Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐՏԱՊԱՆ-ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐՏԱՊԱՆ-ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՎՃՌՈՎ ՆՐԱՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Սնանկության գործ

    դատարանի որոշում                           թիվ ՍնԴ/0375/04/22

    Սնանկության գործ թիվ ՍնԴ/0375/04/22        2024 թ.

Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան

Ա. Աթաբեկյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

2024 թվականի ապրիլի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արմեն Հովհաննիսյանի կամավոր սնանկության դիմումի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2022 թվականի որոշման դեմ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Հովհաննիսյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.02.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 23.05.2022 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով:

Դատարանի 01.06.2022 թվականի որոշմամբ Արմեն Հովհաննիսյանի միջնորդությունը բավարարվել է` 23.02.2022 թվականից փոխանցվող աշխատավարձի վրա սույն գործով կիրառված արգելանքը վերացվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.09.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.06.2022 թվականի «Արգելանքը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 63-րդ և 164-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ, 93-րդ ու 95-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 58-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դրամական միջոցները վաճառքի ենթակա գույք չեն, հետևաբար դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու իրավական հիմք առկա չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ աշխատավարձի վրա բռնագանձում տարածելը համարվում է հարկադիր կատարման միջոց, իսկ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը, ուստի համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի` աշխատավարձից պահումները կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով ու դեպքերում` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տոկոսաչափով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 22.09.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանի 23.02.2022 թվականի վճռով Արմեն Հովհաննիսյանի կամավոր սնանկության դիմումը բավարարվել է` Արմեն Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ, և արգելանք է դրվել վերջինիս գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել (հավելված, գ.թ. 1-3).

2) Դատարանի 23.05.2022 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով: Կոմիտեի 27.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է որպես չապահովված` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում նշված հերթում (հավելված, գ.թ. 6-8).

3) Արմեն Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով վերացնել իր դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները` պատճառաբանելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը տարանջատել է «գույք» և «դրամական միջոցներ» եզրույթները` դրանք դիտարկելով որպես տարբեր հասկացություններ, ու նույն օրենքի համաձայն` սնանկ ճանաչված ֆիզիկական անձի դեպքում արգելանք կարող է դրվել բացառապես նրա գույքի վրա, իսկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որևէ նշում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ և 93-րդ հոդվածները չեն պարունակում (հավելված, գ.թ. 9-12).

4) Դատարանը 01.06.2022 թվականին որոշում է կայացրել Արմեն Հովհաննիսյանի միջնորդությունը բավարարելու և 23.02.2022 թվականից նրան փոխանցվող աշխատավարձի վրա սույն գործով կիրառված արգելանքը վերացնելու մասին (հավելված, գ.թ. 28-30):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտապան-ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով նրան պատկանող դրամական միջոցների վրա արգելանք դնելու արդյունքում վերջինիս աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների վրայից արգելանքը հանելու իրավական հնարավորության հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, (...):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե նույն գլխով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ գլուխ այլ բան նախատեսված չէ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձին սնանկ ճանաչելու մասին վճռով դատարանն արգելանք է դնում տվյալ անձի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող հետևյալ գույքի վրա`

1) գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաների, հագուստեղենի, կոշկեղենի, սպիտակեղենի, անկողնային և մանկական պարագաների, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

2) պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաների, ձեռնարկների ու գրքերի, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք.

3) պարտապանի ձեռնարկատիրական գործունեության առարկա չհանդիսացող ընտանի կենդանիների (2 միավոր), ընտանի թռչունների (10 միավոր), ինչպես նաև գյուղատնտեսությունը որպես հիմնական զբաղմունք ունեցող պարտապաններին պատկանող անասնակերի և հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուի վրա.

4) մինչև 5 000 դրամ արժողությամբ գույքի, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում.

5) հաշմանդամների համար նախատեսված հատուկ, ինչպես նաև նրանց հնարավորություններին հարմարեցված փոխադրամիջոցների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների, որոնց օգտագործումը պայմանավորված է պարտապանի հնարավորություններով.

6) միակ այն բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարի, որը ենթակա է վերադարձման պարտապանին.

8) որպես սոցիալական աջակցություն տրամադրված գույքի:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի համաձայն` կատարողական թերթով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ կամ կատարողական մակագրության թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են`

1) առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար.

2) ալիմենտային պարտավորությունների համար.

(...)

5) որպես պետական նպաստ կամ սոցիալական աջակցություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում` ընտանիքներին.

7) վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց` որպես փոխհատուցում.

8) հաշմանդամներին.

9) տուժողին` լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման, պրոթեզավորման և նրա խնամքի համար.

10) աշխատանքից ազատվելու դեպքում` որպես արձակման նպաստ.

11) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտներին և սովորողներին` որպես դրամական ապահովություն.

