2523. ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ
1. Համակարգչային ցանցերի մասնագետները ցանցային ճարտարապետության և զարգացման բնագավառում իրականացնում են հետազոտություններ և վերլուծություններ, նախագծում, փորձարկում ու առաջարկում նոր ռազմավարություններ: Նրանք իրականացնում, կառավարում, աջակցում և փոխդասավորում են ցանցային սարքավորումները և ծրագրային ապահովումը, ինչպես նաև իրականացնում են մշտադիտարկում, անսարքությունների որոնում, դրանց վերացում և աշխատանքի օպտիմալացում:
2. Նրանց պարտականությունները ներառում են.
ա) բարդ համակարգերի և նախագծման փուլում գտնվող դրանց ճարտարապետության մասնագրերի, տվյալների մոդելների և ուրվագծերի վերլուծումը, մշակումը, մեկնաբանումը, գնահատումը, ինչպես նաև համակարգչային համակարգերի փոխդասավորումն ու ինտեգրումը:
բ) ցանցերի օպտիմալ փոխդասավորության ու արտադրողականության ապահովման համար ցանցային ենթակառուցվածքի հետազոտումը, վերլուծումը, գնահատումը և մշտադիտարկումը.
գ) ցանցի և ինտեգրված սարքերի, ծրագրային ապահովման, հաղորդակցման և օպերացիոն համակարգերի աշխատանքի գնահատումը և դրա բարելավման համար առաջարկությունների մշակումը.
դ) ցանցերի աշխատանքի ժամանակ և վթարային իրավիճակներում աջակցելու համար, ինչպես նաև անսարքությունների որոնումների ու դրանց վերացման ժամանակ մասնագիտական հմտությունների կիրառումը.
ե) նոր ու թարմացրած ցանցերի, ծրագրային ապահովման տվյալների շտեմարանների հավելվածների, սերվերների և աշխատանքային կայանների տեղադրումը, փոխդասավորումը, փորձարկումը, տեխնիկական սպասարկումն ու կառավարումը.
զ) ցանցի գույքագրման նախապատրաստումը, ընթացակարգի իրականացումը և փաստաթղթավորումը, վիճակի գրանցումը և ցանցի անսարքությունների վերացումը, ցանցում բարելավումների և ձևափոխումների կատարումը, ինչպես նաև տեխնիկական սպասարկման հրահանգների նախապատրաստումը.
է) ցանցի շարունակական ամբողջականության և օպտիմալ արտադրողականության ապահովման նպատակով ցանցի տրաֆիկի տեղեկատվության շարժի ու վիճակի, ծավալի և օգտագործման մշտադիտարկումը:
3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.
1) հաղորդակցման վերլուծաբան (համակարգիչներ),
2) ցանցային վերլուծաբան:
4. Այլուր դասակարգված որոշ հարակից զբաղմունքներ.
1) համակարգային վերլուծաբան - 2511,
2) ցանցային ադմինիստրատոր - 2522:
2523.1. ՏՀՏ հզորության ապահովման մասնագետ
1. ՏՀՏ հզորության պլանավորողները ապահովում են, որ ՏՀՏ ծառայությունների և ՏՀՏ ենթակառուցվածքի հզորությունը կարողանա ապահովել ծառայությունների մակարդակի համաձայնեցված թիրախները ծախսարդյունավետ և ճիշտ ժամանակին: Նրանք նաև հաշվի են առնում բոլոր ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են համապատասխան ՏՀՏ ծառայության մատուցման համար, և պլանավորում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ բիզնես պահանջները:
2523.2. ՏՀՏ ցանցի ճարտարագետ
1. ՏՀՏ ցանցի ճարտարագետները նախագծում են ՏՀՏ ցանցի (սարքավորումներ, ենթակառուցվածք, հաղորդակցություն և սարքավորման բաղադրիչներ) տեղաբանությունը և կապակցվածությունը:
2523.3. ՏՀՏ ցանցի ինժեներ
1. ՏՀՏ ցանցի ինժեներներն իրականացնում, սպասարկում և աջակցում են համակարգչային ցանցերին: Նրանք նաև կատարում են ցանցի մոդելավորում, վերլուծություն և պլանավորում: Նրանք կարող են նաև նախագծել ցանցի և համակարգչի անվտանգության միջոցառումներ: Նրանք կարող են ուսումնասիրել և առաջարկել ցանցի ու տվյալների փոխանցման ապարատային և ծրագրային ապահովում:
ՍՏՈՐԻՆ ԽՈՒՄԲ 2529. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ և ՑԱՆՑԵՐԻ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ` ԱՅԼՈՒՐ ՉԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ
1. Այս ստորին խմբում ներառված են տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետները, որոնք դասակարգված չեն այլուր` 252. Տվյալների շտեմարանների և ցանցերի մասնագետներ փոքր խմբում: Օրինակ` այս խմբում ներառված են տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների անվտանգության հարցերով մասնագետները:
2. Նման դեպքերում նրանց պարտականությունները ներառում են.
ա) պատահական կամ չարտոնված փոփոխումից, ոչնչացումից կամ հրապարակումից համակարգչային ֆայլերի անվտանգության ապահովման ուղղությամբ պլանների մշակումը, ինչպես նաև վթարային իրավիճակներում տվյալների մշակման համար կարիքների ապահովումը.
բ) անվտանգության համակարգի ապահովման և սերվերի ու ցանցի արդյունավետության բարձրացման համար օգտատերերին ուսուցանումը և նրանց իրազեկումը անվտանգության խնդիրների վերաբերյալ.
գ) օգտվողների հետ համակարգչային տվյալների հասանելիության, անվտանգության խախտումների և ծրագրային փոփոխությունների պահանջներին վերաբերող հարցերի քննարկումը.
դ) համակարգչային վիրուսներից պաշտպանության համակարգերի թարմացման ժամկետների որոշման նպատակով համակարգչային վիրուսների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունների մշտադիտարկումը.
ե) նոր ծրագրային ապահովման, սխալների ուղղման կամ առանձին անձանց համար մուտքի կարգավիճակի փոփոխման համար համակարգչային անվտանգության փաստաթղթերում փոփոխությունների կատարումը.
զ) համակարգչային ֆայլերում մուտքագրված տեղեկատվության պաշտպանության նպատակով տվյալների ֆայլերի օգտագործման վերահսկումը և մուտքի կարգավորումը.
է) տվյալների մշակման համակարգի գործունեության և անվտանգության միջոցառումների պահպանումն ապահովելու համար անվտանգության ռիսկի գնահատումը և փորձարկումների անցկացումը.
ը) փոխանցվող գաղտնի տվյալները թաքցնելու և տեղեկատվության չարտոնված փոխանցումը թույլ չտալու համար տվյալների ծածկագրումը և հակահրդեհապատերի տեղադրումը.
3. Այստեղ դասակարգված զբաղմունքների օրինակներ.
1) Դատամայնինգի (տվյալների արդյունահանման) մասնագետ,
2) մասնագետ-քրեագետ` թվային տեխնոլոգիաների,
3) մասնագետ` ՏՀՏ անվտանգության հարցերով:
2529.1. ՏՀՏ անվտանգության ղեկավար
1. ՏՀՏ անվտանգության ղեկավարները պաշտպանում են ընկերության և աշխատակիցների տեղեկատվությունը չարտոնված մուտքերից: Նրանք նաև սահմանում են տեղեկատվական համակարգերի անվտանգության քաղաքականությունը, կառավարում են անվտանգության համակարգերի տեղադրումը բոլոր տեղեկատվական համակարգերում և ապահովում տեղեկատվության հասանելիությունը:
2529.2. թվային դատաբժշկական փորձագետ
1. Թվային դատաբժշկական փորձագետները վերականգնում և վերլուծում են տեղեկատվությունը համակարգիչներից և տվյալների պահպանման այլ սարքերից: Նրանք դատաբժշկական մեթոդներով հետազոտում են թվային մեդիան, որը կարող է թաքցված, ծածկագրված կամ վնասված լինել` նպատակ ունենալով նույնականացնել, պահպանել, վերականգնել, վերլուծել և ներկայացնել փաստեր և կարծիքներ թվային տեղեկատվության վերաբերյալ:
2529.3. ներկառուցված համակարգերի անվտանգության ճարտարագետ
1. Ներկառուցված համակարգերի անվտանգության ճարտարագետները խորհուրդ են տալիս և գտնում լուծումներ` ներկառուցված և փոխկապակցված համակարգերում տվյալների և ծրագրերի մուտքի վերահսկման համար: Նրանք օգնում են ապահովել ներկառուցված համակարգերով և միացված սարքերով ապրանքների անվտանգ աշխատանքը` պատասխանատու լինելով փոխկապակցված համակարգերի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար և համապատասխանաբար նախագծում, պլանավորում և իրականացնում են անվտանգության միջոցառումներ: Ներկառուցված համակարգերի անվտանգության ճարտարագետներն օգնում են պաշտպանվել հարձակումներից` իրականացնելով պաշտպանական միջոցառումներ, որոնք կանխում են ներխուժումները և մուտքի խախտումները:
2529.4. էթիկական հաքեր
1. Էթիկական հաքերները կատարում են անվտանգության խոցելիության գնահատումներ և հարձակողական փորձարկումներ` համաձայն ոլորտում ընդունված մեթոդների և արձանագրությունների: Նրանք վերլուծում են համակարգերը հնարավոր խոցելիության համար, ինչը կարող է առաջանալ համակարգի ոչ պատշաճ կազմաձևումից, սարքաշարի կամ ծրագրաշարի թերություններից կամ գործառնական թուլությունից:
2529.5. Կիբերանվտանգության և աղետների դիմակայության կառավարման մասնագետ
1. Կիբերանվտանգության և աղետների դիմակայության կառավարման մասնագետները ուսումնասիրում, պլանավորում և մշակում են մոդելներ, քաղաքականություն, մեթոդներ, տեխնիկաներ և գործիքներ, որոնք բարելավում են կազմակերպության կիբերանվտանգությունը, կայունությունը և աղետներից վերականգնումը:
2529.6. ՏՀՏ անվտանգության կառավարիչ
1. ՏՀՏ անվտանգության կառավարիչները պլանավորում և իրականացնում են անվտանգության միջոցառումներ` տեղեկատվությունը և տվյալները չարտոնված մուտքերից, դիտավորյալ հարձակումից, գողությունից և կոռուպցիայից պաշտպանելու համար:
2529.7. կիբերանվտանգության մասնագետ
1. Կիբերանվտանգության մասնագետները մոնիտորինգ են իրականացնում և գնահատում են կիբերանվտանգության համակարգերի վիճակը` վերլուծելով, գնահատելով և մեղմելով կիբերանվտանգությանը սպառնացող միջադեպերի ազդեցությունը: Բացի այդ, նրանք հայտնաբերում են վնասակար դերակատարներին և կիբեր միջադեպերի հիմնական պատճառները: Կազմակերպության միջադեպերի արձագանքման պլանի համաձայն, նրանք վերականգնում են համակարգերն ու գործընթացների գործառույթները` հավաքելով ապացույցներ և փաստաթղթավորելով կատարված գործողությունները:
2529.8. կիբերանվտանգության ռիսկերի կառավարիչ
1. Կիբերանվտանգության ռիսկերի կառավարիչները հայտնաբերում, վերլուծում, գնահատում, հաշվում և նվազեցնում են համակարգերի, ծառայությունների և այլ ՏՀՏ ենթակառուցվածքների կիբերանվտանգության հետ կապված ռիսկերը: Նրանք կառավարում են այս ասպեկտները` պլանավորելով ռիսկերի վերլուծություն, ինչպես նաև կիրառելով, զեկուցելով, գնահատելով, հաղորդակցելով և վերացնելով դրանք: Նրանք հաստատում են կազմակերպության ռիսկերի կառավարման ռազմավարությունը և ապահովում, որ ռիսկերը մնան ընդունելի մակարդակի վրա կազմակերպության համար` ընտրելով նվազեցման գործողություններ և հսկողություններ:
2529.9. գիտելիքի ճարտարագետ
1. Գիտելիքի ճարտարագետները ներառում են կառուցվածքային գիտելիքները համակարգչային համակարգերի մեջ (գիտելիքների բազաներ)` բարդ խնդիրների լուծման համար, որոնք սովորաբար պահանջում են բարձր մակարդակի մարդկային փորձառություն կամ արհեստական բանականության մեթոդներ: Նրանք նաև պատասխանատու են գիտելիքների հավաքագրման կամ ստացման համար տեղեկատվական աղբյուրներից, այդ գիտելիքների պահպանման և դրանք կազմակերպությանը կամ օգտատերերին հասանելի դարձնելու համար: Այս նպատակով նրանք տեղեկացված են գիտելիքների ներկայացման և պահպանման տեխնիկաներից (կանոններ, շրջանակներ, սեմանտիկ ցանցեր, օնտոլոգիաներ) և օգտագործում են գիտելիքների հանման տեխնիկաներ և գործիքներ: Նրանք կարող են նախագծել և կառուցել այս գիտելիքները օգտագործող փորձագիտական կամ արհեստական բանականության համակարգեր:
Պաշտոնական հրապարակման օրը` 6 մարտի 2025 թվական: