Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 419-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի                         Քաղաքացիական գործ

    քաղաքացիական և  վարչական                    թիվ ԿԴ/0510/02/10

    պալատի որոշում                              2024 թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Ա. Մկրտչյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

2024 թվականի հուլիսի 11-ին

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով բողոք բերած անձը որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար նոր հանգամանք վկայակոչել է Եվրոպական դատարանի «Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 04.07.2023 թվականին կայացված վճիռը, որով Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում է արձանագրել` մասնավորապես այն պատճառաբանությամբ, որ «(...) դիմումատուները ներպետական դատարաններ և Դատարան են ներկայացրել փաստարկներ (տե՛ս վերևում` 9-րդ և 11-րդ պարբերությունները), որ որպես գյուղական տարածքում ապրող մարդիկ նշված հողը նրանց գործունեության և գոյության միջոցն էր: Ներպետական դատարաններն այս հիմնական հայեցակետին չեն անդրադարձել, ոչ էլ հաշվի են առել փոխհատուցման գումարի վերաբերյալ իրենց որոշումներում այն առումով, որ նրանք չեն անդրադարձել այն հարցին, թե արդյոք տրվող փոխհատուցումը ծածկելու էր դիմումատուների իրական կորուստը, կամ արդյոք այն առնվազն բավարար էր, որ նրանք իրենց բնակության տարածքում համարժեք հող ձեռք բերեին (նույն տեղում, §§ 69-71)», «դիմումատուները ստիպված են եղել ավելորդ անհատական բեռ կրել: (...)»:

Արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է, որ «ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով` վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով. (1) նյութական և ոչ նյութական վնասի դիմաց` II հավելվածում նշված գումարները, (2) ծախսերի և ծախքերի դիմաց` 2 000 եվրո (երկու հազար եվրո)` գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ. (...)»:

«Հավելված II»-ի 5-րդ կետի համաձայն` Գուրգեն Ղազարյանին 0,399 հա, 0,73 հա և 0,94 հա մակերեսով հողերից յուրաքանչյուր միավորի դիմաց ներպետական փոխհատուցման չափը հայկական դրամով կազմում է համապատասխանաբար 941.850 ՀՀ դրամ, 698.050 ՀՀ դրամ ու 624.800 ՀՀ դրամ, իսկ նյութական և ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը` 10.800 եվրո:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Հայկազ Ղազարյանի մահից հետո վերջինիս ժառանգությունն ընդունել է որդին` Գուրգեն Ղազարյանը, ում 23.07.2013 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը կազմված է եղել նաև Կոտայքի մարզի Արտազավան գյուղի վարչական տարածքում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0,094 հա, 0,7340 հա ու 0,3990 հա մակերեսով հողամասերից (փաստ 9), և Գուրգեն Ղազարյանի համար արդարացի փոխհատուցման գումարները հաշվարկվել են այդ հողամասերի դիմաց, հետևաբար restitutio in integrum-ն ապահովվել է Գուրգեն Ղազարյանի` որպես նշված հողամասի համասեփականատիրոջ, ինչպես նաև նրա` որպես Հայկազ Ղազարյանի իրավահաջորդի համար:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով վերանայվող դատական ակտը` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը բեկանելու անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

տվյալ դեպքում Եվրոպական դատարանն իր վճռով արձանագրված` Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտման հետևանքները վերացնելու, դիմումատուների, այդ թվում` Գուրգեն Ղազարյանի համար restitutio in integrum-ն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության համար սահմանել է հողերից յուրաքանչյուր միավորի դիմաց ներպետական փոխհատուցումը, նյութական և ոչ նյութական վնասները, ծախսերն ու ծախքերը` ըստ վճռով սահմանված չափի, վճարելու պարտականություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված կարգով դիմումատուներին արդարացի բավարարում է շնորհել, որոնք նրանց վճարվել են (տե՛ս փաստ 10): Ավելին` Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լ. Դրմեյանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լ. Թադևոսյանին հասցեագրված գրությամբ ևս հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին վճարել է Եվրոպական դատարանի վճռով, այդ թվում նաև` սույն գործով նոր հանգամանք հանդիսացող, սահմանված արդարացի փոխհատուցման գումարները:

Շարադրվածի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտման հետևանքով դիմումատուների, այդ թվում նաև` Գուրգեն Ղազարյանի կրած վնասները փոխհատուցվել են և նրանք հնարավորինս հայտնվել են այնպիսի վիճակում, որում կլինեին, եթե Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում տեղի չունենար:

Հիմք ընդունելով արդարացի փոխհատուցումը վճարված լինելու հանգամանքը և վճռի կատարման նպատակով անհատական այլ միջոցառում իրականացնելու անհրաժեշտության բացակայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ի դեմս Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի դիմել է Նախարարների կոմիտեին` գործի քննությունը փակելու խնդրանքով: Այսինքն` Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական դատարանի «Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 04.07.2023 թվականի վճռի կատարման միջոցառումների ընտրության իր հայեցողության շրջանակում գտել է, որ դրանով արձանագրված խախտման հետևանքները վերացնելու ուղղությամբ բոլոր անհրաժեշտ ու բավարար միջոցառումները ձեռնարկվել են:

Վճռաբեկ դատարանն այս տեսանկյունից հարկ է համարում ընդգծել, որ «Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի վճռի համար ուղենիշային (leading case) է եղել «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի 11.10.2018 թվականի վճիռը(9), որի դեպքում Նախարարների կոմիտեն գտել է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետով պահանջվող բոլոր միջոցառումներն իրականացվել են ու փակել է գործի քննությունը` հիմք ընդունելով որպես անհատական միջոցառում` դիմումատուներին արդարացի փոխհատուցումը վճարված լինելու մասին տեղեկատվությունը:

 

______________________

9) Տե՛ս https://hudoc.exec.coe.int/#{%22fulltext%22:[%2247448/12%22], %22execidentifier%22:[%22004-63567%22],%22execdocumenttypecollection%22: [%22CEC%22]}:

 

Այսինքն` սույն գործով նոր հանգամանք հանդիսացող վճռի համար որպես ուղենիշ ծառայող գործով Նախարարների կոմիտեն արդարացի փոխհատուցում վճարված լինելու հանգամանքը դիտարկել է արձանագրված նույն` Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտման հետևանքներին համարժեք և բավարար հատուցում:

Վերոշարադրյալի հաշվառմամբ` միաժամանակ հիմք ընդունելով նաև Նախարարների կոմիտեի Հանձնարարականով նախատեսված հանգամանքների բացակայությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում restitutio in integrum-ն ապահովելու նպատակով բացակայում է վերանայվող դատական ակտը բեկանելու անհրաժեշտությունը, քանի որ Գուրգեն Ղազարյանի խախտված իրավունքներն արդեն վերականգնվել են, որպիսի պայմաններում Եվրոպական դատարանի «Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 04.07.2023 թվականի վճիռն ըստ էության չի ազդում գործի ելքի վրա ու որևէ բացասական հետևանք չի առաջացնում նրա համար:

Ինչ վերաբերում է հողամասերի օտարման անհրաժեշտության հիմնավորվածության կապակցությամբ բողոքում նշված փաստարկներին, ապա Եվրոպական դատարանը, սույն գործով նոր հանգամանք հանդիսացող վճռում արձանագրելով, որ չի վիճարկվում դիմումատուներին, այդ թվում` Գուրգեն Ղազարյանին և նրա իրավանախորդ Հայկազ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանած հողամասերի օտարումը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան կատարված լինելու փաստը (կետ 27), չի անդրադարձել օտարումը նշված օրենքով նախատեսված պայմաններով իրականացած լինելու հարցին (կետ 28)` հողամասերը բացառիկ` գերակա հանրային շահով օտարելու նպատակի իրավաչափության մասով նշելով, որ «չունի որևէ համոզիչ ապացույց, որի հիման վրա կեզրակացներ, որ այդ պատճառներն ակնհայտորեն զերծ էին որևէ ողջամիտ հիմքից» (կետ 29):

Նշվածից հետևում է, որ Եվրոպական դատարանը «Նալթակյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 04.07.2023 թվականի վճռով դիմումատուների հողամասերի օտարման նպատակի, ինչպես նաև օտարման գործընթացի մասով խախտում չի արձանագրել, որպիսի պայմաններում այդ կապակցությամբ բողոքում նշված փաստարկները չեն կարող քննարկման առարկա դառնալ, առավել ևս` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը բեկանելու հիմք հանդիսանալ:

Հիմք ընդունելով շարադրված պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու արդյունքում անհրաժեշտ է վերանայվող որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:

Մինչև 09.04.2018 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով:

Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Նկատի ունենալով, որ սույն գործով նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք ներկայացրել է Գուրգեն Ղազարյանը, իսկ ֆիզիկական անձինք նշված գործերով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ, 419-րդ ու 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.12.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

3. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Ա. Մկրտչյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.07.2024
N ԿԴ/0510/02/10
Որոշում