Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԴԱՐՁՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԴԱՐՁՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՄԻՋԱԿԱՆՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԱՎԴ1/2037/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/2037/02/19      2024 թ.

Նախագահող դատավոր` Լ. Հովհաննիսյան

    Դատավորներ`        Ս. Թորոսյան

                       Ն. Մարգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Է. Սեդրակյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

 

2024 թվականի հուլիսի 9-ին

 

Փաստերի նման դասավորվածության պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով հայցվոր Սվետլանա Մահլամյանի կողմից ակնկալվել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքն Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող 1-ին հարկի թիվ 7 սենյակի` 26,0 քմ, թիվ 8 սենյակի` 14.6 քմ, թիվ 9 սենյակի` 14,2 քմ, թիվ 10 սենյակի` 21,1 քմ և թիվ 11 սենյակի` 16,2 քմ բնակելի տան նկատմամբ, ինչպես նաև իր համատեղ սեփականության իրավունքը` նույն հասցեում գտնվող 648,51 քմ հողատարածքի նկատմամբ, իսկ սույն քաղաքացիական գործով պատասխանողներ են հանդիսանում` Գագիկ, Արման, Դերենիկ ու Կարինե Մահլամյանները:

Վերոգրյալի լույսի ներքո վեր հանելով հայցվոր Սվետլանա Մահլամյանի կողմից ներկայացված հայցի փաստական հիմքերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի առարկա հանդիսացող գույքի` Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող 1-ին հարկի թիվ 7 սենյակի` 26,0 քմ, թիվ 8 սենյակի` 14,6 քմ, թիվ 9 սենյակի` 14,2 քմ, թիվ 10 սենյակի` 21,1 քմ և թիվ 11 սենյակի` 16,2 քմ բնակելի տան նկատմամբ, ինչպես նույն հասցեում գտնվող 648,51 քմ հողատարածքի նկատմամբ, Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանները որևէ իրավունք չունեն, որի առկայությունը կարող էր հանգեցնել ստորադաս դատարանների կողմից նրանց գործին մասնակից չդարձնելու արդյունքում դատավարական իրավունքի նորմի խախտման:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Քրիստինե, Սեդա և Արսեն Մահլամյանների բաժնային սեփականության իրավունքը ծագել է թիվ ԱՎԴ1/0169/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում դատարանի կողմից 02.06.2008 թվականին կայացված վճռով, որով Գենետիկ, Սեդա, Արսեն ու Քրիստինե Մահլամյաններին հատկացվել է ըստ իրադրության հատակագծի բնակելի տան երկրորդ հարկից 22 քմ մակերեսով թիվ 2 սենյակը, 23,1 քմ մակերեսով թիվ 3 սենյակը, 14,5 քմ մակերեսով թիվ 1 սենյակը, 23,2 քմ մակերեսով թիվ 10 սենյակը, 11,6 քմ մակերեսով թիվ 9 սենյակը, իսկ տնամերձ հողամասից` ըստ մասնագիտական եզրակացության և հատակագծի 534 քմ մակերեսով հողատարածքը:

