Սեղմել Esc փակելու համար:
2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՔԱՂԱՔ Բ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՔԱՂԱՔ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 8 հոկտեմբերի 2024 թ.

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՔԱՂԱՔ ԲԻՇՔԵԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ (ԼՎԱՑՄԱՆ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Կառավարության ներկայացուցիչ` Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հ. Խաչատրյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2023 թվականի հոկտեմբերի 13-ին քաղաք Բիշքեկում ստորագրված` «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2024 թվականի մայիսի 8-ի N 669-Ա որոշմամբ հավանություն է տվել «2023 թվականի հոկտեմբերի 13-ին քաղաք Բիշքեկում ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրով ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2024 թվականի հուլիսի 30-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը և հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունն ու առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկ քաղաքում` ԱՊՀ անդամ պետությունների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության խթանման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի անդրազգային գնահատման ապահովման, ֆինանսական հետախուզության մարմինների միջև տեղեկատվական համագործակցության արդյունավետության մակարդակի բարելավման նպատակով:

2. Համաձայնագիրը նախատեսում է արդյունավետ միջպետական տեղեկատվական փոխգործակցություն ապահովելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի անդրազգային գնահատում անցկացնելու նպատակով Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոնի (այսուհետ` ՌԳՄԿ) ստեղծում:

3. ՌԳՄԿ-ի գործունեության կազմակերպատեխնիկական և տեղեկատվական ապահովումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության կողմից, որը հանդիսանում է ՌԳՄԿ-ի օպերատոր և իր գործունեության մեջ առաջնորդվում է կիրառելի միջազգային պայմանագրերով և Ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի (այսուհետ` ՖՀՍՂԽ) կողմից ընդունված որոշումներով, ինչպես նաև քննության առարկա Համաձայնագրով:

ՌԳՄԿ տեղեկատվական համակարգի տվյալների մշակման ծրագրային և ապարատային համալիրները տեղակայված են Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Համաձայնագրի 3-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանվում են ՌԳՄԿ օպերատորի պարտավորությունները և ենթակայությունը, իսկ Համաձայնագրի 6-րդ հոդվածով` ՌԳՄԿ հիմնական գործառույթները:

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`

4.1. ապահովել ՀՀ օրենսդրությանը, Համաձայնագրին և կիրառելի այլ միջազգային պայմանագրերին համապատասխան գաղտնիության ռեժիմի պահպանումը, իրականացնել անհրաժեշտ կազմակերպատեխնիկական և իրավական միջոցները, որոնք ուղղված են Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության պաշտպանությանը, ներառյալ` պատասխանատվության միջոցների կիրառումը` պատահական կամ ոչ իրավաչափ ոչնչացումից, փոփոխումից, հրապարակումից, ինչպես նաև ցանկացած այլ ոչ իրավաչափ օգտագործումից (հոդված 4, կետ 2),

4.2. որպես տեղեկատվությունը տրամադրող կողմ` որոշել ՌԳՄԿ տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկատվության օգտագործման նպատակը և հնարավորությունը, ինչպես նաև որոշել տեղեկատվության պահպանման ժամկետը` ելնելով այն նպատակից, որի համար տվյալ տեղեկատվությունը տեղադրվել, հարցվել և (կամ) տրամադրվել է (հոդված 4, կետ 3),

4.3. որպես տրամադրող կողմ` որոշել ՌԳՄԿ տեղեկատվական համակարգում տեղադրելու համար տրամադրվող տվյալների ծավալը, տվյալների գաղտնիության և դրանց օգտագործման ռեժիմը (հոդված 7, կետ 4),

4.4. ապահովել, որ ՀՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումները իրականացնեն ապարատածրագրային միջոցներով տեղեկատվության փոխանցումը ՌԳՄԿ տեղեկատվական համակարգ (հոդված 7, կետ 5),

4.5. ապահովել, որ ՀՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումներն օգտագործեն ՌԳՄԿ տեղեկատվական համակարգն այն դրամական միջոցների կամ այլ գույքի, վիրտուալ ակտիվների հետ գործառնությունների (գործարքների) մասին իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվության փոխանակման համար, որոնց վերաբերյալ կասկածներ կան, որ դրանք կապված են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման), ահաբեկչության ֆինանսավորման և դրա հետ կապված այլ հանցագործությունների հետ, ինչպես նաև այդ գործառնությունների կատարմանը մասնակցող անձանց և կազմակերպությունների մասին տեղեկատվության փոխանակման համար (հոդված 8, կետ 1),

4.6. ապահովել, որ ՀՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանման կողմից հարցման կատարման անհնարինության դեպքում այդ մասին գրավոր տեղեկացվի հարցում ներկայացնող Կողմի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումը` նշելով մերժման պատճառը (հոդված 9, կետ 3, պարբերություն 2),

4.7. ապահովել, որ հարցումները և դրանց պատասխանները ներկայացվեն ռուսերենով, եթե կողմերն այլ բան չեն պայմանավորվել (հոդված 9, կետ 5),

4.8. ապահովել, որ հարցումը կատարվի հնարավորինս սեղմ ժամկետում, բայց, ոչ ուշ, քան այն ստանալու պահից 60 օր անց, եթե Կողմերի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումներն այլ բան չեն պայմանավորվել (հոդված 9, կետ 6),

4.9. ապահովել, որ հարցում ներկայացնող ՀՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումն իր նախաձեռնությամբ կամ հարցվող Կողմի ֆինանսական հետախուզության ստորաբաժանման հարցման հիման վրա տեղեկատվություն ուղարկի Համաձայնագրի շրջանակներում հարցվող Կողմի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումից ստացված տեղեկությունների օգտագործման արդյունքների մասին (հոդված 9, կետ 7),

4.10. ապահովել, որ ՀՀ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումները մյուս Կողմերի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների հետ համատեղ` կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան, որոշեն միմյանց միջև տեղեկատվության փոխանակման կարգը և անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ անցկացնեն Համաձայնագրի իրականացման հարցերով (հոդված 10, կետ 1),

4.11. ՖՀՍՂԽ համակարգմամբ համատեղ իրականացնել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի անդրազգային գնահատում (հոդված 11, կետ 1),

5. ՖՀՍՂԽ-ն հաստատում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի անդրազգային գնահատման արդյունքները, որոշում է դրանց գաղտնիության աստիճանը` Կողմերի հետ համաձայնեցմամբ: Հաշվի առնելով ՖՀՍՂԽ-ի որոշումները` Կողմերի ֆինանսական հետախուզության ստորաբաժանումներն ինքնուրույն են որոշում հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի անդրազգային գնահատման արդյունքներն ստացողների շրջանակը և տրամադրման կարգը (հոդված 11, կետ 5):

6. Համաձայնագրով արգելվում է Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը, առանց այն տեղադրած և (կամ) տրամադրած Կողմի նախնական գրավոր համաձայնության օգտագործել այլ նպատակներով, քան նրանց, որոնց համար այն հարցվել և (կամ) տրամադրվել է և տեղադրվել է ՌԳՄԿ տեղեկատվական համակարգում:

7. Համաձայնագրից բխում է, որ Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունների վրա տարածվում են գաղտնիության այն ռեժիմները, որոնք նախատեսված են տվյալ տեղեկության համար տեղեկությունը ներկայացնող երկրի օրենսդրությամբ: Համաձայնագրի շրջանակում ստացված տեղեկությունները կարող են օգտագործվել միայն համաձայնագրում ներկայացված նպատակներով:

Համաձայնագրի` տեղեկատվության գաղտնիության մասին դրույթները շարունակում են կիրառվել Համաձայնագրի գործողությունը դադարելուց կամ դրանից դուրս գալուց հետո:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «2023 թվականի հոկտեմբերի 13-ին քաղաք Բիշքեկում ստորագրված «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

8 հոկտեմբերի 2024 թվականի

ՍԴՈ-1754

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 8 հոկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
08.10.2024
N ՍԴՈ-1754
Որոշում