Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ1/0159/05/21

    Վարչական գործ թիվ ՎԴ1/0159/05/21            2024թ.

Նախագահող դատավոր` Ա. Հարությունյան

    Դատավորներ`        Ռ. Խանդանյան

                       Է. Նահապետյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ք. Մկոյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

2024 թվականի մայիսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Մարինա Գրիգորյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձ ՀՀ ոստիկանություն` 22.02.2021 թվականի թիվ 07240680 որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մարինա Գրիգորյանը պահանջել է ճանաչել Ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածքային բաժանմունքի 22.02.2021 թվականի թիվ 07240680 որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասին հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Վ. Միքաելյան) (այսուհետ` Դատարան) 21.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.03.2023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.02.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ Նաթելլա Տոնոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ որոշումը կհամարվի անձամբ հանձնված, եթե միաժամանակ հասցեատերը հրաժարված լինի որոշումը ստանալուց, և առկա լինի որոշումը հանձնողի նշումն այդ մասին, այսինքն` եթե որոշումը հանձնողի նշումը` հասցեատիրոջ կողմից որոշումը ստանալուց հրաժարվելու վերաբերյալ, բացակայում է, ապա որոշումը չի կարող համարվել անձամբ հանձնված, ուժի մեջ մտած, հետևաբար նաև անբողոքարկելի դարձած:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում վիճարկվող որոշման վերջնամասում առկա է նշագրում` հետևյալ բովանդակությամբ. «Մ. Գրիգորյանը հրաժարվել է ստորագրելուց»: Առկա է վարչական տույժ նշանակելու մասին որոշումը և հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը, որից պարզ է դառնում, որ վարչական մարմինը ներկայացրել է այն անհրաժեշտ հիմքերը, որոնք բավարար էին հարկադիր կատարողի համար կատարողական վարույթ հարուցելու և արգելանք դնելու համար:

Այսպիսով, սույն գործով առկա են եղել իրավահարաբերության առաջացման բոլոր հիմքերը և հարկադիր կատարողը, կառավարության սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ստանալով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից ուղարկված վարչական վարույթի նյութերը, իրավաչափորեն է հարուցել կատարողական վարույթը և կիրառել հարկադիր կատարման միջոցներ:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.03.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության կամ փոփոխել այն` կայացնելով նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 3112 որոշման համաձայն` Մարինա Գրիգորյանը կատարված իրավախախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության: Նույն որոշման համաձայն` «Մ. Գրիգորյանը հրաժարվել է ստորագրելուց» (հատոր 1-ին, գ.թ. 95):

2) ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունը 11.02.2021 թվականի թիվ 27.0064 գրությամբ դիմել է Ծառայության Սիսիանի տարածքային բաժին` 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 3112 որոշմամբ նշված դրամական պահանջների կատարումն ապահովելու խնդրանքով (հատոր 1-ին, գ.թ. 93-94):

3) Ծառայության Սիսիանի տարածքային բաժնի 22.02.2021 թվականի որոշմամբ հարուցվել է թիվ 07240680 կատարողական վարույթը` Մարինա Գրիգորյանից հօգուտ պետական բյուջեի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշմամբ նշված գումարը, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձելու մասին: Նշված գումարի չափով արգելանք է դրվել Մարինա Գրիգորյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 96):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածի առնչությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման առանձնահատկություններին` վերահաստատելով նաև նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

 

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակը: Նշված հոդվածի 7-րդ կետի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի համաձայն` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող (...) փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման նույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում` հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո` եռամսյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`

1) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.

2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, և գանձման ենթակա գումարի չափը.

4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը.

5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.

6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.

7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական ակտերի հարկադիր կատարման վարույթի մեկնարկի, այսինքն` վարչական ակտի հարկադիր կատարման իրավահարաբերության ծագման և ըստ այդմ` հարկադիր կատարման միջոցների կիրառման համար անհրաժեշտ է Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և նույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված գրության ու դրան կից ապացույցների առկայությունը: Այսինքն, հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով Ծառայությունն իրավասու է հարուցել կատարողական վարույթ, իսկ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը ծագում է հետևյալ փաստական հիմքերի համակցությամբ.

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայություն է ներկայացվել Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող կատարման վերաբերյալ գրություն,

- վերը նշված գրությունը ներկայացվել է Ծառայություն` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում` հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո` եռամսյա ժամկետում,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել է հարկադիր կատարման ենթակա վարչական ակտը,

- վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից Ծառայությանն ուղղված գրությանը կցվել են այդ ակտի մասին Օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները:

Վերը նշված պահանջներից որևէ մեկի պահպանված չլինելու դեպքում հարկադիր կատարողը պետք է իրացնի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված` Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու լիազորությունը: Հետևում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերությունը կարող է ծագել միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով նշված վերադարձի հիմքերի բացակայության դեպքում:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հարկադիր կատարման ենթակա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու և ըստ այդմ` ուժի մեջ մտնելու և անբողոքարկելի դարձած լինելու փաստերը հավաստող անհրաժեշտ ապացույցների շրջանակին:

Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Վերջինիս 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով: Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի նորմը, որպես ընդհանուր կանոն, վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորելով տվյալ ակտի մասին վարույթի մասնակիցներին իրազեկելու հանգամանքով, միաժամանակ թույլատրում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանել վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ:

Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու հատուկ կանոններ են սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 283-րդ հոդվածը սահմանում է. «(...) Որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում անձամբ հանձնվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաև տուժողին` նրա խնդրանքով: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե` 1) այն ստորագրությամբ առձեռն հանձնվել է հասցեատիրոջը, կամ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին. 2) այն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, և այդ օրենքով համարվում է պատշաճ ծանուցված. 3) պաշտոնական էլեկտրոնային փոստ չունեցող հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա այն ուղարկվել է էլեկտրոնային փոստով կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով, և դրանք հավաստում են պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստը. 4) հասցեատերը դիմել է տուգանքի վճարումը տարաժամկետելու խնդրանքով կամ բողոքարկել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշումը, որոնց դեպքում որոշումը հանձնելու օր է համարվում տարաժամկետելու խնդրանքով դիմելու կամ բողոքարկելու օրը:

Եթե հնարավոր չէ որոշումը հանձնել առձեռն, կամ հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ (բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն` անձը չունի նույնականացման քարտ, կամ պետական ռեգիստրի գրանցամատյանում չկա տեղեկատվություն իրավաբանական անձի էլեկտրոնային փոստի վերաբերյալ) և գրավոր չի դիմել որոշման մասին իր հայտնած հեռահաղորդակցության միջոցով ծանուցելու խնդրանքով, կամ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով որոշումը հանձնելուց հետո` հնգօրյա ժամկետում, չի ստացվել հավաստում պարտավոր անձի կողմից վարչական ակտի մասին ծանուցումն ստացած լինելու փաստի մասին, ապա որոշումն ուղարկվում է պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ տվյալ վարչական վարույթի ընթացքում անձի հայտնած հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում` անձի հաշվառման հասցեով: Եթե փոստով ուղարկված որոշումը վերադարձվել է, կամ ծանուցման փաստը չի հաստատվել, կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ պատշաճ կարգով ուղարկված (հանձնվող) որոշումը, և առկա է որոշումը հանձնողի նշումն այդ մասին, ապա որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այն դեպքերում, երբ որոշումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ապա որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը: Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դիմումի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու հետ մեկտեղ որոշումը ևս մեկ անգամ ուղարկվում է դիմումում մատնանշված հեռահաղորդակցության միջոցով: Որոշումը հասցեատիրոջ էլեկտրոնային, այդ թվում` պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկվելու դեպքում անձն ստանում է ծանուցում որոշման առկայության մասին, ինչպես նաև համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով կայացված որոշումը հնարավոր կլինի ներբեռնել կամ տեսանելի լինել ինտերնետային կայքի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում առնվազն ծանուցման մեջ արտացոլվում է որոշման եզրափակիչ մասը: Բջջային հեռախոսահամարին հաղորդագրությամբ ծանուցման դեպքում անձը ստանում է կարճ հաղորդագրություն որոշման առկայության մասին` որոշման համարի կամ այլ տվյալի նշումով, որի օգտագործմամբ անձը ինտերնետային կայքի միջոցով հնարավորություն կունենա դիտելու կամ ներբեռնելու որոշումը (...)»:

Այսպես, օրենսդրի կողմից, որպես վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման մասին հասցեատիրոջն իրազեկելու առաջնային եղանակ նախատեսվել է որոշումն անձամբ հանձնելը. վարչական ակտի մասին իրազեկելու մյուս եղանակները կիրառելի են այն դեպքում, երբ բացակայում է այն հասցեատիրոջն անձամբ հանձնելու եղանակը կիրառելու հնարավորությունը: Այս եղանակով վարչական ակտը հանձնելու դեպքում իրազեկման փաստը հաստատող պատշաճ ապացույցներ են.

