Սեղմել Esc փակելու համար:
ՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ԿԻՐԱՌՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/4022/05/19

    Վարչական գործ թիվ ՎԴ/4022/05/19             2024 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Թովմասյան

                       Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ`

Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2024 թվականի ապրիլի 25-ին

 

Սույն գործի փաստերի համաձայն` Պաշտպանության բանակի հրամանատար Կ. Աբրահամյանի, իրավաբանական բաժանմունքի պետ Վ. Պետրոսյանի 27.03.2019 թվականի թիվ 1014/հրպ գրությամբ, ի պատասխան ՊԲ 38636 զորամասի զինծառայող Սահակ Նալթակյանի ծառայության ներգրավման վերաբերյալ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի 13.03.2019 թվականի թիվ 391 գրության, տեղեկացվել է, որ Սահակ Նալթակյանը 01.08.2014 - 01.01.2019 թվականների ժամանակահատվածում ներգրավվել է ծառայության.

1. շաբաթ օրերին (5 ժամ տևողությամբ) - 124 օր,

2. տոնական օրերին - 23 օր (փոխարենը տրամադրվել է 7 օր հանգստյան այլ օրեր) (հատոր 1-ին, գ.թ. 81):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է նաև ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտը պետք է լինի օրինական և հիմնավորված: Գործն ըստ էության լուծող դատական ակտը հիմնավորվում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսևորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ: (...) (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական դատավարությունում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը` ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս, Սիրանուշ Վարդանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0634/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է առանձին խումբ ապացուցման բեռի բաշխման կանոններ` պայմանավորված քննության առարկա հայցատեսակով: Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` գործողության կատարման հայցով ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը` հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի մասով, և ֆիզիկական կամ իրավաբանական անձը` իր համար բարենպաստ փաստերի մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով` գործողության կատարման հայցի քննության ընթացքում վարչական մարմինը կրում է գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու համար հիմք հանդիսացած փաստերի ապացուցման բեռը, ինչից էլ ուղղակիորեն բխում է, որ գործողության կատարման հայցի քննության ընթացքում վարչական դատարանն անխուսափելիորեն պարզում է նաև վարչական մարմնի կողմից հայցվող գործողության կատարումը մերժելու կամ անգործություն ցուցաբերելու իրավաչափության հարցը: Գործում եղած ապացույցների շրջանակում հայցվող գործողությունը մերժելու իրավաչափությունը չհաստատվելու դեպքում դրա բացասական (անբարենպաստ) հետևանքները կրում է այդ հանգամանքն ապացուցելու պարտականություն կրող կողմը` պատասխանողը:

Սույն գործով ապացուցման է ենթակա հայցվոր Սահակ Նալթակյանի 01.08.2014-01.01.2019 թվականների ժամանակահատվածում թվով 179 շաբաթ օրերին ծառայության ներգրավված լինելու հանգամանքը:

Այսպես, Պաշտպանության բանակի հրամանատար Կ. Աբրահամյանի, իրավաբանական բաժանմունքի պետ Վ. Պետրոսյանի 27.03.2019 թվականի թիվ 1014/հրպ գրությամբ հայտնվել է, որ Սահակ Նալթակյանը 01.08.2014-01.01.2019 թվականներին ներգրավվել է ծառայության թվով 124 շաբաթ օր (5 ժամ տևողությամբ): Բացի այդ, Դատարանում գործի քննության ընթացքում 21.01.2020 թվականի թիվ Մ-1268/20 կից գրությամբ Նախարարության կողմից Դատարանին են ներկայացվել Սահակ Սամվելի Նալթակյանի ծառայության ողջ ժամանակահատվածի «Անձնակազմի մարտական հերթապահություն և մարտական դիրքերում ծառայություն կրելու մասին», արձակուրդ տրամադրելու և ազատ արձակելու վերաբերյալ ՊԲ 38636 զորամասի հրամանատարի հրամաններից քաղվածքների պատճենները, 29.04.2020 թվականի թիվ Մ-9987/20 կից գրությամբ Դատարան են ներկայացվել Սահակ Սամվելի Նալթակյանի ծառայության ողջ ժամանակահատվածի վերաբերյալ ՊԲ 38636 զորամասի հրամանատարի ելակետային հրամաններից քաղվածքների պատճենները, իսկ 04.08.2020 թվականի թիվ Մ-18487/20 կից գրությամբ` Սահակ Սամվելի Նալթակյանի ծառայության ողջ ժամանակահատվածի վերաբերյալ ՊԲ 38636 զորամասի հրամանատարի դրութային հրամաններից (հավելվածներով) քաղվածքների պատճենները: Այսինքն, Նախարարությունը Սահակ Նալթակյանի` թվով 124 շաբաթ օր ծառայության ներգրավված լինելու հանգամանքը հիմնավորել է` հիմքում դնելով նշված փաստաթղթերը` ՊԲ 38636 զորամասի հրամանատարների ելակետային և դրութային հրամանները:

Սույն դեպքում թեև պատասխանողը ներկայացրել է Սահակ Նալթակյանի` 01.08.2014-01.01.2019 թվականներին շաբաթ օրերին ծառայության ներգրավվելու վերաբերյալ օրերի ընդհանուր քանակ` հիմքում դնելով համապատասխան հրամաններից քաղվածքների պատճենները, այնուամենայնիվ, դրանց համադրումից հնարավոր չէ պարզել, որ 01.08.2014-01.01.2019 թվականներին հայցվորի շաբաթ օրերին ծառայության ներգրավվելու օրերի քանակի հանրագումարը պատասխանողի գրության մեջ նշված 124 օրն է: Ընդ որում` նշվածը պարզելու նպատակով Վերաքննիչ դատարանը 15.06.2021 թվականին կայացրել է «Ապացույց պահանջելու մասին» որոշում, ըստ որի` «պատասխանողից պահանջվել է մեկամսյա ժամկետում Վերաքննիչ դատարանին ներկայացնել հայցվոր Սահակ Նալթակյանի` հանգստյան, մասնավորապես` շաբաթ օրերին կատարած արտաժամյա աշխատած օրերի քանակի վերաբերյալ հաշվարկ», որին ի պատասխան` 30.07.2021 թվականին ՀՀ վերաքննիչ դատարան է մուտքագրվել ԱՀ ՊԲ հրամանատարի գրությունն ուղղված ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետին, որով հայտնվել է, որ զորամասի մշտական տեղակայման վայրը, գտնվելով Շուշի քաղաքում, անցել է հակառակորդի վերահսկողության տակ:

Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ պատասխանողն առնվազն Դատարանում գործի քննության ընթացքում զրկված չէր հայցվոր Սահակ Նալթակյանի` հանգստյան, մասնավորապես` շաբաթ օրերին կատարած արտաժամյա աշխատած օրերի քանակի վերաբերյալ հաշվարկը ներկայացնելու հնարավորությունից, քանի որ այդ ընթացքում բացակայում էր պատասխանողի նշած փաստարկը` համապատասխան հաշվարկը ներկայացնելու անհնարինության վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն ապացուցված չի համարում այն փաստը, որ 01.08.2014-01.01.2019 թվականներին հայցվորի շաբաթ օրերին ծառայության ներգրավվելու օրերի քանակը 124 օր է: Միաժամանակ, հայցվորի կողմից վկայակոչված թվով 179 շաբաթ օր ծառայությանը ներգրավված լինելու փաստը հերքող ապացույցների բացակայության պայմաններում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում նշված փաստը:

Սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերը նշված իրավակարգավորումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ ժամանակահատվածում ծառայության ընթացքում Սահակ Նալթակյանն ընդգրկվել է ծառայության շաբաթ օրերին և այդ ժամանակահատվածի ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին ծառայության ներգրավվելու փոխարեն Կանոնագրքով սահմանված որևէ եղանակով փոխհատուցում չի ստացել: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահակ Նալթակյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը ենթակա է փոխհատուցման թվով 179 շաբաթ օր ծառայությանը ներգրավված օրերի համար:

Ավելին, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` տվյալ դեպքում ենթակա էր կիրառման ՀՀ կառավարության 09.08.2018 թվականին ընդունված և 18.08.2018 թվականի ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 898 որոշումը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը չի հստակեցրել, թե որ իրավակարգավորումների համատեքստում է խնդրո առարկա իրավահարաբերությունը ենթակա կարգավորման:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, ուստի բողոքարկվող դատական ակտը պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը: Տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Միաժամանակ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելը` սույն որոշման պատճառաբանություններով, բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է, և առկա ապացույցները և հաստատված հանգամանքները թույլ են տալիս նման դատական ակտ կայացնել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, ուստի բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նախարարության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԹԻՎ ՎԴ/4022/05/19 ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ 25.04.2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

