ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1543-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 ԵՎ 5508 10 100 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՉԲԱԺՆԵԾՐԱՐՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՐԻ ԹԵԼԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի N 39 որոշման 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0 ծածկագրին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված սինթետիկ թելերից միջուկով կարի թելերի` Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` յուրաքանչյուր տարվա համար 38,1 տոննայից ոչ ավելի ծավալով.
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 180 0 ծածկագրին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված սինթետիկ թելերից առանց միջուկի կարի թելերի` Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` յուրաքանչյուր տարվա համար 22,7 տոննայից ոչ ավելի ծավալով.
3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5508 10 100 0 ծածկագրին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված սինթետիկ մանրաթելերից կարի թելերի` Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` յուրաքանչյուր տարվա համար 26 տոննայից ոչ ավելի ծավալով:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը լիազոր մարմին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի ապրիլի 22-ի N 39 որոշման կիրարկման իմաստով:
3. Հաստատել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ծածկագրերին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված առանձին տեսակի կարի թելերի` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2024 թ. սեպտեմբերի 28
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1543-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՉԲԱԺՆԵԾՐԱՐՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԿԱՐԻ ԹԵԼԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ծածկագրերին դասվող մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված առանձին տեսակի կարի թելերի (այսուհետ` ապրանք) ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:
2. Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում`
1) մաքսային հայտարարագիր.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազոր մարմնի) կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացություն:
3. Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է` հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացությունը:
4. Եզրակացություն ստանալու մասին հայտը մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է:
5. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն 2024-2025 թվականների ընթացքում, ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 15-ը, լիազոր մարմնին է ներկայացնում Հայաստանի Հանրապետություն սույն որոշմամբ նախատեսված արտոնության կիրառմամբ ներմուծված ապրանքների մասին տեղեկատվություն:
Պաշտոնական հրապարակման օրը` 30 սեպտեմբերի 2024 թվական: