Սեղմել Esc փակելու համար:
ՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ԿԻՐԱՌՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(1-ին մաս)

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/4022/05/19

    Վարչական գործ թիվ ՎԴ/4022/05/19             2024 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Թովմասյան

                       Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ`

Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2024 թվականի ապրիլի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2021 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Սահակ Նալթակյանի ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ` ՀՀ ֆինանսների նախարարություն` պատասխանողին որոշակի գործողություն կատարելուն հարկադրելու, այն է` հանգստյան օրերին կատարված արտաժամյա աշխատանքի, չտրամադրված ամենամյա հավելյալ արձակուրդի օրերի և բարձր հաճախության պայմաններում կատարած աշխատանքի դիմաց հայցվորին հասանելիք 4.494.629 ՀՀ դրամ վճարելու, որպես ածանցյալ պահանջ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար հայցվորին վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը, տուժանք վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Մինչ սույն գործի դատավարական նախապատմությանն անդրադառնալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով դատավոր Ք. Մկոյանը, չնայած ստորադաս դատարանում գործի քննությանը մասնակցությանը, սույն գործով ինքնաբացարկ չի հայտնել` հաշվի առնելով, որ դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին:

Դիմելով դատարան` Սահակ Նալթակյանը պահանջել է Նախարարությանը պարտավորեցնել կատարել որոշակի գործողություններ, այն է` վճարել հանգստյան օրերին կատարված արտաժամյա աշխատանքի, չտրամադրված ամենամյա հավելյալ արձակուրդի օրերի և բարձր հաճախության պայմաններում կատարած աշխատանքի դիմաց հայցվորին հասանելիք 4.494.629 ՀՀ դրամ, որպես ածանցյալ պահանջ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար հայցվորին վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը, վճարել տուժանք:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 30.11.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.10.2021 թվականի որոշմամբ Սահակ Նալթակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` մասնակի` հանգստյան օրերին կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց հայցվորին փոխհատուցում տրամադրելու պահանջի մասով Դատարանի 30.11.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Նախարարությանը պարտավորեցվել է հաշվարկելու և Սահակ Նալթակյանին վճարելու 179 շաբաթ օրերին կատարած աշխատանքի համար դրամական փոխհատուցում: Մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ներկայացուցիչ` Էլյա Բղդոյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սահակ Նալթակյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 181-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 27-րդ հոդվածը և 114-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետը և 8-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 227-րդ և 231-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդրությունը զինծառայողի համար, ով ծառայողական պարտականությունների կատարման նպատակով ներգրավված է եղել հանգստյան կամ տոնական օրերին ծառայության, նախատեսում է հանգստի լրացուցիչ օրերի տրամադրում ծառայության շահերի հաշվառմամբ, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին, այսինքն` զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված չէ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում, այլ տրվում է լրացուցիչ հանգստյան օր, կամ այն կարող է միացվել հիմնական արձակուրդին:

Բողոք բերած անձի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի կողմից չի ապահովվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածով, 26-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 27-րդ հոդվածով և 114-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջների կատարումը, բազմակողմանի չեն ուսումնասիրվել վարչական գործում առկա ապացույցները, որոնց պարագայում կհիմնավորվեր, որ Սահակ Նալթակյանը 01.08.2014-01.01.2019 թվականներին ներգրավված է եղել ծառայության 124 շաբաթ օր:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2021 թվականի որոշումը` մասնակի բավարարելու մասով, և փոփոխել` հայցն ամբողջությամբ մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Սահակ Նալթակյանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանով հայցվոր Սահակ Նալթակյանը, առարկելով Նախարարության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի դեմ, գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքում վկայակոչված պնդումները, ինչպես նաև ներկայացված հիմքերն անհիմն են, և խնդրել է բողոքն ամբողջությամբ մերժել` Վերաքննիչ դատարանի 06.10.2021 թվականի որոշումը թողնելով անփոփոխ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 23.04.2019 թվականին Սահակ Նալթակյանը ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության պետին և ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետին ներկայացրել է դիմումներ, որոնցով խնդրել է իրեն վճարել ՀՀ օրենսդրությամբ հասանելիք 4.494.629 ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ. 24-30, 32-38):

2) ՀՀ ՊՆ գլխավոր ֆինանսիստ - ՖԲ և Պ վարչության պետ Վ. Ապերյանի կողմից 15.05.2019 թվականին ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Գ. Հայրապետյանին ուղղված թիվ 32/520-464 գրության համաձայն. «ՊԲ 38636 զորամասի «ԿՈՒԲ» զենիթային հրթիռային դիվիզիոնի ռեգլամենտային կարգաբերման աշխատանքների բաժանմունքի պետ, կապիտան Սահակ Սամվելի Նալթակյանի` հանգստյան օրերին կատարված հավելյալ աշխատանքի դիմաց լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման վերաբերյալ դիմումի համաձայն, հաշվի առնելով, որ բարձրացված հարցը վերաբերում է զինվորական ծառայության կազմակերպմանը և անձնակազմի կառավարմանը և միաժամանակ ՀՀ ՊՆ ՖԲ և Պ վարչության գործառույթներից դուրս է, ինչպես նաև գործող իրավական հիմքերով ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում, առաջարկվել է անհրաժեշտության դեպքում ստեղծել աշխատանքային խումբ և քննարկել վերոհիշյալ հարցերը» (հատոր 1-ին, գ.թ. 31):

3) ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետ Ս. Սիմոնյանի կողմից 02.05.2019 թվականի թիվ 702 գրությամբ հայտնվել է, որ. «(...) թե ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության կանոնադրությամբ, և թե ՀՀ գլխավոր քարտուղարի կողմից հաստատված ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագրով նախատեսված չէ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության իրավասությունը կամ իրավաբանական վարչության պետի իրավազորությունը` որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի ներկայացնելու միջնորդություն` ընդունելու բարենպաստ վարչական ակտ:

Վերոգրյալի հիման վրա հայտնում եմ, որ Ձեր դիմումը բավարարել չեմ կարող` ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի համար ի պաշտոնե նման միջնորդություն ներկայացնելու իրավազորություն սահմանված չլինելու հիմքով» (հատոր 1-ին, գ.թ. 39-40):

4) Պաշտպանության բանակի հրամանատար Կ. Աբրահամյանի, իրավաբանական բաժանմունքի պետ Վ. Պետրոսյանի 27.03.2019 թվականի թիվ 1014/հրպ գրությամբ, ի պատասխան ՊԲ 38636 զորամասի զինծառայող Սահակ Նալթակյանի ծառայության ներգրավման վերաբերյալ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի 13.03.2019 թվականի թիվ 391 գրության, տեղեկացվել է, որ Սահակ Նալթակյանը 01.08.2014- 01.01.2019 թվականների ժամանակահատվածում ներգրավվել է ծառայության.

1. շաբաթ օրերին (5 ժամ տևողությամբ) - 124 օր,

2. տոնական օրերին - 23 օր (փոխարենը տրամադրվել է 7 օր հանգստյան այլ օրեր) (հատոր 1-ին, գ.թ. 81):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե որ իրավական ակտերն են ենթակա կիրառման զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցում տրամադրելու իրավահարաբերությունների նկատմամբ:

 

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից` բացառությամբ ի շահ հանրության` այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետևում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել և հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավակիրառ պրակտիկան:

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքը, համաձայն որի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև` «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով` դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե՛ս, Minasyan and Semerjyan v. Armenia (գանգատ թիվ 27651/05) գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):

Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium (գանգատ թիվ 17849/91) գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 31): «Օրինական սպասելիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքին (տե՛ս, Kopecky v. Slovakia (գանգատ թիվ 44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53-61):

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Burdov v. Russia (գանգատ թիվ 59498/00) գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):

ՀՀ սահմանադրական դատարանը 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1038 որոշմամբ կարևորել է փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորությունը և գտել է, որ տվյալ դեպքում առկա է իրավունքի պաշտպանության խնդիր և այդ հարցի նկատմամբ չի կարող ձևական մոտեցում դրսևորվել: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ «Սույն իրավական դիրքորոշումից շեղումը կհանգեցնի գործատուի պատասխանատվության անտեսման և աշխատողի իրավունքների ոտնահարման, քանի որ կատարած փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում վճարելուց հրաժարվելը նաև անձի սեփականության իրավունքի ոտնահարում է»:

Համադրելով Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով պաշտպանվող գույքային իրավունք է, որը ենթակա է արդյունավետ իրավական պաշտպանության:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային ծառայությունը հանրային իշխանության մարմիններին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը և հանրային պաշտոնները:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական ծառայությունն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, մաքսային ծառայությունը, հարկային ծառայությունը, փրկարար ծառայությունը, զինվորական ծառայությունը (բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով իրականացվող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության), (...):

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: (...):

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը (այսուհետ` Կանոնագիրք), որով սահմանվել են զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի և նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նաև ներքին կարգուկանոնը:

Կանոնագրքի 227-րդ հոդվածի համաձայն` զորամասում ժամանակի բաշխումն իրականացվում է այնպես, որ ապահովվի մշտական մարտական պատրաստությունը և պայմաններ ստեղծվեն կարգուկանոնի, զինվորական կարգապահության և անձնակազմի դաստիարակության, զինծառայողների մարտական կազմակերպված ուսուցման, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացման, կենցաղային համակողմանի սպասարկման, ժամանակին հանգստանալու և սնվելու համար:

Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ծառայողական շաբաթվա տևողությունը սահմանվում է` ժամկետային ծառայության զինծառայողների, ուսանողների և զինվորական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (զորամասերի) ունկնդիրների և ուսանողների համար` վեցօրյա շաբաթ` հանգստյան մեկ օրով, սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նաև կին զինծառայողների համար` հնգօրյա շաբաթ` հանգստյան երկու օրով:

(...)

Հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված սպաներին ու ենթասպաներին զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով: Հանգստի տևողությունը չպետք է գերազանցի հանգստյան կամ տոնական օրը ծառայության մեջ անցկացրած ժամանակը:

Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու և այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Կանոնագրքի 231-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր շաբաթ գնդում անցկացվում է հավաքակայանային-տնտեսական օր` սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների սպասարկման հավաքակայանների և ուսումնանյութական բազայի օբյեկտների լրասարքավորման և բարեկարգման, զինվորական ավանները կարգի բերելու և այլ աշխատանքներ կատարելու նպատակով: Սովորաբար այդ նույն օրն անցկացվում է բոլոր շինությունների ընդհանուր մաքրումը, և անձնակազմը լողանում է բաղնիքում:

Բացի այդ, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մշտապես մարտական պատրաստության մեջ պահելու նպատակով գնդում անցկացվում են հավաքակայանային օրեր` ամբողջ անձնակազմի ներգրավումով:

Հավաքակայանային-տնտեսական և հավաքակայանային օրերը անցկացվում են ըստ պլանների, որոնք մշակում է գնդի շտաբը գնդի հրամանատարի` սպառազինության և թիկունքի գծով տեղակալների հետ համատեղ և հաստատում է գնդի հրամանատարը: Պլանների քաղվածքները հասցվում են ստորաբաժանումներին:

Հավաքակայանային-տնտեսական օրերին կատարվող աշխատանքները և առաջին հերթին սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի սպասարկման աշխատանքները ղեկավարելու համար հերթականության կարգով նշանակվում են նվազագույն թվով սպաներ և ենթասպաներ: Շաբաթվա ընթացքում նրանց տրվում է հանգստյան օր:

Կանոնագրքի 290-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` հանգստյան և տոնական օրվա օրական վերակարգում եղած սպաներին և ենթասպաներին շաբաթվա ընթացքում հանգստյան օր է հատկացվում:

Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հաստատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, սահմանել է զինված ուժերի զինծառայողների ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, գնդի և նրա ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ինչպես նաև ներքին կարգուկանոնը: Ըստ այդմ, Կանոնագրքի «Ժամանակի բաշխումը և առօրյա կարգուկանոնը» վերտառությամբ 5-րդ գլխում սահմանվել է զորամասում ժամանակի բաշխման իրականացման կարգը, որն, ի թիվս այլնի, ուղղված է մշտական մարտական պատրաստության ապահովմանը: Այս նպատակով զորամասում ըստ պլանների անցկացվում են հավաքակայանային-տնտեսական և հավաքակայանային օրեր, ինչն իր հերթին ենթադրում է զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավման հնարավորություն:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանել է սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի փոխհատուցման հետևյալ եղանակները`

