ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
(1-ին մաս)
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԱՎԴ1/2037/02/19
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/2037/02/19 2024 թ.
Նախագահող դատավոր` Լ. Հովհաննիսյան
Դատավորներ` Ս. Թորոսյան
Ն. Մարգարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Գ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
2024 թվականի հուլիսի 9-ին
գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձած անձինք Քրիստինե, Սեդա և Արսեն Մահլամյանների ու Արման Մահլամյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշման դեմ` ըստ Սվետլանա Մահլամյանի հայցի ընդդեմ Գագիկ, Արման, Դերենիկ և Կարինե Մահլամյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սվետլանա Մահլամյանը պահանջել է «1) ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Սվետլանա Անդրանիկի Մահլամյանի սեփականության իրավունքը Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեում գտնվող 1-ին հարկի թիվ 7 սենյակի` 26,0 քմ, թիվ 8 սենյակի` 14.6 քմ, թիվ 9 սենյակ` 14,2 քմ, թիվ 10 սենյակի` 21,1 քմ և թիվ 11 սենյակի` 16.2 քմ նկատմամբ, 2) ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Սվետլանա Անդրանիկի Մահլամյանի համատեղ սեփականության իրավունքը 648,51 քմ բնակելի հողատարածքի նկատմամբ»:
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 03.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ Կարինե Մահլամյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2022 թվականի որոշմամբ Արման Մահլամյանի և գործին մասնակից չդարձած անձինք Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանների բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Դատարանի 03.02.2022 թվականի վճիռը մասնակիորեն` Դերենիկ Մահլամյանի մասով, բեկանվել և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` հայցը մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ հարուցված լինելու հիմքով. մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Արման Մահլամյանը (ներկայացուցիչ Վահրամ Գալստյան) և գործին մասնակից չդարձած անձինք Քրիստինե, Սեդա ու Արսեն Մահլամյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սվետլանա Մահլամյանը (ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյան):
2. Գործին մասնակից չդարձած անձինք Քրիստինե, Սեդա և Արսեն Մահլամյանների վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ ու 191-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 10-րդ, 30-րդ, 31-րդ, 33-րդ, 74-րդ, 360-րդ, 365-րդ, 372-րդ և 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սույն գործով պարտավոր էր վիճելի գույքի թիվ 8 և թիվ 11 սենյակների վերաբերյալ մյուս բաժնետերերին ներգրավել որպես դատավարության մասնակիցներ, քանի որ նշված սենյակները հանդիսացել են ընդհանուր բաժնային սեփականատերերի կողմից օգտագործվող տարածքներ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով պատասխանողները, ինչպես նաև բաժնային սեփականատերերը մինչ օրս տնօրինում, տիրապետում, օգտագործում և կառավարում են իրենց գույքը, որևէ այլ անձի, այդ թվում` հայցվորի կողմից վիճելի գույքը չի օգտագործվել որպես սեփականը, իսկ հայցվորն իր հայցը հիմնավորելու համար չի ներկայացրել համապատասխան ապացույցներ:
Վերաքննիչ դատարանը գործին մասնակից չդարձած անձանց բերած վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, սակայն վերջնական դատական ակտով մերժել է այն` գործին մասնակից չդարձած անձանց կողմից նշված դատական ակտը բողոքարկելու իրավունքի բացակայության հիմքով, մինչդեռ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո Վերաքննիչ դատարանը պարտավոր էր բողոքն ըստ էության քննել դրանում նշված հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2022 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:
2.1 Արման Մահլամյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ, 198-րդ, 279-րդ ու 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 59-րդ, 60-րդ, 66-րդ և 182-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով առկա չէ որևէ ապացույց, որը կարող է գնահատվել արժանահավատ, որոշակի և վերաբերելի, ու որով կհաստատվեն վիճելի գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու իրավաչափության վերաբերյալ հայցվորի պնդումները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի կողմից հայցը բավարարվել է` բացառապես հիմք ընդունելով որոշ հայտարարություններ:
Վերաքննիչ դատարանն ընդունել է, որ հայցը ներկայացվել է մինչև հայցի հարուցումը մահացած պատասխանողի դեմ և այդ հիմքով Դերենիկ Մահլամյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է, սակայն եթե Վերաքննիչ դատարանը համարել է, որ սույն գործով հայցը բացառապես ներկայացվել է պատասխանող Դերենիկ Մահլամյանի դեմ` նրան պատկանող գույքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, ապա այդ մասով ևս պետք է կարճեր քաղաքացիական գործի վարույթը` հստակ շարադրելով կարճման հետևանքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:
2.3 Սվետլանա Մահլամյանի կողմից ներկայացած վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ գործին մասնակից չդարձած անձինք չեն հստակեցրել, թե նրանց ո՞ր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ է կայացվել բողոքարկվող դատական ակտը և ի՞նչ անբարենպաստ հետևանքներ է առաջացրել նրանց համար:
Բողոք բերած անձ Արման Մահլամյանի այն պնդումը, որ հատուկ մասնագիտական գիտելիքների պարզման համար Դատարանը պարտավոր էր դիմել համապատասխան մասնագետի կամ փորձագետի` անհասկանալի է, քանի որ վերջինս Դատարանում չի վիճարկել Վեդու քաղաքապետի և քաղաքաշինության բաժնի պետի կողմից հաստատված անհատական բնակարանի հատակագծի արժանահավատությունն ու չի միջնորդել նշանակել փորձաքննություն:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն հիմքին, որ Դատարանի կողմից հայցը բավարարվել է` բացառապես հիմք ընդունելով որոշ հայտարարություններ, ապա այդ հիմքը ևս անհիմն է, քանի որ սույն գործով առկա են նաև գրավոր ապացույցներ, ինչպես նաև հայցադիմումին կից ներկայացված մի շարք այլ փաստաթղթեր:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 19.10.2006 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2209373 վկայականի համաձայն` Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող 436,10 քմ բնակելի տունը և 0,2000 քմ տնամերձ հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե, Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման ու Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 11-16).
