Սեղմել Esc փակելու համար:
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 փետրվարի 2025 թվականի N 158-Ն

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աջակցության կենտրոնի գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել աջակցության կենտրոնի կողմից ծառայությունների մատուցման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2025 թ. փետրվարի 14

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2025 թվականի փետրվարի 13-ի

N 158-Ն որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ, ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց և ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպությունների (այսուհետ` աջակցության կենտրոն) գործունեությանը, մատուցվող ծառայություններին և անձնակազմին ներկայացվող պահանջները:

2. Ծառայություններ կարող են մատուցել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգի համաձայն հավաստագրված այն ոչ առևտրային իրավաբանական անձինք, որոնց հետ սոցիալական հարցերի ոլորտում լիազոր մարմինը կնքել է աջակցության կենտրոնի ֆինանսավորման պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմանագրի օրինակելի ձևի հիման վրա:

 

2. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

3. Աջակցության կենտրոնը պետք է ունենա`

1) ծառայություններ մատուցելու համար նախատեսված տարածք, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հավաստագրման կարգով սահմանված պահանջներին.

2) շուրջօրյա հասանելի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամար.

3) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան ներքին կարգապահական կանոններ.

4) ծառայությունները հեռավար (հեռախոսազանգի կամ տեսակապի միջոցով) մատուցելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հավաստագրման կարգով սահմանված պահանջներին համապատասխան անհրաժեշտ շենքային պայմաններ և տեսախցիկով ապահովվածություն` ծառայություններ մատուցելու համար նախատեսված տարածքում աջակցության կենտրոնի անձնակազմի և աջակցության կենտրոնին դիմած անձանց անվտանգությունն ապահովելու նպատակով:

4. Սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տարածքը պետք է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար հարմարեցված ու մատչելի լինի կամ աջակցության կենտրոնը պետք է ապահովի հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված և մատչելի այլ տարածքում ծառայությունների մատուցումը:

5. Աջակցության կենտրոնը պետք է գործի շաբաթական առնվազն 40 ժամ:

6. Աջակցության կենտրոնի կողմից մատուցվող անհատույց ծառայությունները ներառում են`

1) խորհրդատվական օգնություն, որը ներառում է աջակցության կենտրոն դիմած անձանց նրանց իրավունքների, դրանց իրականացման հնարավորությունների, հասանելի ծառայությունների և «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների մասին տեղեկատվության տրամադրում և առաջարկությունների ներկայացում.

2) սոցիալ-վերականգնողական օգնություն.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) իրավաբանական օգնություն, որը ներառում է`

ա. ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կամ նրա ընտանիքի անդամի իրավունքների և պարտականությունների, կիրառելի օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,

բ. ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի համաձայնությամբ` նրա անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությանը դիմումի ներկայացում` նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հիմքերի առկայությունն ստուգելու համար.

գ. ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի համաձայնությամբ` նրա անվտանգությունն ապահովելու նպատակով դատարան պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ հայցադիմումի ներկայացում.

5) սոցիալ-տնտեսական օգնություն, որը ներառում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աշխատանքի տեղավորման և պետությունից կամ համապատասխան կազմակերպություններից սոցիալական աջակցություն ստանալու հարցերում աջակցության տրամադրում.

6) այլ անհրաժեշտ սոցիալական ծառայություններ:

7. Աջակցության կենտրոն դիմած անձանց հետ հաղորդակցությունը պետք է իրականացվի նրանց հասկանալի լեզվով, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում` նրանց համար մատչելի եղանակով: Եթե աջակցության կենտրոն դիմած անձը չի տիրապետում հայերենին, ապա աջակցության կենտրոնը կարող է ներգրավել թարգմանչի: Լսողության կամ խոսքի և հաղորդակցության խնդիրներով անձանց հետ հաղորդակցությունը մատչելի եղանակով իրականացնելու համար աջակցության կենտրոնը կարող է ներգրավել սուրդոթարգմանչի:

8. Աջակցության կենտրոնը պարտավոր է ապահովել աջակցության կենտրոն դիմած անձանց անձնական տվյալների գաղտնիությունը` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի դրույթների համաձայն:

9. Սոցիալական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք են բերվում «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:

 

3. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

10. Աջակցության կենտրոնի անձնակազմը ներառում է հետևյալ աշխատողներին`

1) հոգեբան` «հոգեբանություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձ.

2) սոցիալական աշխատող`

ա. սոցիալական աշխատանքի բարձրագույն կրթություն ունեցող և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձ.

բ. այլ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացներ ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձ կամ

գ. հոգեբանություն, սոցիալական մանկավարժություն, հատուկ մանկավարժություն, սոցիոլոգիա, մարդկային ռեսուրսների կառավարման բարձրագույն կրթություն ունեցող, «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դասընթացն ավարտած, համապատասխան վկայական ստացած և օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրված անձ.

3) իրավաբան` «իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձ:

11. Աջակցության կենտրոնի անձնակազմը կարող է չներառել իրավաբանի, եթե աջակցության կենտրոնը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի հետ:

12. Աջակցության կենտրոնի անձնակազմը կարող է ներառել նաև աջակցության կենտրոնի տնօրենի, անվտանգության աշխատակցի, փաստաբանի, սպասարկող անձնակազմի (վարորդ, հավաքարար, հաշվապահ) և այլ աշխատողների:

13. Աջակցության կենտրոնի հոգեբանը և իրավաբանը, իսկ առկայության դեպքում` նաև փաստաբանը, պետք է վերապատրաստված լինեն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի թեմայով:

14. Սոցիալական աշխատողը պետք է վերապատրաստված լինի և յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ վերաորակավորվի սոցիալական ոլորտի լիազոր մարմնի սահմանած` ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության բնագավառներում աշխատող սոցիալական ոլորտի մասնագետների վերապատրաստման և վերաորակավորման գործընթացի կազմակերպման կարգին համապատասխան` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հետ աշխատանքի թեմայով: Այն դեպքում, երբ աջակցության կենտրոնում աշխատանքի ընդունված սոցիալական աշխատողը սույն կետին համապատասխան վերապատրաստված չէ, ապա նա պետք է աշխատանքի ընդունվելուց հետո` 3 ամսվա ընթացքում, անցնի համապատասխան վերապատրաստման դասընթացը:

15. Աջակցության կենտրոնի աշխատող չեն կարող լինել այն անձինք, որոնք`

1) դատապարտվել են հանցագործության համար, և նրանց դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

2) դատապարտվել են ընտանիքում բռնության հատկանիշներով հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից:

16. Աջակցության կենտրոնը պետք է ապահովի կամավորների վերապատրաստումն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի թեմայով` հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից հաստատված վերապատրաստման մոդուլները:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2025 թվականի փետրվարի 13-ի

N 158-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

_________________

ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը տե՛ս ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 փետրվարի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.2025
N 158-Ն
Որոշում