Անդրադառնալով Արման Մահլամյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, որոնք, ըստ էության, հանգում են նրան, որ սույն քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացված հայցի բավարարման համար առկա չեն եղել արժանահավատ, որոշակի ու վերաբերելի ապացույցներ, ինչպես նաև, եթե Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ հայցը ներկայացվել է մինչև հայցի հարուցումը մահացած պատասխանողի դեմ և այդ հիմքով Դերենիկ Մահլամյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է, սակայն եթե Վերաքննիչ դատարանը համարել է, որ սույն գործով հայցը բացառապես ներկայացվել է պատասխանող Դերենիկ Մահլամյանի դեմ` նրան պատկանող գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, ապա այդ մասով ևս պետք է կարճեր քաղաքացիական գործի վարույթը` հստակ շարադրելով կարճման հետևանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիշյալ պնդումներն անհիմն են հետևյալ պատճառաբանություններով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործի շրջանակներում Սվետլանա Մահլամյանի ներկայացրած հայցը բավարարելիս Դատարանի կողմից յուրաքանչյուր ապացույց գնահատվել է իր վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից և դրա արդյունքում են սույն գործի շրջանակներում էական նշանակություն ունեցող փաստերը հաստատված համարել: Բացի այդ, Դատարանը բոլոր ապացույցները գնահատել է իրենց համակցության մեջ և այդ կերպ է կատարել համապատասխան եզրահանգումներ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից գործի վարույթը Դերենիկ Մահլամյանի մասով հայցը մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ հարուցված լինելու հիմքով կարճելուն, սակայն հայցի հիմքը հենց վերջինիս վերաբերելուն և դրանով պայմանավորված քաղաքացիական գործն ամբողջությամբ կարճելու կապակցությամբ վճռաբեկ բողոքում ներկայացված հիմքերին ու հիմնավորումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն բխում Սվետլանա Մահլամյանի ներկայացրած հայցի իրավական և փաստական հիմքերի բովանդակային ուսումնասիրությունից: Բանն այն է, որ հայցվոր Սվետլանա Մահլամյանը, ըստ էության, չի պահանջում հիշյալ բնակելի տան և հողատարածքի նկատմամբ մյուս համասեփականատերերի սեփականության իրավունքի դադարեցում ու այդ ճանապարհով իր սեփականության իրավունքի ճանաչում, այլ ակնկալում է իր` որպես համասեփականատիրոջ իրավունքի ճանաչում, քանի որ ընդունում է, որ բնակելի տան 1-ին հարկը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պատասխանողներին: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի փաստական հիմքի ուսումնասիրությունը թույլ է տալիս կատարելու եզրահանգում առ այն, որ հայցվորը սեփականության իրավունքից հրաժարվելուն բնորոշ գործողությունների կատարումը վերագրել է պատասխանողներից Դերենիկ Մահլամյանին, իսկ մյուս պատասխանողների մասով նշել է, որ նրանք չեն խոչընդոտել և չեն առարկել իր կողմից վիճելի գույքի օգտագործմանն ու տիրապետմանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը, ինչպես պնդում է վճռաբեկ բողոք ներկայացրած անձ Արման Մահլամյանը, ոչ թե իր կողմից ներկայացված նյութաիրավական պահանջն ամբողջությամբ ուղղել է պատասխանող Դերենիկ Մահլամյանի դեմ, այլ համապատասխանողներից յուրաքանչյուրին վերագրել է վարքագծի որոշակի դրսևորումներ, որի հետևանքով իր կողմից ակնկալվող համասեփականատիրոջ կարգավիճակի ձեռքբերումը որևէ կերպ միտված չէ կասկածի տակ դնելու մյուս համասեփականատերերի կողմից իրենց իրավունքների իրացման փաստը, ինչպես նաև չի կարող հիմք հանդիսանալ մյուս համասեփականատերերի սեփականության իրավունքը դադարեցնելու համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Քրիստինե, Սեդա և Արսեն Մահլամյանների, այնպես էլ Արման Մահլամյանի բերած վճռաբեկ բողոքները ենթակա են մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից նրանց բերած բողոքի քննության արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ մասի իմաստով խախտումներ թույլ չեն տրվել:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքները ենթակա են մերժման, իսկ Քրիստինե, Սեդա և Արսեն Մահլամյանների ու Արման Մահլամյանի կողմից վճռաբեկ բողոքների համար նախապես վճարվել է պետական տուրքի գումար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Է. Սեդրակյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԹԻՎ ԱՎԴ1/2037/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Դիմելով դատարան` Սվետլանա Մահլամյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող 1-ին հարկի թիվ 7 սենյակի` 26,0 քմ, թիվ 8 սենյակի` 14.6 քմ, թիվ 9 սենյակի` 14,2 քմ, թիվ 10 սենյակի` 21,1 քմ և թիվ 11 սենյակի` 16.2 քմ բնակելի տան նկատմամբ և նույն հասցեում գտնվող 648,51 քմ հողատարածքի նկատմամբ ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 03.02.2022 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը Կարինե Մահլամյանի մասով կարճվել է, իսկ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2022 թվականի որոշմամբ Գագիկ ու Արման Մահլամյանների և գործին մասնակից չդարձած անձինք` Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանների ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են, Դատարանի 03.02.2022 թվականի վճիռը մասնակի` Դերենիկ Մահլամյանի մասով, բեկանվել և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` հայցը մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ հարուցված լինելու հիմքով, իսկ մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են բերել Արման Մահլամյանը (ներկայացուցիչ` Վահրամ Գալստյան) և գործին մասնակից չդարձած անձինք` Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանները:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձած անձինք Քրիստինե, Սեդա և Արսեն Մահլամյանների ու պատասխանող Արման Մահլամյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշման դեմ` ըստ Սվետլանա Մահլամյանի հայցի ընդդեմ Գագիկ, Արման, Դերենիկ և Կարինե Մահլամյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքները մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից 09.07.2024 թվականին թիվ ԱՎԴ1/2037/02/19 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը Արման Մահլամյանի բողոքը մերժելով պատճառաբանել է, որ «(...) հայցվոր Սվետլանա Մահլամյանը, ըստ էության, չի պահանջում հիշյալ բնակելի տան և հողատարածքի նկատմամբ մյուս համասեփականատերերի սեփականության իրավունքի դադարեցում ու այդ ճանապարհով իր սեփականության իրավունքի ճանաչում, այլ ակնկալում է իր` որպես համասեփականատիրոջ իրավունքի ճանաչում, քանի որ ընդունում է, որ բնակելի տան 1-ին հարկը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է պատասխանողներին: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի փաստական հիմքի ուսումնասիրությունը թույլ է տալիս կատարելու եզրահանգում առ այն, որ հայցվորը սեփականության իրավունքից հրաժարվելուն բնորոշ գործողությունների կատարումը վերագրել է պատասխանողներից` Դերենիկ Մահլամյանին, իսկ մյուս պատասխանողների մասով նշել է, որ նրանք չեն խոչընդոտել և չեն առարկել իր կողմից վիճելի գույքի օգտագործմանն ու տիրապետմանը:

Փաստերի նման դասավորվածության պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը, ինչպես պնդում է վճռաբեկ բողոք ներկայացրած անձ Արման Մահլամյանը, ոչ թե իր կողմից ներկայացված նյութաիրավական պահանջն ամբողջությամբ ուղղել է պատասխանող Դերենիկ Մահլամյանի դեմ, այլ համապատասխանողներից յուրաքանչյուրին վերագրել է վարքագծի որոշակի դրսևորումներ, որի հետևանքով իր կողմից ակնկալվող համասեփականատիրոջ կարգավիճակի ձեռքբերումը որևէ կերպ միտված չէ կասկածի դնելու մյուս համասեփականատերերի կողմից իրենց իրավունքների իրացման փաստը, ինչպես նաև չի կարող հիմք հանդիսանալ մյուս համասեփականատերերի սեփականության իրավունքը դադարեցնելու համար»:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ըստ էության համաձայնվել է ստորադաս դատարանների այն եզրահանգման հետ, որ սույն գործում առկա ապացույցներով հաստատվում է հայցվոր Սվետլանա Մահլամյանի` Դերենիկ Մահլամյանին պատկանող անշարժ գույքը բարեխղճորեն, բացահայտ և 10 տարուց ավելի անընդմեջ, որպես սեփականը տիրապետելու և օգտագործելու փաստը, նաև այն հանգամանքը, որ գույքի իրավատիրոջ կողմից իրականացվել են գործողություններ /դրսևորվել է անգործություն/, որոնք ակնհայտ վկայել են հայցվորի կողմից փաստացի տիրապետվող գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին և, որ հակառակը հաստատող համապատասխան վերաբերելի, թույլատրելի ապացույց պատասխանողի կողմից Դատարանին չի ներկայացվել:

Տվյալ դեպքում Սվետլանա Մահլամյանի կողմից ոչ միայն չեն ներկայացվել Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող Դերենիկ Մահլամյանն սեփականության իրավունքով պատկանող գույքը և հողամասն բացահայտ, անընդմեջ և բարեխիղճ և ընդհանրապես որպես իր սեփականը տիրապետելու հանգամանքը հիմնավորող վերաբերելի և թույլատրելի ապացույցներ, այլև հակառակը` գործում եղած ապացույցներով հերքվել է հայցվորի նշված պնդումները: Նշված եզրակացությունը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.

Սույն գործում առկա փաստերի համաձայն` Արարատի մարզ, ք. Վեդի, Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող 436,10 քմ բնակելի տունը և 2000 քմ տնամերձ հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե, Մարտիկ, Համլետ, Հովհաննես Մահլամյաններին, Հասմիկ Մարտիրոսյանին և Գագիկ, Կարինե, Արման և Դերենիկ Մահլամյաններին: ՀՀ Արարատի Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ1/0169/02/08 քաղաքացիական գործով 02.06.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով նշված հասցեում գտնվող, համատեղ սեփականությունը հանդիսացող երկհարկանի բնակելի տանից և 2000 քմ տնամերձ հողամասից առանձնացվել է Գենետիկ, Սեդա, Արսեն և Քրիստինե Մահլամյանների բաժնեմասը և վերջիններիս հատկացնել ըստ իրադրության հատակագծի բնակելի տան երկրորդ հարկից 22 քմ մակերեսով թիվ 2 սենյակը, 23.1 քմ մակերեսով թիվ 3 սենյակը, 14.5 քմ մակերեսով թիվ 1 սենյակը, 23.2 քմ մակերեսով թիվ 10 սենյակը, 11.6 քմ մակերեսով թիվ 9 սենյակը, իսկ տնամերձ հողամասից հատկացնել ըստ մասնագիտական եզրակացության և հատակագծի 534 քմ մակերեսով հողատարածքը:

Արարատի Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ1/0068/02/09 քաղաքացիական գործով 06.08.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված բնակելի տնից և 0,1470 հա տնամերձ հողամասից առանձնացվել է Հասմիկ Մարտիրոսյանի, Համլետ և Հովհաննես Մահլամյանների բաժինը և նրանց հատկացնել` բնակելի տան 2-րդ հարկից (ըստ հատակագծի շտրիխապատված է կապույտ գույնով), ինչպես նաև օժանդակ մակերեսները (հատակագծում շտրիխապատված չէ), իսկ Գագիկ, Դերենիկ, Կարինե, Արման Մահլամյաններին թողնվել է բնակելի տան 1-ին հարկից (ըստ հատակագծի շտրիխապատված է կարմիր գույնով)` թիվ 5 սենյակը` 26.7 քմ մակերեսով, թիվ 7 սենյակը 26.0 քմ, թիվ 9 սենյակը` 14.2 քմ, թիվ 12 սենյակը` 11.2 քմ, թիվ 13 սենյակը` 11.2 քմ, թիվ 14 սենյակը` 12.1 քմ, և ըստ հատակագծի կապույտ գույնով շտրիխապատված թիվ 10 սենյակը` 21.1 քմ, ընդհանուր 122.5 քմ բնակելի տարածք, իսկ տնամերձ հողամասից` փաստացի օգտագործվող 433.23 քմ մակերեսով հողատարածքը` N 1 /հատակագծում շտրիխապատված է կարմիր գույնով/, իսկ Գագիկ, Դերենիկ, Կարինե և Արման Մահլամյաններին հատկացվել է 648.51 քմ մակերեսով հողատարածքը` N 2 /հատակագծում շտրիխապատված է կապույտ գույնով/: 127.26 քմ մակերեսով հողատարածքը բնակելի տան զբաղեցրած հողատարածքն է:

Սույն գործով ստորադաս դատարանները հաստատված են համարել, որ Դերենիկ Մահլամյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ հանձնել է գործով հայցվորի իրավանախորդին, մինչդեռ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեում գտնվող գույքն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է ոչ միայն Դերենիկ Մահլամյանին, այն նաև Գագիկ, Կարինե և Արման Մահլամյաններին և ընդհանուր համատեղ սեփականությունից Դերենիկ Մահլամյանի բաժնեմասը, ոչ ենթադրաբար այլ անձի հանձնելու պահին և ոչ էլ մինչև օրս առանձնացված չէ: Նշված տարածքների մյուս սեփականատերերից Կարինե Մահլամյանն մինչև իր մահը` 02.11.2013 թվականը, իսկ Գագիկ և Արման Մահլամյաններն առ այսօր բնակվում են դատարանի վճռով իրենց հատկացված բաժնեմասում:

Հետևաբար սույն գործով հայցվոր Սվետլանա Մահլամյանի կողմից որևէ կերպ չի հիմնավորվել և չէր էլ կարող հիմնավորվել Դերենիկ Մահլամյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքի 1/4-րդ բաժնեմասը տիրապետելու հանգամանքը, նկատի ունենալով, որ բաժնեմասերն առանձնացված չլինելու պայմաններում հնարավոր չէ մատնանշել թիվ ԱՎԴ1/0068/02/09 վճռով Գագիկ, Դերենիկ, Կարինե և Արման Մահլամյաններին հատկացված ընդհանուր 122.5 քմ բնակելի տարածքից կոնկրետ որ սենյակներն են օգտագործվել Դերենիկ Մահլամյանի կողմից, որոնք էլ վերջինիս կողմից ենթադրաբար հայցվորի ամուսնուն հանձնելուց հետո, բարեխղճորեն, 10 տարի անընդմեջ և բացահայտ, որպես իր սեփականը օգտագործել և տիրապետել են հայցվորն ու իր իրավանախորդը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի համադրված վերլուծությունը վկայում է, որ համատեղ սեփականության ինչպես օգտագործման և տիրապետման, այնպես էլ տնօրինման իրավազորության իրացման հարցում օրենսդիրը, առաջնային կարևորություն է հաղորդել համասեփականատերերից յուրաքանչյուրի կամքին: Այսպես, օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմը սահմանում է համատեղ սեփականության մասնակիցների կողմից ընդհանուր գույքը տիրապետելու և օգտագործելու կարգը: Համաձայն այդ նորմի` համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Նշված նորմը դիսպոզիտիվ նորմ է և սահմանելով ընդհանուր գույքի օգտագործման և տիրապետման ընդհանուր կարգ` միաժամանակ, ելնելով համասեփականատերերի հայեցողությունը հաշվի առնելու սահմանադրական պահանջից, հնարավորություն է վերապահում համասեփականատերերին` փոխադարձ համաձայնությամբ սահմանելու այլ կարգ:

Օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի տնօրինման կարգը, այն է` այդ գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Ի տարբերություն նշված հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմի, 2-րդ մասում ամրագրված դրույթն իր բնույթով իմպերատիվ նորմ է, և որպես համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նկատմամբ տնօրինման իրավունքի իրացման պարտադիր պայման է ամրագրում բոլոր համասեփականատերերի համաձայնության առկայությունը: Այս նորմում որևէ բացառություն կամ նախապայման նախատեսված չէ: Միարժեք է, որ գույքի տնօրինումն առանց համասեփականատերերի համաձայնության հնարավոր չէ:

Գույքի տնօրինման իրավունքի բովանդակությունը բացահայտված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածում: Դրանում, մասնավորապես, շեշտվում է, որ «տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է»: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով»:

Տնօրինման իրավազորությունը ենթադրում է սեփականատիրոջ կողմից օրենքով նախատեսված շրջանակներում ու կարգով գույքի նկատմամբ գործողություններ կատարելու կամ վերջինից ձեռնպահ մնալու միջոցով իր գույքի իրավական և փաստացի ճակատագիրը որոշելու իրավունք: Դա ոչ այլ ինչ է, քան հայեցողություն կամ, այլ կերպ` գույքի ճակատագրի հանդեպ օրենքով սահմանված պայմաններում ու կարգով ինքնավար կամք դրսևորելու իրավունք: Սակայն այդ կամքի ինքնավարությունը չի կարող անսահման լինել և չի կարող հակասել օրենքին, խախտել այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Տվյալ դեպքում, Դերենիկ Մահլամյանն առանց ընդհանուր համատեղ սեփականության գրանցված մասնակիցների համաձայնության, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի հետագա ճակատագիրը տնօրինել է, այն հանձնելով երրորդ անձի օգտագործմանը, որը չէր կարող երրորդ անձի մոտ համոզմունք ձևավորել, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով և բավարար հիմքեր տալ ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

Իսկ ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի որոշմամբ արձանագրված այն հանգամանքին, որ հայցվորի «կողմից ակնկալվող համասեփականատիրոջ կարգավիճակի ձեռքբերումը որևէ կերպ միտված չէ կասկածի դնելու մյուս համասեփականատերերի կողմից իրենց իրավունքների իրացման փաստը, ինչպես նաև չի կարող հիմք հանդիսանալ մյուս համասեփականատերերի սեփականության իրավունքը դադարեցնելու համար», ապա գտնում եմ, որ գույքի մյուս համասեփականատերերի կողմից սեփականատիրոջ իրենց իրավունքների լիարժեք իրացման պայմաններում, այլ անձի մոտ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ծագման փաստ առաջացնել չի կարող, քանի որ նշված հիմքով սեփականության իրավունքը կարող է ծագել բացառապես գույքի սեփականատերերի կողմից գույքի տիրապետումից և օգտագործումից նրանց գործողություններով կամ անգործությամբ մեկուսանալու պայմաններում: Մինչդեռ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում բազմիցս անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցերին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուս կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Բացի այդ, Դերենիկ Մահլամյանի բաժնեմասը մյուս ընդհանուր համատեղ սեփականատերերի հետ միասին վիճելի հասցեում գտնվող ամբողջ անշարժ գույքից առանձնացվել է միայն 2012 թվականի վճռով, իսկ սույն գործով Սվետլանա Մահլամյանը դատարան է դիմել 03.10.2019 թվականին: Այսինքն` հայցվորի կողմից չի հիմնավորվել նաև Դերենիկ Մահլամյանին պատկանող բաժնեմասը ենթադրաբար տիրապետելու 10 տարվա ժամանակահատվածը: Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքը փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար:

Վերը նշված պատճառաբանությամբ գտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` տասը տարվա ընթացքում վիճելի անշարժ գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետման փաստը Սվետլանա Մահլամյանի կողմից չի հիմնավորվել, ինչից անմիջապես հետևում է, որ վիճելի գույքի նկատմամբ չի կարող ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել վերջինիս սեփականության իրավունքը, առավել ևս համասեփականության իրավունքը, այդպիսի օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասով բեկանելու համար:

 

2. Վճռաբեկ դատարանը գործին մասնակից չդարձած անձինք Քրիստինե, Սեդա և Արսեն Մահլամյանների բողոքը մերժել է պատճառաբանելով, որ. «(...) հայցի առարկա հանդիսացող գույքի` Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող 1-ին հարկի թիվ 7 սենյակի` 26,0 քմ, թիվ 8 սենյակի` 14,6 քմ, թիվ 9 սենյակի` 14,2 քմ, թիվ 10 սենյակի` 21,1 քմ և թիվ 11 սենյակի` 16,2 քմ բնակելի տան նկատմամբ, ինչպես նույն հասցեում գտնվող 648,51 քմ հողատարածքի նկատմամբ, Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանները որևէ իրավունք չունեն, որի առկայությունը կարող էր հանգեցնել ստորադաս դատարանների կողմից նրանց գործին մասնակից չդարձնելու արդյունքում դատավարական իրավունքի նորմի խախտման:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Քրիստինե, Սեդա և Արսեն Մահլամյանների բաժնային սեփականության իրավունքը ծագել է թիվ ԱՎԴ1/0169/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում դատարանի կողմից 02.06.2008 թվականին կայացված վճռով, որով Գենետիկ, Սեդա, Արսեն ու Քրիստինե Մահլամյաններին հատկացվել է ըստ իրադրության հատակագծի բնակելի տան երկրորդ հարկից 22 քմ մակերեսով թիվ 2 սենյակը, 23,1 քմ մակերեսով թիվ 3 սենյակը, 14,5 քմ մակերեսով թիվ 1 սենյակը, 23,2 քմ մակերեսով թիվ 10 սենյակը, 11,6 քմ մակերեսով թիվ 9 սենյակը, իսկ տնամերձ հողամասից` ըստ մասնագիտական եզրակացության և հատակագծի 534 քմ մակերեսով հողատարածքը»:

Գտնում եմ, որ սույն գործով կայացված դատական ակտը վերաբերում է Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանների իրավունքներին, ուստիև վերջիններս պետք է իրենց խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենան, ինչն անտեսվել է դատարանների կողմից:

ՀՀ Սահմանադրությունը, արտացոլելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի դրույթները, սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք (հոդված 61), անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք (հոդված 63): Վերոնշյալ դրույթների միասնականությունը կազմում է դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունը` միաժամանակ ապահովելով քաղաքացիական շրջանառության մասնակիցների խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման պահանջով դատարան դիմելու, ինչպես նաև դատական ակտերը բողոքարկելու` ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված հնարավորությունը:

Վերը վկայակոչվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձած անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` անձի արդար դատաքննության իրավունքի էությունից և իրավական բովանդակությունից ակնհայտորեն բխում է, որ գործին մասնակից չդարձված անձը պետք է ունենա իր խախտված իրավունքները բոլոր հնարավոր արդյունավետ միջոցներով վերականգնելու իրական հնարավորություն, եթե համապատասխան գործի քննության արդյունքներով կայացված դատական ակտն անմիջականորեն առնչվում է նշված անձի իրավունքներին ու պարտականություններին:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ, Արարատի մարզ, Վեդի քաղաքի, Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող 436,10 քմ բնակելի տունը և 2000 քմ տնամերձ հողամասը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե, Մարտիկ, Համլետ, Հովհաննես Մահլամյաններին, Հասմիկ Մարտիրոսյանին և Գագիկ, Կարինե, Արման և Դերենիկ Մահլամյաններին: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 28.04.2009 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2443341 վկայականի լրացուցիչ նշումներ և փոփոխություններ բաժնում կատարվել է հետևյալ գրառումը. «Ծանոթություն. 0,147 հա-ից 0,0261 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Գենետիկ, Սեդա, Արսեն Քրիստինե Մահլամյաններին (102/454 մաս): Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին` 352/454 մաս: Իսկ մնացած 0,1209 հա ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին:

Բնակելի տան երկրորդ հարկից 93,30 քմ և նավես (թիվ 13) 9,00 քմ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում են` Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին: Իսկ բնակելի տան մնացած մասը` 342,80 քմ և օժանդակ շինությունները` 164,80 քմ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում են Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին»:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 06.08.2011 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2723050 վկայականի լրացուցիչ նշումներ և փոփոխություններ բաժնում կատարվել է հետևյալ գրառումը. «0,1470 հա-ից 0,261 հա-ի 102/454 մասը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին, 352/454 մասը` Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին, մնացած 0,1209 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին:

Բնակելի տան երկրորդ հարկից 93,30 քմ և օժ. շինություններից թիվ 13 նավեսը` 9,00 քմ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է` Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին»:

Քրիստինե Մահլամյանը 07.10.2020 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող անձ ներգրավելու մասին, պատճառաբանելով, որ վիճելի տունը և հողամասը հանդիսանում են բաժնային սեփականություն և դրանց նկատմամբ ինքը ևս իրավունքներ ունի (հատոր 4, գ.թ. 16):

Դատարանի 05.11.2020 թվականի որոշմամբ Քրիստինե Մահլամյանի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սույն վեճը որևէ կերպ չի կարող ազդել Քրիստինե Մահլամյանի իրավունքներն ու պարտականություններին, քանի որ գործով վիճելի գույքերի նկատմամբ վերջինս որևէ իրավունք չունի (հատոր 5, գ.թ. 59-62):

Սույն գործով Դատարանը 03.02.2022 թվականին վճռել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Սվետլանա Մահլամյանի սեփականության իրավունքը ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող տան 1-ին հարկի թիվ 7 սենյակի` 26,0 քմ, թիվ 8 սենյակի` 14.6 քմ, թիվ 9 սենյակի` 14,2 քմ, թիվ 10 սենյակի` 21,1 քմ և թիվ 11 սենյակի` 16.2 քմ, նկատմամբ և նույն հասցեում գտնվող 648,51 քմ բնակելի հողատարածքի նկատմամբ:

Դատարանի վճռի դեմ, որպես գործին մասնակից չդարձված անձինք, վերաքննիչ բողոք են ներկայացրել Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանները` նշելով, որ գործի քննության արդյունքում Դատարանը կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, որով ճանաչվել է հայցվորի սեփականության իրավունքը նաև բողոք ներկայացրած անձանց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

Բաժնային սեփականության իրավունքով մի քանի անձանց պատկանող գույքի տիրապետումը, օգտագործումն ու տնօրինումը պետք է իրականացվի բոլոր մասնակիցների` սեփականատերերի կողմից: Առանձին մասնակցի կամ մասնակիցների կողմից գույքի տնօրինման գործարք կնքելու իրավունքը պայմանավորված է բոլոր սեփականատերերի համաձայնության առկայությամբ: Բաժնային սեփականության մասնակիցների կողմից տրվող համաձայնությունը ենթադրում է գույքի, ներառյալ սեփականության իրավունքում իր բաժնի տնօրինմանը հավանություն տալու կամքի արտահայտություն:

Վկայակոչված իրավակարգավորումների և փաստերի համադրումից հետևում է, որ Դատարանի վճռով սեփականության իրավունքը ճանաչված անշարժ գույքի 648,51 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև անշարժ գույքով ծանրաբեռնված հողամասը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է նաև Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյաններին:

Հիմք ընդունելով վերոգրյալ փաստական հանգամանքները` գտնում եմ, որ բողոքարկվող դատական ակտը վերաբերում է ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեի գույքի 127 քմ մակերեսով բնակելի տան զբաղեցրած և 2000 քմ մակերեսով հողամասի ընդհանուր բաժնային սեփականության մասնակից Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանների իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջիններս սույն գործի քննությանը մասնակից չեն դարձվել:

Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանները սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել են գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է նրանց` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

Հետևաբար գտնում եմ, որ Դատարանի 03.02.2022 թվականի վճռի` գործին մասնակից չդարձած անձանց` Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանների իրավունքների և պարտականությունների վրա ազդեցության առկայության պայմաններում Դատարանի 03.02.2022 թվականի վճիռը բոլոր դեպքերում ենթակա էր բեկանման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

    Դատավոր`                               Էդ. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.07.2024
N ԱՎԴ1/2037/02/19
Որոշում