25.04.2024 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի ապրիլի 25-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սահակ Նալթակյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն), երրորդ անձ` ՀՀ ֆինանսների նախարարություն` պատասխանողին որոշակի գործողություն կատարելուն հարկադրելու, այն է` հանգստյան օրերին կատարված արտաժամյա աշխատանքի, չտրամադրված ամենամյա հավելյալ արձակուրդի օրերի և բարձր հաճախության պայմաններում կատարած աշխատանքի դիմաց հայցվորին հասանելիք 4.494.629 ՀՀ դրամ վճարելու, որպես ածանցյալ պահանջ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար հայցվորին վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը, տուժանք վճարելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ վճռաբեկ բողոքը մերժել և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ` նույն որոշման պատճառաբանություններով:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Հ. Բեդևյանս համաձայն չլինելով վերը նշված որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը այդ մասի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Այս հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել որոշման մեջ ներկայացված` վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումներն ու վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործը հարուցվել է Սահակ Նալթակյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է` վճարել հանգստյան օրերին կատարված արտաժամյա աշխատանքի, չտրամադրված ամենամյա հավելյալ արձակուրդի օրերի և բարձր հաճախության պայմաններում կատարած աշխատանքի դիմաց հայցվորին հասանելիք 4.494.629 ՀՀ դրամ, որպես ածանցյալ պահանջ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար հայցվորին վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը, վճարել տուժանք:

ՀՀ վարչական դատարանը մերժել է Սահակ Նալթակյանի հայցը` պատճառաբանելով, որ սույն գործով հայցվոր Սահակ Նալթակյանը չի հանդիսանում ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի թիվ 712-Ն որոշմամբ սահմանված առանձնահատուկ պայմանին համապատասխանող զինծառայող, որին պետք է տրվեր արտաժամյա, գիշերային կամ ոչ աշխատանքային օրերին աշխատանքի համար հավելում: Դատարանն արձանագրել է, որ արտաժամյա, գիշերային կամ ոչ աշխատանքային օրերին աշխատանքի համար հավելումը տրվում է շուրջօրյա հերթապահություն ռազմաբժշկական հաստատություններում, հոսպիտալներում, ԱԲՋ-ներում և զորամասերի բուժկետերում, շուրջօրյա հերթապահություն կաթսայատներում, ինչպես նաև բարձր արտադրողականության ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի արտաժամյա աշխատանքի համար` բարձր արտադրողականության, 20 տ և ավելի սեփական քաշ ունեցող բուլդոզերներ, էքսկավատորներ կամ այլ հողափոր ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի արտաժամյա աշխատանքում, մինչդեռ սույն գործով հայցվոր Սահակ Նալթակյանը հանդիսացել է զենիթային հրթիռային դիվիզիոնի ռեգլամենտային կարգաբերման աշխատանքների բաժանմունքի ինժեներ, ապա` բաժանմունքի պետ:

Դատարանը եզրահանգել է, որ հայցվոր Սահակ Նալթակյանի պահանջը` ՀՀ պաշտպանության նախարարությանը հանգստյան օրերին կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց գումար վճարելուն պարտավորեցնելու մասին, անհիմն է և ենթակա է մերժման:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2021 թվականի որոշմամբ Սահակ Նալթակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի. մասնակի` հանգստյան օրերին կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց հայցվորին փոխհատուցում տրամադրելու պահանջի մասով Դատարանի 30.11.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Նախարարությանը պարտավորեցվել է հաշվարկելու և Սահակ Նալթակյանին վճարելու 179 շաբաթ օրերին կատարած աշխատանքի համար դրամական փոխհատուցում հետևյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հիմնավորվում է վերաքննիչ բողոքով հայցվորի կողմից ներկայացված հիմքը, միաժամանակ հերքվում` Պատասխանողի` Դատարանին առարկությամբ ներկայացված փաստարկները` զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում կամ հավելում նախատեսված չլինելու, այլ միայն լրացուցիչ հանգստյան օր, կամ այն հիմնական արձակուրդին միացվելու հետ կապված (հատոր 1-ին գ.թ. 80):

Միաժամանակ, ողջ վերոգրյալ իրավական վերլուծության համատեքստում` Վերաքննիչ դատարանը ոչ հիմնավոր է գնահատում Դատարանի եզրահանգումը` կապված հայցվորին հանգստյան օրերին ներգրավված աշխատանքի դիմաց փոխհատուցում տրամադրման ենթակա չլինելու վերաբերյալ:

Այսպիսով, եզրահանգելով, որ Հայցվորին պետք է տալ փոխհատուցում` հանգստյան օրերին կատարած աշխատանքի դիմաց` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պարզման է ենթակա հետևյալ հանգամանքը` գործում առկա փաստական տվյալների և ապացույցների համադրված վերլուծության արդյունքում հնարավոր է գալ միանշանակ եզրահանգման Հայցվորի` աշխատանքի ներգրավված շաբաթ օրերի քանակի վերաբերյալ, թե` ոչ:

(...) Վերաքննիչ դատարանը 15.06.2021 թվականին կայացրել է «Ապացույց պահանջելու մասին» որոշում, ըստ որի` «Պատասխանողից պահանջվել է մեկամսյա ժամկետում Վերաքննիչ դատարանին ներկայացնել հայցվոր Սահակ Նալթակյանի` հանգստյան, մասնավորապես` շաբաթ օրերին կատարած արտաժամյա աշխատած օրերի քանակի վերաբերյալ հաշվարկ»:

Ի կատարումն Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման` Պատասխանողի կողմից 30.07.2021 թվականին ՀՀ վերաքննիչ դատարան է մուտքագրվել ԱՀ ՊԲ հրամանատարի գրությունն ուղղված ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետին, ըստ որի. «Ի պատասխան Ձեր 19.07.2021 թվականի Է/փ ելք 515 գրության` հայտնում եմ, որ զորամասի մշտական տեղակայման վայրը, գտնվելով Շուշի քաղաքում, անցել է հակառակորդի վերահսկողության տակ»:

Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրումից պարզ է դառնում, որ, պատասխանողը, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ապացուցման բեռին վերաբերող իրավակարգավորումների` կրելով հայցվորի` շաբաթ օրերին կատարած աշխատանքի օրերի քանակը, 179 օր չլինելու, այլ վերը նշված տեղեկանքին համապատասխան 124 օր լինելու հանգամանքը հիմնավորելու և/կամ ապացուցելու պարտականությունը, չի կատարել այն:

(...) Վերաքննիչ դատարանը հայցվորի կողմից ներկայացված փաստական հանգամանքը, այն է` վերջինիս շաբաթ օրերին կատարած աշխատանքի օրերի քանակը 179 լինելու վերաբերյալ հերքող որևէ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում, ընդունում է որպես հաստատված, որի բացասական հետևանքները, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի իրավակարգավորման, կրում է պատասխանող ՀՀ պաշտպանության նախարարությունը»:

Վճռաբեկ դատարանը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության վճռաբեկ բողոքը մերժել և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ` նույն որոշման պատճառաբանություններով` արձանագրելով, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների նկատմամբ վկայակոչված իրավանորմը կարող է կիրառելի լինել միայն այն պարագայում, երբ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերություններին առնչվող կոնկրետ հարցերը կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով: Այլ կերպ ասած, եթե հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով, ապա այդ հարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Սահակ Նալթակյանի կողմից ներկայացվել է գործողության կատարման հայց, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է` հաշվարկել և վճարել շաբաթ օրերին աշխատած, սակայն չվարձատրված գումարը: Այսինքն` հայցվորը, ըստ էության, պահանջել է հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն տրամադրելուն ուղղված գործողություններ կատարել:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված իրավահարաբերությունը ենթակա է կարգավորման «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն` զինծառայողներին հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հավելումների վճարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն գործով բացակայում է որևէ ապացույց առ այն, որ հայցվորի կողմից իրականացված ծառայությունը նախատեսված է ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» թիվ 712-Ն որոշմամբ հաստատված` «Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները» թիվ 1 հավելվածով:

 

Այդուհանդերձ` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Սահակ Նալթակյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը ենթակա է փոխհատուցման, քանի որ վերջինս ունի փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունք: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Սահակ Նալթակյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը շաբաթվա մյուս օրերին հանգստի տրամադրմամբ չի փոխարինվել, ինչպես նաև վերջինիս չեն տրամադրվել հանգստի լրացուցիչ օրեր, որպիսի պայմաններում այդ ժամանակը ենթակա էր գումարման հիմնական արձակուրդներին: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման պայմաններում Սահակ Նալթակյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանած տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը անհրաժեշտ է դիտարկել որպես չօգտագործված արձակուրդ, որը ենթակա էր վճարման վերջնահաշվարկի շրջանակներում` զինվորական ծառայությունից ազատելիս:

Սույն գործի փաստերի համաձայն` Պաշտպանության բանակի հրամանատար Կ. Աբրահամյանի, իրավաբանական բաժանմունքի պետ Վ. Պետրոսյանի 27.03.2019 թվականի թիվ 1014/հրպ գրությամբ, ի պատասխան ՊԲ 38636 զորամասի զինծառայող Սահակ Նալթակյանի ծառայության ներգրավման վերաբերյալ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի 13.03.2019 թվականի թիվ 391 գրության, տեղեկացվել է, որ Սահակ Նալթակյանը 01.08.2014 - 01.01.2019 թվականների ժամանակահատվածում ներգրավվել է ծառայության.

1. շաբաթ օրերին (5 ժամ տևողությամբ) - 124 օր,

2. տոնական օրերին - 23 օր (փոխարենը տրամադրվել է 7 օր հանգստյան այլ օրեր) (հատոր 1-ին, գ.թ. 81):

Վճռաբեկ դատարանն ապացուցված չի համարել այն փաստը, որ 01.08.2014 - 01.01.2019 թվականներին հայցվորի շաբաթ օրերին ծառայության ներգրավվելու օրերի քանակը 124 օր է: Միաժամանակ, հայցվորի կողմից վկայակոչված թվով 179 շաբաթ օր ծառայությանը ներգրավված լինելու փաստը հերքող ապացույցների բացակայության պայմաններում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարել նշված փաստը:

Սույն գործի փաստական հանգամանքները համադրելով վերը նշված իրավակարգավորումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոգրյալ ժամանակահատվածում ծառայության ընթացքում Սահակ Նալթակյանն ընդգրկվել է ծառայության շաբաթ օրերին և այդ ժամանակահատվածի ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին ծառայության ներգրավելու փոխարեն Կանոնագրքով սահմանված որևէ եղանակով փոխհատուցում չի ստացել: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Սահակ Նալթակյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը ենթակա է փոխհատուցման թվով 179 շաբաթ օր ծառայությանը ներգրավված օրերի համար:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում ենթակա էր կիրառման ՀՀ կառավարության 09.08.2018 թվականին ընդունված և 18.08.2018 թվականի ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին տրվող փոխհատուցման չափը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 և 2004 թվականի մայիսի 6-ի N 886-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 898 որոշումը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը չի հստակեցրել, թե որ իրավակարգավորումների համատեքստում է խնդրո առարկա իրավահարաբերությունը ենթակա կարգավորման:

 

3. Վճռաբեկ դատարանի դատավոր Հովսեփ Բեդևյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերը նշված որոշման եզրափակիչ մասի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը` որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ:

Այսպես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրաված լինելու ժամանակը ըստ էության օրենսդիրը փոխհատուցել է այլ հանգստյան օրերի տրամադրման միջոցով` երաշխավորելով ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված` հանգստի իրավունքի ապահովումը: Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը սպաներին ու ենթասպաներին ներգրավելու դեպքում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով, իսկ դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Կարևորելով փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի իրացումը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու դեպքում անձն ունի այդ ժամանակի դիմաց փոխհատուցում ստանալու «օրինական սպասելիք», որը կարող է իրացվել չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցման ձևով:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման ուժով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը զինծառայողների համար երաշխավորում է չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը` առանց որևէ ժամկետային սահմանափակման:

 

Համաձայն լինելով Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշման հետ, որ շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու դեպքում անձն ունի այդ ժամանակի դիմաց փոխհատուցում ստանալու «օրինական սպասելիք», որը կարող է իրացվել չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցման ձևով` հայտնում եմ իմ անհամաձայնությունը որոշման եզրափակիչ մասի դեմ` հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե` խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով, նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` հայցադիմումը բովանդակում է հայցվորի պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան, և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (հայցի առարկան) հայցադիմումում պետք է շարադրված լինի այն կերպ, որ դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը` դատական պաշտպանություն հայցելով: Այլ կերպ ասած` հայցադիմումը պետք է բովանդակի հայցի առարկան բավարար հստակությամբ, որպեսզի դատարանը հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնել:

Ասվածը հատկապես կարևոր նշանակություն ունի վարչական դատավարությունում, քանի որ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին (տե՛ս, Արթուր Ավթանդիլյանը և մյուսներն ընդդեմ ՀՀ ոստիկանության թիվ ՎԴ/1707/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը, ինչպես նաև տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու («ex officio») սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձևական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձևական սխալները մատնանշելու, ինչպես նաև ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական և ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով հայցի հիմքերին և առարկային, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը որոշում է կայացնում: Ընդ որում, հայցի առարկայից պետք է տարբերել հայցի օբյեկտը, այսինքն` այն առարկան, որին ուղղված է հայցի առարկայի բովանդակությունը կազմող պահանջը: Հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքը, ըստ էության, իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը: Չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հայցվորից չի պահանջում հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց վրա հիմնվում է հայցապահանջը, այնուամենայնիվ, հայցվորը բացի փաստական հանգամանքներից կարող է հայցադիմումում նշել այն իրավական նորմերը, որոնց հիման վրա կողմերի միջև ծագել են համապատասխան իրավահարաբերություններ, և որը վերջինիս հիմք է տալիս առկա փաստական հանգամանքների հետ միասին ներկայացնել համապատասխան պահանջ (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Գորիսի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Արսեն Եսայանի թիվ ՎԴ1/0223/05/13 վարչական գործով 22.07.2016 թվականի որոշմամբ ընդգծել է, որ հայցի առարկայի և հիմքի վերաբերյալ վերը նշված դիրքորոշումը կիրառելի է թե՛ քաղաքացիական դատավարության և թե՛ վարչական դատավարության կանոններով ներկայացված հայցերի նկատմամբ:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի ուժով հայցադիմումում պետք է նշվի հայցվորի պահանջը, որը կազմում է հայցի առարկան, և որի մերժման կամ բավարարման վերաբերյալ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում: ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել` դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն` իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով:

Դատական պաշտպանության իրավունքի իրացումը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի հիման վրա անձի համար երաշխավորում է նաև հայցի առարկան և հիմքն ինքնուրույն որոշելու իրավական հնարավորություն:

Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ տնօրինչականության սկզբունքը վարչական դատավարության առանձին փուլերում ունի որոշակի առանձնահատուկ դրսևորումներ: Նշվածը պայմանավորված է վարչական դատավարությունում դատարանի դերով, որը գործը քննում է ի պաշտոնե: Այսպես, վարչական դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու գործառույթը ենթադրում է, մասնավորապես, հետևյալը.

1) Վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով: Նշվածից հետևում է, որ թեև դատարանը պարտականություն է կրում անդրադառնալ դատավարության մասնակիցների ներկայացրած բոլոր ապացույցներին, միջնորդություններին, առաջարկություններին, բացատրություններին և առարկություններին, սակայն սահմանափակված չէ դրանցով:

2) Վարչական դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Այսինքն` դատարանը, կաշկանդված չլինելով վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով, ձեռնարկում է համարժեք միջոցներ` գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար: Ընդ որում, անհրաժեշտ է փաստել, որ վարչական դատավարությունը պետք է ընթանա այնպես, որ բացահայտվեն գործի իրական փաստերը: Նշված առաքելությունն իրականացնելու համար դատարանն օժտված է համապատասխան լիազորություններով, որոնք պետք է համարժեք օգտագործվեն քննարկվող գործառույթն իրականացնելու համար: Ըստ այդմ, գործի իրական փաստերը բացահայտելը վարչական դատարանի ոչ թե հայեցողական լիազորությունն է, այլ պարտականությունը:

3) Վարչական դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները:

4) Վարչական դատարանը պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Նշված լիազորությունը նույնպես բխում է այն հանգամանքից, որ դատարանը կրում է գործի իրական փաստերն ամբողջությամբ բացահայտելու պարտականություն (տես, Ա/Ձ Գևորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը` հարկ եմ համարում արձանագրել, որ դատարան ներկայացված հայցադիմումում հայցի առարկան և հիմքը պետք է ձևակերպված լինեն հստակ և որոշակի, որպեսզի դատարանի համար առնվազն պարզ լինի, թե ինչ է ակնկալում հայցվորը և հնարավորություն ունենա ներկայացված նյութաիրավական պահանջի կապակցությամբ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին բավարարող դատական ակտ կայացնել, իսկ այն դեպքում երբ հայցի առարկան և հիմքը ձևակերպված են ոչ հստակ կամ վերացական, ապա դատարանը պարտավոր է իրականացնել մատնանշման իր պարտականությունը` չխախտելով տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը:

 

Տվյալ դեպքում Սահակ Նալթակյանի կողմից ներկայացվել է գործողության կատարման հայց, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է` վճարել հանգստյան օրերին կատարված արտաժամյա աշխատանքի, չտրամադրված ամենամյա հավելյալ արձակուրդի օրերի և բարձր հաճախության պայմաններում կատարած աշխատանքի դիմաց հայցվորին հասանելիք 4.494.629 ՀՀ դրամ, որպես ածանցյալ պահանջ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար հայցվորին վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը, վճարել տուժանք:

Այսինքն, հայցվորը, ներկայացնելով ծառայության ողջ ժամանակահատվածի ընթացքում շաբաթ օրերին աշխատած, սակայն չվարձատրված գումարը հաշվարկելու և վճարելուն ուղղված որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին պահանջ, ըստ էության, պահանջել է հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն տրամադրելուն ուղղված գործողություններ կատարել:

Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ Սահակ Նալթակյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը անհրաժեշտ է դիտարկել որպես չօգտագործված արձակուրդ, որը ենթակա էր վճարման վերջնահաշվարկի շրջանակներում` զինվորական ծառայությունից ազատելիս:

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու դեպքում անձն ունի այդ ժամանակի դիմաց փոխհատուցում ստանալու «օրինական սպասելիք», որը կարող է իրացվել չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցման ձևով, որպիսի դիրքորոշման պայմաններում գտնում եմ, որ սույն գործով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն` նկատի ունենալով, որ Սահակ Նալթակյանի կողմից ներկայացված հայցի հիմքը և առարկան ձևակերպված է վերացական և անորոշ, նշված պահանջից հնարավոր չի որոշել, թե վերջինս օրենքով սահմանված որ եղանակով և ձևով է պահանջում վարչական մարմնից հաշվարկել և վճարել իր ծառայության ողջ ժամանակահատվածի ընթացքում շաբաթ օրերին աշխատած, սակայն չվարձատրված գումարը, ուստի վերջինս գործի նոր քննության փուլում պետք է օգտվի տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքով իրեն վերապահված իրավունքից և դատարանի կողմից կատարված մատնանշումից հետո ինքնուրույն պետք է որոշի, թե օրենքով սահմանված որ եղանակով և ձևով է ուզում ստանալ շաբաթական ծառայության ժամանակի սահմանած տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցում:

Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ Վճռաբեկ դատարանը, բավարարելով հայցվորի պահանջը, որոշել է Սահակ Նալթակյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանած տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը դիտարկել որպես չօգտագործված արձակուրդ` նշելով, որ այն ենթակա էր վճարման վերջնահաշվարկի շրջանակներում` զինվորական ծառայությունից ազատելիս, հաշվի չառնելով, որ հայցվորի կողմից նման պահանջ ներկայացված չի եղել, ինչպես նաև նման փաստարկներ վկայակոչված չեն եղել հայցի հիմքում, ուստի Վճռաբեկ դատարանը չի կարող սեփական նախաձեռնությամբ լրացնել հայցի հիմքը և առարկան` ինքնուրույն որոշելով ոչ աշխատանքային շաբաթ օրերին ծառայության ներգրավելու համար հայցվորի հատուցումը հաշվարկելու և վճարելու ձևն ու եղանակը:

Ամբողջ վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության, քանի որ ՀՀ վարչական դատարանի կողմից ոչ հստակ հայցային պահանջը ճշտելու և հայցի հիմքը լրացնելու առաջարկ անելու պարտականության պատշաճ կատարման պայմաններում միայն սույն գործով կարող է ապահովվել արդյունավետ դատաքննությունը և անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ:

 

    ԴԱՏԱՎՈՐ                                Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.04.2024
N ՎԴ/4022/05/19
Որոշում