Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/4143/05/23

    Վարչական գործ թիվ ՎԴ/4143/05/23             2024թ.

Նախագահող դատավոր` Հ. Խաչատրյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Ք. Մկոյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

2024 թվականի մայիսի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.07.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի ՀՀ դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու 17.09.2004 թվականի թիվ 144 որոշումն առոչինչ ճանաչելու, և որպես հետևանք Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերության միջև 29.10.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` ՀՀ դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը պահանջել է առոչինչ ճանաչել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու 17.09.2004 թվականի թիվ 144 որոշումը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերության միջև 29.10.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 06.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.07.2023 թվականի որոշմամբ ՀՀ դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.06.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ` Լիլիթ Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ և 98-րդ հոդվածները, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 106-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 144-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոքաբերը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենքով լիազոր մարմնի կողմից իրավական հսկողության իրականացումը սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականության ստուգմամբ: Օրինականության սահմանադրական սկզբունքի բովանդակության համաձայն` հսկողություն իրականացնող մարմինը կարող է քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք համայնքի ղեկավարը կամ ավագանին նման որոշում կայացնելու լիազորություն ունեցել են, թե ոչ` առանց անդրադառնալու դրա արդյունքում իրավունքի խախտման առկայության հարցերին: Այսինքն, իրավական հսկողություն իրականացնող մարմիններին վերապահված չէ համայնքի շահերի պաշտպանության լիազորություն, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարան դիմելու իրավունքը ծագում է միայն այն դեպքում, եթե համապատասխան մարմնի վրա դրված է խախտված իրավունքի պաշտպանությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է «ամբողջությամբ բավարարել սույն բողոքը, կայացնել նոր դատական ակտ` վերացնելով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի 2023 թվականի հունիսի 6-ի որոշումը»:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ և 98-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցման բացառիկ դեպքերի առանձնահատկություններին:

 

ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն`

1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

1) հարուցում է քրեական հետապնդում.

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

3) դատարանում պաշտպանում է մեղադրանքը.

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

5) հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

3. Դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում` օրենքի հիման վրա:

5. Դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 17.11.2017 թվականին և ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազության կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է նույն օրենքով և այլ օրենքներով:

Մինչև 01.03.2023 թվականին ընդունված և 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-104-Ն օրենքով կատարված փոփոխությունները գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

Վերը նշված խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի «Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելը» վերտառությամբ 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի, այդ թվում` պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից համայնքին ուղղված ֆինանսական միջոցների պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.

4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ

2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.

3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:

01.03.2023 թվականին ընդունված և 06.04.2023 թվականին ուժի մեջ մտած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` «Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`».

2) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ դեպքերի առկայությունը պարզելու նպատակով դատախազն իրավունք ունի`».

3) ամբողջ տեքստը «պետություն» բառի համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «(համայնք)» բառի համապատասխան հոլովաձևերով»:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` «Օրենքում «պետական շահեր» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «պետական (համայնքային) շահեր» բառերով»:

06.04.2023 թվականից սկսած գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան:

06.04.2023 թվականից սկսած գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի «Պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելը» վերտառությամբ 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է`

1) քաղաքացիական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

2) վարչական դատավարության կարգով պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.

3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը (համայնքին) պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը.

4) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցի հարուցումը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատախազը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցում է հետևյալ բացառիկ դեպքերում, երբ`

1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել, կամ

2) պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի.

3) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքներով առկա են գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքեր:

Վերը նշված իրավական նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ դատախազության լիազորությունները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ, համաձայն որի` դատախազությունը, ի թիվս այլնի, օժտված է նաև պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությամբ, որը կարող է իրացվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում: «Դատախազության մասին» ՀՀ օրենքով համապատասխանաբար սահմանվել են այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պայմաններում դատախազությունը կարող է պետական շահերի պաշտպանության հայց հարուցել:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտի նորմի մեկնաբանման կանոններով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու բացառիկ դեպքերը անհրաժեշտ է դիտարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված` վարչական դատարան դիմելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ նախապայմանների լույսի ներքո:

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:

Այսինքն, ստացվում է, որ դատախազությունն ընդդեմ վարչական մարմնի ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք ունի այն դեպքում, երբ համարում է, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, և եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով: Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ մասի, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդրի կողմից նախքան ՀՀ վարչական դատարան դիմելը իրավասու սուբյեկտի համար նախատեսվել են որոշակի նախապայմաններ, որոնց բավարարման դեպքում է վերջինս իրավունք ստանում դիմելու ՀՀ վարչական դատարան: Մասնավորապես`

1) դատախազն իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերել է պետական (համայնքային) շահերի խախտման փաստ, հայց ներկայացնելու առաջարկություն արել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որին վերապահված է պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, որպիսի առաջարկը ստանալուց հետո ողջամիտ ժամկետում տվյալ մարմինը հայց չի ներկայացրել դատարան, կամ

2) դատախազը հայտնաբերել է պետական (համայնքային) շահերի խախտման փաստ, որպիսի հայցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածը հստակ ընդգծում է այն, որ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության համար հայց հարուցելու լիազորությունը գործում է միայն օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնային լիազորությունը այդ հարցում պատկանում է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը պատճառվել է գույքային վնաս:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազությունը կարող է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցել այն դեպքերում, երբ համարում է, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը: Այսինքն` յուրաքանչյուր դեպքում դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցումը պետք է ուղղված լինի պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը:

Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական (համայնքային) շահերի խախտման դեպքում դատախազությունն իրավասու է հայց հարուցելու նաև այն դեպքում, երբ նման լիազորություն վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազը, համարելով, որ վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության (համայնքի) գույքային և ոչ գույքային շահերը, իսկ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետք է անմիջապես ձեռնամուխ լինի պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցի հարուցմանը: Այսինքն, այն դեպքերում, երբ պետական (համայնքային) շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային իրավասություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մի շարք դեպքերում օրենսդիրը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային լիազորությունը վերապահել է այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, որի իրավասությունների ոլորտում պետությանը (համայնքին) պատճառվել է գույքային վնաս: Ուստի այն դեպքում, երբ պետական (համայնքային) շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցով հայց ներկայացնելը վերապահված է որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, դատախազը, նախ պետք է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց ներկայացնելու առաջարկություն կատարի համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին: Այնուհետև դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալուց հետո համապատասխան մարմնի կողմից ողջամիտ ժամկետում հայց չներկայացնելու, այլ կերպ ասած` անգործություն դրսևորելու պարագայում միայն դատախազը ձեռք է բերում պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասություն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազի ներկայացրած առաջարկությունը ստանալուց հետո պետական շահերի պաշտպանությանն առնչվող համապատասխան հայցով դատարան դիմելու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունը սահմանափակված է ողջամիտ ժամկետով, որը տվյալ պարագայում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է հաշվարկվի համապատասխան հայցատեսակի դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետներով: Ընդ որում, տվյալ ժամկետի հաշվարկման ելակետը պետք է պայմանավորել դատախազի կողմից ներկայացված առաջարկությունը ստանալու պահով:

Այլ կերպ ասած` եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը ստացել է դատախազի առաջարկությունը` պետական շահերի պաշտպանությանն առնչվող հարցով դատարան դիմելու վերաբերյալ, ապա տվյալ մարմինը առաջարկությունը ստանալուց հետո ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով հայց ներկայացնելու ժամկետների պահպանմամբ պետք է դիմի ՀՀ վարչական դատարան, որպիսի ժամկետներում ներկայացված հայցը կհամարվի ողջամիտ ժամկետում ներկայացված:

Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը հարուցել է նկարագրված ընթացակարգի խախտմամբ, այսինքն, չեն պահպանվել նախքան դատարան հայց ներկայացնելն օրենքով սահմանված նախապայմանները, ապա հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, քանի որ հայցադիմումը ներկայացվել է նման իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից:

Ի լրումն վերոգրյալի` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատախազության կողմից վարչական մարմնի դեմ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու հաջորդ նախապայմանը վեճը վերադասության կարգով լուծման ենթակա չլինելն է:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ համայնքի ավագանու վարչական ակտի, գործողության կամ անգործության կապակցությամբ դատախազի կողմից համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցման բացառիկ դեպքերին.

Այսպես. ՀՀ Սահմանադրության 181-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը (...):

ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման հասկացությունը, սկզբունքները, մարմինները, համայնքի պարտադիր խնդիրները, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները, տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում, ինչպես նաև կարգավորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմիններն են համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը, (...):

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն` համայնքի ավագանին նույն օրենքով սահմանված կարգով` (...)

9) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.

10) դատական կարգով կարող է վիճարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և համայնքի ավագանու որոշումներին հակասող` համայնքի ղեկավարի որոշումները (...):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք համայնքի ավագանու վարչական ակտի, գործողության կամ անգործության կապակցությամբ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասությունը վերապահված է որևէ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է իրավական հսկողություն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական հսկողությունը սահմանափակվում է բացառապես այդ լիազորությունների իրականացման ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների օրինականությունը ստուգելով:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կարող է իրականացնել անմիջականորեն կամ մարզպետների միջոցով` իր հաստատած հարցաշարերի հիման վրա:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական և մասնագիտական հսկողությունն իրականացվում է նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Նույն մասով նախատեսված աշխատանքային ծրագրում չընդգրկված դեպքերում իրավական և մասնագիտական հսկողություն կարող է իրականացվել միայն նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի գրավոր համաձայնությամբ:

Վերը նշված իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունը» վերտառությամբ 8-րդ գլխով նախատեսվում են, ի թիվս այլնի, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ իրականացվող հսկողության ձևերը և հսկողություն իրականացնող մարմինների իրավասությունները: Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում նշել, որ հսկողությունը մեծամասամբ ունի կանխարգելիչ գործառույթ և առավելապես նպատակաուղղված է ոչ իրավաչափ ակտերի կայացումը, ոչ իրավաչափ գործողությունը կամ անգործությունը, օրենքի պահանջների խախտումները կանխելուն: Հսկողություն իրականացնող իրավասու սուբյեկտները հսկողություն իրականացնելիս բացահայտում և կանխորոշում են հսկողության ենթարկվող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականությունը, այսինքն` համապատասխանությունը օրենքով տվյալ գործունեության համար նախատեսված պահանջներին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինականության ապահովումն է, իսկ այդ գործընթացի իրականացման ընթացքում ձեռնարկվող միջոցները սահմանվում են բացառապես օրենքով: Այսինքն, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի «Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական և մասնագիտական հսկողությունը» վերտառությամբ 8-րդ գլխով նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ հսկողության այնպիսի համալիր կառուցակարգ, որը բաղկացած է օրենքով նախատեսված հաջորդական քայլերի ամբողջությունից, որն արդյունքում կարող է եզրափակվել հսկողություն իրականացնող մարմնի կողմից հայցի հարուցմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշված կառուցակարգի շրջանակներում կիրառվող միջոցները, մասնավորապես` տեղական ինքնակառավարման մարմնի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դատարան հայց ներկայացնելը, կարող են ձեռնարկվել բացառապես տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության իրականացման շրջանակներում` ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված կարգավորման իրացումն ուղղված է օրինականության պահպանմանը և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հսկողություն իրականացնող մարմնի անհամաձայնության դեպքում հարցի դատական կարգով վերջնական լուծմանը: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկությունը չի կարող հիմք հանդիսանալ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության իրականացման համար, քանի որ նշված կառուցակարգը հետապնդում է բոլորովին այլ նպատակ և կարող է իրացվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողությունն ամենևին չի հետապնդում պետական գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության նպատակ և նշված գործընթացի ընթացքում կիրառելի միջոցները կարող են իրացվել միայն օրենքով նախատեսված հսկողության իրականացման շրջանակներում` ամենամյա աշխատանքային ծրագրին համապատասխան: Ուստի նույն օրենքի իմաստով ՀՀ կառավարության լիազոր մարմինը չի կարող համարվել այն պետական մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքի ավագանու որոշումների վիճարկման պարագայում դատախազությունը օժտված է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու առաջնային իրավասությամբ, քանի որ տվյալ հարցով հայց ներկայացնելը օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` ՀՀ դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը պահանջել է առոչինչ ճանաչել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու 17.09.2004 թվականի թիվ 144 որոշումը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերության միջև 29.10.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումները:

Դատարանը 06.06.2023 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժել է այն հիմնավորմամբ, որ «(...) Մասնավորապես` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կանոնը վերաբերում է այն դեպքերին, երբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը հայց է հարուցում ընդդեմ այլ վարչական մարմնի` համարելով, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է այդպիսի հայց հարուցողի վրա:

Տվյալ դեպքում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` 17.09.2004 թվականի թիվ 144 որոշման առոչինչ լինելը ճանաչելու և որպես հետևանք Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերության միջև 29.10.2004 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, իրավունքի պետական գրանցումները և սեղանամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին, հայցադիմումում վկայակոչելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, հայտնելով, որ տվյալ դեպքում վիճարկվող վարչական ակտերը վերացնելու վերաբերյալ հայց ներկայացնելն օրենսդրությամբ վերապահված չէ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով, ուստի սույն գործով ՀՀ դատախազությունն իրավասու է պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցել:

Դատարանը փաստում է, որ վիճելի որոշումն ընդունելիս, այն է` 17.09.2004 թվականին Երևանի թաղային համայնքների ավագանիների որոշումների նկատմամբ իրավական վերահսկողությունն վերապահված է եղել Երևանի քաղաքապետին, իսկ ներկայումս Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունը վերապահված է իրավական հսկողության բարձրագույն մարմնին` ՀՀ տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնին, հետևաբար Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության վերը նշված փաստարկը անհիմն է:»:

Վերաքննիչ դատարանի 27.07.2023 թվականի որոշմամբ ՀՀ դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.06.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Վերաքննիչ դատարանը նախ` գտնում է, որ Դատարանն իրավացիորեն հայցադիմումի ընդունելիության փուլում ոչ թե նյութական իրավունքի խախտման առկայությունն է ստուգել, այլ ենթադրյալ խախտված իրավունքը տվյալ վարչական մարմնին պատկանելու հանգամանքը, այսինքն` հայցվորի` «շահագրգիռ անձ» հանդիսանալու հանգամանքը:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ օրենսդիրը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածներում սահմանել է վարչական դատարանի իրավասության շրջանակը: Ինչպես ցանկացած դատարան, վարչական դատարանն իրավասու է գործադրել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում:

Հաջորդիվ, Վերաքննիչ դատարանը «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված իրավապայմանների հաշվառմամբ` փաստում է, որ սույն գործի նյութերում առկա չէ որևէ տվյալ, որով կհաստատվեր կամ կհերքվեր սույն դեպքով պետական (համայնքային) շահերի խախտման փաստի մասին իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրազեկ լինելու, այդ խախտման փաստի մասին դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ներկայացնելու վերաբերյալ:

Ավելին, վերոգրյալ իրավական նորմերի և սույն գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է, որ հիմնազուրկ է նաև բողոքաբերի այն պնդումը, որ. «(...) վարչական ակտ կայացրած վարչական մարմինը և այդ մարմնի վերադաս մարմինը չեն կարող նշված վարչական ակտը վերադասության կամ դատական կարգով վիճարկելու իրավասություն ունեցող սուբյեկտ հանդիսանալ, քանի որ քրեական գործի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում վիճարկվող վարչական ակտը կայացրած վարչական մարմնի, այդ մարմնի վերադաս վարչական մարմնի և վերահսկողություն իրականացնող վարչական մարմինների ոչ պատշաճ գործունեության արդյունքում համայնքի պատճառված վնասը: (...)», որովհետև բարձրացված հարցը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ մակարդակում, քանի որ օրենսդիրը վարչական հսկողության ինստիտուտի կենսագործման համար գործուն մեխանիզմներ է սահմանագրել, ավելին` օրենսդիրը քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության բարձրագույն մարմին է դիտարկում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնին»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով ՀՀ դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը, որպես հիմնական պահանջ, ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու 17.09.2004 թվականի թիվ 144 որոշումն առոչինչ ճանաչելու պահանջը:

Անդրադառնալով ՀՀ դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից ներկայացված` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու 17.09.2004 թվականի թիվ 144 որոշումն առոչինչ ճանաչելու պահանջի ընդունումը մերժելու իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա է «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված` պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու` պետական շահերի ենթադրյալ խախտման հարցով հայց ներկայացնելն օրենսդրությամբ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի վերապահված չլինելու բացառիկ հիմքը` այն հիմնավորմամբ, որ տվյալ դեպքում պետական շահերի ենթադրյալ խախտման հարցով հայց ներկայացնելու իրավասությունը վերապահված չէ որևէ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Դատարանը 06.06.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ եկել է ոչ իրավաչափ եզրահանգման, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի 27.07.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.07.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 06.06.2023 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Ք. Մկոյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809983354

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.05.2024
N ՎԴ/4143/05/23
Որոշում