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին` որպես պատվովճար:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե`

1) բռնագանձվում է ալիմենտ.

2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը.

3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:

Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով: Տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն` ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե այդ օրենքի` «Ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկությունները» վերնագիրը կրող 11-րդ գլխով այլ բան նախատեսված չէ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված մեկ այլ կարգի համաձայն` պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, իսկ նույն օրենքի 11-րդ գլխում ներառված համապատասխան իրավակարգավորման համաձայն` այդ վճռով միաժամանակ արգելանք է դնում տվյալ պարտապանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող տարածվել բռնագանձում:

Տվյալ դեպքում միակ օրենքը, որով օրենսդիրը սահմանել է, թե որ գույքի վրա չի կարող տարածվել բռնագանձում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքն է, որով նախատեսված համապատասխան իրավակարգավորումների համաձայն` աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները չեն կազմում ինչպես «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ նույն օրենքի 60-րդ հոդվածի առարկա, այսինքն` դրանց վրա կարող է տարածվել բռնագանձում օրենքով սահմանված դեպքերում ու կարգով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն` կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը: Ընդ որում, պահումների այդ չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե բռնագանձվում է ալիմենտ, հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը, որոնցից յուրաքանչյուր դեպքում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իրավակարգավորումները կիրառելի են բացառապես մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը պարտապանի ստացած աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների վրա արգելանք դնելու ու բռնագանձում տարածելու առումով, որպիսի եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս ստացած աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների վրա արգելանք դնելու առումով օրենսդիրը, ըստ էության, նախատեսել է առանձնահատուկ իրավակարգավորում: Այսպես`

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վերջինիս վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նաև այն գույքը, որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչև գործի ավարտը կամ 68-րդ հոդվածով նախատեսված դեպքի վրա հասնելը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ դրան հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նաև այն գույքի, որը ստացվել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածը չի տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա:

Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը ֆիզիկական անձ-պարտապանի սնանկության ևս մեկ առանձնահատկություն է նախատեսել, որի համաձայն`

- ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու դեպքում վերջինիս վաճառքի ենթակա գույքի կազմում ներառվում է նաև այն գույքը, որը նա ձեռք է բերել սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, սակայն մինչև գործի ավարտը կամ 68-րդ հոդվածով նախատեսված դեպքի վրա հասնելը,

- ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում պարտապան ֆիզիկական անձի վաճառքի ենթակա գույքի կազմում չի ներառվում վերջինիս սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված գույքը, բացառությամբ դրան հաջորդող 180 օրվա ընթացքում ժառանգությամբ ստացված կամ ժառանգություն բացելու դեպքում ստացման ենթակա գույքի, ինչպես նաև այն գույքի, որը ստացվել է մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում:

Ընդ որում, նույն հոդվածի 3-րդ մասով, ըստ էության, նախատեսվել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վերը նշված իրավակարգավորումները չեն տարածվում պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումների վրա:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավական նորմերը, արձանագրում է, որ անկախ ֆիզիկական անձի առողջացման ծրագիր հաստատված լինելու կամ չլինելու հանգամանքից, ֆիզիկական անձանց սնանկության դեպքում պարտապանի` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված` վաճառքի ենթակա գույքի կազմում չեն կարող ներառվել նրան սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերջինիս ստացած աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ՍնԴ/0163/04/22 սնանկության գործի շրջանակներում անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի միատեսակ կիրառության հարցին, 19.03.2024 թվականին կայացված որոշմամբ դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ պարտապանի աշխատավարձից կատարվող գանձումներն աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակներում գործատուի հանդեպ աշխատողի ունեցած պարտքերի մարմանն ուղղված գումարներն են, որպիսի հանգամանքի հաշվառմամբ դրանք պարտապանի գույքի կազմի մեջ չեն ներառվում` անկախ ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված լինելու կամ չլինելու փաստից: Այլ կերպ ասած` օրենսդիրն իսպառ բացառել է պարտապանի գույքի կազմում աշխատավարձից կատարվող գանձումները ներառելու հնարավորությունը` հիմք ընդունելով այդ գանձումների նպատակային ուղղվածությունը: Ֆինանսական առողջացման ծրագիր հաստատված չլինելու դեպքում սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի ստացած աշխատավարձը պարտապանի գույքի կազմի մեջ չի մտնում:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դատարանի 23.02.2022 թվականի վճռով Արմեն Հովհաննիսյանի կամավոր սնանկության դիմումը բավարարվել է` Արմեն Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ, և արգելանք է դրվել վերջինիս գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել: Դատարանի 23.05.2022 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը և նշանակվել է պարտատերերի առաջին ժողով: Կոմիտեի 27.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է որպես չապահովված` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում նշված հերթում: Արմեն Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով վերացնել իր դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքները:

Դատարանը 01.06.2022 թվականին որոշում է կայացրել Արմեն Հովհաննիսյանի միջնորդությունը բավարարելու` 23.02.2022 թվականից նրան փոխանցվող աշխատավարձի վրա սույն գործով կիրառված արգելանքը վերացնելու մասին` պատճառաբանելով, որ ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է պարտապանի աշխատավարձից կատարվող այն գանձումներին, որոնք թվարկված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ հոդվածում, հետևաբար պարտապանի աշխատավարձից կատարվող բռնագանձումների վրա տարածվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական ռեժիմը, մասնավորապես սնանկ ճանաչվելուց հետո ստացված աշխատավարձը չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում և բռնագանձման ենթակա չէ, ուստի պարտատեր ՀՀ ՊԵԿ-ի առարկությունը` կապված աշխատավարձի բռնագանձման և աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ ապացույցների չներկայացման մասով անհիմն է և ենթակա է մերժման», «ողջամիտ չէ պատկերացնել այն իրավիճակը, որ պարտապանի աշխատավարձի վրա արգելանք կիրառելով և բռնագանձում տարածելով` պարտապանը իր կենսաապահովման կարիքները կկարողանա նվազագույն չափով հոգալ, քանի որ աշխատավարձը հանդիսանում է անձի արժանապատիվ գոյության իրավունքի միակ երաշխավորը»:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանելով, որ`

- «աշխատանքային պայմանագրի հասկացությունն ու էությունը, դրանից բխող իրավական հետևանքները չեն կարող նույնանալ «Սնանկության մասին» օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով որպես բացառություն սահմանված` մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում ստացված գույքի համար, քանի որ աշխատավարձը կատարված աշխատանքի դիմաց հատուցում է, այլ ոչ թե որևէ գործարքի արդյունքում ձեռք բերված գույք»,

- ««Սնանկության մասին» օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը վերաբերում է անմիջապես գործարքի արդյունք հանդիսացող գույքի ձեռքբերման դեպքերին, մինչդեռ, դրա կանոնները կիրառելի չեն աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ, քանի որ տվյալ իրավահարաբերությունների բովանդակությունից հետևում է, որ անձը ստանում է վարձատրություն իր կողմից կատարվող աշխատանքի դիմաց»,

- ««Սնանկության մասին» օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով որպես բացառություն նախատեսված` մինչև սնանկության դիմում ներկայացնելը պարտապանի կնքած գործարքի արդյունքում ստացված գույքի իմաստով, չի տարածվում պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրա կողմից աշխատանքային իրավահարաբերությունների արդյունքում ձեռքբերվող աշխատավարձի նկատմամբ, քանի որ ինչպես վերը նշվեց, աշխատանքային իրավահարաբերությունների բնույթը չի ենթադրում որևէ գործարքի արդյունքում գույքի ստացում»,

- «պարտապանի աշխատավարձի վրա արգելանք դնելու իրավական գործընթացը սնանկության վարույթի շրջանակներում չի կարող իրականացվել այնպես, որ պարտապանը սնանկ ճանաչվելու մասին վճիռ կայացվելուց, և դրա օրինական ուժի մեջ մտնելուց հետո անորոշ ժամանակով զրկվի իր աշխատանքի դիմաց վարձատրությունն օգտագործելու հնարավորությունից, քանի որ դա կհանգեցնի պարտատերերի և պարտապանի իրավունքների պաշտպանության ողջամիտ հավասարակշռության խախտմանը»,

- «պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ստացվող աշխատավարձը չի մտնում «Սնանկության մասին» օրենքի 95-րդ հոդվածի իմաստով վաճառքի ենթակա գույքի կազմի մեջ, հետևաբար` այդ կապակցությամբ Դատարանի կողմից կատարված եզրահանգումներն իրավաչափ են»,

22.09.2022 թվականին որոշում է կայացրել Կոմիտեի բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 01.06.2022 թվականի «Արգելանքը վերացնելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

Վերոգրյալ իրավակարգավորումների և դրանց վերաբերյալ հայտնված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը, ըստ էության, բխում է վերոգրյալ իրավակարգավորումներից ու դրանց վերաբերյալ սույն որոշմամբ հայտնված իրավակարգավորումներից, քանի որ գործի փաստերով հաստատվում է, որ Արմեն Հովհաննիսյանի աշխատավարձի նկատմամբ կիրառված արգելանքը Դատարանի 01.06.2022 թվականի որոշմամբ վերացվել է 23.02.2022 թվականից, այսինքն` Արմեն Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո նրան փոխանցված աշխատավարձի մասով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 22.09.2022 թվականի որոշումը վերացնելու համար, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան

Ա. Աթաբեկյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=46161896180562780

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.04.2024
N ՍնԴ/0375/
Որոշում