ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
(1-ին մաս)
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ
դատարանի որոշում թիվ ՍնԴ/0820/04/23
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0820/04/23 2024 թ.
Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան
Դատավորներ` Ն. Մարգարյան
Ս. Թորոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Գ. Հակոբյան
զեկուցող Ս. Մեղրյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
2024 թվականի հուլիսի 9-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հասմիկ Դանիելյանի դիմումի` «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ին (այսուհետ նաև` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հասմիկ Դանիելյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.05.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է` Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Դատարանի 17.07.2023 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Բանկ) կողմից ներկայացված պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, մերժվել է, հաստատվել է սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը` դրանում ներառելով նաև Բանկի պահանջը` 1.278.161.334 ՀՀ դրամի չափով` որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի իմաստով ապահովված պահանջ, և նշանակվել է սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.07.2023 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ ու 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ և 332-րդ հոդվածները, 335-րդ հոդվածի 2-րդ կետը, 337-րդ հոդվածի 1-ին կետը, 338-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ ու 2.1-ին մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածներն և 66-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պայմանագրի ժամանակացույցով սահմանված վճարման վերջին օրվանից` 28.06.2013 թվականից կատարելու դեպքում անգամ հաշտության համաձայնության հաստատման պահին` 21.11.2017 թվականին, ավարտված է եղել հայցային վաղեմության երեք տարվա ժամկետը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո հաշտության համաձայնություն կնքելը որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես պարտավորության նորացում կամ նոր պարտավորության ստանձնում, քանի որ հաշտության համաձայնության կնքմամբ տեղի է ունեցել վարկային պայմանագրից բխող պարտքի փոխանցում, իսկ պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի կարող հանգեցնել հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման: Ընկերությանը փոխանցված պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես նոր պարտավորություն` դրա էական պայմանների փոփոխմամբ պայմանավորված, քանի որ դրամական պարտավորության կատարման տարաժամկետումը չի համարվում պարտավորության նորացում` նոր պարտավորություն:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Բանկի կողմից ներկայացված պահանջին չի կցվել այն հիմնավորող որևէ հաշվարկ: Պահանջին կից ներկայացվել է Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժնի պետի կողմից ստորագրված տեղեկանքը, որում նշված են պարտքի չափի վերաբերյալ կամայական թվեր, ու առկա չէ որևէ հաշվարկ, որը տեղեկություն կպարունակեր այն մասին, թե որ թիվն ինչպիսի թվաբանական գործողությունների արդյունքում է ստացվել, որ ժամանակահատվածի համար և ինչ տոկոսադրույքով է հաշվարկվել: Նման փաստաթղթի հետազոտմամբ ինչպես պարտապանը, այնպես էլ Դատարանը չէին կարող ստուգել դրանում նշված թվերի հավաստիությունը, հետևաբար նաև` ներկայացված պահանջի օրինականությունը, հիմնավորվածությունը և չափը:
Վերաքննիչ դատարանը, ներկայացված պահանջի հաշվարկի իսպառ բացակայության պայմաններում, Բանկի պահանջի չափը և օրինականությունն ստուգելիս թույլ է տվել ոչ իրավաչափ ենթադրություն առ այն, որ դատական կարգով հաստատված հաշտության համաձայնությամբ որպես պարտքի գումար ֆիքսված 1.338.868.000 դրամի ու Բանկի կողմից գրանցման ներկայացված պահանջի չափի` 1.278.161.334 դրամի տարբերությունը` 60.706.666 դրամի չափով, վկայում է այն մասին, որ պարտապանն ընթացքում կատարել է մասնակի վճարումներ այդ չափով: Մինչդեռ 24.11.2017 թվականից մինչև 25.12.2022 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերությունն իր վարկային պարտավորությունների գծով կատարել է ընդհանուր առմամբ 138.868.000 ՀՀ դրամի չափով վճարումներ, և Դատարան ներկայացված համապատասխան հաշվարկների բացակայության պայմաններում հնարավոր չէր ստուգել` որքանով են դրանք հաշվի առնվել ներկայացված պահանջում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.10.2023 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Դատարանի 17.07.2023 թվականի որոշումը` Բանկի պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն չկիրառելու, Բանկի պահանջը հաստատելու ու պահանջների վերջնական ցուցակում ներառելու հարցերի մասով, ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ) ու «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջև 15.06.2010 թվականին կնքվել է վարկային գործառնությունների իրականացման թիվ 100607ՎԳ գլխավոր պայմանագիրը, իսկ 28.06.2010 թվականին` վարկի տրամադրման թիվ 1100609Վ համաձայնագիրը, որով «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ին տրամադրվել է 2.800.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ` տարեկան 17% տոկոսադրույքով, մինչև 28.06.2013 թվականը մարման ժամկետով: «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջև 10.10.2011 թվականին կնքվել է 28.06.2010 թվականին կնքված` վարկի տրամադրման թիվ 1100609Վ համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ թիվ 3 Համաձայնագիրը, որով բարձրացվել է վարկի տոկոսադրույքը` սահմանվելով 20%, և փոփոխություններ են կատարվել վարկի մարման ժամանակացույցում` վարկի մարման վերջնաժամկետը թողնելով անփոփոխ` մինչև 28.06.2013 թվականը (հատոր 4-րդ, գ.թ. 61-73).
2) թիվ ԵԱԴԴ/1286/02/12 քաղաքացիական գործով` ըստ «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի բաժնետերերի հայցի ընդդեմ «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի, Բանկի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի, ներգրավմամբ` «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի` վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, ու ըստ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի ինքնուրույն պահանջի ընդդեմ Բանկի, Ընկերության, երրորդ անձինք Սիրանուշ Պողոսյանի, Լիդա Սարգսյանի, Կարինե Թորոսյանի, Գագիկ Կարապետյանի, Արտավազդ Ավետիսյանի, Ալեքսանդր Թևոսյանի, Սուրեն Կարապետյանի, Գագիկ Օրդյանի, Էմմա Հարությունյանի, Լիլիկ Գևորգյանի, Անի Այվազյանի, Սամվել Սիմոնյանի, Գայանե Մովսիսյանի, Սեդա Բաղդասարյանի, Կարեն Կարապետյանի, Լուսյա Խաչատրյանի, Հակոբ Սահակյանի իրավահաջորդ Անահիտ Աղաբաբյանի և ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի` 15.06.2010 թվականին կնքված վարկային գործառնությունների իրականացման թիվ 100607ՎԳ գլխավոր պայմանագիրը, 28.06.2010 թվականին կնքված վարկի տրամադրման թիվ 1100609Վ համաձայնագիրն ու 10.10.2011 թվականին կնքված վարկի տրամադրման թիվ 1100609Վ համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ թիվ 3 Համաձայնագիրն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` նույն կողմերի միջև 15.06.2010 թվականին կնքված` Անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 100607Գ/2, թիվ 100607Գ/3 ու թիվ 100607Գ/4, 16.06.2010 թվականին կնքված թիվ 100607Գ/5, թիվ 100607Գ/6, թիվ 100607Գ/7 և թիվ 100607Գ/8, 25.06.2010 թվականին կնքված թիվ 100607Գ/10 ու թիվ 100607Գ/11 պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված` «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի գրավի ու սեփականության իրավունքների պետական գրանցումները, ինչպես նաև նշված գույքի նկատմամբ իրականացված բռնագանձումները, կատարված իրացումները և սեփականության իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, 21.11.2017 թվականին հրապարակված ու նույն օրն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը (այսուհետ` Հաշտության համաձայնություն):
Հաշտության համաձայնության 1.2-րդ կետի համաձայն` Կողմերը սահմանում են, որ 1.1-ին կետում նշված բռնագանձման գործընթացը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում, որպես անվավերության հետևանք, «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Կողմ 1) կողմից Բանկին վերադարձման ենթակա գումարի (վարկային պարտավորություն) չափը Հաշտության համաձայնությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կազմում է 1.338.868.000 (մեկ միլիարդ երեք հարյուր երեսունութ միլիոն ութ հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամ:
Հաշտության համաձայնության 1.3-րդ կետի համաձայն` Կողմ 1-ը հիմնական պարտավորության մարման պարտավորությունը նույն ծավալով և պայմաններով փոխանցում է «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ին (այսուհետ նաև` Կողմ 2), իսկ Բանկն ու Կողմ 2-ը տալիս են իրենց համաձայնությունը:
Հաշտության համաձայնության 1.4-րդ կետի համաձայն` Կողմ 2-ը պարտավորվում է 1.6 կետում նշված գույքի նկատմամբ Կողմ 1-ի սեփականության իրավունքը գրանցելու պահից հիմնական պարտավորության և դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսները վճարել հետևյալ կարգով ու պայմաններով`
«1. գումար և արժույթ` 1.338.868.000 (մեկ միլիարդ երեք հարյուր երեսունութ միլիոն ութ հարյուր վաթսունութ հազար) ՀՀ դրամ,
2. ժամկետ` 10 տարի,
3. հիմնական պարտավորության մարման կարգ` 1. Հաշտության համաձայնությունն ուժի մեջ մտնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարվում է Կողմ 2-ի կողմից հիմնական պարտավորության գումարից` 20.068.000 (քսան միլիոն վաթսունութ հազար) ՀՀ դրամ, 2. հաջորդիվ վճարումները կատարվում են հավասարաչափ` յուրաքանչյուր ամսվա 15-ին, սկսած հաշտության համաձայնության 1.6 կետում նշված գույքերի նկատմամբ Կողմ 1-ի սեփականության իրավունքի գրանցման օրվանը հաջորդող 61-րդ ամսից: (...),
4. տոկոսադրույք` 1-ին տարի-0.1% տարեկան, 2-րդ տարի-0.2% տարեկան, 3-րդ տարի-0.3% տարեկան, 4-րդ տարի-0.4% տարեկան, 5-րդ տարի-0.5% տարեկան, 6-րդ տարի-24% տարեկան, 7-րդ տարի-24% տարեկան, 8-րդ տարի-24% տարեկան, 9-րդ տարի-24% տարեկան, 10-րդ տարի-24% տարեկան. (...),
5. վարկի ամսական սպասարկման վճար` վճարումը կատարվում է յուրաքանչյուր ամսվա 15-ին, սկսած Հաշտության համաձայնության 1.6 կետում նշված գույքերի նկատմամբ Կողմ 1-ի սեփականության իրավունքի գրանցման օրվան հաջորդող 61-րդ ամսից` ամսական` 6.000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամի չափով: (...)»:
Հաշտության համաձայնության 1.6-րդ կետի համաձայն` Կողմերը սահմանում են, որ 1.1 կետում նշված Բռնագանձման գործընթացը Դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում, որպես անվավերության հետևանք, նույն հաշտության համաձայնությունը Դատարանի կողմից հաստատելու վերաբերյալ դատական ակտի հիման վրա ստորև ներկայացված անշարժ գույքի նկատմամբ անվավեր են ճանաչվում 2012 թվականին կատարված Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումները և նշված գույքի նկատմամբ վերականգնվում է Կողմ 1-ի սեփականության իրավունքը (...):
Հաշտության համաձայնության 1.7-րդ կետի համաձայն` Հաշտության համաձայնության 1.6-րդ կետում նշված գույքի նկատմամբ Կողմ 1-ի սեփականության իրավունքի պետական գրանցման պահին, որպես անվավերության հետևանք, գրանցվում է նաև Բանկի գրավի իրավունքը` որպես վերջինիս հանդեպ Կողմ 2-ի ստանձնած պարտավորությունների (ներառյալ հիմնական պարտավորություն, դրա օգտագործման դիմաց հաշվարկված տոկոսներ և նախատեսված տուժանքներ) կատարման ապահովման միջոց (...) (հատոր 2-րդ, գ.թ. 64-104).
3) Դատարանի 02.05.2023 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 28-31).
4) Դատարանում 16.06.2023 թվականին ստացվել է Բանկի պահանջը` իրեն «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտատերերի ցուցակում ընդգրկելու և իր` որպես ապահովված պարտատիրոջ 1.278.161.334.30 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 53-62).
5) պահանջին կից Բանկի կողմից ներկայացվել է Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժնի պետի կողմից ստորագրված տեղեկանք, որի համաձայն` 02.05.2023 թվականի դրությամբ վարկի գծով բանկի նկատմամբ «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ի ունեցած պարտավորությունների ընթացիկ մնացորդներն են` վարկի մնացորդը` 1.200.000.000,00 ՀՀ դրամ, ընդամենը տոկոսագումար` 59.160.548,00 ՀՀ դրամ, որից ժամկետանց` 59.160.548,00 ՀՀ դրամ, տույժեր, տուգանքներ` 999.619,70 ՀՀ դրամ, չվճարված միջնորդավճարներ` 17.996.166,60 ՀՀ դրամ, հաճախորդի այլ պարտավորություններ` 5.000,00 ՀՀ դրամ, ընդամենը վարկի գծով պարտավորությունների մնացորդը` 1.278.161.334.30 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 63).
6) Դատարանը 17.07.2023 թվականի որոշմամբ հաստատել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը` դրանում ներառելով նաև Բանկի պահանջը` 1.278.161.334 ՀՀ դրամի չափով` որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի իմաստով ապահովված պահանջ (հատոր 4-րդ, գ.թ. 86-93):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1 ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականին և թիվ ԵՇԴ/0068/04/16 սնանկության գործով 14.05.2019 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներում միևնույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ`
1. հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո պարտավորության նորացման դեպքում նորացված պարտավորությունից բխող պահանջների նկատմամբ հայցային վաղեմության ժամկետը հաշվարկելու կարգին,
2. սնանկության վարույթի ընթացքում ներկայացված պահանջների հիմնավորվածության և օրինականության սկզբունքի պահպանման հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների (...) կամքի ինքնավարության (...), պայմանագրի ազատության (...), քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:
Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը դադարում է կողմերի միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջև մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնությամբ, որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ (նորացում):
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` նորացումը դադարեցնում է սկզբնական պարտավորության հետ կապված լրացուցիչ պարտավորությունները, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):
Վերոշարադրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական օրենսդրությունը չի սահմանափակում պարտավորական իրավահարաբերության կողմերի հնարավորությունը` իրենց միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը փոխադարձ համաձայնությամբ փոխարինելու մեկ այլ պարտավորությամբ` այլ առարկայով կամ կատարման այլ եղանակներով (պայմաններով): Նման համաձայնության կնքման պահից սկզբնական պարտավորությունը դադարում է, փոխարենն առաջանում է նոր պարտավորություն, որը ևս պարտավորությունների մասին ընդհանուր դրույթների ուժով ենթադրում է պատշաճ կատարման անհրաժեշտություն, կատարելուց միակողմ հրաժարվելու և դրա պայմանները միակողմ փոփոխելու անթույլատրելիություն, ինչպես նաև դրանից բխող սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանություն: Միևնույն ժամանակ օրենսդիրը չի բացառել նորացված պարտավորությունից բխող պարտքը սահմանված կարգով այլ անձի փոխանցելու իրավական հնարավորությունը: Ընդ որում, պայմանագրի ազատության սկզբունքի ուժով պարտավորության նորացման և պարտքի փոխանցման գործարքները կարող են ձևակերպվել ոչ միայն առանձին-առանձին, այլ նաև որպես մեկ պայմանագիր, որը միաժամանակ պարունակում է նորացման և պարտքի փոխանցման տարրեր (խառը պայմանագիր):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: (...):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 338-րդ հոդվածի համաձայն` պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է (...) պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ հայցային վաղեմության ժամկետի ընդհատման հիմք կարող է հանդիսանալ պարտավոր անձի այն գործողությունը, որը կատարվել է հայցային վաղեմության ժամկետում: Այսինքն` պարտավոր անձի այն գործողությունը, որը կատարվել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո, չի կարող բնորոշվել որպես պարտքի ճանաչմանն ուղղված գործողություն, հետևաբար և չի կարող հիմք հանդիսանալ արդեն իսկ ավարտված հայցային վաղեմության ժամկետի ընդհատման համար (տե՛ս «Արարատի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ն ընդդեմ Աիդա Աղազարյանի թիվ ԱՎԴ1/0982/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ` օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով (...) կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացնում գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, որը պետք է պարունակի (...) հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատական կարգով կնքված հաշտության համաձայնությանը, արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ` դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսևորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում` հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ տնօրինչականության սկզբունքը քաղաքացիական դատավարության հիմնաքարային սկզբունքներից է, որը բնութագրվում է որպես գործին մասնակցող անձանց տրված հնարավորություն` սեփական հայեցողությամբ տնօրինելու օրենքով իրենց վերապահված իրավունքները և դրանց պաշտպանության միջոցները: Քաղաքացիական դատավարությունում տնօրինչականության սկզբունքն առավել ցայտուն արտահայտվում է դատարանի վարույթում գտնվող վեճը հաշտության համաձայնությամբ ավարտելու կողմերին վերապահված հնարավորության մեջ, որն ուղղված է կողմերի միջև ծագած նյութաիրավական վեճի փոխադարձ կարգավորմանը` երկկողմանի ընդունելի պայմաններով: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տնօրինչականության սկզբունքը բացարձակ չէ, և նշված տնօրինչական գործողությունները կարող են իրացվել միայն օրինականության սկզբունքի պահպանության շրջանակներում` դատարանի վերահսկողության ներքո: Այս տեսանկյունից դատարանի կողմից հաշտության համաձայնության հաստատումը դիտարկվում է որպես օրինականության սկզբունքի ապահովման նախադրյալ, քանի որ միայն նման պայմաններում է հնարավոր ճիշտ կիրառել նյութական իրավունքի նորմերը և հասնել վեճի օրինաչափ լուծման: Հետևաբար, կողմերի կնքած հաշտության համաձայնությունը ենթակա է հաստատման դատարանի կողմից, որի արդյունքում կողմերը փոխադարձ նյութաիրավական զիջումների ճանապարհով նորովի որոշում են իրենց իրավունքները և պարտականությունները ու պարտավորվում են կամավոր կարգավորել իրենց միջև ծագած վեճը` փոխադարձաբար ընդունելի պայմաններով: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական կարգով հաստատված հաշտության համաձայնությունը, ըստ էության, նույնացվում է «գործարք» եզրույթի բնորոշմանն այն հաշվառմամբ, որ վերջինիս պայմանների վավերականությունը պետք է քննարկվի նյութական օրենսդրության կարգավորումների լույսի ներքո, և միայն կնքման ձևը և դատավարական հետևանքները պետք է կարգավորվեն դատավարական օրենսդրությամբ:
Վերոգրյալով պայմանավորված` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական կարգով կնքված հաշտության համաձայնությունը պետք է դիտարկել որպես`
1. կողմերի տնօրինչական գործողություն, որն ուղղված է դատավարական վեճը լուծելու պայմանների համաձայնեցման միջոցով այն դադարեցնելուն,
2. նյութաիրավական վեճերն օրենքին չհակասող, այլ անձանց իրավունքները չխախտող փոխադարձաբար ընդունելի պայմաններով լուծելու եղանակ,
3. կողմերի միջև կնքվող քաղաքացիաիրավական պայմանագիր (գործարք), որի ուժով վերջիններս վիճելի իրավահարաբերության մասով նորից են որոշում իրենց իրավունքները և պարտականությունները` դրանով իսկ դադարեցնելով իրենց միջև եղած վեճը (տե՛ս «Լուսակերտի Հարություն թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6098/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2021 թվականի որոշումը):
Վկայակոչված իրավանորմերի և նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճելի իրավահարաբերության կողմերը, ղեկավարվելով կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, իրենց իրավունքներն անարգել իրականացնելու քաղաքացիաիրավական ու տնօրինչականության դատավարական սկզբունքներով, այդ իրավահարաբերությունից բխող պահանջների նկատմամբ կիրառելի հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ և ազատ կամահայտնությամբ կնքում են իրենց միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջև մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնություն (այդ թվում` հաշտության համաձայնություն), որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ, տեղի է ունենում պարտավորության նորացում (նովացիա), որի ուժով գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունն իր առկա բովանդակությամբ (կողմերի փոխադարձ սուբյեկտիվ իրավունքներով ու պարտականություններով) դադարում է` առաջացնելով այլ բովանդակությամբ նոր պարտավորություն:
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ արդեն իսկ ավարտված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող ընդհատվել պարտավոր անձի այնպիսի գործողությամբ, որը կատարվել է հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո, միևնույն ժամանակ արձանագրում է, որ օրենքով սահմանված համապատասխան ժամկետը վրա հասնելիս դադարում է միայն իրավունքը խախտված անձի` հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, այնինչ բուն պարտավորությունը (ներառյալ դրա բովանդակության տարր հանդիսացող պահանջի իրավունքը) հայցային վաղեմության ժամկետի լրանալով չի դադարում, հետևաբար` պարտավորության կողմերը զրկված չեն հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո իրենց ազատ կամահայտնությամբ այն նորացնելու` իրենց սուբյեկտիվ իրավունքները և պարտականությունները նորից ու (կամ) նորովի որոշելու, այն է` նոր պարտավորություններ ստանձնելու կամ նույն պարտավորությունները վերահաստատելու և վերջիններիս կատարման նոր կարգ (պայմաններ) սահմանելու, նորացված պայմաններով պարտավորության շրջանակներում սահմանված կարգով պահանջի զիջում կատարելու հնարավորությունից, այդ թվում` այդպիսի նորացումն ու պարտավորության մեջ անձանց փոփոխությունը (իրավահաջորդությունը) կատարելով դատական վարույթի շրջանակներում կնքվող և դատարանի վճռով հաստատվող միևնույն պայմանագրով` հաշտության համաձայնությամբ: Ընդ որում, հաշվի առնելով այն, որ պարտավորության նորացման արդյունքում գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունն իր առկա բովանդակությամբ դադարում է` առաջացնելով այլ բովանդակությամբ նոր պարտավորություն, ինչը ենթադրում է, որ դադարում են նաև սկզբնական պարտավորությունից բխող պահանջի իրավունքները և դրանց պաշտպանության կապակցությամբ հայցային վաղեմության ժամկետներ հաշվարկելու անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համապատասխան միջնորդության ներկայացման պարագայում դատական ստուգման առարկա պետք է հանդիսանա բացառապես նորացված պարտավորությունից բխող պահանջը հայցային վաղեմության ժամկետի ընթացքում ներկայացված լինելու փաստը, իսկ նորացումը (նովացիան) հայցային վաղեմության ժամկետն անցնելուց հետո կատարված լինելու հանգամանքը որևէ իրավական արժեք չունի ու չի կարող ազդել քննարկվող ժամկետի հաշվարկման կարգի վրա:
2. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`
ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`
- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը.
(...).
բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.
գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.
դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:
Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը: Պահանջը ներկայացնելու ժամկետից հետո պահանջը հիմնավորող փաստաթղթեր կարող են ներկայացվել, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում նման փաստաթուղթ ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով: (...):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի` մինչև 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ 2.1-ին մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի` մինչև 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ 6-րդ մասի համաձայն` պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանն առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:
Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը:
Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:
ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, հետևաբար նաև պահանջների վերջնական ցուցակն ինքնին, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար: Հետևաբար, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքների և պարտականությունների առումով այն պարտադիր է նաև սնանկության վարույթում պարտատեր գրանցված անձանց համար (տե՛ս «Դ.Ֆ. Դիստրիբյուտոր» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ ««Կոտայք» գարեջրի գործարան» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ օրենսդիրը, նպատակ ունենալով սնանկության վարույթում ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, հնարավորություն տալու բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնելու իր բնականոն գործունեությունը, հաղթահարելու ֆինանսական դժվարությունները, վերականգնելու նրա կենսունակությունը, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես` օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ, օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին, անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկություն ներկայացված լինելուց, քննության առնել դատարան ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների ու օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ` պարտապանի և նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների ու օրինական շահերի խախտմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ, ընդ որում, ապացույցների բավարար լինելը գնահատողական կատեգորիա է, ու յուրաքանչյուր գործով այն ենթակա է գնահատման` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակի հաստատումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է, որի հիման վրա կատարվում է պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը: Հատկանշական է, որ սնանկության վարույթը ևս պարտավորությունների կատարման և քաղաքացիական շրջանառությունում գույքային պատասխանատվության ապահովման հարկադրական եղանակներից է, որի շրջանակներում կատարվում է պարտատերերի պահանջների բավարարումը, իսկ սնանկության ավարտի վերաբերյալ դատական ակտով առաջանում են կոնկրետ քաղաքացիաիրավական հետևանքներ ինչպես վարույթի մասնակիցների, այնպես էլ` սնանկության վարույթում պահանջ չներկայացրած, հետևաբար` մասնակից չդարձած անձանց համար: Հետևաբար, առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը (տե՛ս ըստ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի դիմումի թիվ ԿԴ/0033/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ պարտապանի սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերի կողմից դատարան ներկայացված պահանջներում, ի թիվս անհատականացնող տվյալների, պետք է նշվեն պարտավորությունը, որից բխում է պահանջը, կատարման ժամկետը, պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով, պահանջը հիմնավորող հանգամանքները, ինչպես նաև պահանջները հիմնավորող փաստաթղթերը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պարտատիրոջ կողմից հաստատման ենթակա պահանջի չափը համապատասխան հաշվարկի հետ ներկայացնելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս ստուգելու տվյալ պահանջի հիմնավորվածությունը և օրինականությունը: Այսինքն` պարտատերը յուրաքանչյուր պահանջ ներկայացնելիս պարտավոր է այն հիմնավորել հստակ կատարված հաշվարկով (ըստ համապատասխան ժամանակահատվածների)` նշելով այն հիմքը, որից բխում է պահանջը, և ներկայացնելով դրա առկայությունը հիմնավորող ապացույցներ: Միայն նշված պայմանները պահպանված լինելու դեպքում դատարանը հնարավորություն կունենա ստուգելու պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, իսկ պարտապանն ու սնանկության գործով կառավարիչը` առավել արդյունավետ կերպով իրացնելու առարկություններ ներկայացնելու իրենց իրավունքը (տե՛ս ըստ Գայանե Սարգսյանի դիմումի թիվ ԵՇԴ/0068/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2019 թվականի որոշումը):
Վերահաստատելով և ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ.
1. պահանջների վերջնական ցուցակը պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար,
2. դատարանը, անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկություն ներկայացված լինելուց, պարտավոր է քննության առնել դատարան ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին,
3. պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ,
4. առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոգրյալ դիրքորոշումներն էական նշանակություն ունեն պարտապանի իրավունքների և շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ պարտատիրոջ կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում ամրագրված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի քննության պարագայում դատարանն իր հերթին հնարավորություն է ունենում պահանջի օրինականության, չափի, առաջնահերթության, ապահովվածության վերաբերյալ հանգելու իրավաչափ եզրակացության:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված` պարտատիրոջ կողմից ներկայացվող պահանջին վերագրվող դրույթները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի պարտատիրոջ կողմից դրանք պահպանված չլինելու դեպքում օրենսդիրը սահմանել է նաև որոշակի իրավական հետևանքներ: Մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2.1-ին մասով օրենսդրի կողմից հստակեցվել է, որ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Նման կարգավորումն ուղղված է պաշտպանելու պարտապանի իրավունքները և շահերը պարտատերերի հնարավոր չարաշահումներից, վերջիններիս կողմից չհիմնավորված, թերի, ոչ հստակ պահանջներ ներկայացնելուց: Ընդ որում, պարտատիրոջ կողմից նշված իրավանորմում ամրագրված պահանջները պահպանելը, իր հերթին, նպաստում է դատարանի կողմից պահանջի օրինականության, չափի, առաջնահերթության, ապահովվածության վերաբերյալ իրավաչափ եզրակացություն կատարելուն: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «(...) Բանկի կողմից ներկայացված հաշվի քաղվածքը չի կարող հանդիսանալ պահանջը հիմնավորող ապացույց, քանի որ այն չի համապատասխանում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված դրույթներին, մասնավորապես, (...) հաշվի քաղվածքում առկա չեն վարկի մնացորդի, տոկոսների և տույժերի վերաբերյալ համապատասխան հաշվարկներ, ուստի նշված ապացույցի հետազոտման արդյունքում Դատարանը չէր կարող պարզել, թե ինչպես են հաշվարկվել և ձևավորվել «վարկի մնացորդը», «հաշվարկված տոկոսները», «հաշվարկված ժամկետանց գումարի տոկոսները», «ժամկետանց գումարի տույժը», «ժամկետանց տոկոսի տույժը»», «(...) Բանկի կողմից ներկայացված հաշվից քաղվածքը բավարար ապացույց չի կարող հանդիսանալ պահանջի չափը հիմնավորելու տեսանկյունից, այն հստակ և որոշակի չէ, դրանում բացակայում են համապատասխան հաշվարկները պահանջի չափի վերաբերյալ, որպիսի պայմաններում Բանկի պահանջը ներկայացված հաշվից քաղվածքի հիման վրա չէր կարող գրանցվել: Ավելին` հաստատելով Բանկի պահանջը` դատարանները հաշվին չեն առել նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2.1-րդ կետով ամրագրված օրենսդրի պահանջն այն մասին, որ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված պահանջը չի դիտարկվում, որի մասին պարտատերը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը (տե՛ս ըստ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի դիմումի` թիվ ՍնԴ/1615/04/20 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2022 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 02.05.2023 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
Դատարանում 16.06.2023 թվականին ստացվել է Բանկի պահանջը` իրեն Ընկերության սնանկության գործով պարտատերերի ցուցակում ընդգրկելու և իր` որպես ապահովված պարտատիրոջ 1.278.161.334.30 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցելու մասին:
Բանկը դիմումին կից ներկայացրել է թիվ ԵԱԴԴ/1286/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.11.2017 թվականի վճռի պատճենն ու Ընկերության` 02.05.2023 թվականի դրությամբ պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը` ստորագրված Վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպումների բաժնի պետի կողմից:
Բանկի պահանջի դեմ Ընկերությունն առարկություն է մուտքագրել Դատարան այն պատճառաբանությամբ, որ Բանկի կողմից պահանջը ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետն ավարտվելուց հետո, քանի որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պայմանագրի ժամանակացույցով սահմանված վճարման վերջին օրվանից` 28.06.2013 թվականից կատարելու դեպքում անգամ հաշտության համաձայնության հաստատման պահին` 21.11.2017 թվականին, ավարտված է եղել հայցային վաղեմության երեք տարվա ժամկետը, իսկ քանզի հաշտության համաձայնության կնքմամբ տեղի է ունեցել բացառապես վարկային պայմանագրից բխող պարտքի փոխանցում, ուստի պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի կարող հանգեցնել հայցային վաղեմության ժամկետի ու դրա հաշվարկման կարգի փոփոխման: Ընկերությունն իր առարկության հիմքում դրել է նաև այն, որ Բանկի կողմից ներկայացված պահանջը չի համապատասխանում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին, մասնավորապես` պահանջին կից ներկայացված տեղեկանքում նշված են պարտքի չափի վերաբերյալ կամայական թվեր, և առկա չէ որևէ հաշվարկ, որը տեղեկություն է պարունակում այն մասին, թե որ թիվն ինչպիսի թվաբանական գործողությունների արդյունքում է ստացվել, որ ժամանակահատվածի համար ու ինչ տոկոսադրույքով է հաշվարկվել: Նման փաստաթղթի հետազոտմամբ ինչպես պարտապանը, այնպես էլ Դատարանը չէին կարող ստուգել դրանում նշված թվերի հավաստիությունը, հետևաբար նաև` ներկայացված պահանջի օրինականությունը, հիմնավորվածությունը և չափը:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով Բանկի պահանջը պահանջների վերջնական ցուցակում ներառելու հարցի քննության ելքը կանխորոշելու առումով առաջնային նշանակություն ունի այդ պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հնարավորության հարցը, նախևառաջ անդրադառնում է վճռաբեկ բողոքի այն փաստարկներին, որ Բանկի կողմից պահանջը հայցային վաղեմության ժամկետն ավարտվելուց հետո ներկայացված լինելու պայմաններում չպետք է քննարկվեր և ներառվեր պահանջների վերջնական ցուցակում` նկատի ունենալով, որ հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո հաշտության համաձայնություն կնքելը որևէ պարագայում չի կարող դիտարկվել որպես պարտավորության նորացում կամ նոր պարտավորության ստանձնում, քանի որ հաշտության համաձայնության կնքմամբ վիճելի վարկային իրավահարաբերության շրջանակներում տեղի է ունեցել բացառապես վարկային պայմանագրից բխող պարտքի փոխանցում (պարտավորության մեջ անձանց փոփոխություն), որը չի կարող հանգեցնել հայցային վաղեմության ժամկետի ու դրա հաշվարկման կարգի փոփոխման: Այսպես`
Դատարանը, 17.07.2023 թվականի որոշմամբ արձանագրելով, որ «դատական կարգով հաստատված հաշտության համաձայնությունը հանդիսանում է կողմերի միջև կնքվող քաղաքացիաիրավական պայմանագիր (գործարք), որի ուժով վերջիններս վիճելի իրավահարաբերության մասով նորից են որոշում իրենց իրավունքները և պարտականությունները», «Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԱԴԴ/1286/02/12 քաղաքացիական գործով 21.11.2017թ. կայացված և նույն օրն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ կողմերի միջև սահմանվել է հիմնական պարտավորության գումար` 1.338.868.000 ՀՀ դրամի չափով և սահմանվել է դրա նկատմամբ հաշվարկվող տոկոսների վճարման կարգն ու պայմանները, որոնք մանրամասն շարադրվել են հաստատված հաշտության համաձայնությամբ», «պարտապան Ընկերությունը թույլ է տվել նշված վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունների խախտում, որի արդյունքում Բանկի կողմից 03.05.2023թ. ներկայացվել է կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմում, ինչի մասին նշվել է նաև Դատարան ներկայացված պահանջում», որոշել է «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ի դիմումը` «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, մերժել:
Վերաքննիչ դատարանը, 20.10.2023 թվականի որոշմամբ արձանագրելով, որ թիվ ԵԱԴԴ/1286/02/12 քաղաքացիական գործով դատարանի 21.11.2017 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ «տեղի է ունեցել ոչ միայն պարտքի փոխանցում այլ երրորդ անձի («ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ին), այլ նաև սահմանվել է փոխանցված պարտավորության մարման լրիվ այլ վերջնաժամկետ, ինչպես նաև պարտավորության տարաժամկետման դիմաց հատուցելիության այլ` անհամեմատ ավելի բարենպաստ պայմաններ, քան դրանք ի սկզբանե սահմանված են եղել «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջև 15.06.2010թ.-ի թիվ 100607ՎԳ Վարկային գործառնությունների իրականացման գլխավոր պայմանագրով, 28.06.2010թ.-ին` թիվ 1100609Վ Վարկի տրամադրման համաձայնագրով, 10.10.2011 թվականի Համաձայնագիր թիվ 3-ով», «Դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ պարտավորության մարման ժամկետը երկարաձգվել է տաս տարով, իսկ առաջին 5 տարվա համար պարտքի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքները աճողական կերպով սահմանվել են ընդամենը 0,1%-ից մինչև 0,5%», «Դատարանի հաստատած հաշտության համաձայնությամբ «ՀՏԻ ԳՀԻ» ՓԲԸ-ի կողմից «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ին փոխանցված պարտավորությունը դրա էական պայմանների (նոր ժամկետ և հատուցելիության պայմաններ) փոփոխման արդյունքում ըստ էության նոր պարտավորություն է` դրա մարման լրիվ այլ վերջնաժամկետով և հատուցելիության լրիվ պայմաններով», «Դատարանի հաստատած հաշտության համաձայնության հիմքով Բանկի կողմից գրանցման ներկայացված պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառելիության հարցը պարզելու համար հիշյալ համաձայնագրով որոշված պարտավորությամբ հայցային վաղեմության ժամկետները պետք է հաշվարկվեն բացառապես այդ համաձայնագրով որոշված ժամկետների հաշվառմամբ», որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 17.07.2023 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Բանկի կողմից սույն գործով ներկայացված պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառելիության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկների և դրանց կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքն այդ մասով անհիմն է, իսկ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` հիմնավորված, հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն գործի նյութերով հաստատվում է, որ «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ԳՀԻ» ՓԲԸ-ի ու «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջև 15.06.2010 թվականին կնքված վարկային գործառնությունների իրականացման թիվ 100607ՎԳ գլխավոր պայմանագրով, 28.06.2010 թվականին կնքված վարկի տրամադրման թիվ 1100609Վ համաձայնագրով և 10.10.2011 թվականին կնքված թիվ 3 Համաձայնագրով որպես վարկի մարման վերջնաժամկետ սահմանվել է 28.06.2013 թվականը:
Հետագայում թիվ ԵԱԴԴ/1286/02/12 քաղաքացիական գործով 21.11.2017 թվականին հրապարակված և նույն օրն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետերերի, ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի, «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի, Բանկի, երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի, «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, կատարվել է «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի ու Բանկի միջև 15.06.2010 թվականին կնքված վարկային գործառնությունների իրականացման թիվ 100607ՎԳ գլխավոր պայմանագրից, 28.06.2010 թվականին կնքված վարկի տրամադրման թիվ 1100609Վ համաձայնագրից և 10.10.2011 թվականին կնքված թիվ 3 Համաձայնագրից, ինչպես նաև նույն կողմերի միջև 15.06.2010 թվականին կնքված անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) թիվ 100607Գ/2, թիվ 100607Գ/3 ու թիվ 100607Գ/4, 16.06.2010 թվականին կնքված թիվ 100607Գ/5, թիվ 100607Գ/6, թիվ 100607Գ/7 և թիվ 100607Գ/8, 25.06.2010 թվականին կնքված թիվ 100607Գ/10 ու թիվ 100607Գ/11 պայմանագրերից բխող պարտավորությունների նորացում` միաժամանակ վարկային պարտավորությունների շրջանակներում պարտապան (վարկառու) «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ից «ՍԻ ԱՅ ԹԻ» ՍՊԸ-ին պարտքը փոխանցելու, վարկի մարման լրիվ այլ վերջնաժամկետ, մարման ժամանակացույց և հատուցելիության այլ պայմաններ սահմանելու միջոցով` ի ապահովումն նշված վարկային պարտավորությունների` անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)` վերը նշված պայմանագրերով գրավադրված գույքի նկատմամբ ամբողջությամբ վերականգնելով Բանկի գրավի իրավունքը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ թիվ ԵԱԴԴ/1286/02/12 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 21.11.2017 թվականի վճռով հաստատած հաշտության համաձայնությամբ տեղի է ունեցել ոչ միայն «Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից պարտքի փոխանցում Ընկերությանը, այլ նաև փոխվել են Ընկերությանը փոխանցված պարտավորության պայմանները (նոր ժամկետ ու հատուցելիության պայմաններ), ինչի արդյունքում կողմերի միջև ծագել է բոլորովին նոր պարտավորություն, հետևաբար` նշված հաշտության համաձայնության հիմքով Բանկի կողմից սույն գործով գրանցման ներկայացված պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառելիության հարցը պարզելու համար հիշյալ համաձայնությամբ որոշված պարտավորությամբ հայցային վաղեմության ժամկետները պետք է հաշվարկվեն բացառապես այդ համաձայնագրով որոշված ժամկետների հաշվառմամբ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտավորության նորացումը (նովացիան) սկզբնական պարտավորության նկատմամբ կիրառելի հայցային վաղեմության ժամկետն անցնելուց հետո կատարված լինելու հանգամանքը սույն գործով որևէ իրավական արժեք չունի և չի կարող ազդել քննարկվող ժամկետի հաշվարկման կարգի վրա:
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=46161896180567318
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում