Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ6/0335/05/11

    Վարչական գործ թիվ ՎԴ6/0335/05/11            2024թ.

Նախագահող դատավոր` Ս. Հովակիմյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Կ. Գևորգյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2024 թվականի ապրիլի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.03.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի` անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի ընդդեմ Կոմիտեի` ստուգման ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի` 1.674.935 դրամ գումարը բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի Վանաձորի ՏՀՏ-ի կողմից 1.674.935 դրամ գումար վճարելու պարտավորության առաջադրումը և անվավեր ճանաչել 29.08.2011 թվականի թիվ 1000497 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ալավերդյան) (այսուհետ` Դատարան) 28.06.2018 թվականի վճռով Կոմիտեի հայցը բավարարվել է, իսկ անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի հակընդդեմ հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.03.2023 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.06.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանը (ի պաշտոնե ներկայացուցիչ` Արտակ Ոսկանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ի պաշտոնե ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ և 29-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Կոմիտեի նախագահի 21.06.2011 թվականի թիվ 1000497 հանձնարարագրում ստուգում իրականացնելու ժամկետը նշվել է 15 անընդմեջ աշխատանքային օր, ստուգումն սկսվել է 14.07.2011 թվականին, ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտ Վահան Հովհաննիսյանին չի հանձնվել, հետևաբար ստուգման ժամկետը չի կասեցվել, ուստի ստուգումը պետք է ավարտվեր 15 անընդմեջ աշխատանքային օր հետո` 04.08.2011 թվականին, մինչդեռ այն ավարտվել է 29.08.2011 թվականին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է` բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2023 թվականի որոշումը և փոփոխել. Դատարանի 28.06.2018 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` Վահան Հովհաննիսյանի հակընդդեմ հայցը բավարարել` անվավեր ճանաչել Կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչության 29.08.2011 թվականի թիվ 1000497 ստուգման ակտը, իսկ Կոմիտեի հայցը` մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Կոմիտեի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Բողոքաբերի պնդումն առ այն, որ տեղի է ունեցել վիճարկվող ակտի իրավաչափության վրա ազդող ընթացակարգային խախտում, անհիմն է, քանի որ ստուգման ժամկետները կասեցված են եղել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի կողմից 21.06.2011 թվականին տրվել է թիվ 1000497 հանձնարարագիրը, որով Տեսչության հարկային ստուգումների բաժնի հարկային տեսուչներին հանձնարարվել է անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի մոտ կատարել ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու նպատակով բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում:

Հանձնարարագիրն անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է 09.07.2011 թվականին, ստուգումը փաստացի սկսվել է 14.07.2011 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 4):

2) Կոմիտեի նախագահի կողմից 22.07.2011 թվականին տրվել է թիվ 1562-Ա հրամանը, որով անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի մոտ Կոմիտեի նախագահի կողմից 21.06.2011 թվականին տրված թիվ 1000497 հանձնարարագրով իրականացվող ստուգումը կասեցվել է 2011 թվականի հուլիսի 26-ից` 30 աշխատանքային օրով (հատոր 1-ին, գ.թ. 35):

3) 29.08.2011 թվականին կազմվել է թիվ 1000497 ակտը, որի 2-րդ և 15-րդ կետերով անհատ ձեռնարկատիրոջ մոտ արձանագրվել են խախտումներ` եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով (հատոր 1-ին, գ.թ. 5-9):

4) Ակտով անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա` 1.674.935 դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ. 10):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 4-րդ և 6-րդ հոդվածների խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վարչական գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ստուգման ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունների միասնական կարգավորումը, այդ թվում` ստուգման վարույթի տևողության, դրա երկարաձգման և կասեցման հետ կապված կանոնների սահմանումը միտված է իրավական որոշակիության սկզբունքի պահպանմանը (տե՛ս, «Արայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/11476/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելը, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումների դեպքում նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելն է:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են (...) ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը (...): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (...): Վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին:

Նույն Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«2. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր, (...): Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին (...):

Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից»:

Նույն օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետն ավարտվելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգումն իրականացնող անձը (...) հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա ամփոփում է ստուգման արդյունքները` խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմում տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ: Տեղեկանքը` ստորագրված ստուգում իրականացնող պաշտոնատար անձի կողմից, 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով»:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենքով:

Վերլուծելով վերոգրյալ իրավանորմերը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի արժանահավատությունը և օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջներին վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը պարզելու համար Կոմիտեն կարող է իրականացնել ստուգում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներով սահմանված ընթացակարգերի, այդ թվում` ստուգման ժամկետների պահպանմամբ` ապահովելով նաև տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելու օրենսդրական պահանջի կատարումը: Այսինքն` ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) պետք է հրապարակի ստուգում իրականացնելու մասին հրաման կամ հանձնարարագիր, որտեղ, ի թիվս այլնի, պետք է նշում կատարի նաև ստուգման ժամկետի, ստուգման իրավական հիմքերի վերաբերյալ: Այնուհետև ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ (եթե բացակայում են այս կանոնից շեղվելու օրենքով նախատեսված դեպքերը) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակը հանձնել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, իսկ վերջինս պարտավոր է ստորագրել 1 օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ընդ որում, ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը, ուստիև տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ անարգել մուտք գործելու, ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ պահանջելու և վերցնելու և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ լիազորությունները ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք իրավասու են իրականացնելու միայն այդ օրվանից սկսած: Միևնույն ժամանակ ստուգումների ընթացքին չխոչընդոտելու, ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները կատարելու, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով փաստաթղթերը, տվյալները ներկայացնելու, դրանց լուսապատճենները, կրկնօրինակները և այլ տեղեկություններ տրամադրելու, ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված ստուգվող սուբյեկտի պարտականությունները նույնպես ծագում են ստուգումը փաստացի սկսելու օրվանից: «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանվել են նաև ստուգման ժամկետը երկարաձգելու կամ կասեցնելու դեպքերն ու կարգը, համաձայն որի` անհրաժեշտության դեպքում համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով կամ հանձնարարագրով ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր (...):

Ընդ որում, ստուգման ժամկետը կարող է երկարաձգվել ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ, իսկ ստուգման ընթացքի կասեցումը կարող է իրականացվել միայն ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ մտնելու կանոն, համաձայն որի` ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունների միասնական կարգավորումը, այդ թվում` ստուգման վարույթի տևողության, դրա երկարաձգման և կասեցման հետ կապված կանոնների սահմանումը միտված է իրավական որոշակիության սկզբունքի պահպանմանը: Նշված կանոնների միջոցով, փաստորեն, տնտեսավարող սուբյեկտին տրվել է ստուգման համար սահմանված ժամկետների ավարտից հետո վարչական մարմնի կողմից իր գործունեությանն այլևս չմիջամտելու երաշխիք: Ուստի վարչական մարմինը պարտավոր է պահպանել ստուգման հետ կապված վարչական վարույթի ժամկետները, իսկ դրանց երկարաձգումն ու կասեցումը` իրականացնել բացառապես օրենքի պահանջների պահպանմամբ:

Արդյունքում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են ստուգումն իրականացնել ստուգման հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետում, սակայն ստուգման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգման ընթացքը կասեցնելու օրենքով նախատեսված հիմքեր առաջանալու դեպքում վերջիններս պետք է գրավոր հիմնավորում կամ գրավոր զեկուցագիր ներկայացնեն համապատասխան պետական մարմնի ղեկավարին (փոխարինող պաշտոնատար անձին), որն էլ պետք է ընդունի ստուգման ժամկետը երկարաձգելու կամ ստուգման ընթացքը կասեցնելու մասին համապատասխան անհատական իրավական ակտ: Ընդ որում, ստուգման ժամկետը երկարաձգելու կամ ստուգման ընթացքը կասեցնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) ընդունած հրամանի կամ հանձնարարագրի մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը` դրանից բխող իրավական հետևանքներն առաջացնելու, մասնավորապես ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտի ուժի մեջ մտնելն ապահովելու համար (տե՛ս, «Արայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների Կոմիտեի թիվ ՎԴ/11476/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ընդհանուր կանոնի համաձայն` ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Այլ կերպ` քանի դեռ ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը չի տեղեկացվել ստուգման ժամկետը երկարաձգող կամ ստուգման ընթացքը կասեցնող համապատասխան անհատական իրավական ակտի մասին, ապա չեն կարող վրա հասնել այդ ակտով սահմանված իրավական հետևանքները, այն է` ստուգման ժամկետը չի կարող համարվել երկարաձգված կամ ստուգման ընթացքը չի կարող համարվել կասեցված:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վարչական մարմնի պարտականությունն է հետևել, որ ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող ակտը պատշաճ կերպով և ժամանակին ուղարկվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին` այդպիսով ապահովելով նախաձեռնվող գործողության` ստուգման ժամկետի երկարաձգման կամ կասեցման, պատշաճ իրականացումը (տե՛ս, «Գլոբալափարալ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի թիվ ՎԴ/10261/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոնշյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստուգումը կասեցնող ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից: Քանի դեռ ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը չի տեղեկացվել ստուգումը կասեցնող համապատասխան անհատական իրավական ակտի մասին և ըստ այդմ` վերջինս չի մտել ուժի մեջ, չեն կարող վրա հասնել այդ ակտով սահմանված իրավական հետևանքները, այն է` ստուգման ժամկետը չի կարող համարվել կասեցված: Ստուգումը կարող է կասեցվել միայն մինչ ստուգման ժամկետի ավարտը: Եթե ստուգումը կասեցնելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ լրացել է ստուգման ժամկետը, ապա ստուգման ժամկետը համարվում է չկասեցված, հետևաբար նաև` ավարտված, որպիսի պայմաններում ստուգումն իրականացնող իրավասու մարմնի միակ լիազորությունն է ամփոփել ստուգման արդյունքները և խախտումներ չհայտնաբերելու դեպքում կազմել տեղեկանք, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում` ակտի նախագիծ:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Կոմիտեի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի` 1.674.935 դրամ գումարը բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն:

Միաժամանակ, հակընդդեմ հայցով դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի Վանաձորի ՏՀՏ-ի կողմից 1.674.935 դրամ գումար վճարելու պարտավորության առաջադրումը և անվավեր ճանաչել 29.08.2011 թվականի թիվ 1000497 ստուգման ակտը:

Դատարանը 28.06.2018 թվականի վճռով հայցը բավարարել է` այն պատճառաբանությամբ, որ «(...) Հանձնարարագիրը ստացվել է անհատ ձեռնարկատիրոջ կողմից 09.07.2011թ.-ին, ստուգումը փաստացի սկսվել է 14.07.2011թ., որի վերաբերյալ հանձնարարագիրը ստորագրվել է Վահան Հովհաննիսյանի կողմից:

Կոմիտեի նախագահի կողմից 22.07.2011թ. կազմվել է Կոմիտեի նախագահի 21.06.2011թ. թիվ 1000497 հանձնարարագրով անցկացվող ստուգումը կասեցնելու մասին թիվ 1562-Ա հրամանը, որը սահմանված կարգով ուղարկվել է անհատ ձեռնարկատիրոջը, սակայն վերջինիս կողմից չի ստացվել` «նշված հասցեում «չբնակվելու» պատճառաբանությամբ:

30.08.2011թ. վերադարձվել է նաև Ակտը` անհատ ձեռնարկատիրոջ նշված հասցեից «տեղափոխված» լինելու պատճառով:

Դատարանն արձանագրելով, որ ՊԵԿ նախագահի 21.06.2011թ. թիվ 1000497 հանձնարարագիրը անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացվել է 09.07.2011թ.-ին, անհատ ձեռնարկատերը տեղեկացել է կատարվող ստուգման վերաբերյալ, եզրակացնում է, որ անհատ ձեռնարկատերը պարտավոր էր «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար, այդ թվում` հայտնել իր բնակության վայրի հասցեն, լինել հասանելի և չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները:

Չհայտնելով իր բնակության վայրի հասցեն, անհատ ձեռնարկատերը փաստացի խոչընդոտել է ստուգումների ընթացքին, խախտել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի պահանջները, որպիսի գործողությունները հիմք են հանդիսացել Տեսչության կողմից ստուգումը կասեցնելու համար, հետևաբար հակընդդեմ հայցվորի վկայակոչած վերոնշյալ փաստը չի կարող հիմք հանդիսանալ Ակտն անվավեր ճանաչելու համար»:

Վերաքննիչ դատարանը 07.03.2023 թվականի որոշմամբ անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժել է` Դատարանի 28.06.2018 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, այն պատճառաբանությամբ, որ «(...) ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 22.07.2011 թվականի թիվ 1562-Ա հրամանի համաձայն` կոմիտեի նախագահը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով և հիմք ընդունելով ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության ստուգումների բաժնի հարկային տեսուչ Ա. Ղևոնդյանի և մյուսների 21.07.2011 թվականի զեկուցագիրը, հրամայել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված Վահան Հովհաննիսյան Ա/Ձ-ի մոտ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 21.06.2011 թվականի թիվ 1000497 հանձնարարագրով իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումը կասեցնել 2011 թվականի հուլիսի 26-ից 30 աշխատանքային օրով:

Հետագայում` 29.08.2011 թվականին հրապարակվել է թիվ 1000497 ակտը:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում իրականացված վարչարարությունն իրավաչափ է, (...) Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ բացակայում են թիվ 1000497 ակտն անվավեր ճանաչելու հիմքերը, հետևաբար վերը նշվածների հաշվառմամբ` Դատարանը հանգել է իրավաչափ հետևության առ այն, որ` Ակտը չի ընդունվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, քանի որ սույն գործով առկա չեն ապացույցներ այն մասին, որ Տեսչությունը չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը և չի բացահայտել վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Կոմիտեի նախագահի կողմից 21.06.2011 թվականին տրվել է թիվ 1000497 հանձնարարագիրը, որով Տեսչության հարկային տեսուչներին հանձնարարվել է անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի մոտ կատարել ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու նպատակով բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում:

Հանձնարարագիրն անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է 09.07.2011 թվականին, ստուգումը փաստացի սկսվել է 14.07.2011 թվականին, որի վերաբերյալ հանձնարարագիրն ստորագրվել է վերջինիս կողմից:

Կոմիտեի նախագահի կողմից 22.07.2011 թվականին կազմվել է 21.06.2011 թվականի թիվ 1000497 հանձնարարագրով անցկացվող ստուգումը կասեցնելու մասին թիվ 1562-Ա հրամանը, որն ուղարկվել է անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանին, սակայն վերջինիս կողմից չի ստացվել` «նշված հասցեում չբնակվելու» պատճառով:

29.08.2011 թվականին Կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչության կողմից կազմվել է թիվ 1000497 ակտը, որի 2-րդ և 15-րդ կետերով անհատ ձեռնարկատիրոջ մոտ արձանագրվել են խախտումներ` եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով: Ակտով անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանին առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա` 1.674.935 դրամ գումար:

30.08.2011 թվականին Տեսչության կողմից կազմվել է արձանագրություն այն մասին, որ անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանը հրաժարվել է ակտն ստորագրելուց և բանավոր հայտարարություն տալուց, ինչպես նաև կասեցման և վերսկսման հրամանին ծանոթանալուց:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների և փաստական հանգամանքների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանն ստացել է ստուգման ընթացքը կասեցնելու վերաբերյալ թիվ 1562-Ա հրամանը. ըստ գործում առկա ապացույցների` վերջինիս ուղարկված թիվ 1562-Ա հրամանը վերադարձվել է` «նշված հասցեում չի բնակվում» գրառումով: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստուգման 15 աշխատանքային օրվա ժամկետի ավարտից հետո ստուգումը շարունակվել է, ստուգման արդյունքներն ամփոփվել են, և 29.08.2011 թվականին ստուգման ակտը կազմվել է ստուգման ընթացքը կասեցնելու վերաբերյալ թիվ 1562-Ա հրամանի ուժի մեջ մտած չլինելու պայմաններում: Հաշվի առնելով, որ ըստ Կոմիտեի նախագահի կողմից 21.06.2011 թվականին տրված թիվ 1000497 հանձնարարագրի` ստուգման ժամկետն էր 15 անընդմեջ աշխատանքային օր, ստուգումը փաստացի սկսվել էր 14.07.2011 թվականին, ստուգումը կասեցնելու վերաբերյալ թիվ 1562-Ա հրամանն ուժի մեջ չի մտել` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 14.07.2011 թվականին սկսված ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք 05.08.2011 թվականից

(ստուգման 15 աշխատանքային օրվա ժամկետն ավարտվում էր 04.08.2011 թվականին) սկսած այլևս իրավասու չէին կատարել ստուգմանն ուղղված գործողություններ և պարտավոր էին Օրենքով նախատեսված համապատասխան ակտով եզրափակել ստուգման վարույթը: Մինչդեռ, ստուգումն իրականացնող անձինք ստուգումը շարունակել են 05.08.2011 թվականից հետո, այն է` ստուգման 15 աշխատանքային օրվա ժամկետի ավարտից հետո: Այլ կերպ` Կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչությունը, ստուգման 15 աշխատանքային օրվա ժամկետի ավարտից հետո այլևս իրավասություն չունենալով միջամտել անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի գործունեությանը, խախտել է այդ պահից սկսած տնտեսվարող սուբյեկտի գործունեությանն այլևս չմիջամտելու երաշխավորված կանոնը:

Հաշվի առնելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչության 29.08.2011 թվականի թիվ 1000497 ստուգման ակտն ընդունվել է Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտմամբ, և ենթակա է անվավեր ճանաչման` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, ինչը, սակայն, անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Նման պայմաններում, հաշվի առնելով, որ վերոգրյալով արդեն իսկ հաստատվում է վիճարկվող վարչական ակտի` Կոմիտեի Վանաձորի տարածքային հարկային տեսչության 29.08.2011 թվականի թիվ 1000497 ստուգման ակտի ոչ իրավաչափությունը, Վճռաբեկ դատարանն այլևս չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս հիմքին և հիմնավորումներին:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը` հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով այն, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հակընդդեմ հայցադիմումի, վերաքննիչ բողոքի և վճռաբեկ բողոքի համար արդեն վճարվել է համապատասխանաբար 4.000 ՀՀ դրամ, 10.000 ՀՀ դրամ, 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերած անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Կոմիտեի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.03.2023 թվականի որոշումը և այն փոփոխել. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հայցն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի` 1.674.935 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել: Անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` ստուգման ակտը վերացնելու պահանջի մասին, բավարարել: Վերացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 29.08.2011 թվականի թիվ 1000497 ստուգման ակտը:

2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հօգուտ անհատ ձեռնարկատեր Վահան Հովհաննիսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հակընդդեմ հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=40813871623056108

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.04.2024
N ՎԴ6/0335/05/11
Որոշում