- շաբաթվա մյուս օրերին տրամադրվում է հանգիստ` ծառայության շահերի հաշվառումով,

- այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Կանոնագրքում սահմանելով սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու հնարավորություն և սահմանելով այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ ժամանակը գումարվելու և զինծառայողին հանգստի լրացուցիչ օրերի (կարող են միացվել հիմնական արձակուրդներին) ձևով տրվելու իրավակարգավորումներ` չի հստակեցրել այն հարցը, թե լրացուցիչ օրերի ձևով հանգիստ տրամադրելու անհնարինության կամ չտրամադրելու դեպքերում ինչպես է փոխհատուցվում նշված զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը:

Վերոգրյալի լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի վարձատրությունը սահմանող ընդհանուր կանոններին և զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի համար փոխհատուցումը նախատեսող հատուկ կանոններին, ըստ այդմ` խնդրո առարկա իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերի որոշման հարցին:

Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են նույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, բացառությամբ նույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` զինծառայողների դրամական ապահովությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան: (...):

Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն` զինծառայողներին տրվող հավելումը դրամական ապահովության բաղկացուցիչ մաս է, որը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ կամ բացարձակ դրամական մեծությամբ և տրվում է` ելնելով զինվորական ծառայության առանձնահատկություններից: Զինծառայողներին տրվող հավելումների դեպքերը, չափերն ու տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ե» ենթակետի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է` պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող` պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն նույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները), այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր չկնքած զինծառայողների) կազմի և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` հավելումը նույն ենթակետում նշված պայմաններից որևէ մեկի կամ դրանցից մի քանիսի, այն է` (...) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, առանձնակի ռիսկայնության, ինչպես նաև հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացում կամ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացումն է:

 

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում նույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» թիվ 712-Ն որոշմամբ սահմանվել է զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները` համաձայն թիվ 1 հավելվածի:

Վերը նշված իրավակարգավորումների հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զինվորական ծառայությունը, ի թիվս այլնի, պետական ծառայության տեսակ է, որն էլ իր հերթին հանրային ծառայություն է: Օրենսդիրը, որպես ընդհանուր կանոն, սահմանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի կիրառումը հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ, միևնույն ժամանակ չի բացառել հատուկ օրենքների կիրառումը, եթե համապատասխան օրենքներով այլ բան է նախատեսված:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթները սահմանված են նշված ծառայության առանձնահատկությունների, զինվորական ծառայության մեջ ներգրավված ծառայողների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույն օրենքը համարվում է զինվորական ծառայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող հատուկ օրենք, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սուբսիդիարության (լրացուցիչ) սկզբունքով կիրառելի է այն պայմաններում, երբ կոնկրետ հարցեր կարգավորված չեն հատուկ օրենքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասը ունի բլանկետային բնույթ և զինծառայողների դրամական ապահովությունն անհրաժեշտ է դիտարկել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների և հիմնական պայմանների լույսի ներքո:

Այսպես` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (հատուկ նորմ) 8-րդ հոդվածը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածը (ընդհանուր նորմ) ըստ էության կարգավորում են համասեռ հարաբերություններ, այն է` աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին, ինչը նշված հատուկ օրենքի իմաստով որոշակի սուբյեկտների` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումներ են: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ ստանալու հնարավորության կապակցությամբ այլ կարգավորում է նախատեսում, քան ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որպիսի պայմաններում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 185-րդ հոդվածի դրույթները տվյալ իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չեն:

Վճռաբեկ դատարանը վերոգրյալ հետևության համար հիմք է ընդունում այն, որ օրենսդիրը որոշակի սուբյեկտների դրամական ապահովության իրականացումը կարգավորել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին և հիմնական պայմաններին համապատասխան, իսկ հանրաճանաչ սկզբունքի համաձայն` «հատուկ օրենքը վերացնում է ընդհանուրի գործողությունը» (lex specialis derogat legi generali): Հետևաբար, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում կիրառելի են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումները:

Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես կանոն, ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն իրականացնող անձանց հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հավելումների վճարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: ՀՀ զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը սահմանված են ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» թիվ 712-Ն որոշմամբ հաստատված` «Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները» թիվ 1 հավելվածով: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ անձի կողմից կատարված ծառայությունը նշված Հավելվածով նախատեսված հավելումների տրամադրման առանձնահատուկ դեպքերում ներառված չլինելու պայմաններում գործում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կանոնն առ այն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակի փոխհատուցման հետ կապված իրավահարաբերությունները ենթակա են կարգավորման «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն` վերջիններիս հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, քննարկելով զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարումն այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության և հանգստի լրացուցիչ օրեր չտրամադրելու դեպքերում փոխհատուցման հարցը, արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, զինծառայողների շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրաված լինելու ժամանակը ըստ էության օրենսդիրը փոխհատուցել է այլ հանգստյան օրերի տրամադրման միջոցով` երաշխավորելով ՀՀ Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված` հանգստի իրավունքի ապահովումը: Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը սպաներին ու ենթասպաներին ներգրավելու դեպքում զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով, իսկ դրա անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Այսինքն` հանգստյան օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով շաբաթվա մյուս օրերին տրամադրելու անհնարինության և լրացուցիչ հանգստյան օրերը չօգտագործելու դեպքում այն միացվում է հիմնական արձակուրդներին: Կարևորելով փաստացի կատարված աշխատանքի դիմաց վարձատրության պահանջի իրավունքի իրացումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու դեպքում անձն ունի այդ ժամանակի դիմաց փոխհատուցում ստանալու «օրինական սպասելիք», որը կարող է իրացվել չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցման ձևով:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն` զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` ոչ ավելի, քան զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով: Նույն մասում նշված դեպքում չօգտագործված արձակուրդի օրերի հաշվարկում չեն ներառվում զինծառայողի` նույն օրենքի համաձայն` զինվորական ծառայության ընդհանուր ժամկետում չներառվող ժամանակահատվածների օրերը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմամբ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի սահմանադրականության հարցին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(...) զինվորական ծառայության ընթացքում ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի դիմաց փոխհատուցում նախատեսող իրավակարգավորման ապահովումը Սահմանադրությամբ, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված` պետության պոզիտիվ պարտականությունն է:

(...)

Զինվորական ծառայությունը, ի թիվս այլնի, համարվում է պետական ծառայության տեսակ, որտեղ գործող հարաբերություններն Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով կարող են կարգավորվել Օրենսգրքով միայն այն դեպքում, երբ համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ: Մինչդեռ, Օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասով այլ բան է նախատեսվում, քան այն նախատեսված է Օրենսգրքով: Մասնավորապես, ի տարբերություն Օրենսգրքի 170-րդ հոդվածի, որը թույլատրում է աշխատանքից ազատվելիս հատուցում ստանալ չօգտագործված արձակուրդների համար առանց ժամկետային սահմանափակման, Օրենքը նախատեսել է հատուցում ստանալու իրավունք միայն զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց, իսկ Օրենքի 72-րդ հոդվածով հստակեցվում է զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակը, որոնց վրա տարածվում է դիտարկվող սոցիալական երաշխիքը: Դրանք են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող անձինք, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները:

Ի տարբերություն այլ աշխատողների` Օրենքի 72-րդ հոդվածով նախատեսված զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց համար նույն սոցիալական երաշխիքը նախատեսվել է ավելի փոքր ծավալով: Եւ դա նախատեսվել է Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասին համահունչ:

Այլ է խնդիրը, թե արդյոք օրենսդիրն իրավասու էր աշխատանքային բնույթի հարաբերությունների մեջ գտնվող բոլոր անձանց համար նախատեսված սոցիալական երաշխիքը որոշ կատեգորիայի ծառայողների համար սահմանել այլ ծավալով:

(...) արձակուրդի իրավունքը համապարփակ իրավունք է և տարածվում է ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների, այնպես էլ մասնավոր անձանց վրա, որոնք գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ: Զինծառայողները թե՛ հանրային ծառայողներ են, թե՛ նաև լայն իմաստով` աշխատանք կատարող անձինք, որոնց արձակուրդի և հանգստի իրավունքը չի կարող չերաշխավորվել օրենքով:

Թեև Սահմանադրության 82-րդ հոդվածի համաձայն` օրենսդրին է վերապահված ամենամյա վճարովի արձակուրդի իրավունքի բովանդակությունը որոշակիացնելու լիազորությունը, այդուհանդերձ, Սահմանադրությունը, ի թիվս այլնի, նախ` բացառում է ընդհանրապես այս իրավունքի չերաշխավորելը օրենքով, ինչպես նաև խտրական մոտեցումն այն երաշխավորելիս:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքը երաշխավորում է այս իրավունքը նաև զինծառայողների համար, բայց սահմանում է դրա պաշտպանության ավելի նեղ ծավալ` չսահմանելով և չհիմնավորելով այն չափանիշները, որոնցով հնարավոր կլիներ իրավաչափ տարբերակում դնել, մի կողմից` զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, մյուս կողմից` այլ պետական ծառայողների միջև:

Այդ առումով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ չօգտագործված արձակուրդների օրերի դիմաց փոխհատուցում ստանալու միասնական իրավակարգավորումների ապահովումն օրենսդրի իրավասության շրջանակներում է:

Վերոգրյալից ելնելով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տարբերակումը չունի օբյեկտիվ բնույթ, հիմնավորված չէ և չի հետապնդում իրավաչափ նպատակ»:

ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1424 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով որոշել է. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը` զինծառայողի` չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց փոխհատուցում ստանալու հնարավորությունը զինվորական ծառայությունից արձակվելու և դրան նախորդող երկու տարվա ժամանակահատվածով սահմանափակելու մասով, ճանաչել Սահմանադրության 29, 60, 73-րդ և 82-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում սկզբունքային անդրադարձ է կատարել իր կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների էության, բովանդակության, դրանց իրավաբանական ուժի ու դերի հարցերին: Մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2011 թվականի թիվ ՍԴՈ-943 որոշմամբ արձանագրել է, որ. «Սահմանադրական դատարանի որոշումները պետք է ընկալվեն նաև իրենց կառուցվածքային ամբողջության մեջ (նախաբան, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասեր)` ապահովելու այդ որոշումներով առաջադրված իրավակարգավորման բովանդակության, սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև դրանցից բխող օբյեկտիվ և սուբյեկտիվ վարքագծի կանոնների իրացման հստակությունը: Այդ խնդրի իրագործմանն են միտված հատկապես Սահմանադրական դատարանի որոշումների նկարագրական-պատճառաբանական մասում արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնցում, որպես կանոն, բովանդակվում են սահմանադրական դատարանին հասցեագրված դիմումների առարկայի (բարձրացված հարցերի, սահմանադրաիրավական վեճերի) իրավավերլուծության արդյունքում դատարանի կողմից արված և որոշման եզրափակիչ մասի հիմքում դրված եզրահանգումները, որոնց էության և բովանդակության անտեսման դեպքում չի կարող երաշխավորվել դատարանի որոշման կատարումը»:

ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների էության և բովանդակության հարցերի վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1424 որոշմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի բովանդակային ամբողջականությունը վկայում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը ՀՀ Սահմանադրության վերը նշված նորմերին հակասող և անվավեր է ճանաչվել միայն չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում սահմանելու հնարավորության ժամկետային սահմանափակման մասով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման ուժի մեջ մտնելու պահից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի` չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում սահմանելու հնարավորության ժամկետային սահմանափակման մասով կարգավորման իրավական գործողությունը դադարել է և չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցման հնարավորությունը կարգավորող իրավական նորմը գործում է առանց որոշակի ժամկետով սահմանափակող դրույթի:

Հետևաբար` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1424 որոշման ուժով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասը զինծառայողների համար երաշխավորում է չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը` առանց որևէ ժամկետային սահմանափակման (տե՛ս, Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ2/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը և իրացնելով ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու Վճռաբեկ դատարանի առաքելությունը և այդ առումով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների նկատմամբ վկայակոչված իրավանորմը կարող է կիրառելի լինել միայն այն պարագայում, երբ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերություններին առնչվող կոնկրետ հարցերը կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով: Այլ կերպ ասած, եթե հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորված չեն տվյալ ծառայության առանձնահատկությունները կարգավորող հատուկ օրենքներով, ապա այդ հարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը (տե՛ս, Մանվել Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ2/0045/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2023 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Սահակ Նալթակյանի կողմից ներկայացված գործողության կատարման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է` վճարել հանգստյան օրերին կատարված արտաժամյա աշխատանքի, չտրամադրված ամենամյա հավելյալ արձակուրդի օրերի և բարձր հաճախության պայմաններում կատարած աշխատանքի դիմաց հայցվորին հասանելիք 4.494.629 ՀՀ դրամ, որպես ածանցյալ պահանջ` վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար հայցվորին վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը, վճարել տուժանք:

Դատարանը մերժել է հայցը` պատճառաբանելով. որ «(...) Դատարանը փաստում է, որ սույն գործով հայցվոր Սահակ Նալթակյանը չի հանդիսանում ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի թիվ 712-Ն որոշմամբ սահմանված առանձնահատուկ պայմանին համապատասխանող զինծառայող, որին պետք է տրվեր արտաժամյա, գիշերային կամ ոչ աշխատանքային օրերին աշխատանքի համար հավելում: Մասնավորապես, ինչպես արդեն վերը նշվել է, արտաժամյա, գիշերային կամ ոչ աշխատանքային օրերին աշխատանքի համար հավելումը տրվում է շուրջօրյա հերթապահություն ռազմաբժշկական հաստատություններում, հոսպիտալներում, ԱԲՋ-ներում և զորամասերի բուժկետերում, շուրջօրյա հերթապահություն կաթսայատներում, ինչպես նաև բարձր արտադրողականության ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի արտաժամյա աշխատանքի համար` բարձր արտադրողականության, 20 տ և ավելի սեփական քաշ ունեցող բուլդոզերներ, էքսկավատորներ կամ այլ հողափոր ինժեներական տեխնիկա շահագործող անձնակազմի արտաժամյա աշխատանքում, մինչդեռ սույն գործով հայցվոր Սահակ Նալթակյանը հանդիսացել է զենիթային հրթիռային դիվիզիոնի ռեգլամենտային կարգաբերման աշխատանքների բաժանմունքի ինժեներ, ապա` բաժանմունքի պետ:

Նման պայմաններում Դատարանը եզրահանգում է, որ հայցվոր Սահակ Նալթակյանի պահանջը` ՀՀ պաշտպանության նախարարությանը հանգստյան օրերին կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց գումար վճարելուն պարտավորեցնելու մասին, անհիմն է և ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանի 06.10.2021 թվականի որոշմամբ Սահակ Նալթակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` մասնակի` հանգստյան օրերին կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց հայցվորին փոխհատուցում տրամադրելու պահանջի մասով Դատարանի 30.11.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Նախարարությանը պարտավորեցվել է հաշվարկելու և Սահակ Նալթակյանին վճարելու 179 շաբաթ օրերին կատարած աշխատանքի համար դրամական փոխհատուցում հետևյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հիմնավորվում է վերաքննիչ բողոքով հայցվորի կողմից ներկայացված հիմքը, միաժամանակ հերքվում` Պատասխանողի` Դատարանին առարկությամբ ներկայացված փաստարկները` զինծառայողի համար ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ վարձատրություն կամ դրամական փոխհատուցում կամ հավելում նախատեսված չլինելու, այլ միայն լրացուցիչ հանգստյան օր, կամ այն հիմնական արձակուրդին միացվելու հետ կապված (հատոր 1-ին գ.թ. 80):

Միաժամանակ, ողջ վերոգրյալ իրավական վերլուծության համատեքստում` Վերաքննիչ դատարանը ոչ հիմնավոր է գնահատում Դատարանի եզրահանգումը` կապված հայցվորին հանգստյան օրերին ներգրավված աշխատանքի դիմաց փոխհատուցում տրամադրման ենթակա չլինելու վերաբերյալ:

Այսպիսով, եզրահանգելով, որ Հայցվորին պետք է տալ փոխհատուցում` հանգստյան օրերին կատարած աշխատանքի դիմաց` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պարզման է ենթակա հետևյալ հանգամանքը` գործում առկա փաստական տվյալների և ապացույցների համադրված վերլուծության արդյունքում հնարավոր է գալ միանշանակ եզրահանգման Հայցվորի` աշխատանքի ներգրավված շաբաթ օրերի քանակի վերաբերյալ, թե` ոչ:

(...) Վերաքննիչ դատարանը 15.06.2021 թվականին կայացրել է «Ապացույց պահանջելու մասին» որոշում, ըստ որի` «Պատասխանողից պահանջվել է մեկամսյա ժամկետում Վերաքննիչ դատարանին ներկայացնել հայցվոր Սահակ Նալթակյանի` հանգստյան, մասնավորապես` շաբաթ օրերին կատարած արտաժամյա աշխատած օրերի քանակի վերաբերյալ հաշվարկ»:

Ի կատարումն Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման` Պատասխանողի կողմից 30.07.2021 թվականին ՀՀ վերաքննիչ դատարան է մուտքագրվել ԱՀ ՊԲ հրամանատարի գրությունն ուղղված ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետին, ըստ որի. «Ի պատասխան Ձեր 19.07.2021 թվականի Է/փ ելք 515 գրության` հայտնում եմ, որ զորամասի մշտական տեղակայման վայրը, գտնվելով Շուշի քաղաքում, անցել է հակառակորդի վերահսկողության տակ»:

Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրումից պարզ է դառնում, որ, պատասխանողը, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ապացուցման բեռին վերաբերող իրավակարգավորումների` կրելով հայցվորի` շաբաթ օրերին կատարած աշխատանքի օրերի քանակը, 179 օր չլինելու, այլ վերը նշված տեղեկանքին համապատասխան 124 օր լինելու հանգամանքը հիմնավորելու և/կամ ապացուցելու պարտականությունը, չի կատարել այն:

(...) Վերաքննիչ դատարանը հայցվորի կողմից ներկայացված փաստական հանգամանքը, այն է` վերջինիս շաբաթ օրերին կատարած աշխատանքի օրերի քանակը 179 լինելու վերաբերյալ հերքող որևէ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում, ընդունում է որպես հաստատված, որի բացասական հետևանքները, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի իրավակարգավորման, կրում է պատասխանող ՀՀ պաշտպանության նախարարությունը»:

 

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Սահակ Նալթակյանի կողմից ներկայացվել է գործողության կատարման հայց, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը կատարել որոշակի գործողություններ, այն է` հաշվարկել և վճարել շաբաթ օրերին աշխատած, սակայն չվարձատրված գումարը: Այսինքն` հայցվորը, ըստ էության, պահանջել է կատարել հանգստյան օրերին կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն տրամադրելուն ուղղված գործողություններ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավահարաբերությունը ենթակա է կարգավորման «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն` զինծառայողներին հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հավելումների վճարումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն գործով բացակայում է որևէ ապացույց առ այն, որ հայցվորի կողմից իրականացված ծառայությունը նախատեսված է ՀՀ կառավարության 03.07.2014 թվականի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» թիվ 712-Ն որոշմամբ հաստատված` «Զինված ուժերում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը և հաշվարկման գործակիցները» թիվ 1 հավելվածով:

Այդուհանդերձ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սահակ Նալթակյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը ենթակա է փոխհատուցման, քանի որ վերջինս ունի փաստացի աշխատանքի դիմաց համարժեք հատուցում ստանալու իրավունք: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Սահակ Նալթակյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը շաբաթվա մյուս օրերին հանգստի տրամադրմամբ չի փոխարինվել, ինչպես նաև վերջինիս չեն տրամադրվել հանգստի լրացուցիչ օրեր, որպիսի պայմաններում այդ ժամանակը ենթակա էր գումարման հիմնական արձակուրդներին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում Սահակ Նալթակյանի շաբաթական ծառայության ժամանակի սահմանած տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու ժամանակը անհրաժեշտ է դիտարկել որպես չօգտագործված արձակուրդ, որը ենթակա էր վճարման վերջնահաշվարկի շրջանակներում` զինվորական ծառայությունից ազատելիս:

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809934143

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.04.2024
N ՎԴ/4022/05/19
Որոշում