Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ2/0250/05/23

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0250/05/23            2024թ.

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2024 թվականի մայիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Կոտայքի մարզի դատախազության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի ՀՀ Կոտայքի մարզի դատախազության ընդդեմ Ծաղկաձոր համայնքի ղեկավարի` Ծաղկաձոր համայնքի ավագանու 12.03.2012 թվականի «Համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 10-Ն որոշումը մասնակի` 0,18 հա հողամասն օտարելու մասով, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 26.06.2012 թվականի թիվ 51 որոշումը վերացնելու, և որպես հետևանք` 17.06.2012 թվականին անցկացված աճուրդը, 26.06.2012 թվականի անշարժ գույքի վաճառքի մասին պայմանագիրը, 10.07.2012 թվականի անշարժ գույքի վաճառքի մասին պայմանագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեում Արմեն Մանուկյանի անվամբ 29.06.2012 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, ՀՀ կադաստրի կոմիտեում Սամվել Վարդանյանի անվամբ 14.07.2012 թվականի տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունը պահանջել է վերացնել Ծաղկաձոր համայնքի ավագանու 12.03.2012 թվականի «Համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 10-Ն որոշումը մասնակի` 0,18 հա հողամասն օտարելու մասով, Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 26.06.2012 թվականի թիվ 51 որոշումը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել 17.06.2012 թվականին անցկացված աճուրդը, 26.06.2012 թվականի անշարժ գույքի վաճառքի մասին պայմանագիրը, 10.07.2012 թվականի անշարժ գույքի վաճառքի մասին պայմանագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեում Արմեն Մանուկյանի անվամբ 29.06.2012 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, ՀՀ կադաստրի կոմիտեում Սամվել Վարդանյանի անվամբ 14.07.2012 թվականի տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 12.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.12.2023 թվականի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.10.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ` Լիլիթ Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ և 98-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 144-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոքաբերը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Ծաղկաձոր քաղաքային համայնքի ավագանու և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հակասող որոշումները դատական կարգով վիճարկելու իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարության լիազոր մարմնին, անհիմն է, քանի որ վերջինս որպես իրավական հսկողության մարմին ներառված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով վարչական դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենքով լիազոր մարմնի կողմից իրավական հսկողության իրականացումը սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականության ստուգմամբ: Օրինականության սահմանադրական սկզբունքի բովանդակության համաձայն` հսկողություն իրականացնող մարմինը կարող է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք համայնքի ղեկավարը կամ ավագանին նման որոշում կայացնելու լիազորություն ունեցել են, թե ոչ` առանց անդրադառնալու դրա արդյունքում իրավունքի խախտման առկայության հարցերին: Այսինքն` իրավական հսկողություն իրականացնող մարմիններին վերապահված չէ համայնքի շահերի պաշտպանության լիազորություն, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարան դիմելու իրավունքը ծագում է միայն այն դեպքում, եթե համապատասխան մարմնի վրա դրված է խախտված իրավունքի պաշտպանությունը:

Իրավական հսկողության մարմիններին համայնքային շահերի պաշտպանության իրավունք վերապահված չլինելու պայմաններում անհիմն են նաև Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` վերջիններիս համայնքային շահերի խախտման փաստի մասին իրազեկելու և հայց հարուցելու առաջարկ անելու վերաբերյալ, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` նման առաջարկ արվում է այն մարմնին, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելու լիազորությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 4-ի որոշումը և վերացնել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը»:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ և 98-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցման բացառիկ դեպքերի առանձնահատկություններին:

 

ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն`

1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

1) հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

3. Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` օրենքի հիման վրա:

5. Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 17.11.2017 թվականին և ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է նույն օրենքով և այլ օրենքներով:

Մինչև 01.03.2023 թվականին ընդունված և 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-104-Ն օրենքով կատարված փոփոխությունները գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

Վերը նշված խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի «Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը» վերտառությամբ 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի, այդ թվում` պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.

4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.

3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:

01.03.2023 թվականին ընդունված և 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`».

2) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելու նպատակով դատախազն իրավունք ունի`».

3) ամբողջ տեքստը «պետություն» բառի համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «(համայնք)» բառի համապատասխան հոլովաձևերով»:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` «Օրենքում «պետական շահեր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պետական (համայնքային) շահեր» բառերով»:

06.04.2023 թվականից սկսած գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

06.04.2023 թվականից սկսած գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի «Պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելը» վերտառությամբ 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը (համայնքին) պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.

4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ

2) պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.

3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:

««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներում, ի թիվս այլնի, նշված է հետևյալը. «(...) «համայնքային շահ» հասկացությունը ներառվում է «պետական շահ» հասկացության մեջ, ինչը հաստատվում է ինչպես ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով, այնպես էլ` ներպետական օրենսդրությամբ տրված սահմանումներով»(1):

 

1) Տե՛ս ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումները հետևյալ հղմամբ` http://www.parliament.am/draft_docs8/K-491_Himnavorum.pdf:

 

Վերը նշված իրավական նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ դատախազության լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, համաձայն որի` դատախազությունը, ի թիվս այլնի, օժտված է նաև պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությամբ, որը կարող է իրացվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում: «Դատախազության մասին» ՀՀ օրենքով համապատասխանաբար սահմանվել են այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պայմաններում դատախազությունը կարող է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել:

01.03.2023 թվականին ընդունված և 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում «պետական շահ» հասկացությունը «Դատախազության մասին» ՀՀ օրենքի ամբողջ տեքստում փոխարինվել է «պետական (համայնքային) շահ» բառակապակցությամբ: Այլ կերպ ասած` օրենքում կատարված փոփոխություններով հստակեցվել է բացառիկ դեպքերում դատախազի կողմից համայնքի գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասությունը:

Հարկ է նկատել, որ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներում ընդգծվել է այն հանգամանքը, որ «համայնքային շահ» հասկացությունը ներառվում է «պետական շահ» հասկացության մեջ: Հիմք ընդունելով օրենսդրի կողմից օրենքի նախագծի ընդունման հիմքում դրված «պետական շահի» և «համայնքային շահի»` որպես ամբողջի և մասի հարաբերակցության հայեցակարգը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու բացառիկ դեպքերին:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոններով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու բացառիկ դեպքերը անհրաժեշտ է դիտարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված` վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ նախապայմանների լույսի ներքո:

Այսպես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:

Այսինքն` ստացվում է, որ դատախազությունն ընդդեմ վարչական մարմնի ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք ունի այն դեպքում, երբ համարում է, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, և եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով: Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից նախքան ՀՀ վարչական դատարան դիմելը իրավասու սուբյեկտի համար նախատեսվել են որոշակի նախապայմաններ, որոնց բավարարման դեպքում է վերջինս իրավունք ստանում դիմելու ՀՀ վարչական դատարան: Մասնավորապես`

1) դատախազն իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է պետական (համայնքային) շահերի խախտման փաստ, հայց ներկայացնելու առաջարկություն արել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, որպիսի առաջարկը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում տվյալ մարմինը հայց չի ներկայացրել դատարան, կամ

2) դատախազը հայտնաբերել է պետական (համայնքային) շահերի խախտման փաստ, որպիսի հայցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածը հստակ ընդգծում է այն, որ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության համար հայց հարուցելու լիազորությունը գործում է միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնային լիազորությունը այդ հարցում պատկանում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը պատճառվել է գույքային վնաս:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազությունը կարող է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցել այն դեպքերում, երբ համարում է, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցումը պետք է ուղղված լինի պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը:

Հաջորդիվ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական (համայնքային) շահերի խախտման դեպքում դատախազությունն իրավասու է հայց հարուցելու ինչպես այն դեպքում, երբ նման լիազորություն վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, այնպես էլ այն իրավիճակներում, երբ այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, նման հայց ողջամիտ ժամկետում չի հարուցել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին դեպքում, դատախազը, համարելով, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, իսկ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետք է անմիջապես ձեռնամուխ լինի պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցմանը: Այսինքն` այն դեպքերում, երբ պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային իրավասություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մի շարք դեպքերում օրենսդիրը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային լիազորությունը վերապահել է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը (համայնքին) պատճառվել է գույքային վնաս: Ուստի այն դեպքում, երբ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը, նախ պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն կատարի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին: Այնուհետև դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալուց հետո համապատասխան մարմնի կողմից ողջամիտ ժամկետում հայց չներկայացնելու, այլ կերպ ասած` անգործություն դրսևորելու պարագայում միայն դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասություն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազի ներկայացրած առաջարկությունը ստանալուց հետո պետական շահերի պաշտպանությանն առնչվող համապատասխան հայցով դատարան դիմելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունը սահմանափակված է ողջամիտ ժամկետով, որը տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է հաշվարկվի համապատասխան հայցատեսակի դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետներով: Ընդ որում, տվյալ ժամկետի հաշվարկման ելակետը պետք է պայմանավորել դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալու պահով:

Այլ կերպ ասած` եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը ստացել է դատախազի առաջարկությունը` պետական շահերի պաշտպանությանն առնչվող հարցով դատարան դիմելու վերաբերյալ, ապա տվյալ մարմինը առաջարկությունը ստանալուց հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հայց ներկայացնելու ժամկետների պահպանմամբ պետք է դիմի ՀՀ վարչական դատարան, որպիսի ժամկետներում ներկայացված հայցը կհամարվի ողջամիտ ժամկետում ներկայացված:

Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը հարուցել է նկարագրված ընթացակարգի խախտմամբ, այսինքն` չեն պահպանվել նախքան դատարան հայց ներկայացնելն օրենքով սահմանված նախապայմանները, ապա հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, քանի որ հայցադիմումը ներկայացվել է նման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից:

Ի լրումն վերոգրյալի` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատախազության կողմից վարչական մարմնի դեմ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու հաջորդ նախապայմանը վեճը վերադասության կարգով լուծման ենթակա չլինելն է:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ համայնքի ավագանու վարչական ակտի, գործողության կամ անգործության կապակցությամբ դատախազի կողմից համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցման բացառիկ դեպքերին.

Այսպես` ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը (...):

ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում, ինչպես նաև կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, (...):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն` համայնքի ավագանին նույն օրենքով սահմանված կարգով` (...)

9) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.

10) դատական կարգով կարող է վիճարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և համայնքի ավագանու որոշումներին հակասող` համայնքի ղեկավարի որոշումները (...):

1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով համայնքի ղեկավարի որոշումների կապակցությամբ դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերին, հարկ է համարում նախ բացահայտել այն հարցը, թե արդյոք տվյալ հարցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի:

Վերը վկայակոչված իրավական նորմերից բխում է, որ համայնքի ավագանու հիմնական լիազորություններից է համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և համայնքի ավագանու որոշումներին հակասող որոշումների վիճարկումը դատական կարգով: Այսինքն` համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով իրավասու է դատական կարգով վիճարկման առարկա դարձնել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և համայնքի ավագանու որոշումներին հակասող` համայնքի ղեկավարի որոշումները, որպիսի լիազորության առկայությունը, անշուշտ, օրենսդրի կողմից հետապնդել է համայնքային շահերի պաշտպանության նպատակ:

Հետևաբար այն պայմաններում, երբ դատախազը իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է համայնքի ղեկավարի կողմից համայնքային շահերի խախտման փաստ, պարտավոր է հայց ներկայացնելու առաջարկությամբ դիմել համայնքի ավագանուն, քանի որ վերջինիս է վերապահված համայնքային շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելու առաջնային իրավասությունը: Եթե դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո համայնքի ավագանին ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել դատարան, ապա միայն այդ պայմաններում է դատախազությունը ձեռք բերում համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավունք:

Այսինքն` համայնքի ղեկավարի վարչական ակտի, գործողության կամ անգործության կապակցությամբ դատախազը իրավասու է համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել միայն այն պայմաններում, երբ վերջինս հայց ներկայացնելու առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, իսկ համայնքի ավագանին ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, այլ կերպ ասած` դրսևորել է անգործություն, որպիսի պայմաններում կարելի է փաստել օրենքով նախատեսված բացառիկ դեպքի և ըստ այդմ` պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու լիազորությունը իրացնելու համար անհրաժեշտ նախապայմանների առկայության մասին:

2. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև այն հարցին, թե արդյո՞ք համայնքի ավագանու վարչական ակտի, գործողության կամ անգործության կապակցությամբ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասությունը վերապահված է որևէ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կարող է իրականացնել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով` իր հաստատած հարցաշարերի հիման վրա:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացվում է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Նույն մասով նախատեսված աշխատանքային ծրագրում չընդգրկված դեպքերում իրավական և մասնագիտական հսկողություն կարող է իրականացվել միայն նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան` տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Վերը նշված իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունը» վերտառությամբ 8-րդ գլխով նախատեսվում են, ի թիվս այլնի, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրականացվող հսկողության ձևերը և հսկողություն իրականացնող մարմինների իրավասությունները: Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ հսկողությունը մեծամասամբ ունի կանխարգելիչ գործառույթ և առավելապես նպատակաուղղված է ոչ իրավաչափ ակտերի կայացումը, ոչ իրավաչափ գործողությունը կամ անգործությունը, օրենքի պահանջների խախտումները կանխելուն: Հսկողություն իրականացնող իրավասու սուբյեկտները հսկողություն իրականացնելիս բացահայտում և կանխորոշում են հսկողության ենթարկվող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականությունը, այսինքն` համապատասխանությունը օրենքով տվյալ գործունեության համար նախատեսված պահանջներին:

Տվյալ դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ ՀՀ կառավարության լիազոր մարմինը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն, ինչը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման օրինականության ստուգմամբ: Նույն օրենքի համաձայն` պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է: ՀՀ կառավարության լիազոր մարմինը իրավական հսկողությունը կարող է իրականացնել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով` իր հաստատած հարցաշարերի հիման վրա և իր կողմից հաստատված ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան, իսկ նշված աշխատանքային ծրագրում չընդգրկված դեպքերում իրավական հսկողություն կարող է իրականացվել միայն ՀՀ կառավարության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:

Արդյունքում հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո` 20 աշխատանքային օրվա ընթացքում, դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին: Այն դեպքում, երբ դիմումը ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, տեղական ինքնակառավարման մարմինը չի փոփոխում կամ վերացնում իր որոշումը և այդ մասին տեղեկացնում դիմումը ներկայացրած մարմնին, ապա դիմումը ներկայացրած հսկողություն իրականացնող մարմինը հայց է ներկայացնում դատարան` տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականության ապահովումն է, իսկ այդ գործընթացի իրականացման ընթացքում ձեռնարկվող միջոցները սահմանվում են բացառապես օրենքով: Այսինքն` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունը» վերտառությամբ 8-րդ գլխով նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության այնպիսի համալիր կառուցակարգ, որը բաղկացած է օրենքով նախատեսված հաջորդական քայլերի ամբողջությունից, որն արդյունքում կարող է եզրափակվել հսկողություն իրականացնող մարմնի կողմից հայցի հարուցմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված կառուցակարգի շրջանակներում կիրառվող միջոցները, մասնավորապես` տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան հայց ներկայացնելը, կարող են ձեռնարկվել բացառապես տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության իրականացման շրջանակներում` ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված կարգավորման իրացումն ուղղված է օրինականության պահպանմանը և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հսկողություն իրականացնող մարմնի անհամաձայնության դեպքում հարցի դատական կարգով վերջնական լուծմանը: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկությունը չի կարող հիմք հանդիսանալ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության իրականացման համար, քանի որ նշված կառուցակարգը հետապնդում է բոլորովին այլ նպատակ և կարող է իրացվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունն ամենևին չի հետապնդում համայնքի գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության նպատակ և նշված գործընթացի ընթացքում կիրառելի միջոցները կարող են իրացվել միայն օրենքով նախատեսված հսկողության իրականացման շրջանակներում` ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Ուստի նույն օրենքի իմաստով ՀՀ կառավարության լիազոր մարմինը չի կարող համարվել այն պետական մարմինը, որին վերապահված է համայնքային շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքի ղեկավարի որոշումների վիճարկման պայմաններում դատախազությունը պարտավոր է հայց ներկայացնելու առաջարկությամբ դիմել համայնքի ավագանուն, քանի որ վերջինս օժտված է ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և համայնքի ավագանու որոշումներին հակասող` համայնքի ղեկավարի որոշումների կապակցությամբ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելու իրավասությամբ, մինչդեռ համայնքի ավագանու որոշումների վիճարկման պարագայում դատախազությունը օժտված է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային իրավասությամբ, քանի որ տվյալ հարցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունը պահանջել է վերացնել Ծաղկաձոր համայնքի ավագանու 12.03.2012 թվականի «Համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 10-Ն որոշումը մասնակի` 0,18 հա հողամասն օտարելու մասով, ինչպես նաև Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 26.06.2012 թվականի թիվ 51 որոշումը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել 17.06.2012 թվականին անցկացված աճուրդը, 26.06.2012 թվականի անշարժ գույքի վաճառքի մասին պայմանագիրը, 10.07.2012 թվականի անշարժ գույքի վաճառքի մասին պայմանագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեում Արմեն Մանուկյանի անվամբ 29.06.2012 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, ՀՀ կադաստրի կոմիտեում Սամվել Վարդանյանի անվամբ 14.07.2012 թվականի տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և սեղանամատյանի գրառումները:

Դատարանը 12.10.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժել է այն հիմնավորմամբ, որ «(...) Դատարանը գտնում է, որ ՀՀ Կոտայքի մարզի դատախազը Ծաղկաձոր համայնքի ավագանու 12.03.2012 թվականի «Համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 10-Ն և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 26.06.2012 թվականի թիվ 51 որոշումների իրավաչափությունը վիճարկելու իրավունք ակնհայտորեն չունի. մասնավորապես` վիճարկվող որոշումներն ընդունվել են 12.03.2012 թվականին և 26.06.2012 թվականին, իսկ դատախազության` համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը ծագել է 06.04.2023 թվականից սկսած, որպիսի լիազորություն տվող նորմի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա:

(...)

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի, սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ, ինչպես նաև իրավական և մասնագիտական հսկողություն` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ:

Ընդ որում, Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն իրավասու են համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը հակասող որոշումները վերացնելու կամ փոփոխելու առաջարկով որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո դիմելու համապատասխանաբար համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին, որպիսի պայմաններում տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իր որոշումը չփոփոխելու կամ վերացնելու դեպքում հսկողություն իրականացնող մարմինն իրավասու է հայց ներկայացնել դատարան` տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

(...) Դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բացակայում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված` պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու` համայնքային շահերի ենթադրյալ խախտման հարցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վերապահված չլինելու բացառիկ հիմքն այն հաշվառմամբ, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի վերոշարադրյալ վերլուծություններից հետևում է, որ համայնքային շահերի ենթադրյալ խախտման հարցով հայց ներկայացնելու իրավասությունը հստակ վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին»:

Վերաքննիչ դատարանի 04.12.2023 թվականի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 12.10.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ. «(...) այն դեպքերում, երբ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող կոնկրետ հարցով հայց ներկայացնելը վերապահված է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը, նախ, պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն անի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, ապա, վերջինիս կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չներկայացվելու դեպքում, դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցի դատարան:

Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը հարուցել է վերը նկարագրված ընթացակարգի խախտմամբ` առանց համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին հայց ներկայացնելու առաջարկություն անելու, հայցը համարվում է ներկայացված նման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, ինչն էլ Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու բավարար հիմք է:

Ըստ այդմ, հաշվի առնելով, որ Դատախազությունը, դիմելով Վարչական դատարան, խնդրել է անվավեր ճանաչել Ծաղկաձոր համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 12-ի «Համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 10-Ն որոշումը մասնակի` 0,18 հա հողամասն օտարելու մասով և 2012 թվականի հունիսի 26-ի թիվ 51 որոշումը` կիրառելով իրավաբանական հետևանքներ` Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյո՞ք սույն դեպքում համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասությունը վերապահված է որևէ մարմնի, թե ոչ, եթե այո, ապա արդյո՞ք Դատախազության կողմից պահպանվել է վերը նկարագրված ընթացակարգը, թե ոչ:

(...)

Վերը վկայակոչված իրավանորմերի լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վիճարկվող որոշումներն ընդունվել են Ծաղկաձոր քաղաքային համայնքի ավագանու և Ծաղկաձոր համայնքի ղեկավարի` տեղական ինքնակառավարման մարմնի, կողմից, ինչը նշանակում է, որ վերջինիս լիազորությունների իրականացման նկատմամբ վերահսկողությունը և նրա ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հակասող որոշումները դատական կարգով վիճարկելու իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարության լիազոր մարմնին, մինչդեռ, սույն հայցադիմումին կից ներկայացված նյութերում առկա չէ որևէ ապացույց, որը կվկայեր տվյալ դեպքում համապատասխան պետական մարմնի` համայնքային շահերի խախտման փաստի մասին իրազեկ լինելու, այդ խախտման փաստով դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալու և առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չներկայացնելու մասին»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով ՀՀ Կոտայքի մարզի դատախազի կողմից ներկայացվել է երկու հիմնական պահանջ, այն է` անվավեր ճանաչել (1) Ծաղկաձոր համայնքի ավագանու 12.03.2012 թվականի «Համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 10-Ն որոշումը մասնակի` 0,18 հա հողամասն օտարելու մասով, և (2) Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 26.06.2012 թվականի թիվ 51 որոշումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 26.06.2012 թվականի թիվ 51 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով ստորադաս դատարանների դիրքորոշումներն իրավաչափ են այն հաշվառմամբ, որ համայնքի ղեկավարի որոշման կապակցությամբ համայնքային շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իրավասությունը վերապահված է համայնքի ավագանուն, որպիսի պայմաններում բացակայում է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված բացառիկ դեպքը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Կոտայքի մարզի դատախազը Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 26.06.2012 թվականի թիվ 51 որոշման կապակցությամբ համայնքային շահերի պաշտպանության հայցը հարուցել է օրենքով սահմանված ընթացակարգի խախտմամբ, ուստի այն ներկայացվել է նման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից և ենթակա է մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով:

Անդրադառնալով ՀՀ Կոտայքի մարզի դատախազի կողմից ներկայացված հայցի հաջորդ հիմնական պահանջի` Ծաղկաձոր համայնքի ավագանու 12.03.2012 թվականի թիվ 10-Ն որոշումը մասնակի` 0,18 հա հողամասն օտարելու մասով, ընդունումը մերժելու իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված` պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու` համայնքային շահերի ենթադրյալ խախտման հարցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վերապահված չլինելու բացառիկ հիմքը` այն հիմնավորմամբ, որ տվյալ դեպքում համայնքային շահերի ենթադրյալ խախտման հարցով հայց ներկայացնելու իրավասությունը վերապահված չէ որևէ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը 12.10.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Ծաղկաձոր համայնքի ղեկավարի 26.06.2012 թվականի թիվ 51 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասով եկել է ճիշտ եզրահանգման, իսկ Ծաղկաձոր համայնքի ավագանու 12.03.2012 թվականի «Համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 10-Ն որոշումը մասնակի` 0,18 հա հողամասի օտարումն անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ, եկել է ոչ իրավաչափ եզրահանգման, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու և Վերաքննիչ դատարանի 04.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը` Ծաղկաձոր համայնքի ավագանու 12.03.2012 թվականի «Համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 10-Ն որոշումը մասնակի` 0,18 հա հողամասի օտարումն անվավեր ճանաչելու պահանջի մասով Դատարանի 12.10.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումն անփոփոխ թողնելու մասով վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը մասնակի և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 12.10.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը` Ծաղկաձոր համայնքի ավագանու 12.03.2012 թվականի «Համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդային կարգով օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 10-Ն որոշումը մասնակի` 0,18 հա հողամասն օտարումն անվավեր ճանաչելու պահանջի մասով:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 04.12.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշմամբ նշված պատճառաբանությամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809984029

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.05.2024
N ՎԴ2/0250/05/23
Որոշում