- հասցեատիրոջ ստորագրությամբ փաստաթուղթը, որով հավաստվում է տվյալ որոշումը հասցեատիրոջն անձամբ հանձնելու փաստը,

- եթե հասցեատերը հրաժարվել է ստանալ որոշումը, ապա փաստաթուղթ, որի վրա առկա է հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումն ստանալուց,

- եթե որոշումն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին (պաշտոնական էլեկտրոնային փոստի հասկացությունը բացահայտված է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում), ապա ապացույցներ առ այն, որ վարչական ակտն ուղարկվել է հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, և հասցեատերը կարդացել է տվյալ տեղեկատվությունը («Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ եթե առկա է կողմերի համաձայնությունը` ապա միայն ապացույց հասցեատիրոջ պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ (»Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս),

- եթե հասցեատերը չունի պաշտոնական էլեկտրոնային փոստ և ներկայացրել է գրավոր դիմում ծանուցումն իր էլեկտրոնային փոստին կամ հեռահաղորդակցության այլ (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով ուղարկելու վերաբերյալ, ապա ապացույցներ առ այն, որ որոշումն ուղարկվել է հասցեատիրոջն այդ միջոցով և ստացվել է վերջինիս կողմից:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու հայցապահանջի վարչադատավարական կարգով քննությունը պետք է նպատակաուղղված լինի կատարողական վարույթի հարուցման փուլում հարկադիր կատարողին օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրացման իրավաչափությունը ստուգելուն. այն է` առկա են եղել հարկադիր կատարողի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածով սահմանված` Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթերը վերադարձնելու, թե՞ կատարողական վարույթ հարուցելու լիազորության իրացման անհրաժեշտ հիմքեր: (տե՛ս, Սուրեն Հայրապետյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5468/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.04.2024 թվականի որոշումը):

Անդրադառնալով առձեռն հանձնման եղանակով վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը ստանալուց հասցեատիրոջ հրաժարվելու դեպքում որոշման վերաբերյալ պատշաճ ծանուցման փաստը հաստատված համարելուն` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ օրենսդիրը, որպես պահանջ, սահմանում է հանձնողի նշումն առ այն, որ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ վարչական ակտի հասցեատիրոջ կողմից հանձնվող որոշումը ստանալուց հրաժարվելու փաստը կարող է հաստատվել ոչ միայն վարչական ակտում «հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալուց» գրառմամբ, այլև որոշումը հանձնողի կողմից կատարված գրառման այնպիսի բովանդակությամբ, որից հետևում է, որ վարչական ակտի հասցեատերը հրաժարվել է այն ստանալուց:

Վերոգրյալի ամփոփմամբ` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ առձեռն հանձնման եղանակով վարչական ակտի հասցեատիրոջը որոշման վերաբերյալ պատշաճ ծանուցած լինելու հանգամանքը ենթակա է հաստատման ոչ թե բացառապես որոշման մեջ վարչական ակտը կայացրած սուբյեկտի կողմից կատարված «հրաժարվել է ստանալ որոշումը» ձևակերպման առկայությամբ, այլև յուրաքանչյուր դեպքում գնահատման առարկա պետք է դառնա նաև վարչական ակտում որոշումը կայացրած անձի կողմից կատարված գրառման բովանդակությունը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Մարինա Գրիգորյանի կողմից ներկայացված ճանաչման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ճանաչել Ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածքային բաժանմունքի 22.02.2021 թվականի թիվ 07240680 որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը:

Դատարանը բավարարել է Մարինա Գրիգորյանի հայցը` պատճառաբանելով, որ «(...) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով որոշումը հասցեատիրոջը պետք է համարել անձամբ հանձնված նաև այն դեպքում, երբ որոշման մեջ առկա է նշում, որ հասցեատերը հրաժարվել է որոշումը ստանալ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը: (...) Դատարանը հաստատված չի համարում այն փաստական հանգամանքը, որ ՀՀ Ոստիկանության Կապանի տարածքային բաժնի տեսուչի 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» թիվ 3112 որոշումը հանձնվել է Մարինա Գրիգորյանը: Նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն, որ գործում առկա նյութերով չի հաստատվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված որևէ եղանակով որոշումը Մարինա Գրիգորյանին հանձնելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» թիվ 3112 որոշման մեջ առկա նշագրմանը, այն է` «Մ. Գրիգորյանը հրաժարվել է ստորագրելուց», ապա Դատարանի գնահատմամբ նշվածով ևս չի կարող հաստատվել այն փաստական հանգամանքը, որ որոշումը հանձնվել է Մարինա Գրիգորյանին, քանի որ որոշումը ստորագրելուց հրաժարվելը, դեռ բավարար չէ, որպեսզի հաստատված համարվի, որ Մարինա Գրիգորյանը հրաժարվել է որոշումը ստանալ: Այլ կերպ ասած, որպեսզի որոշումը համարվեր Մարինա Գրիգորյանին հանձնված անհրաժեշտ էր, որ որոշման մեջ առկա լիներ նշում առ այն, որ վերջինս հրաժարվել է այն ստանալ:

Հետևաբար, Դատարանը եզրահանգում է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 22.02.2021 թվականի վարույթի հարուցման համար ապահովված չեն եղել օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր հիմքերի առկայությունը: Մասնավորապես` ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սիսիանի տարածաշրջանային բաժանմունքի պետին հասցեագրված «Հարկադիր կատարման վերաբերյալ» գրությունը չի բովանդակել տեղեկատվություն 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» թիվ 3112 որոշումը Մարինա Գրիգորյանին հանձնված լինելու վերաբերյալ»:

Վերաքննիչ դատարանը 30.03.2023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ. «(...) որոշումն առձեռն հանձնելու հնարավոր իրավիճակի պայմաններում, այն ստորագրությամբ առձեռն հանձնվում է հասցեատիրոջը, իսկ եթե հասցեատերը հրաժարվում է որոշումն ստանալուց, ապա այդ մասին պետք է լինի որոշումը հանձնողի նշումը: Ուստի, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ որոշումը կհամարվի անձամբ հանձնված, եթե միաժամանակ հասցեատերը հրաժարված լինի որոշումն ստանալուց, և առկա լինի որոշումը հանձնողի նշումը այդ մասին:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, եթե որոշումը հանձնողի նշումը` հասցեատիրոջ կողմից որոշումը ստանալուց հրաժարվելու վերաբերյալ բացակայում է, ապա այդ պայմաններում որոշումը չի կարող համարվել անձամբ հանձնված, ուժի մեջ մտած, հետևաբար նաև անբողոքարկելի դարձած:

Տվյալ պարագայում` սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Ոստիկանության Կապանի տարածքային բաժնի տեսուչի 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» թիվ 3112 որոշման համաձայն` 17.09.2020 թվականին ժամը` 17:00-ին Մարինա Գրիգորյանը գտնվել է Կապան քաղաքի երկաթուղային փողոցում` առանց պաշտպանիչ դիմակ կրելու` խախտելով ՀՀ կառավարության 11.09.2020 թվականի թիվ 1514-Ն որոշման պահանջները: Վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք 10.000 ՀՀ դրամի չափով: Նույն որոշման համաձայն` որոշման վերջնամասում առկա է նշագրում, հետևյալ բովանդակությամբ. «Մ. Գրիգորյանը հրաժարվել է ստորագրելուց»:

Մարինա Գրիգորյանը 17.09.2020թ. թիվ 3112 որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության, որը պատասխանողի կողմից ներկայացվել է ՀՀ վարչական դատարան: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված որոշման վրա առկա չէ որևէ տեղեկություն, առ այն, որ հայցվորը հրաժարվել է այն ստանալուց, ինչպես նաև առկա չէ որևէ նշում, որ հայցվորը որոշումը ստացել է, հետևաբար սույն վարչական ակտը չէր կարող համարվել անձամբ հանձնված, իսկ հասցեատերը` պատշաճ ծանուցված: Ինչ վերաբերվում է որոշումը ստորագրելուց հրաժարված լինելու և այդ հանգամանքը որոշմամբ արձանագրված լինելու հանգամանքին, Վերաքննիչ դատարանը նկատում է, որ ՀՀ վարչական դատարանն իրավաչափորեն է եզրահանգել, որ «...նշվածով ևս չի կարող հաստատվել այն փաստական հանգամանքը, որ որոշումը հանձնվել է Մարինա Գրիգորյանին, քանի որ որոշումը ստորագրելուց հրաժարվելը, դեռ բավարար չէ, որպեսզի հաստատված համարվի, որ Մարինա Գրիգորյանը հրաժարվել է որոշումը ստանալ: Այլ կերպ ասած, որպեսզի որոշումը համարվեր Մարինա Գրիգորյանին հանձնված անհրաժեշտ էր, որ որոշման մեջ առկա լիներ նշում առ այն, որ վերջինս հրաժարվել է այն ստանալ:»:

Սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 3112 որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության առկայության ապացույցներ` Ծառայության կողմից Դատարան են ներկայացվել.

- ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության` Ծառայությանն ուղղված 11.02.2021 թվականի թիվ 27.0064 գրությունը,

- 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 3112 որոշումը, որի վրա առկա է` «Մ. Գրիգորյանը հրաժարվել է ստորագրելուց» գրառումը:

Ուսումնասիրության առարկա դարձնելով 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 3112 որոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն, ի թիվս այլնի, պարունակում է հետևյալ տպագիր գրառումները. «Ստացա որոշման մեկ օրինակը», «ստորագրություն»: Նշվածից պարզ է դառնում, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը հասցեատիրոջը հանձնված լինելու հանգամանքը հաստատվում է վարչական ակտի հասցեատիրոջ ստորագրությամբ, ըստ այդմ` վարչական ակտի հասցեատիրոջ կողմից որոշումը ստանալուց հրաժարվելը` ստորագրության բացակայությամբ և այն հանձնողի համապատասխան գրառմամբ: Տվյալ դեպքում առկա է «Մ. Գրիգորյանը հրաժարվել է ստորագրելուց» գրառումը, ինչը վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշման բովանդակության հետ համադրումից ուղղակիորեն բխում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման հասցեատերը` հայցվորը, հրաժարվել է այն ստանալուց: Այսինքն, հաստատվում է վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման` հայցվորին առձեռն հանձնման եղանակով հանձնված լինելու փաստը:

Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա Ծառայության կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված ապացույցների գնահատման արդյունքում, եզրահանգում է, որ այդ ապացույցների միջոցով հաստատվում է 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 3112 որոշման հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը. մասնավորապես` ներկայացվել են բավարար ապացույցներ` իրավահարաբերության առկայությունը հաստատված համարելու համար, այն է` հարկադիր կատարման ենթակա որոշումը, օրենքի պահանջներին համապատասխանող և օրենքով սահմանված ժամկետում ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը, 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 3112 որոշման վերաբերյալ Մարինե Գրիգորյանի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը հիմնավորող ապացույցը: Այսինքն, առկա են բոլոր պայմանները նշված որոշմամբ նախատեսված դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության առկայությունը հաստատված համարելու համար:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 17.09.2020 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 3112 որոշմամբ նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանները եկել են սխալ եզրահանգման:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից` դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից: Այլ կերպ ասած` հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն` անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:

Հաշվի առնելով նաև, որ Մարինա Գրիգորյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 4-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, իսկ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Ծառայության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Մարինա Գրիգորյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Նկատի ունենալով, որ Ծառայության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարվել է 30.000 ՀՀ դրամ, մինչդեռ, վճարման էր ենթակա 20.000 ՀՀ դրամ` որպես մեկ ոչ դրամական պահանջի գործով վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի գումար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով ավելի վճարված պետական տուրքը` 10.000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Ծառայությանը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.03.2023 թվականի որոշումը և այն փոփոխել. Մարինա Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ ՀՀ ոստիկանություն` 22.02.2021 թվականի թիվ 07240680 որոշման` կատարողական վարույթ հարուցելու մասով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Ք. Մկոյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809964526

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.05.2024
N ՎԴ1/0159/05/21
Որոշում