2) թիվ ԱՎԴ1/0169/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.06.2008 թվականին կայացված ու օրինական ուժի մեջ մտած վճռով Գենետիկ, Սեդա, Արսեն և Քրիստինե Մահլամյանների հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է «(...) Արարատի մարզի Վեդի քաղաքի, Պուշկինի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող, Գենետիկ Մուշեղի Մահլամյանի, Արսեն Գենեդիկի Մահլամյանի, Մարտիկ Մուշեղի Մահլամյանի, Համլետ Մարտիկի Մահլամյանի, Գագիկ Մուշեղի Մահլամյանի, Կարինե Բեջանի Մահլամյանի, Սեդա Աշոտի Մահլամյանի, Քրիստինե Գենետիկի Մահլամյանի, Հասմիկ Արամայիսի Մարտիրոսյանի, Հովհաննես Մարտիկի Մահլամյանի, Դերենիկ Մուշեղի Մահլամյանի, Արման Գագիկի Մահլամյանի համատեղ սեփականությունը հանդիսացող երկհարկանի բնակելի տանից և 2000 քմ տնամերձ հողամասից առանձնացնել Գենետիկ, Սեդա, Արսեն և Քրիստինե Մահլամյանների բաժնեմասը և վերջիններիս հատկացնել ըստ իրադրության հատակագծի բնակելի տան երկրորդ հարկից 22 քմ մակերեսով թիվ 2 սենյակը, 23.1 քմ մակերեսով թիվ 3 սենյակը, 14.5 քմ մակերեսով թիվ 1 սենյակը, 23.2 քմ մակերեսով թիվ 10 սենյակը, 11.6 քմ մակերեսով թիվ 9 սենյակը, իսկ տնամերձ հողամասից հատկացնել ըստ մասնագիտական եզրակացության և հատակագծի 534 քմ մակերեսով հողատարածքը /շտրիխապատված է/ (...)» (հատոր 1-ին, գ.թ. 35, 36, «www.datalex.am» տեղեկատվական համակարգ, թիվ ԱՎԴ1/0169/02/08 քաղաքացիական գործ).
3) 28.04.2009 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2433341 վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում կատարվել է հետևյալ գրառումը. «Ծանոթություն. 0,147 հա-ից 0,0261 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին (102/454 մաս): Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին` 352/454 մաս: Իսկ մնացած 0,1209 հա ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին:
Բնակելի տան երկրորդ հարկից 93,30 քմ և նավես (թիվ 13) 9,00 քմ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում են Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին: Իսկ բնակելի տան մնացած մասը` 342,80 քմ և օժանդակ շինությունները` 164,80 քմ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում են Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին» (հատոր 1-ին, գ.թ. 25-32).
4) 06.08.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2723050 վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում կատարվել է հետևյալ գրառումը. «0,1470 հա-ից 0,0261 հա-ի 102/454 մասը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին, 352/454 մասը` Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին, մնացած 0,1209 հա-ը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին:
Բնակելի տան երկրորդ հարկից 93,30 քմ և օժ. շինություններից թիվ 13 նավեսը` 9,00 քմ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է` Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին:
Բնակելի տան մնացած մասը` 342,80 քմ և մնացած օժանդակ շինությունները` 164,80 քմ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին:
Հանգուցյալ Մարտիկ Մահլամյանի բաժնեմասի 1/2-րդը սեփականության իրավունքով պատկանում է Հասմիկ Մարտիրոսյանին, մնացած 1/2-րդը` բաժնային սեփականության իրավունքով հավասար բաժիններով պատկանում է Հասմիկ Մարտիրոսյանին և Համլետ, Հովհաննես Մահլամյաններին» (հատոր 1-ին, գ.թ. 37-43).
5) թիվ ԱՎԴ1/0068/02/09 քաղաքացիական գործի շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.08.2012 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով Հասմիկ Մարտիրոսյանի, Համլետ և Հովհաննես Մահլամյանների հայցը բավարարվել է` վճռվել է «(...) ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված բնակելի տնից և 0,1470 հա տնամերձ հողամասից առանձնացնել Հասմիկ Արամայիսի Մարտիրոսյանի, Համլետ Մարտիկի Մահլամյանի, Հովհաննես Մարտիկի Մահլամյանի բաժինը և նրանց հատկացնել` բնակելի տան 2-րդ հարկից (ըստ հատակագծի շտրիխապատված է կապույտ գույնով) թիվ 5 սենյակը` 37.0 քմ, թիվ 12 սենյակը` 22.0 քմ և թիվ 13 սենյակը` 22.0 քմ, ընդհանուր 81.0 քմ բնակելի տարածք, ինչպես նաև օժանդակ մակերեսները (հատակագծում շտրիխապատված չէ), իսկ Գագիկ Մուշեղի Մահլամյանին, Դերենիկ Մուշեղի Մահլամյանին, Կարինե Բեջանի Մահլամյանին, Արման Գագիկի Մահլամյանին թողնել բնակելի տան 1-ին հարկից (ըստ հատակագծի շտրիխապատված է կարմիր գույնով)` թիվ 5 սենյակը` 26.7 քմ մակերեսով, թիվ 7 սենյակը 26.0 քմ, թիվ 9 սենյակը` 14.2 քմ, թիվ 12 սենյակը` 11.2 քմ, թիվ 13 սենյակը` 11.2 քմ, թիվ 14 սենյակը` 12.1 քմ, և ըստ հատակագծի կապույտ գույնով շտրիխապատված թիվ 10 սենյակը` 21.1 քմ, ընդհանուր 122.5 քմ բնակելի տարածք, իսկ տնամերձ հողամասից Հասմիկ Արամայիսի Մարտիրոսյանին, Համլետ Մարտիկի Մահլամյանին, Հովհաննես Մարտիկի Մահլամյանին հատկացնել փաստացի օգտագործվող 433.23 քմ մակերեսով հողատարածքը` N1 /հատակագծում շտրիխապատված է կարմիր գույնով/, իսկ Գագիկ և Դերենիկ Մահլամյաններին, Կարինե Բեջանի Մահլամյանին և Արման Գագիկի Մահլամյանին հատկացնել 648.51 քմ մակերեսով հողատարածքը` N2 /հատակագծում շտրիխապատված է կապույտ գույնով/: 127.26 քմ մակերեսով հողատարածքը բնակելի տան զբաղեցրած հողատարածքն է (...)» (հատոր 1-ին, գ.թ. 19-22, «www.datalex.am» տեղեկատվական համակարգ, թիվ ԱՎԴ1/0068/02/09 քաղաքացիական գործ).
6) Վեդու քաղաքապետի և քաղաքաշինության բաժնի պետի կողմից հաստատած հատակագծի համաձայն` Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող անշարժ գույքը փաստացի առանձնացված օգտագործվել է Գենետիկ, Մարտիկ, Դերենիկ և Գագիկ Մահլամյանների կողմից (հատոր 1-ին, գ.թ. 18).
7) Վանուշ Մելոյանի, Սամվել Պետրոսյանի, Ռադիկ Խաչատրյանի և Հովսեփ Դեմիրճյանի կողմից 24.09.2019 թվականին տրված հայտարարության համաձայն` Դերենիկ Մահլամյանը 1982-1983 թվականներից անվերադարձ մեկնել է Հայաստանի Հանրապետությունից, իսկ նրան պատկանող Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեի տարածքը Սամվել Մահլամյանը, այնուհետև նրա մահից հետո կինը` Սվետլանա Մահլամյանը, բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետում ու օգտագործում են: 1982-1983 թվականներից մինչև մահը Սամվել Մահլամյանը, այնուհետև` իր ընտանիքի անդամներն իրենց ուժերով հոգ են տարել գույքի պահպանման մասին, ինչպես նաև կատարել են անշարժ գույքի բարեկարգման աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 17).
8) 19.04.1982 թվականին տրված II-ՍԼ թիվ 306410 ամուսնության վկայականի համաձայն` Սամվել Մահլամյանը և Սվետլանա Գալստյանն ամուսնացել են, որի մասին ամուսնության ակտերի գրանցման գրքում 19.04.1982 թվականին կատարվել է թիվ 38 գրանցումը: Ամուսնությունից հետո ամուսինները կրում են Մահլամյան ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 9).
9) 23.03.2017 թվականին տրված ԱԲ թիվ 234015 մահվան վկայականի համաձայն` Սամվել Մահլամյանը մահացել է 19.03.2017 թվականին, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 23.03.2017 թվականին կատարվել է թիվ 155 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 8).
10) «Արարատ» նոտարական տարածքի նոտար Հրաչյա Մկրտչյանի կողմից 27.09.2017 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Սամվել Մահլամյանի մահից հետո ժառանգական գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում կինը` Սվետլանա Մահլամյանը, տղաները` Էդգար և Արթուր Մահլամյանները: Էդգար և Արթուր Մահլամյաններն իրենց հասանելիք ժառանգությունից հրաժարվել են հօգուտ Սվետլանա Մահլամյանի:
Ժառանգական գույքը բաղկացած է Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 41 հասցեում գտնվող բնակելի տնից, տնամերձ հողամասից և օժանդակ շինությունից, ՎԱԶ 21074 մակնիշի ավտոմեքենայից, ինչպես նաև թվով 10 անուն գրավադրված ոսկյա զարդերից (հատոր 1-ին, գ.թ. 10).
11) 10.03.2020 թվականին տրված մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի համաձայն` Կարինե Մահլամյանը մահացել է 02.11.2013 թվականին, որի մասին մահվան ակտային գրանցումը կատարվել է 06.11.2013 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 98).
12) Քրիստինե Մահլամյանի կողմից 27.07.2021 թվականին տրված հայտարարության համաձայն` Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեի 1-ին հարկի համասեփականատերերից Արման Մահլամյանը մոտավորապես 2-3 տարի է մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի, Կարինե Մահլամյանը մահացել է 2013 թվականին, վերջինս մինչև իր մահը բնակվել է նույն հասցեի 1-ին հարկում: Հորեղբայրը` Գագիկ Մահլամյանը, մինչ օրս բնակվում է նշված հասցեի 1-ին հարկում, իսկ մյուս հորեղբայրը` Դերենիկ Մահլամյանը, մահացել է Ուկրաինայի Հանրապետությունում:
Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեի 1-ին հարկում Գագիկ, Կարինե, Արման և Դերենիկ Մահլամյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասը միշտ տիրապետվել, կառավարվել ու օգտագործվել է նրանց կողմից, որևէ մեկն այդ հասցեում, բացի սեփականատերերից, չի բնակվել, և այն որպես սեփականը որևէ մեկի կողմից չի օգտագործվել (հատոր 3-րդ, գ.թ. 65, 66).
13) Հովսեփ Դեմիրճյանի և Վանուշ Մելոյանի կողմից 16.05.2021 թվականին տրված հայտարարությունների համաձայն` իրենք հանդիսանում են Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 39 հասցեում բնակվող Մահլամյանների հարևանները: Դեռևս 1983 թվականից տեղեկացված են եղել, որ Դերենիկ Մահլամյանը մինչև Հայաստանի Հանրապետությունից մեկնելը նշված հասցեի անշարժ գույքը հանձնել է եղբորը և նրա ընտանիքին` Սամվել ու Սվետլանա Մահլամյաններին: 1982-1983 թվականներից առ այսօր բոլոր եղբայրների հարազատների գիտությամբ Սվետլանա Մահլամյանը և իր ընտանիքի անդամներն իրենց ուժերով հոգ են տանում վերը նշված անշարժ գույքի պահպանման մասին` բացահայտ, բարեխղճորեն ու անընդմեջ օգտագործել և տիրապետել են այն, ինչպես նաև կատարել են անշարժ գույքի բարեկարգման աշխատանքներ (հատոր 4-րդ, գ.թ. 73-78).
14) Դավիթ Մելոյանի կողմից 03.03.2022 թվականին տրված հայտարարության համաձայն` իր պապը` Վանուշ Մելոյանը, 83 տարեկան, լսողության խնդիրներ ունեցող թոշակառու է, երբեք չի հանդիպել փաստաբան Մ. Մանուկյանին և որևէ հայտարարություն չի ստորագրել (հատոր 6-րդ, գ.թ. 39, 40).
15) Սամվել Պետրոսյանի կողմից 03.03.2022 թվականին տրված հայտարարության համաձայն` ինքը երբևէ փաստաբանական հարցման չի ենթարկվել, 24.09.2019 թվականին կազմված հայտարարությանը ծանոթ չի եղել և նշված հայտարարությունն ինքը չի ստորագրել (հատոր 6-րդ, գ.թ. 41, 42).
16) Ռադիկ Խաչատրյանի կողմից 08.03.2022 թվականին տրված հայտարարության համաձայն` ինքը երբեք փաստաբան Մ. Մանուկյանին չի տեսել, երբևէ փաստաբանական հարցման չի ենթարկվել, 24.09.2019 թվականին կազմված հայտարարությանը ծանոթ չէ և նշված հայտարարությունն ինքը չի ստորագրել (հատոր 6-րդ, գ.թ. 43, 44).
17) Ուկրաիներենից հայերեն թարգմանված, Ուկրաինայի Ռիվնենսկի մարզի Ռադիվիլսկի շրջանի Կրուպեցկի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից 27.07.2012 թվականին տրված I-ԳՅՈՒ թիվ 127825 մահվան վկայականի համաձայն` Դերենիկ Մահլամյանը մահացել է 26.07.2012 թվականին, որի մասին 27.07.2012 թվականին կատարվել է թիվ 26 գրանցումը (հատոր 7-րդ, գ.թ. 2, 3).
18) Քրիստինե Մահլամյանը 07.10.2020 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող անձ ներգրավելու մասին, պատճառաբանելով, որ վիճելի տունը և հողամասը հանդիսանում են բաժնային սեփականություն, ու դրանց նկատմամբ ինքը ևս իրավունքներ ունի (հատոր 4-րդ, գ.թ. 16).
19) Դատարանի 05.11.2020 թվականի որոշմամբ Քրիստինե Մահլամյանի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ սույն վեճը որևէ կերպ չի կարող ազդել նրա իրավունքների և պարտականությունների վրա, քանի որ գործով վիճելի գույքերի նկատմամբ նա որևէ իրավունք չունի (հատոր 5-րդ, գ.թ. 59-62):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ.
1. գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին և պարտականություններին անմիջականորեն առնչվող դատական ակտի պարտադիր բեկանման ենթակա լինելու հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները,
2. ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
1. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձած, ինչպես նաև դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում ու բեկանել է դատական ակտը (տե՛ս Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ (տե՛ս Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի և Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես, գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից` գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին ու պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ որպես ընդհանուր կանոնից բացառություն, օրենսդիրը նախատեսել է այն դեպքը, երբ դատարանը գործի քննության մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն վերջինս չի ցանկացել ներգրավվել այդ գործին:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը, սահմանելով դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ըստ էության, առանձնացրել է այնպիսի դատավարական սխալները, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված խախտումները վերաբերում են Սահմանադրությամբ, Կոնվենցիայով և օրենքներով սահմանված արդարադատության սկզբունքներին (օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարան, դատարանի օրինական կազմ, լսված լինելու իրավունք, դատավարության լեզու և այլն), ուստի դրանց առկայությունը կասկածի տակ է դնում ընդհանրապես արդարադատություն իրականացված լինելու կամ արդարադատությունը դատարանի կողմից իրականացված լինելու իրողությունը: Վերադաս ատյանի կողմից նման խախտումների արձանագրումն ipso facto հանգեցնում է վերանայվող դատական ակտի բեկանմանը` անկախ բողոքում բարձրացված նյութական իրավունքի նորմերի սխալ կիրառման կամ չկիրառման վերաբերյալ հիմքերի հիմնավոր լինելուց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո` գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում (տե՛ս Վարազդատ Հակոբյանն ընդդեմ Արմավիրի մարզպետի թիվ ԱՐԴ1/3238/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն անմիջականորեն առնչվում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին և պարտականություններին ու այդ փաստն ապացուցված է համարվում վերաքննիչ դատարանի կողմից, ապա վերջինս օրենքով նախատեսված կարգով պարտավոր է բեկանել դատական ակտը:
ՀՀ վճռաբեկ դատարանն փաստել է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների ու օրինական շահերի վերականգնման արդյունավետ միջոցների հնարավորություն:
ՀՀ վճռաբեկ դատարանի նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին և պարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների և պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտը վերաբերում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին ոչ միայն այն դեպքում, երբ դատական ակտով անմիջականորեն շոշափվում են այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլև` երբ խոչընդոտներ են ստեղծվում նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տե՛ս Աննա և Գալինա Խաչատրյաններն ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ գործին մասնակից չդարձված անձանց` դատական ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն` այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին ու պարտականություններին (տե՛ս «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Ա/Ձ Աշոտ Սարիբեկյանի թիվ ԱՐԴ/0017/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության (...):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար, մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետին, 187-րդ հոդվածի 1-ին կետին և 280-րդ հոդվածին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի ու մյուսների թիվ 3-1435(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ պայմաններից բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին` արձանագրելով, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ` գրանցված սեփականատիրոջ վարքագիծը և վերաբերմունքն այլ անձի կողմից իր սեփականության տիրապետման նկատմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման վերաբերյալ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:
Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը: Այս առումով պետք է նշել, որ ժառանգման կարգով իրականացված իրավահաջորդության դեպքում գույքի նկատմամբ ժառանգների սեփականության իրավունքի ծագումն ինքնըստինքյան չի վերացնում անշարժ գույքի փաստացի տիրապետողի մոտ առկա տիրապետման բարեխղճությունը (տե՛ս Աշխեն Առաքելյանն ընդդեմ Արայիկ Ավետիսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/3299/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ ասած` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքն սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, օրինակ, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը, Նունե Մովսեսյանն ընդդեմ Վարդանուշ Թորոսյանի ու մյուսների թիվ ԵԿԴ/0532/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումը և վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունն ու բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով: Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած` ապացույցներն առանձին-առանձին և իրենց համակցությամբ ստուգելու ու ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով:
Ապացույցների հետազոտումը դատական ապացուցման կենտրոնական փուլն է, որի կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը վճիռը կարող է հիմնավորել միայն սահմանված դատավարական կարգով հետազոտված ապացույցներով: Ապացույցների գնահատումն ապացուցողական գործունեության եզրափակիչ տարրն է, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքած լինելու, ինչպես նաև վիճելի մնալու լինելու հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ առանց ապացույցների գնահատման հնարավոր չէ պատկերացնել դրանց ձեռք բերման, հավաքման, հետազոտման և դատական ակտի կայացման ողջ գործընթացը: Ապացույցների գնահատումը որպես տրամաբանական գործընթաց իր դրսևորումն է գտնում դատավարական գործողություններում ու ենթարկվում է իրավական կարգավորման, իրավական նորմերի ներգործության: Ապացույցների գնահատումն ունի ներքին (տրամաբանական) և արտաքին (իրավական) կողմեր: Ապացույցների գնահատման տրամաբանական կողմն այն է, որ դատական ապացուցման ողջ ընթացքում դատարանը վերլուծում է ապացույցների վերաբերելիությունը, դրանց թույլատրելիությունն ու արժանահավատությունը, փաստերի վերաբերյալ տեղեկությունները միավորում է ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակարգի մեջ, որը հաստատում կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Ապացույցների գնահատման իրավական կողմը դրսևորվում է հետազոտված ապացույցների իրավաբանական որակման և դատավարական պատշաճ ձևակերպման մեջ (տե՛ս Ռոբերտ Ռայան Դիկին ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` ի սկզբանե, 19.10.2006 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2209373 վկայականի համաձայն` Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի թիվ 39 հասցեում գտնվող 436,10 քմ բնակելի տունը և 0,2000 քմ տնամերձ հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել են Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե, Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման ու Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին:
Այնուհետև, թիվ ԱՎԴ1/0169/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում Գենետիկ, Սեդա, Արսեն և Քրիստինե Մահլամյանները հայց են ներկայացրել ընդդեմ Հասմիկ Մարտիրոսյանի, Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Դերենիկ, Գագիկ, Կարինե ու Արման Մահլամյանների` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջի մասին:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 02.06.2008 թվականին տվյալ քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացվել է վճիռ, որով Գենետիկ, Սեդա, Արսեն և Քրիստինե Մահլամյանների հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է` «(...) Արարատի մարզի Վեդի քաղաքի, Պուշկինի փողոցի թիվ 39 հասցեում գտնվող, Գենետիկ Մուշեղի Մահլամյանի, Արսեն Գենեդիկի Մահլամյանի, Մարտիկ Մուշեղի Մահլամյանի, Համլետ Մարտիկի Մահլամյանի, Գագիկ Մուշեղի Մահլամյանի, Կարինե Բեջանի Մահլամյանի, Սեդա Աշոտի Մահլամյանի, Քրիստինե Գենետիկի Մահլամյանի, Հասմիկ Արամայիսի Մարտիրոսյանի, Հովհաննես Մարտիկի Մահլամյանի, Դերենիկ Մուշեղի Մահլամյանի, Արման Գագիկի Մահլամյանի համատեղ սեփականությունը հանդիսացող երկհարկանի բնակելի տանից և 2000 քմ տնամերձ հողամասից առանձնացնել Գենետիկ, Սեդա, Արսեն և Քրիստինե Մահլամյանների բաժնեմասը և վերջիններիս հատկացնել ըստ իրադրության հատակագծի բնակելի տան երկրորդ հարկից 22 քմ մակերեսով թիվ 2 սենյակը, 23.1 քմ մակերեսով թիվ 3 սենյակը, 14.5 քմ մակերեսով թիվ 1 սենյակը, 23.2 քմ մակերեսով թիվ 10 սենյակը, 11.6 քմ մակերեսով թիվ 9 սենյակը, իսկ տնամերձ հողամասից հատկացնել ըստ մասնագիտական եզրակացության և հատակագծի 534 քմ մակերեսով հողատարածքը /շտրիխապատված է/: (...)»:
28.04.2009 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2433341 վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում կատարվել է հետևյալ գրառումը. «Ծանոթություն. 0,147 հա-ից 0,0261 հա ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին (102/454 մաս): Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին` 352/454 մաս: Իսկ մնացած 0,1209 հա ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանում է Մարտիկ, Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին»: Ընդ որում, սեփականության իրավունքի գրանցման վկայականի «Հողամասի տվյալները» վերտառությամբ բաժնում հստակ նշվել է «(...) Հողամասի չափը (հա) 0,0261 հա` 0,1470 հա-ից: Իրավունքի տեսակը` ընդհանուր բաժնային սեփականության 102/454 մաս (...)»:
06.08.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2723050 վկայականի «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում կատարվել է հետևյալ գրառումը. «0,1470 հա-ից 0,0261 հա-ի 102/454 մասը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Գենետիկ, Սեդա, Արսեն, Քրիստինե Մահլամյաններին, 352/454 մասը` Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին, մնացած 0,1209 հա-ը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման, Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին: (...)»:
Այսինքն` ինչպես 28.04.2009 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2433341 վկայականով, այնպես էլ 06.08.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2723050 վկայականով Գենետիկ, Սեդա, Արսեն և Քրիստինե Մահլամյաններին 0,1470 հա-ից պատկանել է 0,0261 հա-ի 102/454 մասը:
Հաջորդիվ, թիվ ԱՎԴ1/0068/02/09 քաղաքացիական գործի շրջանակներում Հասմիկ Մարտիրոսյանը, Համլետ և Հովհաննես Մահլամյանները հայց են ներկայացրել ընդդեմ Գագիկ, Դերենիկ, Կարինե ու Արման Մահլամյանների` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող բնակելի տնից և տնամերձ հողամասից բաժինն առանձնացնելու պահանջի մասին: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06.08.2012 թվականին տվյալ քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացվել է վճիռ, որով Հասմիկ Մարտիրոսյանը, Համլետ և Հովհաննես Մահլամյանների հայցը բավարարվել է, վճռվել է` «(...) Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեում գտնվող ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցված բնակելի տնից և 0,1470 հա տնամերձ հողամասից առանձնացնել Հասմիկ Արամայիսի Մարտիրոսյանի, Համլետ Մարտիկի Մահլամյանի, Հովհաննես Մարտիկի Մահլամյանի բաժինը և նրանց հատկացնել` բնակելի տան 2-րդ հարկից (ըստ հատակագծի շտրիխապատված է կապույտ գույնով) թիվ 5 սենյակը` 37.0 քմ, թիվ 12 սենյակը` 22.0 քմ և թիվ 13 սենյակը` 22.0 քմ, ընդհանուր 81.0 քմ բնակելի տարածք, ինչպես նաև օժանդակ մակերեսները (հատակագծում շտրիխապատված չէ), իսկ Գագիկ Մուշեղի Մահլամյանին, Դերենիկ Մուշեղի Մահլամյանին, Կարինե Բեջանի Մահլամյանին, Արման Գագիկի Մահլամյանին թողնել բնակելի տան 1-ին հարկից (ըստ հատակագծի շտրիխապատված է կարմիր գույնով)` թիվ 5 սենյակը` 26.7 քմ մակերեսով, թիվ 7 սենյակը 26.0 քմ, թիվ 9 սենյակը` 14.2 քմ, թիվ 12 սենյակը` 11.2 քմ, թիվ 13 սենյակը` 11.2 քմ, թիվ 14 սենյակը` 12.1 քմ, և ըստ հատակագծի կապույտ գույնով շտրիխապատված թիվ 10 սենյակը` 21.1 քմ, ընդհանուր 122.5 քմ բնակելի տարածք, իսկ տնամերձ հողամասից Հասմիկ Արամայիսի Մարտիրոսյանին, Համլետ Մարտիկի Մահլամյանին, Հովհաննես Մարտիկի Մահլամյանին հատկացնել փաստացի օգտագործվող 433.23 քմ մակերեսով հողատարածքը` N 1 (հատակագծում շտրիխապատված է կարմիր գույնով/, իսկ Գագիկ և Դերենիկ Մահլամյաններին, Կարինե Բեջանի Մահլամյանին և Արման Գագիկի Մահլամյանին հատկացնել 648.51 քմ մակերեսով հողատարածքը` N 2 /հատակագծում շտրիխապատված է կապույտ գույնով): 127.26 քմ մակերեսով հողատարածքը բնակելի տան զբաղեցրած հողատարածքն է: (...)»:
Այսինքն` թիվ ԱՎԴ1/0068/02/09 քաղաքացիական գործի շրջանակներում հայցվորներ Հասմիկ Մարտիրոսյանի, Համլետ և Հովհաննես Մահլամյանների կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունքում 0,1470 հա տնամերձ հողամասից առանձնացվել է վերջիններիս բաժինը: Այլ խոսքով` սույն քաղաքացիական գործի շրջանակներում կայացված վճռով հայցվորների բաժինները ոչ թե առանձնացվել են 0,1470 հա-ի 0,0261 հա-ից, որի 102/454 մասն արդեն իսկ պատկանում էր Գենետիկ, Սեդա, Արսեն և Քրիստինե Մահլամյաններին, այլ 102/454 մասի մյուս` 352/454 մասից, որը համատեղ բաժնային սեփականության իրավունքով պատկանում էր Համլետ, Հովհաննես, Գագիկ, Կարինե, Արման ու Դերենիկ Մահլամյաններին և Հասմիկ Մարտիրոսյանին:
Ավելին` թիվ ԱՎԴ1/0068/02/09 քաղաքացիական գործի շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով Գագիկ, Դերենիկ, Կարինե և Արման Մահլամյաններին սենյակներ են թողնվել բնակելի տան 1-ին հարկից(352/454 մասի` իրենց պատկանող բաժիններից), մինչդեռ, դեռևս թիվ ԱՎԴ1/0169/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում Գենետիկ, Սեդա, Արսեն ու Քրիստինե Մահլամյանները հայցի բավարարման արդյունքում դատարանի կողմից վերջիններիս հատկացված սենյակները գտնվել են բնակելի տան 2-րդ հարկում:
Դատարանը 03.02.2022 թվականին վճիռ է կայացրել հայցը բավարարելու մասին, իսկ Կարինե Մահլամյանի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին` պատճառաբանելով, որ`
- «1983 թ.-ին պատասխանող Դերենիկ Մահլամյանը անվերադարձ մեկնելով Հայաստանի Հանրապետությունից ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեում գտնվող 1-ին հարկի թիվ 7 սենյակը` 26,0 քմ, թիվ 8 սենյակը` 14.6 քմ, թիվ 9 սենյակը` 14,2 քմ, թիվ 10 սենյակը` 21,1 քմ և թիվ 11 սենյակը` 16.2 քմ, հանձնել է եղբորը` Սամվել Մուշեղի Մահլամյանի տիրապետմանը: Վերջինս ընդունելով բնակելի տան 1-ին հարկի վերոհիշյալ հատվածը` 1983 թ.-ից մինչև իր մահը, իսկ վերջինիս մահից հետո նաև նրա իրավահաջորդ կինը` Սվետլանա Անդրանիկի Մահլամյանը, բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես իրենց սեփական գույք տիրապետել է դրանք, պահպանել և պաշտպանել է երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից»,
- «Գույքը Սամվել և Սվետլանա Մահլամյանների տիրապետմանն է անցել առանց բռնության, ինչը վերջիններիս բավարար հիմք է տվել ենթադրելու, որ նրանք այդ գույքը տիրապետում են որպես իրենց սեփական գույք, իսկ անշարժ գույքը թույլատրելով, որ Սամվել և Սվետլանա Մահլամյանները տիրապետեն և օգտագործեն, այն նրանցից հետ չպահանջելով, գույքի սեփականատեր Դերենիկ Մահլամյանը փաստացի կատարել է այնպիսի գործողություններ, որոնք վկայում են նրա կողմից իր գույքից հրաժարվելու մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության»,
- «Ինչ վերաբերում է ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեում գտնվող 648,51 քմ բնակելի հողատարածքին, ապա Դերենիկ Մահլամյանը ինչպես ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Պուշկինի 39 հասցեում գտնվող տան 1-ին հարկի թիվ 7 սենյակը` 26,0 քմ, թիվ 8 սենյակը` 14.6 քմ, թիվ 9 սենյակը` 14,2 քմ, թիվ 10 սենյակը` 21,1 քմ և թիվ 11 սենյակը` 16.2 քմ, այնպես էլ համատեղ սեփականություն հանդիսացող 648,51 քմ բնակելի հողատարածքը հանձնել է եղբորը` Սամվել Մուշեղի Մահլամյանի տիրապետմանը, վերջինս էլ մինչև իր մահը, իսկ նրա մահից հետո նաև նրա իրավահաջորդ կինը` Սվետլանա Անդրանիկի Մահլամյանը, բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ որպես իրենց սեփական գույք տիրապետել է դրանք, պահպանել և պաշտպանել է երրորդ անձանց ոտնձգություններից և հավակնություններից:
Հակառակն ապացուցող որևէ գրավոր ապացույց դատարանին չի ներկայացվել»:
Վերաքննիչ դատարանը 15.07.2022 թվականին կայացրած որոշմամբ պատճառաբանելով, որ`
- «Գործի նշված փաստերը համադրելով Գործին մասնակից չդարձած անձանց վերաքննիչ բողոքի` դատական ակտն իրենց իրավունքներին առնչվելու վերաբերյալ հիմքերին ու հիմնավորումներին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ինչպես թիվ ԱՎԴ1/0169/02/08 և թիվ ԱՎԴ1/0068/02/09 քաղաքացիական գործերով կայացված վճիռներով, այնպես էլ վերոնշյալ` տարբեր ժամանակահատվածների սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներով, և մասնավորապես` նշված սեփականության իրավունքի վկայականներում առկա լրացուցիչ նշումներով միանշանակորեն արձանագրված է, որ Գործին մասնակից չդարձած անձանց իրավունքները վերաբերում են նույն հասցեի անշարժ գույքի երկրորդ հարկում տեղակայված սենյակներին, մինչդեռ տվյալ դեպքում Հայցվորի կողմից ներկայացված հայցը վերաբերում է բացառապես նույն շինության առաջին հարկում տեղակայված սենյակների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչմանը»,
- «Գործին մասնակից չդարձած անձինք, գործում առկա իրավունքների պետական գրանցման փաստը հաստատող վկայականների և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա, իրավունքներ ունեն բացառապես խնդրո առարկա անշարժ գույքի երկրորդ հարկում տեղակայված սենյակների նկատմամբ, որպիսի սենյակների, հետևաբար նաև` դրանց իրավատերերի, իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հարց չի քննարկվել Դատարանի կողմից, ուստի կայացված վճիռը նույնպես որևէ կերպ չի հանգեցնում Գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ծավալի փոփոխության և (կամ) որևէ այլ կերպ բացասական հետևանքներ առաջացնում վերջիններիս` որպես սեփականատերերի, իրավունքների և օրինական ակնկալիքների իրացման հնարավորության վրա»,
- «սույն վերաքննիչ բողոքով չի հաստատվում բողոքարկվող դատական ակտը Գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացված լինելու հանգամանքը, ավելին` սույն քաղաքացիական գործի փաստերը վկայում են նման հանգամանքի բացակայության մասին, ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Գործին մասնակից չդարձած անձանց վերաքննիչ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման»,
- «Միաժամանակ, հաշվի առնելով, որ բողոքարկվող դատական ակտը չի վերաբերում Գործին մասնակից չդարձած անձանց իրավունքներին և պարտականություններին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոնշյալ անձանց վերաքննիչ բողոքի հիմքերը` Դատարանի կողմից այլ նյութական և դատավարական իրավունքի նորմերի այլ խախտումների մասով, չեն կարող քննարկման առարկա դառնալ` Գործին մասնակից չդարձած անձանց կողմից նշված դատական ակտը բողոքարկելու իրավունքի բացակայության հիմքով»,
- «Տվյալ դեպքում, բողոքարկվող դատական ակտի ուսումնասիրությամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, համադրելով Վեդու քաղաքապետի և քաղաքաշինության բաժնի պետի կողմից հաստատած Պուշկինի 39 հասցեի անհատական բնակարանի հատակագծում արտացոլված ընդհանուր բաժնային սեփականատերերից Դերենիկ Մահլամյանի կողմից փաստացի զբաղեցված տարածքի նշված (շտրիխավորված) մասը 28.04.2009 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2443341 վկայականին կից նույն շենքի 1-ին հարկի թիվ 7-11-րդ սենյակների հատակագծի հետ, արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում չվիճարկված ապացույցով հաստատված Դերենիկ Մահլամյանի կողմից փաստացի զբաղեցված տարածքը համընկնում է առավել արդիական` 28.04.2009 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2443341 վկայականին կից նույն շենքի 1-ին հարկի թիվ 7-11-րդ սենյակների հատակագծի հետ, որպիսի փաստի հաստատումը էական նշանակություն ուներ Հայցվորի պահանջի իրավաչափության գնահատման համար, քանի որ Հայցվորի պահանջը վերաբերում է անշարժ գույքում Դերենիկ Մահլամյանի մասի նկատմամբ իրավունքի ճանաչմանը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ նման վերլուծությունը, համեմատությունը և դրա արդյունքում` եզրահանգման կատարումը, չի պահանջում որևէ մասնագիտական գիտելիք, քանի որ Դատարանի կողմից կատարվել է պարզ, տրամաբանական և ակնադիտական հետազոտություն` արդեն իսկ մասնագետի կողմից կազմված փաստաթղթի հիման վրա, իսկ նշված հարցի կապակցությամբ նաև մասնագետի եզրակացության առկայությունը, թեև կարող էր էլ ավելի հիմնավոր դարձնել Դատարանի եզրահանգումը, սակայն կկրեր լրացուցիչ բնույթ, քանի որ նույն եզրահանգմանը կարելի է գալ նաև համապատասխան չափագիտական գիտելիքների բացակայության պայմաններում»,
- «Անդրադառնալով վերաքննիչ բողոքի փաստարկներին այն մասին, որ Հայցվորի ներկայացրած` հարևանների գրավոր հայտարարությունները ներկայացված են եղել պատճենի տեսքով, որպիսի պայմաններում դրանք չէին հիմք հանդիսանալ հայցի բավարարման համար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախ` քաղաքացիական գործի նյութերում առկա են ինչպես բնօրինակ, այնպես էլ պատճենի տեսքով գրավոր հայտարարություններ (տե՛ս, հատոր 1, գ.թ. 17, հատոր 4, գ.թ. 73-77), և երկրորդը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գրավոր ապացույցի` պատճեն հանդիսանալու հանգամանքն ինքնին չի հանգեցնում նշված ապացույցի ոչ թույլատրելիության, քանի որ փաստաթղթի բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի Դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով»,
- «Անդրադառնալով բողոք բերող անձանց փաստարկներին այն մասին, որ գործով առկա ապացույցներով չի հաստատվել ձեռքբերման վաղեմության ուժով Հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու համար անհրաժեշտ նախապայմանների միաժամանակյա առկայությունը, նշված փաստի կապակցությամբ ներկայացվել են միայն իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, մինչդեռ դատական պրակտիկայում անշարժ գույքի տիրապետման բարեխղճության, գույքը որպես սեփականը տիրապետելու, տիրապետման ժամանակահատվածի և բացահայտ բնույթ կրելու փաստերը հաստատվում են համապատասխան կոմունալ և այլ պարտադիր վճարումների փաստը հավաստող ապացույցներով, Հայցվորի անվամբ կնքված անշարժ գույքի` կոմունալ ծառայությունների մատուցման պայմանագրերով, համայնքապետարանների կողմից տրված տեղեկանքներով և (կամ) այլ փաստաթղթերով, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախ` Հայցվորի կողմից ի հավաստումն նշված վավերապայմանների առկայության, բացի գրավոր հայտարարություններից ներկայացվել են նաև մի շարք այլ ապացույցներ (տե՛ս, վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը), որոնք իրենց համակցության մեջ թույլ են տվել Դատարանին եզրահանգման գալու նշված փաստերը հաստատված լինելու մասին, երկրորդը` օրենսդիրը որևէ կերպ չի սահմանափակել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու համար անհրաժեշտ և ներկայացման ենթակա ապացույցների ցանկը, որպիսի պայմաններում Հայցվորը պարտականություն չէր կրում պարտադիր կերպով ներկայացնելու նաև բողոք բերող անձի վկայակոչած ապացույցներն»,
- «պատասխանող Դերենիկ Մուշեղի Մահլամյանը մահացել է 26.07.2012 թվականին, սույն գործող հայցը վերջինիս դեմ հարուցվել է 03.10.2019 թվականին, այսինքն` հայցը` Դերենիկ Մուշեղի Մահլամյանի մասով, հարուցվել է մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ, ինչը հիմք է վերոնշյալ իրավանորմերի ուժով բողոքարկվող դատական ակտը մասնակի բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը` Դերենիկ Մուշեղի Մահլամյանի մասով, կարճելու համար»,
մերժել է Արման Մահլամյանի, ինչպես նաև գործին մասնակից չդարձած անձինք Քրիստինե, Սեդա և Արսեն Մահլամյանների բերած վերաքննիչ բողոքները, իսկ Դատարանի 03.02.2022 թվականի վճիռը մասնակիորեն` Դերենիկ Մահլամյանի մասով, բեկանել է ու քաղաքացիական գործի վարույթն այդ մասով կարճել է` հայցը մինչև հարուցումը մահացած պատասխանողի դեմ հարուցված լինելու հիմքով. մնացած մասով վճիռը թողել է անփոփոխ:
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=27303072741042394
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում