ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2024 թվականի N 2077-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՍԻԳԻ ՁԿՆԿԻԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման (այդ թվում` Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) ժամանակավոր արգելք վեց ամիս ժամկետով` Եվրասիական տնտեսական միության ԱՏԳ ԱԱ 0302 91 000 0, 0303 91, 1604 32 001 0 և 0511 91 901 9 ծածկագրերին դասվող` Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի վրա:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկություն Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման դեպքում ոչ սակագնային կարգավորման միջոցի կիրառման վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 2-ից և գործում է վեց ամիս ժամկետով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. դեկտեմբերի 27
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2024 թվական: